Newmag-ը հրատարակել է Սուրեն Բաղդասարյանի «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գիրքը (թրեյլեր)

October 9, 2023

Ուղիղ 50 տարի առաջ՝ 1973-ի հոկտեմբերի 10-ին, «Արարատն» իր պատմության ընթացքում առաջին անգամ դարձավ ԽՍՀՄ գավաթակիր։ «Արարատի» «Ոսկե 1973-ի» հանդիպումների ռեպորտաժները հայկական հեռուստատեսությամբ և ռադիոյով հաղորդել է Սուրեն Բաղդասարյանը։ Անվանի մեկնաբանն իր հուշերն ու պատմությունները շարադրել է գրքում, որտեղ մանրամասն ներկայացված է դեպի հաղթանակ տանող ճանապարհը։ Հենց հոկտեմբերի 10-ին էլ, 19:00 «Կոնգրես» հյուրանոցում տեղի կունենա Սուրեն Բաղդասարյանի հեղինակած «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի շնորհանդեսը։ Երեկոյին ներկա են լինելու հեղինակը, գրքի հերոսներն ու հրատարակչության ստեղծագործական խումբը, որն աշխատել է հուշագրության վրա։

Հայկական ֆուտբոլի ամենամեծ հաջողությունը գրանցվեց 1973 թվականին։ Արարատ 73-ի պատմական խաղն ի սկզբանե հեռարձակվելու էր կենտրոնական հեռուստատեսությամբ՝ Մոսկվայից: Այնպես որ Հայաստանի հեռուսառադիոպետկոմի ղեկավարները որոշեցին, որ իմաստ չունի խաղը հեռարձակել նաև հայկական հեռուստատեսությամբ կամ ռադիոյով՝ հիշում է մեկնաբան Սուրեն Բաղդասարյանը. «Դա երջանիկ պահ էր, բազմիցս եմ պատմել, թե ինչպես եմ հասել, որ այդ ռեպորտաժը հայերեն հեռարձակվի: Իմաստ չունի ասում էին: Լիբանանից մեծ խումբ էր եկել, ասեցին, գալիս եք Մոսկվա, ասեցի չէ: Զարմացան: Ասում են, բա Լիբանանն ամբողջ սպասում է, որ լսի հայերեն խաղը»:

Բոլորը պատրաստվում էին մեկնել Մոսկվա` ԽՍՀՄ գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպմանը: Սուրեն Բաղդասարայնը գրքում պատմում է, որ Սպորտային հաղորդումների բաժնի վարիչ Դերենիկ Գեւորգյանի հետ դիմում է հեռուստառադիոպետկոմի ռադիոյի գծով փոխնախագահ Հովհաննես Հակոբյանին` ռեպորտաժը Մոսկվայից հայերեն վարելու համար: Մերժում է ստանում: Խաղին մեկ օր էրմնացել: Օգնության է հասնում Օլիմպիական կրկնակի չեմպիոն Հրանտ Շահինյանը, որը նաև սպորտկոմիտեի նախագահն էր: Գործուղումը, ի վերջո, ձևակերպում են: Երեկոյան Սուրեն Բաղդասարյանը Մոսկվայում էր:  

ԽՍՀՄ ֆուտբոլային ուժեղ թիմերի կողքին «միջակի» համբավ ունեցող «Արարատը» 1973-ին դարձավ երկրի չեմպիոն և գավաթակիր։ Այս թիմին սկսեցին սիրել ոչ միայն գրանցած արդյունքների, այլև ցուցադրած կախարդական ֆուտբոլի համար։ Իր հուշերը Բաղասարյանն ականատեսի բծախնդրությամբ նկարագրել է «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքում ու պատմել, թե ինչ դժվարություններով ու զրկանքներով է անցել «Արարատն» ու հասել այս աննախադեպ հաջողությանը. «Ես այն երջանիկ մեկնաբանն եմ, որը «Արարատ 73»-ի փառահեղ հաղթանակների անմիջական վկան դարձավ։ Հենց «Արարատ73»-ի շնորհիվ հաստատվեցի որպես մեկնաբան, քանի որ դժվար էր փոխարինել ֆուտբոլասերների կուռքը դարձած մեկնաբան Լեւոն Դանիելյանին, որը կյանքից հեռացավ 1972-իհունվարին, ուժերի ծաղկման շրջանում, երբ ընդամենը 42 տարեկան էր։ Հաստատվեցի, որովհետև «Արարատն» այդ տարիներին փայլուն ելույթներ էր ունենում և ոգեւորված ու հաղթանակներիշնորհիվ բարի դարձած, նույնիսկ բծախնդիր ֆուտբոլասերները մեկնաբանին զերծ էին պահումդժգոհություններից»։

«Արարատի» ֆուտբոլիստ Լևոն Իշտոյանը Սուրեն Բաղդասարյանին  անվանում էր «Արարատ 73»-ի 12-րդ խաղացողը, իսկ գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանը համոզված էր՝ այս թիմն ու Սուրեն Բաղդասարյանի ռեպորտաժները հավետ կմնան հայ ֆուտբոլասերի սրտում։ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտը 21 տարեկանում հաղթել է մարզական մեկնաբանների մրցույթում, սակայն առաջին անգամ մեկնաբանել է միայն 10 տարի անց՝ 1971-ին։ 1973-ին «Արարատի» բոլոր խաղերի ռեպորտաժները հայկական ռադիոյով և հեռուստատեսությամբ հեռարձակվել են միայն Սուրեն Բաղդասարյանի մեկնաբանությամբ։

Տարիներ անց, Արարատ 73-ի մասին գիրքը գրելիս՝ Սուրեն Բաղդասարյանը նորից զրուցեց ֆուտբոլիստների հետ, ինչպես 50 տարի առաջ՝ հաղթական ռեպորտաժը պատրաստելիս: Արարատցիներին կես դար անց հարցրեց՝ պատմական խաղից հետո ավելի հուզիչ ֆուտբոլային պահեր եղե՞լ են: Սուրեն Բաղդասարյանը, հետ նայելով, վստահ ասում է, ո՛չ իր՝ որպես մարզական մեկնաբանի, ո՛չ էլ Արարատ 73-ի ֆուտբոլիստների համար ավելի դրամատիկ, ավելի հուզիչ ու հաղթական խաղ չի եղել: 

Շնորհանդեսի օրը «Արարատ 73. Հայկական ֆուտբոլի ոսկեդարը» գրքի վաճառքից գոյացած շահույթը կփոխանցվի Արցախից բռնի տեղահանվածներին։ Միայն հոկտեմբերի 10-ին գիրքը կվաճառվի հատուկ զեղչով՝ 5000 դրամ։ Հուշագրությունը հրատարակվել է Արթուր Սողոմոնյանի աջակցությամբ: Մուտքն ազատ է։