Ինչպես դառնալ գրական ֆենոմեն ու հանրահայտ գրող ընդամենը մեկ գրքով

October 28, 2022

Երբ BBC-ն նկարահանեց հեռուստասերիալ Սալի Ռունիի «Նորմալ մարդիկ» վեպի հիման վրա, գործը դարձավ հանրահայտ, գրողը՝ գրական ֆենոմեն: Իհարկե, 4 տարի անց էլ գրական աշխարհում դեռ շարունակում են քննարկել՝ ինչպես ստացվեց, որ երիտասարդ Ռունին կարողացավ գրավել ոչ միայն երիտասարդների, այլև հասուն տարիքի ընթերցողների սրտերը: 2018-ից գիրքը վաճառվել է ավելի քան երեք միլիոն օրինակով, արժանացել մրցանակների, թարգմանվել է 5 տասնյակ լեզուներով, և գրողը վաստակել է ավելի քան 4 միլիոն ֆունտ ստեռլինգ։

2020 թվականի ապրիլին՝ համաճարակի ընթացքում, BBC-ն հեռարձակեց «Նորմալ մարդիկ» մինի-սերիալը՝ հիմնված Սալի Ռունիի համանուն վեպի վրա, որն այն ժամանակ ոչ այնքան հայտնի իռլանդացի գրող էր: Առաջին հիացական կարծիքներից հետո հեռուստադիտողները, ովքեր դեռ ծանոթ չէին Ռունիին, շտապեցին դիտել ֆիլմի ադապտացիան, այնուհետև կարդալ նրա գրքերը: Արդյունքում, տարեվերջին այն BBC iPlayer-ում հավաքեց ավելի քան 62 միլիոն դիտում։

«Նորմալ մարդիկ» գործը դասական ռոմանտիկ պատմություն է Մարիանայի և Քոնելի մասին: Նրանք միմյանց ճանաչում են դպրոցական տարիներից: Ընթերցողների համար Ռունիի երկու հերոսների հուզիչ պատմությունը դարձավ մեր ժամանակների «նոր նորմալի» իսկական նկարագիրը: Երկրպագուների թիվը սկսեց աճել երկրաչափական պրոգրեսիայով։ Ընթերցասերները նույնիսկ առանձին Instagram հաշիվ են ստեղծել՝ նվիրված «Նորմալ մարդիկ» գլխավոր հերոսի կրած զարդերին, ու կարճ ժամանակ անց էջը հավաքեց ավելի քան 160 հազար հետևորդ։

                                           

Հեղինակի անձնական կյանքը, քաղաքական հայացքներն ու ստեղծագործությունները՝ ամեն ինչ ակտիվ քննարկում են համաշխարհային լրատվամիջոցները: Սալի Ռունին ծնվել է 1991 թվականին իռլանդական փոքրիկ քաղաքում և մեծացել է տնտեսական բումի ժամանակ, որն ազդել է նրա ընտանիքի քաղաքական հայացքների վրա: Հարցազրույցներից մեկում Ռունին հաճախ է խոստովանում, որ իրեն համարում է մարքսիստ, և նրա կյանքի արժեքները, առաջին հերթին, սոցիալիստ ծնողների վաստակն են. «Նրանք երկուսն էլ ստիպեցին ինձ կրքոտ հավատալ մարդկանց հավասարությանը»։

Գրականագետները ենթադրում են, որ Իռլանդիայի՝ հարմարավետ, գրեթե առասպելական երկրի կերպարը գրողը դեռ փոխառում է իր մանկության հիշողություններից: Նրա հերոսները ֆինանասական խնդիրներ չունեն, գումարը հեշտությամբ է հայտնվում նրանց ձեռքին՝ լինի դա պատմվածքի համար հոնորար, թե սրճարանի թեյավճար:

                                           

Ռունիի գրական հաջողության գաղտնիքը նրա կերտած հերոսների խորաթափանցությունն է՝ հուզիչ և ազնիվ պատմություններով:

Կարդացեք նաև