[exclusive] Պարտուգալացի մարզիչ Նասիմենտո. Մարկոս Պիցելին մեր թիմին շատ թանկ կնստեր

March 24, 2017

Հայաստան-Ղազախստան խաղից առաջ Մարկոս Պիցելին ամենաքննարկվածներից է. Հայացած բրազիլացին ծնողներին ծանոթացրեց իր 2-րդ հայրենիքի հետ, կոչով դիմեց հայ ֆուտբոլասերներին, 2-րդ տարին անընդմեջ ստացավ «Լավագույն ֆուտբոլիստ» մրցույթի 3-րդ մրցանակը: newmag-ը պարզել է Մարկոսի տրանսֆերային անցյալի նոր մանրամասներ: Հարցերին պատասխանում է պորտուգալացի մարզիչ Ռուի Անտոնիո Նասիմենտոն, որը մարզում է Էմիրությունների «Դիբա Ալ Հիսն» թիմին: Հայրենիքում գլխավորել է «Բրագան», «Մարիտիմուն», «Գիմարայեշը», «Բելենենսեշը», «Լեյրան», որոնց մի քանի անգամ առաջնորդել է Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի գավաթի խաղարկություն, դարձել Պորտուգալիայի առաջնության բրոնզե մեդալակիր:
- Նախ՝ Չեմպիոնների լիգայի վերջին խաղերի մասին: Որպես պորտուգալացու՝ շա՞տ դժվար էր հետևել 1/8 եզրափակիչին. «Պորտուն» և «Բենֆիկան» անօգնական տեսք ունեին:
- Չեմպիոնների լիգան շատ հավասարակշռված մրցաշար է՝ գերմրցակցային խաղերով: Այնուհանդերձ, մերոնք խաղացին բավական ուժեղ թիմերի դեմ և օրինաչափորեն զիջեցին:
- Այդ դեպքում ո՞րն է հավաքականի աննախադեպ հաջողության գրավականը Եվրո-2016-ում:
- Ազգային ընտրանին տարբեր է, ֆուտբոլիստներն անհրաժեշտ վստահություն են ձեռք բերել, մեզ հաղթելն անչափ դժվար է, շատ միավորված ենք:



Հեղինակի մյուս հարցազրույցները



- Նորից ընթացիկ իրադարձությունների մասին. ՉԼ-ի 1/8 եզրափակիչի 2-րդ շրջանում ամենաանկանխատեսելին, «Մոնակո»-«Մանչեսթեր Սիթի»» խաղն էր: Ի՞նչ հիմնական սխալներ թույլ տվեցին քաղաքայինները:
- Խաղի ելքը գլխավորապես պայմանավորեց թեժ մեկնարկը. «Սիթին» շատ վատ սկսեց, «Մոնակոն»՝ ընդհակառակը, շատ ագրեսիվ: Այսպիսի դիմակայությունների ճակատագիրը վճռում են մանրուքները. «Մոնակոն» բոլորիս համոզեց, որ այդ օրն ավելի ուժեղ էր:
- Ֆավորիտնե՞րը…
- Վե՛րջ, այս փուլում արդեն ֆավորիտներ չկան: Բոլորն էլ շատ ուժեղ են:
- Ի՞նչ է մարզչի համար Էմիրությունների առաջնությունը. ցատկահարթա՞կ, բարձր եկամտի աղբյու՞ր, թե՞ մասնագիտական կոնցեպցիաները իրացնելու բարենպաստ ֆուտբոլային միջավայր:


Հայկական ֆուտբոլի մասին կարդացեք



- Մարզիչ լինելն առաջին հերթին նշանակում է գործել: Այստեղ, Չինաստանում կամ Պորտուգալիայում աշխատելիս հարկավոր է մշտապես առաջնորդվել պրոֆեսիոնալ վերաբերմունքով: Միևնույն ժամանակ, ինձ շատ հարմար եմ զգում Էմիրություններում. կյանքի որակը շատ բարձր է:
- Ի՞նչ առաջադրանք եք ստացել ընթացիկ մրցաշրջանի համար:
- Առաջնությունն անցկացնել խաղաղ՝ առանց վայրիվերումների: Բայց այս պահին պայքարում ենք ուժեղագույնների խումբ փոխադրվելու համար: Մեր թիմն առաջնության անակնկալն է:


Ֆուտբոլային վիճակագրության մասին կարդացեք



- Ծանոթ ենք Ձեր գործունեության հարաբերական հաջողություններին: Այդուհանդերձ, անձնական կարիերայի գլխավոր հանգույցը ո՞րն եք համարում:
- Մրցաշրջաններից յուրաքանչյուրը կարևորվել է յուրովի: Ինչպես նշեցի, ֆուտբոլային գործունեության գլխավոր առանցքն ու խթանը գործնական ակտիվությունն է:
- Հայաստանի հավաքականի խաղարկող Մարկոս Պիցելին խաղացել է ձեր դեմ, երբ ելույթ էր ունենում ԱՄԷ-ի 1-ին դիվիզիոնի «Ալ-Ֆուջեյրա» թիմում:


Ֆուտբոլի ու քաղաքականության մասին կարդացեք



- Մարկոսին լավ եմ ճանաչում: Շատ էի ցանկանում կապվել իր հետ՝ մեզ մոտ հրավիրելու համար, բայց նա մեր թիմին շատ թանկ կնստեր:
- 2 տարի առաջ Հայաստանը դարձավ հերթական երկիրը, որի ներկայացուցիչը ներգրավվեց Պորտուգալիայի առաջնությանը: Գևորգ Ղազարյան - «Մարիտիմու» կապը կայացա՞վ:
- Նա տիպիկ 10 համար է: Առաջնությանը ընտելանալուց հետո նորովի դրսևորվեց: Ղազարյանը կարող է դառնալ Մադեյրայի կուռքը: