[«Օպերացիա «Զոդ»»]. 100 տարի առաջ և հետո Սոթքը կրկին թշնամու թիրախում է

September 16, 2022

«Օպերացիա «Զոդ»» գրքում ընդգրկված են Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի ուսումնասիրությամբ հայտնաբերած Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումների և զոդյան դավադրության նոր մանրամասներ ու փաստական տվյալներ։ Հեղինակները վերակազմել են մարտական գործողությունների աշխարհագրությունը, փաստագրել և քարտեզագրել բախումների վայրերն ու զորքերի տեղաշարժերի ուղղությունները:Այս գիրքը մեծ ահազանգ է մեզ բոլորիս՝ պատմական Հայաստանի հսկայական տարածքներ կորցրած մարդկանց և որն առավել քան արդիական է այսօր:

Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի «Օպերացիա «Զոդ». Ինչպես Հայաստանը 1919-ին պահեց Սոթքի բնագիծը» գրքում առաջին անգամ ներկայացվում է Վարդենիսի ինքնապաշտպանությունն ու «Զոդ» օպերացիան:

Ադրբեջանի տարածքային հավակնությունները Գեղարքունիքի սահմանային շրջանների նկատմամբ գաղտնիք չեն ու ունեն առնվազն 100 տարվա պատմություն: 1919-ին Սոթքի շրջանի թաթարական բնակչությունն Ադրբեջանի դրդմամբ ապստամբել է Հայաստանի իշխանության դեմ։ Հայերի իրականացրած «Զոդ» օպերացիայի շնորհիվ , հաջողվել է այս կարևորագույն շրջանը պահել Հայաստանի կազմում։ 

«Օպերացիա «Զոդը»» հրատարակվել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի աջակցությամբ: Գրքի հեղինակներ, մասնագիտությամբ հնագետ-պատմաբաններ են: «Զոդ» օպերացիայի մասին առաջին անգամ լսել են 2014թ.-ին՝ տարածաշրջանում պեղումների ընթացքում: Այդ օրվանից սկսել են հետաքրքրվել, հավաքագրել նյութեր ու 2020թ.-ին մասնակցելով Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հայտարարած դրամաշնորհին՝ որոշել են ավելի խորն ուսումնասիրություններ կատարել ու դրանք ներկայացնել գրքի տեսքով:

                                                    

Պատմական դեպքերը ծավալվել են Առաջին Հանրապետության համար տնտեսական և ռազմաքաղաքական ծանր ժամանակաշրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացնում էին Հայաստանը ներսից քայքայելու ծրագիր: 

«Զոդ» օպերացիան սկսվում է զուռնա-դհոլով՝ խաղաղության առաջարկով։ Կար հստակ որոշում՝ խաղաղ բնակչությունը չպիտի տուժեր։  Օպերացիան ղեկավարում էին գեներալներ Դանիել Բեկ-Փիրումյանը, սպանված Սիլիկյաննների ազգական Մովսես Սիլիկյանը, Ալեքսանդր Շնեուրը։ Փայլուն օպերացիայի 5 օր ու հայկական զորքը վերցնում է Զոդը՝ առանց կրակոցի՝ Սևանի ավազանը ամբողջությամբ մաքրելով մուսուլմաններից:

Գրքում ներկայացված է ոչ միայն պատմություն՝ դասական իմաստով, այլև  ռազմական հնագիտություն, աշխարհագրություն, ազգագրություն, մշակութաբանություն:

Մեկ դար առաջ թուրքերի թիրախում էր հայտնվել Սոթքը: Հիմա էլ է Սոթքը դարձել Հայաստանի համար ճակատագրական վայր։

Կարդացեք նաև