Ասել թե հիացած եմ, կլինի ոչինչ չասել
Թերեզա Աբովյան
16 նովել ու պատմվածք, 16 իրարից տարբեր, լիարժեք ու յուրահատուկ գործեր, 16 տարբեր ժանրեր: Այն, որ բոլորս Ազնավուր ենք լսում, աննկարագրելի հաճելի, բայց միևնույն ժամանակ սովորական երևույթ է: Այն, որ Ազնավուր ենք կարդում՝ որպես լիարժեք գրող, աննկարագրելի հաճելի, բայց արտասովոր ու անսովոր երևույթ է:
Տարիներ առաջ, երբ կարդում էի մեծն շանսոնյեի «Կյանքից կառչած» գիրքը, կարծես զրուցելիս լինեի բարի պապիկի հետ, ով ինձ պատմում էր իր մասին: Թեթև ու ցածր ձայնով պատմում էր իր ոչ այդքան թեթև կյանքի մասին, ժամանակ առ ժամանակ չափազանց շատ անկեղծանում էր, տեղ-տեղ ինձ «խնայում», բայց ամեն պահի ու ամեն բառով փորձում էր ինձ հետ վերապրել իր կյանքն ու ապրեցնել ինձ նման բազմաթիվ ընթերցողների:
Պատմում էր միշտ իրար հետ զուգահեռ քայլող հաջողությունների ու անհաջողությունների, միմյանցից անպակաս երջանկության ու դժբախտության մասին, սեփական կյանքի մասին: Մինչ սկսում էի կարդալ «Հայրս՝ այդ հսկան» գիրքը, հիշեցի այն զգացմունքները, որոնք ապրել էի վերոնշյալ «Կյանքից կառչած»-ը կարդալով, ու ենթագիտակցաբար սպասում ձևավորեցի, որ վերապրելու եմ նույն էմոցիաները` ուղղակի այլ պատմությունների շնորհիվ: Որքա~ն կարծրատիպային է մարդ արարածը (միգուցե ոչ բոլորը, այս պարագայում` միայն ես): Հիմա հստակ կարող եմ ասել՝ տարիներ առաջ ես կարդացել եմ Մեծն Շանսոնյեի «Կյանքից կառչած» գիրքը, այսօր ես ավարտեցի կարդալ Շառլ Ազնավուրի «Հայրս՝ այդ հսկան» գիրքը: Եթե աշխարհում գտնվի մեկը, ով չի ճանաչում Ազնավուրին, այս գիրքը կարդալով կծանոթանա ու կճանաչի գրող Շառլ Ազնավուրին, ու մտքի ծայրով անգամ չի անցկացնի, որ այս մարդը այլ մասնագիտություն ունի: Չի պատկերացնի, որ այս գրքի հեղինակը գրող, գրականակագետ կամ արձակագիր չէ: Չի պատկերացնի, որ այս մարդը հանրահայտ ու չգերազանցված երաժիշտ, երգահան ու Արտիստ է: Ասել թե հիացած եմ, կլինի ոչինչ չասել:
Նովելները գլուխգործոցներ չեն, բարդ սյուժեներ, խճճված առեղծվածներ ու կարևորագույն հանգուցալուծումներ չեն պարունակում: Ընդհակառակը: Պատմությունները հասարակ են, մատչելի լեզվով գրված, շատ երկրային ու առօրյա, բայց այնքան հոգեհարազատ ու մարդամոտ: Կարդալիս կտրվում ես աշխարհից, առօրյա թոհուբոհից,աշխատանքային վազքից, ուղղակի հանգստանում ու վայելում կյանքը: Միևնույն ժամանակ կյանքի ու հատկապես 21-րդ դարի բոլոր կարևորագույն թեմաներն ու խնդիրները՝ կրոն, հավատք, ընտանիք, ընկերներ, սեր, համասեռամոլություն ու համացանց ընդգրկված են գրքում, ու այնքան սիրուն, այնքան խորը, լիքը հումորով ու դրամայով են շաղախված, որ գիրքը չեն ծանրացնում, բայց մտածելու տեղիք շատ են տալիս։ Հիմա ամբողջ մտածմունքս այն է՝ հաջորդ գիրքն ինչ է լինելու: Իսկ հաջորդ գիրքը միանշանակ լինելու է, քանի որ Amundi Acba-ն և Newmag-ը հանձն են առել մինչև շանսոնյեի 100-ամյակը հայերեն թարգմանել ու հրատարակել նրա բոլոր գրքերը, որպեսզի հայ ընթերցողին հասանելի դարձնեն մեծն հայի, մեծն ֆրանսիացու գրական ժառանգությունը։ Այս տարի նշվեց 97-ամյակը: Այնպես որ՝ սպասենք հաջորդ գրքերին:
Շառլ Ազնավուր
5800 ֏
Նկարագրություն
Ազնավուրը ներկայանում է հումորի եւ երեւակայության 16 զարդով, որոնք լեցուն են անակնկալներով, դրամայով ու երջանիկ լինելու խոհափիլիսոփայությամբ։ 16 նովել եւ պատմվածք, որոնք տարիների ընթացքում գրել է մեծ շանսոնյեն եւ այժմ ներկայացնում է մեկ ժողովածուով։