Ով և ինչպես առաջին անգամ ռադիոյով հեռարձակվեց Արարատ73-ի պատմական խաղը (տեսանյութ)

November 8, 2023

«Արարատի» «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ եւ ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանը հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, ուր մանրամասն ներկայացված է հաղթանակ տանող ճանապարհը։ Տեսանյութում Սուրեն Բաղդասարյանը պատմել է, թե ինչպես առաջին անգամ ռադիոյով հեռարձակվեց Արարատ73-ի խաղը։

Արարատ 73-ի պատմական խաղն ի սկզբանե հեռարձակվելու էր կենտրոնական հեռուստատեսությամբ՝ Մոսկվայից: Հայաստանի հեռուսառադիոպետկոմի ղեկավարները որոշեցին, որ իմաստ չունի խաղը հեռարձակել նաև հայկական հեռուստատեսությամբ կամ ռադիոյով։

Բոլորը պատրաստվում էին մեկնել Մոսկվա` ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Սուրեն Բաղդասարյանը գրքում պատմում է, թե ինչպես վերջին րոպեին կարողացավ մեկնել Մոսկվա ու նույնիսկ մինչև խաղը ռեպորտաժներ պատրաստել մարզումների մասին «Հաշիվը հավասարվեց, լրացուցիչ գնաց, համընկավ «Время»-ի հետ: Որևէ մեկը չէր կարող փոխել ժամը: Մեր հայկական ռադիոյի վերջին լուրերի ժամն էլ համըկնավ: Բայց մարդիկ ոգևորված, Արարարտը հավասարեցրել է հաշիվը: Ասեցին ռադիոյով կշարունակենք»: 

89-րդ րոպեին Արարատը հավասարեցնում է հաշիվը։ Լևոն Իշտոյանի գոլը խաղը տեղափոխում է լրացուցիչ ժամանակ։ Բախտորոշ ու պատմական խաղի կարևոր րոպեները պետք է ցուցադրվեին տեսագրությամբ՝ «Время»-ից հետո, բայց վերջին ու հաղթական գոլի մասին Հայաստանում իմացան ռադիոյով՝ Սուրեն Բաղդասարյանի մեկնաբանությամբ. «Ես այն բախտավոր մարդն եմ, իմ շուրթերից են լսել այդ ամենամեծ հաղթանակը ու փողոց էին դուրս եկել։ Արկադի Անդրեասյանը եկավ, ասեց, պատկերացնում եմ, Երևանում լինեի: Մենք էլ երազում էինք լինել Երևանում, տեսնենինք, թե ինչ է կատարվում»:  

Տարիներ անց «Արարատ 73» գիրքը գրելիս՝ Սուրեն Բաղդասարյանը նորից զրուցեց ֆուտբոլիստների հետ, ինչպես 50 տարի առաջ՝ հաղթական ռեպորտաժը պատրաստելիս: Արարատցիներին կես դար անց հարցրեց, պատմական խաղից հետո ավելի հուզիչ ֆուտբոլային պահեր եղե՞լ են: Սուրեն Բաղդասարյանը հետ նայելով, վստահ ասում է, ոչ իր՝ որպես մարզական մեկնաբանի, ոչ էլ Արարատ 73-ի ֆուտբոլիստների համար ավելի դրամատիկ, ավելի հուզիչ ու հաղթական խաղ չի եղել: 

Կարդացեք նաև