Արծրուն Հովհաննիսյան. Հիմա իմ առօրյայում ամեն օր պատերազմն է

August 13, 2016

պատերազմ
Պատերազմն ինձ համար մանկուց մի կողմից սարսափ է եղել, որովհետև ուսումանսիրել եմ, ու հասկացել , թե ինչքան վտանգավոր է, բայց մյուս կողմից դարձել է կյանքի մասնագիտություն: 20 տարի համարյա բանակում եմ, ուսանողական առաջին օրերից էլ ամեն րոպե սպասել եմ, որ կրթությունս կիսատ կմնա, ու կմեկնեմ  պատերազմ: Հիմա իմ առօրյայում ամեն օր պատերազմն է:
կորուստ
Ամենաողբերգական բանը կորստի հետ համակերպումն է: Այս տարիների ընթացքում այնքան մարտական ընկերներ եմ կորցրել, երիտասարդ, դեռ կյանք չտեսած: Ամենածանրն ինձ համար այն է, որ կարծես թե բոլորս, ու նաև ես, համակերպվել ենք այն բանի հետ, որ անկորուստ չենք կարող ապրել:
ինչին պետք չէ հավատալ
Հրաշքներին պետք չէ հավատալ: Հրաշքներ չեն լինում, ամեն ինչի պետք է հասնել սեփական ուժերով: Գոնե իմ կյանքում բոլոր ձեռքբերումները տանջանքի ու տառապանքի արդյունք են, իսկ բոլոր բացթողումները` հանցավոր կամ գիտակցված ու չգիտակցված բացթողումների արդյունք: Պետք է հավատալ սեփական ուժերին:
թիկունք
Թեկուզ որպես զինվորական, թիկունքն առաջին հերթին ասոցացնում եմ մեր ընտանիքների հետ, որովհտև մեր թիկունքը մեր ընտանիքներն են: Մենք մեզ դեմ ենք տալիս կրակին, իսկ դեպի թիկունք եկող վտանգն ուզում ենք թեկուզ ձեռքով հետ մղել ու կյանքի գնով պահպանել: Ամուր ընտանիքը հենց ամուր թիկունքն է:



[ Մոնոլոգ ]



համազգեստ
Համազգեստն իմ կյանքն է, որի մեջ անցել է ամբողջ պատանեկությունս, նույնիսկ մանկությանս վերջին փուլը: Համազգեստը ցույց է տալիս զինվորի այս կամ այն զորատեսակի պատկանելիությունը: Զինվորական համազգեստը նաև կարևորագույն հեգեբանական նշանակություն ունի, այն կայուն բանակի դիմագիծն է:
newmag #69 ապրիլ / մայիս