Որակյալ, հետաքրքիր գիրք գրելու համար ներքին մղում է պետք՝ հայ կին գրողների հետ հանդիպմանն ընդգծել է Վալերի Մանտոն (տեսանյութ)

January 21, 2021

Newmag հրատարակչությունն օրեր առաջ ներկայացրեց ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպը։ Գրողի մասնակցությամբ տեղի ունեցավ շնորհանդես։ Մանտոն Հայաստանում է մեկ շաբաթով ու այդ ընթացքում հանդիպումներ ու քննարկումներ է ունենում մտավորականների հետ։ Պոլսահայ գործիչ Հրանտ Դինքի կյանքի, սպանության ու նրա թողած ուղերձների մասին Աբովյան 20 հասցեում գտնվող Արտբրիջ գրախանութ-սրճարանում տեղի ունեցավ Վալերի Մանտոյի հանդիպումը հայ կին-գրողների հետ։ Վերջում ընթերցողները հնարավորություն ունեցան մասնակցել նաև գրքի ընծայագրմանը։

Կանայք խոսում են, տղամարդիկ՝ լսում:  Ֆրանսուհու կոկետությամբ, բայց հային բնորոշ ջերմությամբ՝ Վալերի Մանտոն ներկայացնում է այն, ինչ տեսել, լսել ու զգացել է Թուրքիայում ու այդ ամենը փոխանցել թղթին՝ փորձելով լինել անկողմնակալ։ Գրական կյանքը, հավերժական խնդիրները, ստամբուլյան բոհեմն ու Դինքի ողբերգությունը՝ այս թեմաների վերաբերյալ ծավալվեց քննարկումը ֆրանսուհու ու հայ կին գրողների միջև։ «Ես իմ գրքով, հարցազրույցներով ու նման հանդիպումներով Ֆրանսիայում, Ստամբուլում փորձում եմ փոխանցել Դինքի ուղերձները։ Մի քանի անգամ գիրքը ներկայացրել եմ Թուրքիայում մեծ լսարանների առաջ՝ իհարկե, ոչ միշտ են ընդունել ու թողել խոսեմ «Ակոսի» վերաբերյալ։ Մի անգամ շատ մեծ լսարանում, երբ ելույթ էի ունենում, նկատում էի, որ շատերը գլխով համաձայնության ժեստ են անում»։

Ինչ թեմաներով են գրում այսօր գրողները, ինչ մարտահրավերների առաջ են կանգնած և ինչ է պետք անել վաղվա գիրքն ավելի հետաքրքիր ներկայացնելու համար՝ այս հարցերի մասին ևս խոսեց ֆրանսուհի գրող-լրագրողը. «Ծանոթացա հա կին գրողների հետ, իմացա՝ ինչ պայմաններում են աշխատում ու ստեղծագործում: Հետաքրքիր էր լսել նրանց»:

«Ակոսը» բացառիկ գիրք է, ժանրային միքս, որը նոր որակ ու շունչ կարող է բերել նաև հայ ժամանակակից գրական աշխարհ։ 

Պետք է թեման զգալ ու ապրել՝  վստահեցնում է  Մանտոն: Ֆրանսուհու «Ակոսը» հենց այդպես էլ ստեղծվել է: Մանտոն ընդգծում է՝ գիրքը գրելիս մեծ պատասխանատվություն էր զգում բոլոր նրանց հանդեպ, ովքեր ազատ գրելու հնարավորություն չունեն Թուրքիայում: Ֆրանսուին անկեղծանում է՝ այն ինձ համար լուրջ մարտահրավեր էր: Հարցերցի մեկին՝ սովորաբար ծանր ու լուրջ թեմաներին անդրադառնում են տղամարդիկ, իսկ կանայք ավելի էմոցիոնալ թեմաներով են գրում, Վալերին նկատում է՝ բայց չէ՞ որ հենց դա էլ պետք է նաև կյանքում. «Դու պետք է անկեղծ լինես քո առաջ, քո հերոսների, ընթերցողներ հանդեպ։ Ինձ համար չկա կանանց կամ տղամարդկանց գրականություն, պարզապես կանայք զգացմունքային են գրում, ու մենք սիրում ենք նման տողեր ընթերցել։ Բայց ես նախընտրում եմ գրել քաղաքականության, խնդիրների մասին։ Իհարկե, նաև այդ դեպքում չես կարող զգացմունքներից հրաժարվել։ Ի վերջո, որակյալ, հետաքրքիր գիրք գրելու համար ներքին մղում է պետք»։

Կարդացեք նաև

Հայ կին գրողները ընդգծում են՝ «Ակոսը» բացառիկ գիրք է, ժանրային միքս, որը նոր որակ ու շունչ կարող է բերել նաև հայ ժամանակակից գրական աշխարհ։ Գրողը համաձայն է՝ իր գիրքը մեծ ռեպորտաժ կարող է հիշեցնել, մեկ հարցազրույց, բայց ի վերջո, այն վեպ է՝ իր բոլոր կանոններով։ Ի դեպ, մեկ օրում գրքի հայերեն թարգմանության առաջին տպաքանակի ավելի քան 60 տոկոսն արդեն սպառվել է։