Բացառիկ լրագրողական հետաքննություն. Սպանության, առեղծվածի, կորստի ու նոր կյանքի պատմություն

May 28, 2017

Փոքրիկ, փխրուն աղջիկ էր՝ մաշված, խամրած զգեստով: Խաղալիքներ չուներ, հաճախ սոված էր մնում: Քնում էր կարմիր պիկապի հետևում ամրացված քեմփինգային կցորդում՝ հոր հետ:
5 տարեկան Լիզան Քեթրին Դեքերի շարժական տուն առաջին անգամ եկավ1986-ի ամռանը: Կալիֆոռնիայի Սքոթս Վելլիի թրեյլերների կայանտեղիում էր: Այդ ժամանակ նրա հայրը բանվորություն էր անում: Լիզան ժամերով խաղում էր Դեքերի ամենափոքրիկ թոռան հետ՝ երազելով նրա տեղում հայտնվելու մասին: Նա ամեն հնարավորություն օգտագործում էր տարեց կնոջ հետ մտերմանալու համար: Քիչ անց նա Քեթրինին արդեն «տատիկ» էր անվանում:
Լիզայի հայրը՝ Գորդոն Ջենսոնը, նույնպես շատ հարգում էր տիկին Դեքերին: Նա Քեթրինին հուզված պատմում էր իր կնոջ մասին, որը մահացել էր, երբ Լիզան նոր էր քայլել սովորում: Պատմում էր դստերը մենակ մեծացնելու իր տանջանքի մասին:
Ամառը հետզհետե մոտենում էր ավարտին, ու Քեթրինն անհանգստությամբ մտածում էր Լիզայի ճակատագրի մասին: Քեթրինն ու իր ամուսինը այստեղ էին գործուղմամբ ու շուտով պետք է տուն վերադառնային, սակայն Քեթրինին հանգիստ չէր տալիս միտքը, որ խեղճ երեխան ծանր հոգսերի մեջ է մեծանում:
Ու մի օր Քեթրինը Լիզայի հորն ասաց, որ շատ է երազում նրա դստեր նման թոռնիկ ունենալ: Տիկին Դեքերի աղջիկն ու փեսան շատ էին ուզում երեխա ունենալ, բայց չէր ստացվում: Քեթրինը զգուշորեն հետաքրքրվեց, թե պարոն Ջենսոնն աշնան համար ի՞նչ ծրագրեր ունի, չէ՞ որ Լիզան արդեն պետք է մանկապարտեզ հաճախեր:
Երկու օր անց Ջենսոնն այցելեց Քեթրինին: Նա ասաց, որ երկար մտորումներից հետո որոշել է, որ բոլորի համար լավագույն լուծումը կլինի Լիզային տիկին Դեքերի դստեր ընտանիք տեղափոխելը: Քեթրինը համաձայնեց Լիզային երեք շաբաթով վերցնել իր մոտ, ինչից հետո՝ եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կքննարկեն պաշտոնական որդեգրումը:
Դեքերի այս զարգացումից երջանկացած,  Ջենսոնը Լիզայի համար նոր շորներ ու կոշիկներ գնեց: Նրանք վեց ժամ քշեցին, մինչև հասան Չինո Հիլս` Քեթրինի դստեր տուն: Լիզան այնքան էր ուրախացել, որ նոր կոշիկները չհանեց նույնիսկ նոր անկողին մտնելիս:
Դեքերի դուստրն ու նրա ամուսինն անմիջապես սիրեցին Լիզային ու ցանկություն հայտնեցին, որ փոքրիկ աղջիկը դառնա իրենց ընտանիքի անբաժան մասը: Բայց մի քանի շաբաթ անց, երբ երիտասարդ զույգը գնաց Լիզայի հոր մոտ` որդեգրելու համար,  պարզվեց, որ Ջենսոնն անհետացել էր:
Լիզան սկսեց պատմել, թե ինչ ահավոր բաներ է հայրն արել իր հետ: Զույգը դիմեց ոստիկանություն: Լիզայի հետ զրուցելուց հետո, քննիչները սկսեցին կասկածել, որ երեխան բռնաբարվել է, ու Լիզային վերցրին պետական պաշտպանության տակ: Քեթրին Դեքերը Լիզային այլևս երբեք չէր տեսնի:
Ոստիկանությունը Լիզային հարցրեց, թե նա երբեվէ ունեցե՞լ է քույրեր կամ եղբայրներ: Լիզան ասաց, որ ունեցել է, սակայն բոլորը «խոտային սնկերից» մահացել են, երբ նրանք ընտանիքով արշավների էին գնում:
Այս լուրից անհանգստացած, ոստիկանները սկսեցին Ջենսոնի մասին տեղեկություններ փնտրել թրեյլերների բոլոր կայանտեղիներով: Միայն մեկ բան գտան. մեկ մատի մատնահետք` Ջենսոնի տեղադրած ձայնային համակարգի վրա: Մատնահետքը պատկանում էր Քուրթիս Մայո Քիմբալ անունով մի մարդու, որին ոստիկանությունը մեկ տարի առաջ կանգնեցրել էր` ղեկին հարբած լինելու համար, այդ վայրից 400կմ հեռու գտնվող մի քաղաքում: Մեքենայում Քիմբալի հետ էր եղել նրա փոքր դուստրը:
Սա առաջին հուշումն էր, որ Լիզայի հայրը այն մարդը չէր, ինչ ձևացնում էր: Նա ուրիշ գաղտնիքներ էլ ուներ: Գաղտնիքներ, որ Լիզան տարիներ անց կհայտնաբերեր, երբ իր հանելուկային մանկությունը նրան կդրդեր պատասխաններ փնտրել: Որոնումը կանցներ ամբողջ երկրի տարածքով ու կտևեր տարիներ, մինչև որ կբերեր Նյու Հեմփշիր, որտեղ այլ մութ առեղծվածներ էլ էին սպասում բացահայտման:
Լիզան այդպես էլ հորը չտեսավ: Ոստիկանությունը նրա հորը ձերբակալեց երկու տարի անց, Կալիֆոռնիայի Սան Լուիս Օբիսպո քաղաքում: Նա Այդահոյից գողացած մեքենայով էր ու նոր կեղծանուն էր վերցրել: Նրան անմիջապես կապեցին լքված երեխայի հետ: Նա համաձայնեց դատարանի առաջ իր մեղքն ընդունել, ինչի դիմաց Լիզան ազատվեց հոր դեմ վկայություն տալու հոգեբանական ցնցումից:
Նա բանտում անցկացնում է ընդամենը 19 ամիս: 1990-ին նրան ազատ են արձակում, ինչից հետո նա՝ արձակման պայմանները խախտելով, միանգամից փախչում է քաղաքից:
Հաջորդ տասնամյակը նա խաղաղ ու հիմնականում աննկատ անցկացնում է Կալիֆոռնիայի Ռիչմոնդ քաղաքում՝ Լարրի Վաններ անվան տակ: Այստեղ-այնտեղ փոքր գործեր է անում, լինում է էլեկտրիկ, բանվոր, սանտեխնիկ: Տեղական մի խանոթի պահեստանոցը նորոգելուց հետո նա տերերին համոզում է թույլ տալ այնտեղ մի քանի ամիս ապրել: Թույլ են տալիս: Վանները, ինչպես նրան այնտեղ անվանում էին, թիկնեղ, բարձրահասակ ու կապուտաչյա տղամարդ էր՝ ծանր ալկոհոլային կախվածությամբ:
Վերջ ի վերջո նա շարժվեց առաջ: 2001-ի օգոստոսին նա ամուսնացավ Յունսուն Ջուն անունով մի կնոջ հետ ու տեղափոխվեց ապրելու նրա տուն: Հաջորդ տարի Յունսունը առանց որևիցե մի հետք կամ բացատրություն թողնելու` անհետացավ: Հետաքննությունը ստանձնեց Կոնտրա Կոստայի ոստիկանական բաժանմունքի սպանությունների գծով քննիչ Ռոքսաննա Գրյունհեյդը:
Ռոքսանն իր գործի վարպետն էր՝ 11 տարվա փորձով: Նոր բացահայտել մի բարդ սպանություն, սակայն նույնիսկ նա չկարողացավ բացահայտել Վաններին, որն ասես մի խուլ պատ լիներ: Երբ Գրյունհեյդը նրան բաժանմունքում հարցաքննում է, Վաններն իրեն պահում է հանգիստ, բոլոր հարցերին պատասխանում է: Ոչ մի խնդիր չկա, ասում է նա ոստիկանությանը. իր կինն այժմ գտնվում է Օրեգոն նահանգում՝ հոգեբանական օգնություն է ստանում: Տալիս է Յունսունի բժշկի հեռախոսահամարը: Սեփական կամքով հանձնում է իր մատնահետքերը:
Մատնահետքերի արդյունքները համարյա վայրկենապես հետ եկան. Վանների մատնահետքերը համընկնում էին Լիզային լքած Քուրթիս Մայո Քիմբալի մատնահետքերի հետ: Գրյունհեյդը նրան ձերբակալում է 1990-ի ազատարձակման պայմանները խախտելու համար և ոստիկանների հետ գնում է Յունսունի տունը խուզարկելու:
Նրանք մի հրեշավոր տեսարան են բացահայտում՝ նկուղում, կատվի կղանքի կույտերի տակ, Ջունի մասնատված մարմինն է, կողքին` արյունոտ կացին ու սղոց: Նա մահացել էր մի քանի ամիս առաջ՝ գլխին հարված ստանալուց հետո:
Սա այնքան սառնասիրտ սպանություն էր, որ Գրյունհեյդը համոզված էր՝ սա Վանների առաջին սպանությունը չէ:
Սա ապացուցելը դառնում է Գրյունհեյդի գլխավոր նպատակը: Նա ժամեր է անցկացնում` Լիզայի գործի նյութերն ուսումնասիրելով: Ինչքան շատանում էին տեղեկությունները, այնքանշատանում էին քննիչի հարցերը: Պարզվում է, որ Լիզայի հայրը տարբեր մարդկանց տարբեր կերպ էր ներկայացնում Լիզայի մայրիկի մահը: Մի տարբերակով կինը մահացել էր ծննդաբերության ժամանակ, մեկ ուրիշ տարբերակով՝ ավտովթարում: Մեկ տարբերակով` խանութի թալանման ժամանակ պատահական փամփուշտ էր նրան կպել, կար նաև քաղցկեղից մահանալու պատմությունը:
Լիզայի թղթերի մեջ չկար նրա ծննդյան վկայականը: Չկար նաև մոր մահվան վկայականը: Հաշվի առնելով Քիմբալի օգտագործած կեղծանունների անկանոնությունը, գրեթե անհնար էր նրա իրական անձի մասին ստույգ տեղեկություն հայտնաբերելը:
Գրյունհեյդը մի զեկույց է գտնում նրա մասին. պարզվում է` փոքրիկ Լիզայից արյան նմուշ է վերցվել՝ ծնողական թեստի համար: Նա փորձում է թեստի պատասխանները գտնել, բայց հասկանում է, որ թեստն այդպես էլ չի անցկացվել:
-Մտածում էի՝ ո՞վ է այս մարդը, - ասում է Գրյունհեյդը, - Անհավանական էր, որ այդ փոքր աղջնակը նրա դուստրն է:
Դատարանի դահլիճում Գրյունհեյդը Քիմբալից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա է նստած լինում: Բավական բարձրաձայն՝ որ մարդասպանը լսի, նա իր օգնականին ասում է, որ պատրաստվում է փորել այնքան, մինչև հայտնաբերի Քիմբալի բոլոր հանցագործությունները: Հաջորդ օրը Քիմբալը դատարանին խոստովանում է Ջունի սպանությունը և դատապարտվում ցմահ բանտարկման:
Գրյունհեյդին սա չի կանգնեցնում: Նա շարունակում է հետաքննությունը: Նա հետևում է, որ անցկացվի ԴՆԹ թեստ: 2003-ին պարզվում է, որ Քիմբալը Լիզայի հայրը չէ:
Գրյունհեյդը տեղեկացնում է Լիզայի լքման վայրի ոստիկանական բաժանմունքին, որը վերաբացում է Լիզայի գործը՝ այս անգամ որպես առևանգում: Քիմբալը Լիզային վերաբերող հարցերին չի պատասխանում, ասում է, որ նրա մասին ոչինչ չի հիշում: Անհայտ տարիքի ու անհայտ իրական անունով այս մարդը մահանում է 2010-ին՝ իր հետ գերեզման տանելով իր բոլոր գաղտնիքները:
Լիզայի առևանգման գործով հետաքննությունը տեղից չի շարժվում տեղեկությունների բացակայության պատճառով: Գրեթե անհնարին է լինում պարզել, թե որտեղից են աղջկան առևանգել:
-Մենք նույնիսկ աշխարհագրական մոտավոր տեղանք չունեինք, որի հետ կարող էինք աշխատել, - ասում է Պիտեր Հեդլին, որը Սան Բեռնարդինո շրջանի մանկահասակների դեմ ոճրագործությունների գծով քննիչ էր, - Մենք նույնիսկ չգիտենք, ով է այս մարդը: Կարծես ուրվական լինի:
Թվում էր` ընդմիշտ կորած կմնա Լիզայի պատմությունը` նախքան Քեթրին Դեքերի հետ նրա հանդիպումը:

***


Պետական պաշտպանության տակ հայտնվելուց հետո Լիզային ուղարկում են որբանոց, հետո նրան որդեգրում են: Նա մեծանում է Լոս Անջելեսում` երջանիկ ընտանիքում, հետագայում ամուսնանում է ու երեք երեխա է ունենում: Բայց չի դադարում մտածել իր ծագման առեղծվածի մասին. ովքե՞ր են իր ծնողները, գուցե ո՞ղջ են:
Երկար փնտրտուքից հետո, որոնց միանում են բազմաթիվ կամավորականներ, ԴՆԹ անթիվ համեմատումներից հետո, վերջապես հայտնաբերվում է Ջորջեթ Բոդեն անունով մի կին, որը մահացել էր 2008 թվականին, բայց որն ամենայն հավանականությամբ արյունակցական կապ ուներ Լիզայի հետ: Նա ուներ մեկ դուստր՝ Դենիզ Բոդեն անունով, որի մասին տեղեկություն գրեթե չկար:
Հետագա փնտրտուքը պարզում է, որ Դենիզ Բոդենը 1981 թվականին լքել է իր տունը Նյու Հեմփշիրում: Նա գնացել է իր վեցամսական դստեր ու ընկերոջ հետ, որի անունը Բոբ Էվանս էր: Դենիզի ընտանիքը նրան այլևս երբեք չի տեսել:
2016 հուլիսին պարզվում է, որ Դենիզը Լիզայի մայրն է: Ու նրա իսկական անունը Դոուն էր: Այս անունը Լիզային տվել էր նրա մայրը:
Քննիչները գտնում են Էվանսի լուսանկարները: Պարզվում է` նույն Քիմբալն էր, կամ Ջենսոնը, որը հետագայում մահացավ բանտում:
Այս կապի բացահայտումը սակայն տանում է դեպի արդեն համարյա մոռացված առեղվածների լուծում: Այն տեղից քիչ հեռու, որտեղ հետագայում անհետացել էր Դենիզը, 1985-ին հայտնաբերվել էր երկու դիակ՝ երիտասարդ կնոջ ու 10-11 տարեկան աղջկա: 15 տարի անց գործի վրա նոր նշանակված մի քննիչ հայտնաբերում է ևս երկու դիակ՝ երկու աղջիկ` 3-4 տարեկան:
Չի հաջողվում նրանց նույնականացնել, սակայն ԴՆԹ թեստերի միջոցով պարզվում է, որ երեքն արենակցական կապ ունեն: Ըստ ոստիկանության, չորսն էլ սպանվել են նույն ժամանակ՝ ամենայն հավանականությամբ ուշ 70-ականնների ու վաղ 80-ականների արանքում:
Նույն ԴՆԹ անալիզը, որով բացահայտվեց, որ Բոբ Էվանսը Լիզայի հայրը չէ, պարզեց, որ սպանված 3-4 տարեկան երեխաներից մեկը նրա դուստրն էր:
Հետաքննությունը պարզեց, որ այս բոլոր սպանությունները եղել են Բոբ Էվանսի ձեռքի գործը: Ամենայն հավանականությամբ նա նաև սպանել է Դենիզ Բոդենին, սակայն Դենիզի դին այդպես էլ չի հայտնաբերվել: Նրա կատարած սպանությունների իրական թիվը երևի թե երբեք չպարզվի:
Բոբ Էվանսը ասես քամելեոն լիներ: Երբեմն նա մաքուր սաբրված ու խնամված էր, երբեմն էլ մորուքով ու խառնված մազերով: Ըստ ցանկության փոխում էր ակցենտը`  ամերիկյան հարավային հնչերանգը փոխելով արևելյան ափի շեշտի: Բազմաթիվ կանայք հիշում են կապուտաչյա տղամարդու վստահ հայացքը, նրան բնութագրում են որպես հմայիչ ու համակրելի մարդու: Նա խելացի էր, վարժ խոսում էր ֆրանսերեն, իսպաներեն, չինարեն ու արաբերեն: Քննիչները ենթադրում են, որ նա նախկինում զինվորական է եղել, սակայն այս վարկածի ապացույց չեն կարողացել գտնել: Հայտնի չէ, թե երբ ու որտեղ է նա ծնվել ու մեծացել, կամ որտեղ է եղել` ուշ 70-ականներին Դենիզ Բոդենի մոտ հայտնվելուց առաջ, երբ 25-30 տարեկան էր:
Լիզան այն կարծիքին է, որ Էվանսն իրեն չի սպանել, որովհետև մտածում էր, որ իր դուստրն է:
85 տարեկանում Քեթրին Դեքերը ոստիկանությունից զանգ է ստանում: Լիզայի գործով զբաղվող քննիչը նրան ասում է, որ նա 35 տարի առաջ փրկել է այդ փոքրիկ աղջնակի կյանքը:

Մարդասպանի հետքերով


1977-1981. Ռոբերտ Տ. Էվանսն էլեկտրիկ է Նյու Հեմփշիրի Մանչեսթեր քաղաքում, վարձում է տուն: 1981-ին կորչում է իր 23 տարեկան սիրուհի Դենիզ Բոդենի ու նրա վեցամսական, Դոուն անունով դստեր հետ: Դենիզի ընտանիքը ոստիկանությանը չի հայտնում այս մասին`մտածելով, թե զույգը փախչում է ֆինանսական խնդիրների պատճառով:
Մայիս, 1985. Էվանսին կանգնեցնում է ոստիկանությունը՝ ղեկին հարբած լինելու համար: Մեքենայում Բոդենի դուստրն է: Ոստիկանությանը նա ներկայանում է որպես Քուրթիս Մայո Քիմբալ (այս անձի փաստաթղթերը նա գողացել էր Տեխասի Լա Պորտե քաղաքում): Նրա մատնահետքերն այս անվան տակ են գրանցվում տվյալների բազայում: Նա փախչում է այս տարածքից:
Նոյեմբերի 10, 1985. Որսորդները Նյու Հեմփշիրի Մանչեսթեր քաղաքի հարևանությամբ գտնվող Ալլենսթաուն քաղաքի մերձակա անտառներում հայտնաբերում են երկու դիակ: Էվանսն այդ ժամանակ մոտակայքում էլեկտրիկ էր աշխատում:

  1. Էվանսն արդեն Գորդոն Ջենսոն անվան տակ ապրում է Բոդենի դստեր հետ: Հոլիդեյ Հոսթ թրեյլերային կայանատեղիում նա բանվոր էր: Աղջկան ներկայացնում է որպես իր դստեր` նրան կոչելով Լիզա անունով: Աղջկան նա հետագայում լքում է և թողնում է մեկ մատնահետք, որը կապում են Քիմբալի մատնահետքերի հետ: Տրվում է նրա ձերբակալման հրամանը:


Նոյեմբեր, 1988. Նրան ձերբակալում են Ջերրի Մոքերման անվամբ` Այդահո նահանգի Պրեստոն քաղաքից գողացած մեքենա վարելու համար: Մեքենան նա գողացել էր մարդկանցից, որոնք նրան գիտեին որպես Ջերրի Գորմանի: Մատնահետքերի ստուգումից հետո նրան վերադարձնում են Սանտա Կրուզ, որտեղ նրան դատապարտում են երեք տարվա ազատազրկման: Ազատում են 19 ամիս անց, ինչից հետո նա միանգամից փախչում է՝ խախտելով ազատարձակման պայմանները:
Մայիսի 9, 2000. Ալլենսթաունի անտառներում գտնվում է երկու դիակ:

  1. Լարրի Վաններ անվան տակ նա սպանում է Յունսուն Ջունին, որի հետ ամուսնացել էր մեկ տարի առաջ: Մատնահետքերը համընկնում են Քիմբալի տվյալների հետ: Դատապարտվում է ցմահ բանտարկման: ԴՆԹ թեստերի միջոցով պարզվում է, որ նա Լիզայի իսկական հայրը չէ:


Դեկտեմբերի 28, 2010. Էվանսը, որը նաև հայտնի էր որպես Քիմբալ, նաև Ջենսոն, Գորման, Վաններ ու Մոքերման, մահանում է Հայ Դեզերթ բանտում՝ բնական պատճառով:

  1. Երկար փնտրտուքներից ու հետազոտություններից հետո գտնվում է Լիզայի իրական մայրը՝ Դենիզ Բոդենը: ԴՆԹ թեստերով նաև պարզվում է, որ Ալլենսթաունի անտառի զոհերից մեկը Քիմբալի դուստրն էր: Ոստիկանությունը վստահ է, որ բոլոր սպանությունները նրա ձեռքի գործն են եղել: Հավանական է, որ կան ուրիշ զոհեր, որոնք մեզ դեռևս անհայտ են:


 

Թարգմանեց` Դավիթ Փարթամյանը


Bostone Globe