Վարպետության դաս՝ Արթուր Ջանիբեկյանից. Ինչպե՞ս հաջողել բիզնեսում

October 14, 2017

Բեմում նա անկեղծ է ու չի թաքցնում, որ իր տվածից շատ ստանում է դահլիճից: Ներկաների ոգևորությունն ու վառվող աչքերը նրան էներգիա են փոխանցում: Ու նա պատրաստ է կիսվել հաջողության իր բանաձևով: «Comedy Club Production»-ի հիմնադիր ու գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգի» ժամանցային հեռուստաալիքների ենթահոլդինգի ղեկավար, «Մշակութային վերածնունդ» և «Ինտելեկտուալ վերածնունդ» հիմնադրամների հիմնադիր Արթուր Ջանիբեկյանի համար ավելի հեշտ է ասել, թե ինչ և ինչու անել՝ բիզնեսում հաջողության հասնելու համար:



Ճիշտ գործընկեր


Հաջողության ջանիբեկյանական առաջին կանոնն է: Ճիշտ ու ուժեղ գործընկերոջից շատ բան է կախված: Մասնագիտական հմտությունները պետք է տարբեր լինեն: Եթե երկուսն էլ նույնի համար պատասխանատու եղան, ռումբը պատրաստ է: Տարբեր հմտություններ, բայց նույն ցանկությամբ և ոգևորությամբ. հաջողելու պարտադիր պայմաններից է:
«Առաջինն ընդհանուր փիլիսոփայության և արժեհամակարգի կրելն է: Չեք կարող բիզնես անել մարդու հետ, ում հետ չունեք ընդհանուր առաքելություն և ցանկություններ: Մյուս կարևոր հանգամանքն այն է, որ ձեր գործընկերը պետք է ձեզնից ուժեղ լինի: Դա բազմապատկում է ձեր ունեցած հնարավորությունները»:

Մարդիկ, որոնց հետ աշխատում եք


Գործընկոջից բացի, կարևոր է, թե ում հետ եք աշխատում: Արթուր Ջանիբեկյանի համար ամեն ինչի հիմքը մարդն է:
«Այդ մարդու աչքերը պետք է վառվեն, նա պետք է կարողանա իրագործել իր առջև դրված խնդիրները: Այս ամենից բացի, նա պետք է կարողանա ինչ-որ կերպ շահել ձեր վստահությունը: Վստահեք ձեր բնազդին: Եթե մարդուն դնում եք պրոցեսի հիմքում և հասկանում եք, որ նա կկարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, ուրեմն՝ նա կկարողանա»:
Բիզնեսի ընտրություն
Բիզնեսի ընտրության հարցում համոզված եղեք, որ առաջինն եք սկսում այն: Եթե բոլորից առաջ եք անցել ու նախաձեռնել այդ գործը, ուրեմն՝ մի որոշ ժամանակ չեք ունենա նաև մրցակից: Սա կօգնի արագ ոտքի կանգնել: Կարևոր է նաև, թե որտեղ եք սկսում ձեր բիզնեսը:
«Պետք է անել մի բան, որն աշխարհում առաջինն է: Հավատացած եղեք, որ կարող եք: Շատերը կարծում են, որ կարևոր գործեր կարող են հորինել ու անել միայն հզոր մարդիկ, բայց ոչ իրենք: Ինչո՞ւ դուք չեք կարող լինել այդ մարդը: Ի՞նչ ուներ Սթիվ Ջոբսը, որը չունեք դուք: Իհարկե, հետագայում է պարզվում, թե ինչ ուներ նա, բայց չէ՞ որ դուք չգիտեք՝ ունե՞ք դա, թե՞ ոչ: Հավատացե՛ք ձեր ուժերին»:


Կարդացեք նաև



Բիզնեսի մասշտաբը, բազմապատկելու հնարավորությունը և համացանցը 


Ըստ Արթուր Ջանիբեկյանի՝ ամեն ինչ կարող է անսահման լինել, սահմանափակ է միայն ժամանակը: Պետք է լավ մտածել, թե ինչի վրա եք այն ծախսում:
«Ձեր բիզնեսը պետք է ունենա հնարավորություն հեշտ տարածվելու: Պոտենցիալ մասշտաբը կարևոր է: Կարող եք շատ փող և կապեր ունենալ, բայց օրվա մեջ առավելագույնն ունեք 24 ժամ, մտածեք, թե ինչի վրա այն արժե ծախսել: Մյուս կարևոր հանգամանքը՝ ձեր գաղափարի արդիական լինելն է: Եթե ձեր միտքը չի տեղավորվում սմարթֆոնում, այն արդիական չէ»: 
Հոգևոր
Ամենակարևորն Արթուր Ջանիբեկյանը թողնում է վերջում: Բիզնեսում հաջողելու հինգերորդ կետն, ըստ նրա, հոգևոր հատվածն է: Հոգևոր՝ բառի լայն իմաստով:
«Եթե ունես հավատք, պինդ ընտանիք, լավ ընկերներ, եթե ոտքերիդ վրա պինդ ես կանգնած, կունենաս հնարավորություն քո միտքն իրագործելու, ստեղծագործելու և հաջողության հասնելու: Սա ամենաաներևույթ, բայց ամենակարևոր հանգամանքն է: Այս կետն է օգնում, որպեսզի չհուսահատվեք և հանգիստ լինեք նախորդ թվարկած կետերում ծագած խնդիրների պարագայում»:  
Մինչև վարպետության դասը սկսելը Արթուր Ջանիբեկյանը խոստացել էր, որ առաջիկա մեկ ժամը տարբեր էր լինելու նախորդներից: Այդպես էլ արեց: Մեկ ժամն անցավ արագ, ու նրա հետ շփումը շարունակվեց նաև դահլիճից դուրս: