#44 Արտավազդ Փելեշյան. Դիստանցիոն հարցազրույց

February 3, 2016

Օդանավակայանի սպասասրահում նստած՝ ուզում էի խաչել ձեռքերս ու գոռալ. «Գրողը տանի, իսկ եթե նա խոսի, ի՞նչ պետք է հարցնեմ: Ասենք՝ հենց հիմա դուրս գա նախասրահից, մոտենա լրագրողների խմբին, կանգնի ուղիղ տեսախցիկների առջև ու ասի` լսում եմ ձեզ...»: Իմ մտքերից ու օպերատորիս բղավոցից` Լո՛ւս, եկավ, շունչս կտրվեց: Մի հանկարծահայտ լրագրող (որպես կանոն՝ այդ պահերին նրանք միշտ օդից են հայտնվում) հայելին հանեց, մազերն ուղղեց, հայելին խցկեց պայուսակը, պտտվեց ու հաղթական հայտարարեց. «Հարցեր չտաք, որ չբարկանա. ինձ «բացառիկ» է խոստացել»:
Փելեշյանը սպասասրահ եկավ կնոջ ուղեկցությամբ: Առաջինը Հարություն Խաչատրյանը մոտեցավ, հետո մի կողմ քաշվեց, լրագրողները մոտեցան, ամեն մեկը սկսեց մի հարց բղավել (ինչպես ամերիկյան կինոներում է լինում)… Կինոռեժիսորը թեթև ժպտաց, մի քանի քայլ արեց, շրջվեց ու ցածր ասաց.

- Ուզում եք՝ խոսե՞մ. չեմ խոսելու:

Փելեշյանի հետ իմ երրորդ հանդիպումն էր: Առաջինին մի քանի հարց հաջողվեց տալ, երկրորդին նույնիսկ չկարողացա մոտենալ: Այդ պահին կուզեի հայտնվել Պիետրո Մարչելոյի տեղում: Երիտասարդ իտալացի ռեժիսորին հաջողվել էր ոչ միայն խոսել Փելեշյանի հետ, այլև նրան համոզել, որ դառնա իր ֆիլմի գլխավոր հերոսը: Հեշտ գործ չէ: Փելեշյանը համաձայնել էր, բայց երկու պայմանով.
«Առաջին` քո ֆիլմում ես լուռ կլինեմ, և երկրորդ՝ տեսախցիկդ կնկարահանի այն դիրքից ու այնպես, որտեղից ու ինչպես ես ճիշտ կհամարեմ»:

newmag/շապիկ #45 «Reincarnation»-ի պլանը. Ռոլանդի ճանապարհը դեպի լեռան գագաթը
  • newmag/շապիկ #46 Ամեն ինչ՝ Ատոմ Էգոյանի մասին

  • newmag/շապիկ #47 Արթուր Ջավադյան. Ազգային դրամը մեր ազգի ձեռքբերումն է

  • newmag/շապիկ #48 Հրանուշ Հակոբյան. Միգրանտների մոլորակը 

  • newmag/շապիկ #49. Կաաս-Պիաֆ. Ոչինչ չեմ ափսոսում

  • newmag/շապիկ #50 Մոնիկա Բելուչի. Մեղսավոր գեղեցկություն




  • ... Ուղիղ ժամը 19:30-ին կինոռեժիսորի ֆիլմերի ցուցադրությունը պետք է լիներ: Նախապես հատարարել էին, թե լրագրողների հետ է հանդիպելու, հարցերին է պատասխանելու: «Մոսկվա» կինոթատրոնի երկրորդ հարկում ո՛չ շնչելու օդ կար, ո՛չ կանգնելու տեղ: Փելեշյանը միտքը փոխել էր: Իր ֆիլմերի ցուցադրությունից հետո խոսելու էր, հանդիսատեսի հարցերին էր պատասխանելու (եթե հանդիսատեսի մեջ լրագրողներ լինեն, նրանց հարցերին էլ):
    «Տարվա եղանակներ», «Կյանք», «Վերջ», «Մեր դարը», «Բնիկները», «Մարդկանց երկիրը»... Ու հեղինակն արդեն բեմում է:
    - Իմ երիտասարդ տարիներին նկարահանած ֆիլմերն են, երբ դեռ գանգուր մազեր ունեի... Երբ ցուցադրվում էին իմ ֆիլմերը, շատ  երիտասարդ էի, խիտ մազերով, բայց սանր չունեի, իսկ հիմա հակառակն է. սանր ունեմ, բայց մազ չունեմ:
    Հանդիսատեսը հարց տալու համար հերթի չի սպասում, բղավում են, ով ինչ հարց կարող է: Փելեշյանը պատասխանում է... իր ֆիլմերի նման մոնտաժված պատասխաններով: Դիստանցիոն:
    - Պարո՛ն Փելեշյան, Ձեր ոչ մի ֆիլմում բառեր չկան. ինչո՞ւ:
    - Դրանք շաբլոն են:

    - Ամեն անգամ նոր բան ենք հայտնաբերում Ձեր ֆիլմերում:
    - Ինչքան էլ ասածս աբսուրդ թվա, ես մոնտաժում եմ ոչ միայն ներկա, այլև բացակա պատկերները:Այդ պատճառով էլ ամեն անգամ նոր բան եք տեսնում: Ֆիլմը կառուցված է, բայց դրա կեսը բացակա է: Բացակայող մասը մոտնաժի, երաժշտության, պատկերի շնորհիվ ենթագիտակցորեն ներկա է:
    - Տեսաերիզո՞վ են Ձեր ֆիլմերը:
    - Ես երկու տեսաերիզ եմ բերել իմ ֆիլմերից, բայց երկուսն էլ խնդիր ունեն. մեկի ձայնն է վնասված, մյուսի կադրերն են վնասված, չնայած ժամանակին ահռելի աշխատանք եմ տարել դրանց վրա:
    Փելեշյանը կրկին Հայաստանում չէ: «Ոսկե Ծիրան»-ի ու փելեշյանական կրքերը հանդարտվել են, ես խաղաղության մեջ եմ ինքս ինձ հետ, հաշտվել եմ այն մտքին, որ Փելեշյանի հետ երկար զրուցելու հնարավորություն այդպես էլ չունեցա: Բայց մի օր անպայման հարցազրույց կունենամ նրա հետ: Երեք էջանոց էքսկլյուզիվ հարցազրույց:


    Պատրաստեց՝ Լուսին Մկրտչյանը