Կարդացեք այս գիրքը, եթե ունեք մոտիվացիայի կարիք
Միլենա Կռոյան
«Ամենադժվար և մռայլ պահերին պետք է կենտրոնանալ, որպեսզի լույս տեսնել» Երբ ինձ հարցնում են՝ մոտիվացիոն գրականություն կարդում ես,ես գրեթե միշտ դրական պատասխան եմ տալիս։ Ուրախանում են և սկսում կիսվել իրենց կարդացած մոտիվացիոն գրքերով, իրենց սիրելի հեղինակներով, և հետաքրքրվում՝ թե հատկապես որ գրքերն եմ հավանել,որ հեղինակից եմ ամենաշատը մոտիվացվել, ով է ինձ վրա մեծ ազդեցություն գործել։ Եվ զարմանում են կամ թերևս անակնկալի գալիս, երբ սկսում եմ թվարկել իմ կարդացած մոտիվացիոն գրքերը։ Ես էլ իմ հերթին եմ զարմանում կամ անակնկալի գալիս՝ի ՞նչ է, ինչ պատասխան էիք սպասում։ Ինձ համար միշտ մոտիվացիա է եղել հզոր, աննկուն ու անկոտրում մարդկանց պատմությունը՝ նրանց անցած ուղին, վերելքներն ու վայրէջքները, ճանապարհին հանդիպած խոչընդոտները և այդ խոչընդոտներն հաղթահարելու ուժն ու կամքը, ընկնող, բայց այդ անկումից չհուսահատված, միշտ դեպի վեր ձգտող, փայլուն ապագային հավատացող, իրենց ապրած կյանքով ուրիշներին ապրեցնող, օրինակ ծառայող մարդկանց պատմությունը։ Դրանից լավ մոտիվացիա կա՞։ Եվ ավելի ես ոգևորվում, որ ապրում ես այդ մարդու հետ նույն ժամանակներում, և հետո միգուցե հպարտանաս՝ ես հեռուստացույցով տեսել եմ նրան, լսել նրա հարցազրույցները։ Եվ ոգևորությունը կրկնապատկվում է, երբ այդ մարդու հետ ապրում ես նույն երկրում, իսկ այդ դեպքում ոգևորությունը վերածվում է հպարտության, իսկ հպարտությունից դեպի պատասխանատվության զգացում անցումը տևում է ակնթարթ․ես պարատավոր եմ նրան արժանի համաքաղաքացի լինել, ես պարտավոր եմ ինչ որ քայլ ձեռնարկել՝ նրա անունը դարերին թողնելու համար, որպեսզի սերունդները չմոռանան, ես իմ սեփական կռիվը պետք է տամ։
Հենց այդ մոտիվացիոն և անփոխարինելի գրքերից է Սարգիս Ստեփանյանի մասին պատմող՝ ռազմական լրագրող Դավիթ Դավթյանի «Բազկամարդը» գիրքը։ Չհանձնվողի կենսագրական, պատերազմին ու բոլոր գրված և չգրված օրենքներին հաղթած մարդու պատմություն։ Աննկարագրելի են էմոցիաներս ու ապրումներս, գիրքը կարդալու ամբողջ ընթացքում մարմնովս սարսուռ էր անցնում, զարմանում էի, և չէի կարողանում պատկերացնել անգամ՝ ինչպես է մեկ մարդ իր մեջ ամփոփում այս բոլոր հատկանիշները՝ կամք, քաջություն, հայրենասիրություն, պայքարի ոգի, համեստություն։
Սարգիս Ստեփանյանը ծնվել է 1983 թվականի փետրվարի 21-ին, Երևան քաղաքում։ Զինվորական ծառայության է անցել 2001 թվականին։ 2010 թվականին արժանացել է լեյտենանտի, իսկ 2012 թվականին կապիտանի կոչման։ 2014 թվականը վճռորոշ էր Սարգսի համար։ Հունվարի 29-ին հետ մղելով հակառակորդի դիվերսիոն ներթափանցումը, ականի պայթյունի հետևանքով կորցնում է ստորին վերջույթները և վերին աջ վերջույթը։ Վիրահատության ժամանակ 20 րոպեանոց սրտի կանգ է ունեցել, իսկ երազում տեսածը նրա համար սթափեցնող է եղել․ «Ասում են՝ վիրահատության ժամանակ սիրտս մի քանի անգամ 20 վայրկյանով կանգնել է։ Երբ բժիշկները կռիվ էին տալիս կյանքիս համար, ես երազ էի տեսնում. իբր, պատերազմում եմ, մեն-մենակ կռվում եմ ադրբեջանցիների դեմ, կրակում եմ բոլոր զինատեսակներից, սողում եմ, վազում եմ․․․ ու այդ ընթացքում պարզորոշ լսում եմ սրտիս անհանգիստ տկտկոցը և մի ներքին ձայն, որ ասում է՝ մի՛ հանձնվիր, մի՛ հանձնվի․․․ Ես հաղթեցի․․․ Ես հասկացա, որ հաղթեցի պատերազմը։ ․․․Երբ արթնացա, ստուգեցի ոտքերս․․․»։
Անհնար է չհուզվել և միաժամանակ հպարտության անխոս զգացում չունենալ ընթերցանության ժամանակ։ Գիտակցել, որ ապրում ես նույն ժամանակներում նման անհատականության հետ՝ գլուխը հպարտ պահելու ևս մեկ առիթ է։ Չունենք նավթ, հարստություններ, պատերազմում պարտություն կրեցինք, ունեցանք տարածքային կորուստներ, և ամենացավալին այն է,որ այսօր էլ ենք կանգնել այդ խնդրի առաջ։ Բայց ընկրկել չկա, հանձնվել չկա։ Կա Հայաստան, ունենք մեր հայրենիքը, և այդ հայրենիքը միշտ բարձունքում պահող հզոր ու անկոտրուն տղաներ։ Մենք պարտական ենք բոլորին, ովքեր ընկան պատերազմի դաշտում, պարտական ենք նրանց, ովքեր հաղթանակը սրտում դեռ սպասում են հատուցման օրվան, մենք պարտական ենք բոլորին։ Մենք չունենք հանձնվելու իրավունք, նահանջելու իրավունք, ուղղակի չունենք։
«Ես թուլանալու իրավունք չունեմ, քանի որ ընտանիք, տղա երեխաներ ունեմ։ Բնական է՝ դժվար է գալ այդ գիտակցությանը, տխրում ես։ Լինում են ժամանակներ, երբ տխրում եմ, սակայն թույլ չեմ տալիս, որ հասարակությունը, ընտանիքս, շրջապատս նկատեն դա։ Կյանքը շարունակվում է։ Տխրելով, ընկճվելով ավելի ես բարդացնում կարգավիճակդ, ոչ միայն քեզ ես վնասում, այլև շրջապատիդ։ Ես միշտ ասում եմ՝ Փառք Աստծո, ունեմ ձախ ձեռքս։ Պետք է առավելագույնս կատարելագործեմ այն, որպեսզի ինձ ոտքերի փոխարեն էլ ծառայի, ձեռքիս փոխարեն էլ։ Պետք է գնահատենք այն, ինչ ունենք և օգտվենք։»
Գիրքը այն գրքերի դասին է պատկանում,որ ընթերցանությունից հետո այն աստիճան նստվածք է թողնում, որ չես կարողանում մոռանալ ու առաջ շարժվել։ Սա այն գրքերից է,որ չպետք է կարդաս ու թողնես մնա գրադարակում։ Այն պետք է տեսանելի տեղում թողնել, որ ամեն անգամ նայես գրքի շապիկին նստած՝ ուրախ ու հաղթող Սարգսին, և հիշես, եթե նա կարողացավ հաղթահարել, ապա ես կարող եմ, ես պարտավոր եմ հաղթահարել։ Գիրքը պետք է դնել սենյակի կենտրոնում, որ ամեն անգամ առավոտյան արթնանալիս տեսնես ու հիշես՝ ես կարող եմ,ես պարտավոր եմ, քնելուց պետք է աչքիդ առաջ լինի, որ հավատը սրտումդ քնես։ Սենյակ մտնելիս առաջինը պետք է գիրքը աչքիդ առաջ լինի, ամեն անգամ դժգոհելուց, հանձնվելուց, հիասթափվելուց պետք է հիշես՝ կան մարդիկ, որ ավելի վատ դրության մեջ են եղել, ավելի անելանելի վիճակներում են հայտնվել, և պատվով հաղթահարել են ու ապրեցրել շատերին։
Կարդացեք հզոր մարդկանց էլ ավելի հզոր կյանքի պատմությունը, եթե ունեք մոտիվացիայի կարիք, եթե Ձեզ պետք է աջակցություն, Սարգիս Ստեփանյանը իր անցած ուղով ակամայից կդառնա Ձեզ համար խորհրդատու։ Շնորհակալ եմ հեղինակին՝ Դավիթ Դավթյանին, Սարգսի անհատականությունը բացահայտելու համար, շնորհակալ եմ Newmagհրատարակչությանը գրքի հրատարկման համար,և շնորհակալ եմ Սարգսին և սահմանին կանգնած բոլորին, որ կան, որ հավատում են։
Սարգիս Ստեփանյան
Դավիթ Դավթյան
5800 ֏
Նկարագրություն
«Բազկամարդը» պարզապես կենսագրական չէ, այլ ճանաչողական և ուսուցողական ձեռնարկ, հոգեբանական խորհրդատվություն, թե ինչպես է հնարավոր դուրս գալ ամենամեծ ողբերգությունից և փոխել իրականությունը։ 2014-ին ծանր վիրավորվելու պատճառով երկու ոտքն ու աջ ձեռքը կորցնելուց 3 ամիս անց Սարգիս Ստեփանյանը սկսում է քայլել, 3 տարի անց դառնում աշխարհի չեմպիոն։ Իր օրինակով ապացուցում է, որ անելանելի վիճակներ չկան, եթե ունես կամքի ուժ և կյանքի ծարավ։ Գիրքը հաշմանդամություն ունեցողներին կօգնի արագ գտնել ոտքի կանգնելու մոտիվացիա և նոր հորիզոններ կբացի նրանց համար։ Գրքի հերոսն այսօր առաջնորդում է մի ամբողջ խմբի, ինչպես նախկինում, վիրավորումից առաջ։ Շատերն են նրա շնորհիվ վերագտել իրենց, կրկին հուսավառվել, պայքարել ու դարձել պրոֆեսիոնալ, ռեկորդակիր մարզիկներ։