Գլխավոր Հոդվածներ

[Շնորհանդես] «Օպերացիա «Զոդ»». բացառիկ ու հիմնաքար

[Շնորհանդես] «Օպերացիա «Զոդ»». բացառիկ ու հիմնաքարային պատմագիտական հետազոտություն Սոթքի բնագծի մասին (տեսանյութ, լուսանկարներ)

newmag-y-n

Newmag Winter Fest-ին տեղի ունեցավ «Օպերացիա «Զոդ»» գրքի շնորհանդեսը: Այս աշխատությունը Newmag-ը հրատարակել է Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի հետ՝ Մինասյան մատենաշարի շրջանակում. սա մատենաշարի առաջին գիրքն է: Շնորհանդեսին ներկա էին «Օպերացիա «Զոդ»» գրքի հեղ

«Օպերացիա «Զոդ»» գրքում ընդգրկված է Ավետիս Գրիգորյանի և Արսեն Բոբոխյանի ուսումնասիրությամբ հայտնաբերած Սոթքի շրջանում հայ-թաթարական բախումների և զոդյան դավադրության նոր մանրամասներ ու փաստական տվյալներ։ Գիտնականներն օգտագործել են ոչ միայն պատմական, այլև բանագիտական ու հնագիտական սկզբնաղբյուրներ, ստեղծել փաստական տվյալների շտեմարան։ Հեղինակները վերակազմել են մարտական գործողությունների աշխարհագրությունը, փաստագրել և քարտեզագրել բախումների վայրերն ու զորքերի տեղաշարժերի ուղղությունները:

 

Պատմական դեպքերը ծավալվել են Առաջին Հանրապետության համար տնտեսական և ռազմաքաղաքական ծանր ժամանակաշրջանում, երբ Թուրքիան և Ադրբեջանը ռազմական ագրեսիային զուգահեռ իրականացնում էին Հայաստանը ներսից քայքայելու ծրագիր: Պատմական այս կարևորագույն դրվագը գրթե չի ուսումնասիրվել, հայտնի էր միայն գիտական շրջանակում, այն էլ հպանցիկ տվյալագիտությամբ՝ ընդգծում է գրքի համահեղինակ Արսեն Բոբոխյանը. «Մենք հնագետ-պատմաբաններ ենք: 2011-ից ուսումնասիրում ենք Սոթքը:  2014-ին հուշարձաններից մեկում՝ Տիգրանաբերդում, պեղումների ընթացքում գյուղացիներից մեկն ասաց, որ այն ոսկորները , որ հանում էինք, Զոդ օպերացիայի հետ է կապված: 2014-ին չգիտեինք՝ ինչ է Զոդ օպերացիան»:

 

Մի քանի տարի ևս հնագետ-պատմաբաններն ուսումնասիրում են տեղանքը, փորձում գտնել պատմագիտական աղբյուրներ: Բայց միայն Հասրաթյան-Միանսյան հիմնադրամի դրամաշնորհը ստանալուց հետո կարողացան ավարտել հետազոտությունը ու երկու տարի անց ներկայացնել այն մեկ գրքով: Ուսումնասիրությունը սկսվել է Սևան-Վարդենիս-Սոթք պեղումների ժամանակ, ապա հետազոտվել են նաև պատմագիտական աղբյուրները՝ ընդգծում է Ավետիս Գրիգորյանը. «Այս դրվագը դուրս էր մնացել պատմագիտությունից, քանի որ Առաջին հանրապետության այդ 2 տարիներն այնքան բուռն էին, որ այս մեկը սպրդել էր մասնագետների ուշադրությունից: Սկզբում դանդաղ, հետո արդեն հիմնադրամի աջակցությամբ սկսեցինք հիմնավոր ուսումնասիրել»:

 

Ըստ Հասրաթյան-Մինասյան հիմնադրամի դրամաշնորհի գիտական ղեկավար Վահրամ Տեր-Մաթևոսյանի, դեռ հայտերը ստանալու ժամանակ էր այս հետազոտական նյութն արժանացել հիմնադրամի ուշադրությանը. «Հայաստանի պատմագիտական դպրոցի համար սա նոր խոսք է, թե՛ մտքի առումով, թե՛ նյութի: Այստեղ կա ազգագրություն, մշակութաբանություն, հնագիտություն, ու այս առումով աշխատությունը բացառիկ է: Այս նյութը հենց Մինասյան մատենաշարի սկզբունքներից է բխում՝ վերաիմաստավորել 20-րդ դարի հայտնի ու անհայտ էջերը: Սա հանրակրթական դաշտ պետք է գա, դասագրքի մաս կազմի, վայրն էլ դառնա հայրենաճանաչության վայր»:

 

Առաջին հանրապետության այս դրվագը մինչև այս երբևէ ամբողջական չի ուսումնասիրվել և հրատարակվել։ Այս աշխատությունը միջազգային պատմագիտության արժանի գործ է՝ առանց պաթոսի, զեղումի. պարզապես լայնածավալ հետազոտություն: Գրքի մյուս արժանիքն ազգագրական շերտն է, որն ամբողջացնում է ժամանակաշրջանը: Պատմական կարևորագույն այս դրվագը հիմա նաև շատ արդիական է ու ուղեցուցային է: Newmag-ի տնօրեն Արտակ Ալեքսանյանի խոսքով, առաջին անգամ է բարձրաձայնվում այս դրվագը. «15 տոկոսը գրքի ախիվային փաստաթղթեր են: Չափազանց կարևոր  գիտական գործ է, ծանրակշիռ աշխատանք է՝ առանց մերկապարանոց հայտարարությունների»:

                                                                                 

Գրքի համահեղինակների նախնական վերնագիրը «Դհոլ և Զուռնա» էր: Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանի խոսքով, սա մի աշխատություն է, որը մեր առաջ բացում է վերջին մի քանի հազար տարվա պատմությունը. «100 տարի առաջվա պատմության հիմքի վրա տեսնում ենք, թե ինչ է կատարվում այսօր, և ինչ կարող է կատարվել վաղը, ու ինչ պետք է անենք, որ թույլ չտանք մեր ողնաշարը կոտրվի: Սա ուղեցույց է այսօրվա ու վաղվա իշխանությունների համար, այս գիրքը ուղեցույց է այդ տարածքում ապրող մարդկանց համար: Նրանք ընդհանուր առմամբ հիշողություններ ունեն, բայց սա պատմագիտական հետազոտություն է, որն ասում է՝ ինչու պետք է չլքել տարածքը, մնալ այնտեղ ու թշնամու առաջխաղացումը թույլ չտալ: Հակառակ դեպքում դա կարող է նշանակել հայաթափում Սևանի ամբողջ ավազանից:»:

 

Այս գիրքը մեծ ահազանգ է հայերի համար, պատմական տարածքներ կորցրած ժողովրդի համար, որ կտոր-կտոր կարող են կորցնել այն, ինչ իրենց է պատկանում. սա 100 տարվա պատերազմի մի ֆրագմենտ է՝ ինչպես է Հայաստանը 1919-ին բախումներից հետո կարողացել պահել Սոթքը:

 

 

 

Տարածել