#45.  «Reincarnation»-ի պլանը. Ռոլանդի ճանապարհը դեպի լեռան գագաթը

#45. «Reincarnation»-ի պլանը. Ռոլանդի ճանապարհը դեպի լեռան գագաթը

Հայկական ռեգիի գուրուն newmag-ին պատմել է, թե ինչպե՞ս հայտնաբերեց Աֆրիկան, ինչո՞ւ է Ռոլանդը Եթովպիան համարում նախնիների հայրենիքը և ո՞րն է եղել Reincarnation-ի ամենամեծ փորձությունը:

Ռոլանդին Facebook- ում գտա: Պարզվեց՝ ակտիվ օգտատեր չէ, շաբաթը մեկ-երկու անգամ facebook-յան անցուդարձին է ծանոթանում, ու վերջ: Ասաց, որ հարցազրույցներ էլ վաղուց  չի տալիս, ու սա բացառություն է: Ռոլանդի մասին ամենամեծ բացահայտումը, սակայն, առջևում էր:

– «Reincarnation»-ը մեր իրականության մեջ շա՞տ տարբեր ու շա՞տ տաղանդավոր խումբ է:

– Շատ տարբեր ենք ու շատ վտանգավոր:

– Վտանագավո՞ր: Ինչո՞ւ:

– Չգիտեմ: Վերջերս էդպես են ասում:

Երևի «Երևանն» իր դերը խաղացել է:

Չի բացառվում:

Հոլին, շապիկի պատկերն ու Ռոլանդի հնդկական մոտիվները

watermarked-8

Հնդկաստանում մի շատ սիրուն տոն կա, կոչվում է Հոլի. գարնան գալուստն է ազդարարում: Տոնն իսկական գույների հրավառություն է. մարդիկ փողոց են դուրս գալիս ու միմյանց ներկերով ջրում, ինչպես, ասենք, Վարդավառի տոնին: Հոլին հընդկական մի հին լեգենդի հուշ է. հնդիկները հավատում են, որ ժամանակին աստվածներն են իրար ներկել` միմյանց սիրել սովորելու համար:

Ի՞նչն է Ձեզ համար բնութագրական:

Իսկական լուսանկարի թողած հետքերն ու երաժշտությունն ավելի ճիշտ կնկարագրեն ինձ, քան, ասենք, ես ինքս ինձ ներկայացնեմ: Հնդկական մոտիվները ներկայացնում են, թե ինչպես եմ մտածում ու ապրում, իսկ դա արդեն ամեն ինչ ասում է երաժշտությամբ ու խոսքով: Նույն հաջողությամբ ինձ մոտ կարելի է տեսնել աֆրիկյան ու տիբեթյան գույներ: Դրանք բոլորն ինձ համար հոգևոր ուսմունքներ են, կյանքիս տարբեր հատվածներում շատ բաներ են սովորեցրել:

Ապրում եմ նրանով, որ բոլոր ճանապարհները տանում են դեպի լեռան գագաթը: Լույսը մեկն է մարդկանց համար, իսկ մարդիկ՝ տարբեր:



Ձգտումը լույսին. ճանապարհ դեպի լեռան գագաթ

watermarked-3

Ամենահայտնի հոգեբաններն ու համաշխարհային գրականության դեմքերի մեծ մասը պնդում են, որ մարդը սկսում է հոգևորը փնտրել, երբ ցանկանում է ճանաչել սեփական ես-ը: Ըստ նրանց՝ հենց այդ փնտրտու քում են ծնվում կրոնները ու փիլիսոփայության ուղղությունները: Հոգևոր ուսուցիչ ճանաչված Օշոն ասում էր, որ հոգևոր փնտրտուքը սկսվում ու ավարտվում է՝ պատասխաններ փնտրելով ու դրանք այդպես էլ չգտնելով:

Բուդդի՞զմ, մեդիտա՞ցիա, յո՞գա:

– Ամեն ինչից՝ մի քիչ: Հոգևոր արժեքներով լցված բոլոր մարդիկ վերջում հասկանում են, որ բոլորիս ճամփան մեկն է. լույսն է գագաթին: Բոլորս կյանքում մի ճանապարհ ենք անցնում և վերջում գալիս մի եզրակացության, որ սերը մեկն է բոլորի համար: Դրան ով ինչպես է հասնում՝ միայն Մեկը գիտի վերևում: Ես ձգտում եմ լույսին այն օրից, երբ սկսեցի մտածել կյանքի մասին, թե որտեղից եմ եկել և ուր եմ գնում: Եվ ամենակարևորը՝ ուր կհասնեմ վերջում:

– Դուք գտա՞ք հարցերի պատասխանները:

– Բոլոր հարցերի պատասխաններն ինձնից առաջ գտել են արդեն: Ինձ մնում է առաքելությունս կատարել և ապրել ճիշտ ինստրուկցիայով: Ընթացքում շատ հարցեր կգան ու կգնան: Ես գիտեմ՝ ով եմ, ինչու եմ եկել աշխարհ ու ինչ պիտի անեմ: Սա ինձ ամբողջ կյանքում շատ անելիքների առիթ է տալիս:

watermarked-r.

Ռոլանդի ճանապարհը դեպի Եթովպիա

Աֆրիկայի ուսումնասիրություններով հայտնի գրող Սերգեյ Կուլիկն իր գրեթե բոլոր տեքստերում պնդում է, որ «Եթովպիան մոլորակի ամենագեղեցիկ, հետաքրքիր ու մինչև այսօր չբացահայտած մշակույթով երկրներից մեկն է: Մարդկության բնօրրանը: Միակ երկիրն աշխարհում, որտեղ մարդիկ 21-րդ դարում նույնքան մոտ են հողին, որքան մ. թ. ա. 21-րդ դարում»:

Ի՞նչ գործ ունեք Եթովպիայում:

– Արմատներն են տանում Եթովպիա: Եթե նայենք հայերի ու եթովպացիների այբուբենը, արդեն տառերից կհասկանաք, թե ինչն է տանում ինձ Եթովպիա: Հայերի ու եթովպացիների եկեղեցիները քույր եկեղեցիներ են. սա մեծ հոգևոր արժեք է ինձ համար:



Ռոլանդը, Աֆրիկան, ռաստաֆարիանը, ռեինկարնացիան

Հրաշքի պես բան է, որ աշխարհում մինչև հիմա կա ռաստաֆարիան մշակույթը: Այն առաջացավ 1930-ականներին և մի նպատակ ուներ` սևամորթներին ստրկությունից ազատել ու երկրի վրա արդարություն հաստատել: Հետո փոխվեց ուղղությունը, ու սկսեցին ռաստաֆարիանի մեջ փնտրել հոգևոր արժեքներ ու մշակույթ: Ռաստաֆարիան մշակույթն այսօր հենց այն է, ինչ կա ռեգի երաժշտական ոճի հիմքում: Մի խոսքով, չլիներ ռաստաֆարիանը, 1960-ականներին չէր ծնվի ռեգին: Ռաստաֆարի կարող է լինել ամեն ոք՝ անկախ մաշկի գույնից: Հենց սա է ռաստաֆարիանի ունիկալությունը. այն ծնվել է որպես սևերի շարժում ու ներգրավել նաև սպիտակամորթներին:

watermarked-4

– Երբ ինձ համար հայտնաբերեցի Աֆրիկան, սկսեցի լրջորեն հետաքրքվել ռաստաֆարիան մշակույթով և ինձ գտա այդտեղ: Դա ինձ այնքա՜ն հարազատ տեղ է տանում: Կարծես հիշում եմ նախնիներիս, դարերով վերամարմնավորված հոգիս, որ շատ հին ու երկար պատմություն ունի:

REINCARNATION-ից առաջ լինում է մի պրոցես, երբ ջնջվում է հիշողությունդ, բայց կարևոր ու թանկ հիշողությունները երբեք չեն մաքրվում: Դա ռաստա մշակույթի մեջ կոչվում է I & I. երբ դու ինքդ քեզ հետ ես և միշտ հիշում ես անցածդ ճանապարհը:

-Ես ինքս աշխարհի մի մասնիկն եմ, պետք է լինեմ այն, ինչ ուզում եմ, որ լինեն աշխարհը և մարդիկ: Փորձություններն էլ իրենց դերն ունեն մեր կյանքում: Մեր ամենամեծ  պրոբլեմն  այն է, որ մարդիկ աղոթքի ժամանակ չունեն:

Փորձություն

watermarked-5

– Ձեզ համար ո՞րն է եղել ամենամեծ փորձությունը:

– Ես տարբեր չեմ, ես Ձեր ու բոլորի նման եմ: Ինձ համար ամենամեծ փորձությունը միտքս կարևորելն է սրտով: Առհասարակ բոլորիս ամենամեծ պրոբլեմը դա է: Դա բերում է 100 տոկոս երջանիկ ապրելուն, իսկ դա հեշտ բան չէ:

Բոլորս տարբեր ենք, բայց բոլորս՝ հավասար: Մեզ պետք է սիրո գաղափարը միավորի: Մարդիկ, անկախ ազգային և հոգևոր տարբերություններից, պետք է լինեն մեկ և միակ՝ սիրո լույսի հետ կապված:

«Reincarnation»-ի պլանը

– Ի՞նչ նորություններ սպասենք ձեզանից:

– Արդեն սկսել ենք աշխատել նոր ալբոմի վրա, որից արդեն երկու սինգլ լույս է տեսել՝ «Բաց նամակ»-ը և «Երևանը»: Շուտով պատրաստ կլինի «Ժամանակ» երգի տեսահոլովակը: Ցուրտը կանցկացնենք նոր ալբոմի ձայնագրություններով:

«Reincarnation»-ի «Երևանը». բոլոր հարցերի միակ պատասխանը

watermarked-7

– Լրատվական կայքերի մեծ մասը պընդում է, որ Ռոլանդը «քաղաքական հովերով» է տարվել, զբաղվում է կամ էլ պատրաստվում է զբաղվել քաղաքականությամբ:

– «Երևանը» երգը քաղաքականացնում են, բայց այդ երգը ինձ համար արժեք է, ցավ, որը տանջում է ցանկացած երևանցու, գլոբալ պրոբլեմ, որ կա ամբողջ աշխարհում: Իսկ քաղաքականությունը ինձ համար շատ ծանր արժեք է, որին մեկնաբանություն չեմ կարող տալ: Ամբողջ աշխարհին են տիրում նրանք: Իսկ մենք գալիս ու գնում ենք մեզնից հետո ինչ-որ բան փոխելու համար: «Երևանը» երգից հետո շատ մեդիաներ իրենց կոտորում էին մի հարցազըրույց ստանալու համար: Իսկ ես ասելու բան չունեմ բոլոր նրանց, ովքեր հարցեր ունեն: Երգի բառերն ու նկարած ֆիլմը, կարծում եմ, բոլոր հարցերի պատասխանները շատ ճիշտ և հստակ տալիս են. ում համար՝ ցավոտ, ում համար՝ ճիշտ, ում համար էլ՝ զայրացուցիչ:

– Անձնակա՞ն կյանքում ինչ «հովեր» են:

– Անձնական կյանքում ամեն ինչ լավ է, ունեմ հրաշալի կին, որը միշտ ինձ հետ է ու շատ մեծ դեր է խաղում իմ ստեղծագործական կյանքում: Ավելի լուրջ փոփոխություններ՝ շուտով: Աստված առաջ:

– Իսկ որդուդ անունն ի՞նչ է լինելու:

-Որդուս անունը պետք է Լիոն դնեմ, եթե աղջիկ ծնվի՝ Զիոնա: Լիոն ու Զիոնա (դրախտ և առյուծ) անունները հավատքիս հետ ուղիղ կապ ունեն:

 

Պատրաստեց Լուսին Մկրտչյանը

Գրել կարծիք