Ազնավուրի գրող տեսակը բացահայտում էր
Աբրահամ Ավագյան
«Պատրանքներ վաճառողները գերազանց են տիրապետում երիտասարդ երազողներին համոզելու արվեստին՝ պնդելով, թե թեթևակի գովազդն ու մեկ-երկու հեռուստատեսային ելույթը լիուլի կարող են փոխարինել տարիների քրտնաջան աշխատանքին։ Բայց այդ մարդիկ նաև իրավացի են, երբ ծաղրում են նրանց, ովքեր պնդում են, թե հեշտությամբ ձեռք բերածը ծուղակ է, որ ամենաճիշտը դժվար ճանապարհով գնալն է։ Հաջողությունը միայն աշխատանքի արդյունքը չէ, և ոչ էլ համառությունը։ Կարելի է անվերջ թվարկել հաջողության հասնելու անհրաժեշտ պայմանները՝ տաղանդ, հարմար պահը որսալը, մի քիչ բախտ․․․»,- այսպես էր ներկայացնում Ազնավուրը կյանքի սկզբում հաջողության հասնող աստղիկների պատմությունը, խորհուրդ տալով վստահել միայն սեփական տաղանդը զարգացնելուն՝ անընդհատ աշխատելու ու ինքնակրթվելու միջոցով։
Ես ու Ազնավուրն ընկերացանք շատ պատահական, բայց էդ ընկերությունից ես ավելի շատ կյանքի դասեր եմ քաղել ու շարունակում եմ քաղել։ Մեր ընկերությունը սկսվեց, երբ Մեծն Շանսոնյեն «Կյանքից կառչած» էր։ Կյանքից կառչելու իր բանաձևն ինձ թելադրեց մեղմ շշուկով, ու «Մեղմ շշուկովը» դարձավ սեղանիս գիրքը՝ մինչև բացեցի «Վերջին դուռը»։ Ինձ համար բացահայտում էր բարի պապիկի կերպարում հանդիպածս մեծ սրտակերը, ումից այդպես էլ չիմացա, թե ով էր ի վերջո Պիաֆն իր համար, ու թվում էր՝ չի էլ ասի քանի դեռ սիրտը բաբախում էր։ Մի քանի անգամ երկար զրուցել էինք, կյանքից, իմաստասիրել էր, ես աչքերով լուռ «լսել» էի իրեն, իսկ վերջերս զրուցեցինք տարբեր իրավիճակների շուրջ ու թեմաներով․ 16 կարճ թեմաներով բովանդակային ծավալում ունեցավ մեր զրույցը, թեև հանդիպել էինք իր հսկա հոր մասին խոսելու, բայց երբ իմացավ, որ պատերազմի մասնակից եմ, սկսեց ներկայացնել իր՝ «Հանուն Ֆրանսիայի» արված խենթությունները։
Սա հետաքրքիր ու արկածային մի պատում էր, որում Օդետի ու Ժեֆիկի (անունները պայմանական էին, ու հասկացա) հետ իր հետագա ողջ ազատությունը վտանգի տակ դրած՝ մի քանի թիզ ավելացրել էր հայրենի սահմանները։ Մեկ ուրիշ անգամ, երբ ընտանիքի մասին էինք զրուցում, պատմեց «Միայնակ հայր» կարգավիճակի հոգեբանական ծանրության մասին՝ համեմատական տանելով իր հսկա հոր հետ, մեղավորության զգացում կան Ազնավուր՝ հոր ու Ազնավուր՝ որդու տողերում։ Որպես հայր՝ թերացել էր որդու նախասիրություններում, չէր նկատել որդու ոչ ավանդական պահվածքը, օտարացել էին միմյանցից։ Որպես որդի՝ թերացել, ամաչել էր հոր առավելությունների համար, որ թվում էր՝ թերություն էին, ողջ կյանքում չէր ընկալել ծնողի արժեքն այնպիսին, ինչպիսին սկսել էր ընկալել կորցնելուց հետո։ Հետաքրքիր էր, որ ինքս էլ , երևի, նույն բանը զգացի։ Ափսոսանքով լի մեր լուռ հայացքները հանդիպեցին․ դրանք հորը կորցրած որդիների հայացներ էին, ովքեր հիմա ամեն բան կտային՝ անցածը ուղղակի պահելու համար։ Հետաքրքիր էր, որ հետո շարունակությունը այլ էր եղել պապ-թոռ հարաբերություններում։ Ազնավուրը, այդ, բարի դեպքով, բոլորի երազանք թվացող պապիկը «Պապ լինելու արվեստը» միայն վերջերս էր յուրացրել՝ սևամորթ թոռնիկի ու իր միջև առաջացած անդունդի սառույցը հալեցնելուց ու կամրջելուց հետո։ Այս զրույցներում անթաքույց ցույց տվեց, որ կյանքում ամենակարևորը ընտանիքն ու հայրենիքն են․ ընտանիքի ցանկացած անդամ, անկախ կրոնից, լեզվից, ռասայից, կողմնորոշումից՝ ընտանիք է։ Փորձեցի չհամաձայնել Շառլի հետ՝ չլսեց։ Խոսեցինք պատերազմից ու ներկայացրեց 20-րդ դարի առաջին ցեղասպանության վերապրածներից «Արմեն Մեհմեդի» պատմությունը։
Հետաքրքիր, անթաքույց տողատակեր կան Ազնավուրի խոսքերում՝ հրեաների, մահմեդականների, սեռական այլ կողմնորոշում ունեցողների մասին, ու երբ փորձում էի խոսել Ազնավուրի՝ որպես հայի հետ, չէի հասկանում իրեն, բայց հենց ինքն էր բացատրում իր՝ համաշխարհային քաղաքացի լինելը, իր՝ համաշխարհային մշակույթին պատկանելը, իր հավատն առ Աստված՝ անկախ երկրի պաշտոնական դավանանքից։ Ազնավուրի համար կա միայն մեկ քաղաքակրթություն, և դրա մեջ ամբողջ մարդկությունն է, թեև առիթը բաց չի թողել իր ազգին ծառայելու ու էդ մասին բազմիցս է նշել՝ «Քանի դեռ սիրտս բաբախում է» գրքում։ Մարդկային քաղաքակրթության առաջացման, Պոլիբոսի ցիկլային տեսության գեղարվեստական մոտեցումը գտա, երբ պատմում էր Բուդուի՝ մարդկային ցեղից առաջացած կապիկի մասին։ Բուդուն կապի՞կ էր, թե՞ մարդ։ Նա առաջացել էր կապիկներից ու դարձել մարդ, կամ մադկային ցեղի վերջին ներկայացուցիչն էր իր ցեղակիցների կողմից կործանված աշխարհում և պետք է հանդիսանար քաղաքակրթության վերականգնաման միակ օղակը։
Ազնավուրը հստակ էր պատկերացնում․ մի օր կկործանվի մոլորակը և կմնան քիչ թվով կենդանի արարածներ, ու թե ինչպիսին է լինելու շարունակությունը՝ դեռ հարց էր։ Ըստ Շանսոնյեի՝ փրկությունը սիրո մեջ էր, ու խորհուրդ տվեց․ «շատ մի՛ ատիր, սիրել կա»։ Հավատացի։ Չհավատալու տարբերակ չունեի, երբ պատմեց մարդասիրական դրսևորման մի օրինակ իր կողմից Ամանորի նախօրեին։ Հետաքրքիր է, որ կան հազարավոր մարդիկ, ովքեր Ամանորի ճոխ սեղանին միայնակ են նստում ու թախծում, հազարներն էլ կան՝ թախիծով նայում են Ամանորին, տոնական պատրաստություններին ու գիտակցում՝ իրենք չունեն հնարավորություն անգամ սեփական սեղանն ունենալ, ուր մնաց՝ տոնական։ Սա ոգեղեն քաղցի ու որկրի քաղցի դրսևորման մի յուրօրինակ համադրություն է, որին զրուցակիցս փորձել էր լուծում տալ՝ անտունների տոնը իրական տոն դարձնելով։ Այո՛, Ամանորին, փաստորեն հրաշքներ լինում են։ ՄԻ քանի օր չկարողացանք զրուցել․ զբաղված էի։ Մի օր վերջապես հանդիպեցինք, խոսեցինք կյանքում պարտադրված կարգավիճակների մասին։ Պատմեց հանուն երեխաների արվող քայլերի մասին, օրինակներ բերեց, երբ երեխայի համար կարելի է մտնել և՛ ծաղրածուի դերի, և՛ օրավարձու բանվոր դառնալու մասին։ Հետաքրքիր է․ մարդիկ վաճառում են ամեն բան՝ նյութական ու ոչ նյութական, իսկ երբ վաճառելու բան այլևս չի մնում՝ վաճառում են իրենց անցնող օրերը, կյանքի այն օրերը, որ անվերադարձ են․ բայց դե՝ ապրել է պետք, ու հանուն ապրելու՝ վաճառում են օրերը։ Ազնավուրի գրող տեսակը բացահայտում էր, Ազնավուրի զգայական տեսակն ինձ էնքան հոգեհարազատ դարձավ, որ նորից եմ սպասելու գրքերի միջոցով տրվող նրա հետ հանդիպումների հնարավորություններին։
Գիտեմ, հիմա մի տեղ, դրախտի ու երկրի միջակայքում իր հետերկրային պատմությունն է կերտում, գիտեմ, նրա անունը դեռ երկար է մնալու՝ իր թողած արվեստի շնորհիվ, բայց իր գրքից քաղած մի քանի տողով կխոսեմ իր հետ, խնդրելով, որ եթե հանկարծ, ստացվի այնպես, որ հայտնվի Աստծուն լսելի հեռավորության վրա, բարի լինի մի պահ կանգ առնել և մի երկու բառ բարեխոսել ինձ համար ու Հորս՝ իմ հսկային ասել, թե ինչքան եմ ես իր պակասը զգում։ Երդվո՛ւմ եմ, խոստանո՛ւմ եմ՝ դրա համար իրեն երախտապարտ կլինեմ, պարտական կլինեմ ցհավերժություն։
Շառլ Ազնավուր
5800 ֏
Նկարագրություն
Ազնավուրը ներկայանում է հումորի եւ երեւակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել եւ պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնյեն եւ այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։