Ինչու Team Telecom Armenia դարձավ Newmag Winer Fest-ի գլխավոր հովանավոր (տեսանյութ, լուսանկարներ)

February 28, 2022

Newmag Winer Fest 2022-ը յուրօրինակ փառատոն էր, որը ձգվեց ավելի քան 10-ժամ։ Մի ամբողջ օր գրքերի շնորհանդեսներ ու հետաքրքիր քննարկումներ, գրքի խաղարկություններ և երգի ու տեսահոլովակի պրեմիերա: Հյուրերը հնարավորություն ունեին մասնակցելու տարբեր միջոցառումներին և այս բոլոր իրադարձությունները տեղի էին ունենում մեկ հարկի տակ։ Փառատոնի գլխավոր հովանավորն էր Team Telecom Armenia ընկերությունը։ Լրագրող Շաքե Ղազարյանը փառատոնի ընթացքում զրուցել է ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանի հետ։

Team Telecom Armenia ընկերության կոմերցիոն տնօրեն Կարեն Շաբոյանի խոսքով, հեռահաղորդակցության ոլորտի տեղական ընկերության համար շատ կարևոր էր լինել նման նախաձեռնության կողքին. «Քանի որ մեր գործունեության սկզբունքներից է բխում հայերեն բովանդակության ստեղծումը, միացանք այս նախաձեռնությանը։ Շնորհակալ ենք լինել այսպիսի միջոցառման հովանավոր։ Համացանցը, ինտերնետը կարևոր են, որ շատ ճիշտ օգտագործեն մեր բաժանորդները՝ ինֆորմացիա ստանալու, կրթվելու համար։ Գիրքը, գրականություն, կրթությունը կարևոր է թե՛ մեզ, թե՛ մեր երկրի համար»։

 

Ընկերությունն իր աշխատակիցներից մինչև բաժանորդներ փորձում է խրախուսել մասնակից դառնալ կրթական տարբեր ծրագրերի։ Ու հենց այդ պատճառով էլ փառատոնի հովանավորն է՝ ընդգծում է Շաբոյանը. «Ինչպես գիտեք, առանց հայերեն բովանդակության շատ ավելի դժվար է ինֆորմացիայի հասանելիության ապահովումը։ Մեզ համար նման փառատոնները, որտեղ այսքան հետաքրքիր գրքեր են հայերեն թարգմանված, շատ կարևոր են։ Մի կողմից ընկերության համար սա սոցիալական պատասխանատվություն է, մյուս կողմից էլ՝ մեր կրթական կոմպոնենտի կարևոր բաղադրիչ»։

                                                                          

Կարեն Շաբոյանը համոզված. ընկերությունները հենց նման մեծ իրադարձությունների մասնակից դառնալով են օգնում երկրում կրթական որակի բարձրացմանն ու գրքի հանրայանցմանը։

Կարդացեք նաև