#54 Տիգրան և Արաքս Մանսուրյաններ. Անշտապ զրույցներ

#54 Տիգրան և Արաքս Մանսուրյաններ. Անշտապ զրույցներ

Քույր և եղբայր Մանսուրյանների զրույցը. պատմում են մանկության, ծնողների, եղբոր ու քրոջ մասին և, իհարկե, երաժշտության:

mansuryanner


Ժամանակակից սերունդը Տիգրան և Արաքս Մանսուրյանների մասին ավելի շատ կարդացել է, քան լսել և տեսել: Մանսուրյանի կինոերաժշտությունից բացի՝ քչերը գիտեն նրա սիմֆոնիաները, Արաքս Մանսուրյանի ձայնագրություններն էլ Աստված գիտի, թե որտեղ և երբ կարելի է լսել: Նոր սերունդն ուղղակի գիտի, որ կան Մանսուրյաններ, որոնք կարևոր են, ճանաչված, դասական: Մինչդեռ նրանք առաջին հերթին մեր ժամանակակիցներն են, ու մեր այսօր և այստեղ ապրածը արտացոլված է հենց այս երկուսի հնչյուններում:

Մենք հանդիպեցինք, երբ Տիգրան Մանսուրյանը երկու օրից պետք է մեկներ Լեհաստան, իսկ Արաքս Մանսուրյանը հաջորդ առավոտյան՝ Ավստրալիա: Թվում էր՝ անհնար է կազմակերպել այնպես, որ քույրն ու եղբայրը միասին նկարահանվեն, հետո՝ միասին զրուցեն: Բայց երբեմն լինում են երջանիկ պատահականություններ: Ու այն բաց չթողնելու համար ես ձայնագրիչը ուղղակի չէի անջատում:

Շատ չէի խոսում, որովհետև ոչ այնքան լրագրող էի, որքան ականատես: Ինչպե՞ս են զրուցում քույրը և եղբայրը՝ տաղանդավոր երգչուհին և երաժշտական հանճարը: Այն, ինչ կկարդաք, համոզված եմ, շատ ու շատ անգամներ վերընթերցելու կարիքը կունենաք:

ՄԵՔԵՆԱՅՈՒՄ

Մենք հանդիպեցինք, երբ նրանք ավարտեցին ճաշը ավստրալացի երգիչների հետ, որոնք Հայաստան էին եկել Արաքս Մանսուրյանի հրավերով և համերգներ էին տվել Երևանում ու Ստեփանակերտում: Տիգրան Մասնուրյանը միանգամից ճանաչեց նրանց, ողջագուրվեց: Արաքս Մանսուրյանի հետ հանդիպում էի առաջին անգամ: Ես և մաեստրոն սպասեցինք մոտ տասը րոպե, մինչև Արաքսը հրաժեշտ կտար իր ուսանողներին, հետո կպայմանավորվեր Շուշանի՝ դստեր հետ, որ հարցազրույցից հետո՝ երեկոյան, պետք է հուշանվերներ գնեն, իսկ հետո՝ մինչև մեկնելը և կեսգիշերից հետո, վերջապես երեքով՝ ինքը և երկու դուստրերը, մի քիչ ժամանակ անցկացնեն միասին: Մեքենայում պատմեցի ծրագրի միայն առաջին մասը՝ լուսանկարահանում: Եթե ասեի, որ հարցազրույց էլ կա, գուցե չհամաձայնեին: Չէ՞ որ հենց նոր էին մեքենայով վերադարձել Արցախից, դրանից մեկ օր առաջ Երևանում էին համերգ տվել, չափազանց հոգնած էին, առավոտն էլ Արաքսը պետք է մեկներ Սիդնեյ: 14 ժամ ճանապարհ էր անցնելու: Արաքսը նստեց հարևանությամբ, ես՝ ղեկին, մաեստրոն՝ հետևում:

Արաքս – Տիգրա՛ն, մոռացա հարցնել, ինչպե՞ս էր Ստեփանակերտի համերգը:

Տիգրան – Լավ էր, բայց ծորունությունը պակաս էր:

Արաքս – Այո՛, այո՛, ճիշտ է. նոտաներ էին երգում ավելի, գիտեմ. հաջորդ համերգին… Ես էլ էի զգում, բայց չէի ուզում կանգնեցնել:

Տիգրան – Չէ՛, կանգնեցնել պետք չէր: Ի դեպ, հիշո՞ւմ ես, որ այդ գործը ես գրել եմ Լիսիցյան քույրերի համար:

Արաքս – Այո՛, ես ասել եմ իրենց այս պատմությունը: Պատվե՞ր էր, Տիգրա՛ն:

Տիգրան – Չէ՛, ուղղակի իմ մտքով անցավ: Երկու քույր հրաշալի երգում էին:

Արաքս – Ռուզանը և Կարինեն, չէ՞:

Տիգրան – Այո՛:

Մեքենայով անցնում ենք Մաշտոցի պողոտայով. Տիգրան Մանսուրյանը նկատում է մայթին կանգնած իր օգնական Շաղիկին:

Տիգրան – Շաղիկը… Հեռախոսով կանգնած էր այնտեղ, ինչ որ բան էր փորփրում: Միասին ենք գնում, գիտես, չէ՞, Շաղիկի հետ:

Արտակ – Ո՞վ է Շաղիկը:

Տիգրան – Իմ օգնականն է՝ բոլոր գործերիս կառավարիչը: Ես միայն երաժշտություն եմ գրում, մնացածն ինքն է անում (ծիծաղում է):

Արաքս – Տիգրանը երբեմն մոռանում է: Շաղիկն օգնում է, որ պարտաճանաչ լինի:

mansuryan-cover-6

Զրույցը, ինչպես ասում են, քաղաքային միջավայրի մասին է: Անցնում ենք Երևանի կենտրոնով, որտեղ չկար շենք, որում Մանսուրյանները ընկեր և բարեկամ չունենային: Բաղրամյանի վրա է ապրել Գոհար Գասպարյանը՝ տեղեկացրեց Արաքս Մանսուրյանը, երբ  մեքենան անցավ նրա շենքի կողքով:

Արաքս – Գոհար Գասպարյանի տունն ի՞նչ եղավ: Թանգարա՞ն դարձավ: Այս շենքում էր ապրում:

Տիգրան – Գոհարի տո՞ւնը: Չեմ կարծում, որ որևէ բան եղավ. երևի իր աղջիկն է ապրում այնտեղ:

Արաքս – Հիշո՞ւմ ես, Տիգրա՛ն, ես Գոհարի մոտ սովորել եմ մի տարի: Մոտ էինք, շատ հաճախ նա իմ անուշապուրն էր պատրաստում Նոր տարվա համար և մի աման տալիս էր: Վերջին անգամ տվեց՝ թթված էր ամբողջը. «Քո անուշապուրը չես գալիս տանես»,- ասաց նա: Մի երկու-երեք օր հետո տվեց. թթված էր ամբողջությամբ: Չեմ ասել իրեն:

Մանսուրյանները երկու քույր, երկու եղբայր են: Տիգրանն ամենամեծն է, հետո՝ Մհերը, Սոնան, և ամենափոքրը Արաքսն է: Սոնան ու Մհերն ապրում են Փարիզում: Մհերը նկարիչ է, Սոնան՝ Մանսուրյանների «հրեշտակը»: Արաքսի խոսքով, ընտանիքը «տիգրանակենտրոն է», այսինքն՝ քույրերն ու եղբայրները հավաքված են մեծի շուրջ: Տիգրան Մասնուրյանը պատմում է. «Մենք շատ սերտ ենք: Եղբայրս ինձնից երկու տարի է փոքր, բայց այնպես եմ խոսում, կարծես ես իրենից 20 տարի եմ մեծ: Բայց հանկարծ մի սխալ բան անեմ… Սխալն էլ այն է, որ … Անասելի ճշմարիտի կողմն է, պետք է ամեն ինչ ճիշտ լինի: Թատրոն-մատրոն. այդ բաները տանել չի կարող: Այդ ժամանակ դառնում է հրեշ (ծիծաղում է): Բայց փուքսը իջավ տարիների հետ: 70-ն անց է: Դա լավագույնն է՝ փուքսը թողնելը: Ծերության լավագույն բանն այն է, որ տոպրակը դատարկվում է քիչ-քիչ, փուքսի և առհասարակ պահանջների, ախորժակների… Խաղաղվում ես: Եթե ծերը կարողանար, և եթե երիտասարդը իմանար…»:

Վերջին անգամ երկու քույրն ու երկու եղբայրը հավաքվել են 2009-ին՝ Մանսուրյանի 70-ամյակին: Հաջորդ հավաքը 2016-ին է լինելու Արաքսի 70­-ամյակը նշելու համար: Ի դեպ, երգչուհին պլանավորում է այդ ժամանակ մեկընդմիշտ տեղափոխվել Հայաստան:

Տիգրան –Երեկ Սոնայի հետ խոսեցի:

Արաքս – Ո՞նց էր, Տիգրա՛ն:

Տիգրան – Ոչինչ, ոչինչ:

Արաքս – Ես Դուբայից կգրեմ իրեն, հանգիստ ուղեղով՝ սքայպով կգրեմ:

Տիգրան – Գրի՛ր:

Արաքս – Շաքեի հետ այսօր խոսեցի: Ասում է՝ տրամադրված էր, որ փայտերը ձեռքը՝ գա Երևան: Ասացի՝ խե՞նթ ես, ի՞նչ ես: Նախ՝ իր տունը՝ այդքան բարձր… Ո՞նց պետք է բարձրանա: Չի կարող:

Տիգրան – Չէ՛, դա ֆանտազիա է:


newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է

newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները


ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄԻՑ ՀԵՏՈ

Լուսանկարահանումն անցավ ավելի արագ, քան նախատեսել էինք: Ամբողջ ընթացքում պատմում էին Տիգրան Լևոնյանի՝ Գոհար Գասպարյանի ամուսնու մասին: Պատմությունն այն մասին էր, որ Տիգրան Լևոնյանի հայրը իրականում Լևոնյանը չէ: Նա եղել է Տիգրանի իրական հոր աշակերտը: Նրա մահից հետո Լևոնյանն ամուսնացել է իր ուսուցչի կնոջ հետ և հայր դարձել փոքրիկ Լևոնին:

Լուսանկարվելուց հետո ճանապարհեցինք մաեստրոյին: Հետո այնպես ստացվեց, որ միասին էլ բարձրացանք Տիգրան Մանսուրյանի բնակարան: Ընդ որում ես՝ վերելակով, Մանսուրյաններն ու լուսանկարիչ Վահանը՝ոտքով: Մաեստրոն վերելակ չի նստում: Ընդհանրապես:

Բնակարանում բոլորս տեղավորվեցինք: Քույրն արագ կարգի բերեց հյուրասենյակը, ննջարան տարավ անկողինը, հարդարեց բազմոցը: Եղբայրը դասավորեց փոքրիկ բարձիկները՝ հենվելու համար: Ես նստեցի բազկաթոռին, Մանսուրյանները՝ բազմոցին: Ու սկսվեց զրույց քրոջ ու եղբոր հարաբերությունների մասին, թե ինչու շատ չեն այս հարաբերություններին նվիրված արվեստի գործերը:

Տիգրան – Իսպանացի Մանուել դե Ֆալյան չամուսնացավ, և ամբողջ կյանքում քույրն էր իրեն խնամում: Պուճուրիկ, կա՜րճ  մարդ  էր: Հանճարեղ  իսպանացի կոմպոզիտոր. շատ-շատ եմ սիրում նրան: Դե Ֆալյան լավ   մարդ էր, շատ լավ… Նրան շատ եմ սիրում: Եթե կա օտարների մեջ մեկը, որի երաժշտության արտակարգ, ինչ ասեմ, ճշգրտությունը, որը հասնում է ժողովրդական բարոյագիտության… Նա բարոյականության ստատուսն  է պահում, որովհետև արտիստիզմը նենց վտանգավոր բան է՝ մի քիչ համը հանեցիր՝ ընկնում ես զոնայից դուրս, ճշգրտությունից դուրս՝ դեպի ցուցադրականը, արտաքինը: Դրանք մեկը մյուսով պայմանավորված են ու շաղկապված են՝ արտահայտչականությունը ու ներքին կազմակերպվածությունը: Մեկը մյուսին զիջում են անընդհատ. արտահայտչականությունը միշտ խոնարհվում է ձայների կազմակերպվածության առաջ, և ձայների  կազմակերպվածությունը՝ արտահայտչականության առաջ, այսինքն՝ արտիստիզմ և դիսցիպլինա: Դեպի դուրս և դեպի ներս. այդ հարաբերությունները դե Ֆալյայի երաժշտության մեջ շատ ընտիր են, շատ:

Արաքս – Ես Գերմանիայից e-mail ստացա անցյալ տարի մի ժուռնալիստից: «Անուշ» օպերայի CD-ն գնել էր Լոս Անջելեսում և գտել էր ինձ: Գրել էր. «Խնդրում եմ ասեք, թե որ թվականին է ձայնագրված այս ներկայացումը. այն ինձ շատ հիշեցնում է Donizetti-ի «Lucia di Lammermoor» պատմությանը: Ես ունեմ DVD-ն և հիացած եմ կատարումով»: Ես էլ գրեցի, որ 89-ին է եղել ձայնագրությունը:

Տիգրան – Ես քեզ պետք է ասեմ, որ առհասարակ էդ պատմությունները, բոլոր օպերա գրողները դրա վրա են սկսել օպերա գրել, բոլոր  պատմությունները սիրո պատմություն են: Ինձ համար շատ սիրելի է Ֆոլկների «Շառաչ ու ցասում» վեպը: Էդ ընտանիքը: Եղբոր ու քրոջ պատմություն, վա՜յ-վա՜յ, ո՜նց է տառապում եղբայրը քրոջ համար: Խենթանալու բան է:

Արտակ – Իսկ դուք իրար համար տառապե՞լ եք:

Արաքս  – Ըը.. ի՜նչ հետաքրքիր հարց եք տալիս: Տառապե՞լ…

Տիգրան – Ինքը չի տառապել, ես եմ տառապել:

Արաքս – Էն ժամանակ, որ ինքը տառապել է, ես էլ եմ տառապել:

Տիգրան – Բայց ոչ թե իմ տառապանքով, այլ իր տառապանքով՝ մեկ ուրիշ ուղղությամբ:

Արաքս – Իմ տառապանքով տառապել եմ, նաև տառապել եմ կրկնակի, որ եղբայրս է տառապում. երկուսը միասին է եղել:

Տիգրան – Անցած պատմություն է:

Արաքս – Տիգրանը սյուն էր ինձ համար ամեն ինչում: Եվ երաժշտական առումով, դե՛, միշտ կապված էինք, միասին էինք. համերգներ և առհասարակ. շատ բան էի սովորում Տիգրանից, որովետև միշտ միասին էինք: Երբեմն քայլում էինք, ուղեկցում էր տուն, համերգներ էինք տալիս, լեցուն էր Տիգրանով իմ կյանքը: Չեմ կարող ասել «շտապ օգնության» նման պահանջ է եղել, չէ՛, բայց ներքին պահանջը միշտ եղել է:

Տիգրան – Ամենօրյա:

Արաքս – Տիգրանի մոտ այդ տարիներին բոլոր երիտասարդ երգահաններն էին գալիս, որոնք հատուկ ինձ համար գրում էին վոկալ շարքեր: Եվ էդ առումով ինձ համար ամենաերանելի տարիներն են եղել, որ իրենց մեջ էի, սովորում էի, երգում  էի:

Տիգրան – Երբ ես գրում էի, ընկերներս էլ էին գրում, վարակվում էին: Հիշեցի: Մոռացել էի:

Արաքս  – Եղել է, որ երիտասարդ 11 կոմպոզիտորների հետ գնացել եմ Ուկրաինա, Մոսկվա, Լենինգրադ, որովետև բոլորն ինձ համար էին գրում, բոլորի հիմքը Տիգրանն էր, որովհետև բոլորի երաժշտությունը կարծես էդ հողից էր ծնված: Բոլորի հետ աշխատել եմ. երբեք չեմ մտածել, որ ես Արաքս Մանսուրյանն եմ:

Տիգրան – Մենք էդ հարաբերության մակարդակում երբեք չենք ապրել, որ ինչ-որ բան ենք դարձել՝ իրար հետ չշփվենք, էդ «բան դառնալու» մակարդակով: Երբե՛ք: Ես մշտապես իրեն ասելիք ունեցել եմ, մշտապես պակասությունների մասին ենք խոսել, ու մշտապես լսել է:

Արաքս – Այո՛, այո՛: Ինձ համար շատ կարևոր է Տիգրանի յուրաքանչյուր բառը: Ես աղքատանում եմ Ավստրալիայում:

Տիգրան – Ոչ միայն իր երգած նյութի, այլև առհասարակ… Մենք երբեմն Սիդնեյ-Երևան գծի վրա խոսում ենք հեղինակի մասին, որի գործը պիտի երգի, ես իրեն ներկայացնում եմ այդ հեղինակի կյանքը, ինչու այսպես եղավ, ինչու այնպես եղավ, որի ժամանակը չունի փորփրելու, իսկ ես սիրում եմ այս բաները ներկայացնել իրեն: Արաքսն էլ այդ տեսակետից լավ լսել գիտի. անմիջապես ընկալում է, անմիջապես տանում է իր երգեցողության  մեջ: Հիշո՞ւմ ես՝ Յանաչեկի մասին ինչքան էինք խոսում:

mansuryan-cover-4

Արաքս – Այո՛, այո՛, Տիգրա՛ն, ասացիր՝ կվարտետ ունի:

Տիգրան – Եվ մյուս գործերը. միայն վոկալ չէ, ուրիշ ինչ գործեր կան, որ շատ կարևոր է իմանալ:

Արաքս – Ես Տիգրանից միշտ սովորել եմ: Ամեն անգամ Տիգրանից սպունգի նման վերցրել եմ ամեն բառը, ամեն շարժումը: Ինձ ասում են երբեմն՝ Տիգրանին շատ նման ես: Դրանից ուրախանում եմ շատ:

Տիգրան – Ես պիտի ասեմ, որ իմ քրոջ երգեցողական կարողությունները շատ վատ եմ ինձանով արել: Շատ վատ: Ես՝ որպես հեղինակ, տասնապատիկ ակտիվ պիտի լինեի իր համար գրելիս: Ինչե՜ր կարող էի անել, բայց ժամանակն անցել  է: Չեմ արել. ցավում եմ շատ: Շատ եմ ցավում: Մենք պիտի ունենայինք մի քանի գործեր մեծ նվագախմբի հետ, պիտի ունենայինք մեծածավալ նվագախումբ: Եղավ փոքր կազմի դաշնամուր…


newmag / շապիկ  #61 Բեռնար Վերբեր. Աստված հրաշալի սցենարիստ է

newmag / շապիկ  #62 Նաստասյա Կինսկի. Երևանցի` 7 օրով


Արաքս – Մադրիգալները:

Տիգրան – Մադրիգալները շատ գեղեցիկ են: Եվ ասեմ քեզ՝ և նույնիսկ էդ ժամանակ մենք քիչ-քիչ եղանք մեջտեղ: Ես այդ հաշվենկատ բառը չեմ ուզում՝ ասեմ, բայց օգտակարության գիտակցությունը չեմ ունեցել էդպես:

Արաքս – Ինձ համար այնքան մեծ նվեր է Տիգրանի՝ Համո Սահյանի շարքը, որ գանձ է: Երբ ուսանողներիս սովորեցնում եմ, հպարտությամբ ասում եմ՝ եղբայրս ինձ է նվիրել…

Տիգրան – 4 երգ եղավ:

Արաքս – … Տարեդարձիս:

Տիգրան – Էս բազկաթոռին Համո Սահյանը նստած էր…

Արաքս – Այո՛, այստեղ էի դրել: Համո Սահյանն էր այստեղ, Հրանտ Մաթևոսյանն էր այստեղ:

Տիգրան – Այդ օրը՝ չէ՛. Հրանտը չկար այդ օրը:

Արաքս – Որ եկան ունկնդրելու:

Տիգրան – Հրանտն է՞լ կար:

Արաքս – Այո՛:

Տիգրան – Ի՜նչ ես ասում, չեմ նկատել Հրանտին:

Արաքս – Այո՛:

Տիգրան – Ուրիշ անգամներ եկել է մեր տուն: Հիշում եմ՝ եկավ, այստեղ բարդի ծառեր ունեինք կողք կողքի, ասեց՝ սա կինն է, սա ամուսինն է: Հետո Նոնային պատմեցի: Հիմա ամեն անգամ, որ մարդ է գալիս  խոհանոց, ասում եմ՝ ա՛յ, սա կինն է սա՝ մարդը:

Արաքս – Հիմա կա՞ էդ ծառը:

Տիգրան – Կա:

Արաքս – Էս շենքը չխանգարե՞ց:

Տիգրան – Չէ՛, արանքում է: Գարնանը կին բարդին սերմեր է թափում, տղամարդ բարդին կանգնած է ձիգ: Կինը քանդվում է, տարածվում է աջ ու ձախ, ոնց որ հղի կին լինի, չէ՞:

Արաքս – Այո՛, այո՛…

Տիգրան – Դեֆորմացվում է: Այդ ծառը էդպես դեֆորմացվում է, իսկ այն մեկը կանգնած է սլացիկ…

Արաքս – Հայ են երկուսն էլ ուրեմն:

Տիգրան – Հա՛, էլի: Էս բարդիները շատ շատ լավն են: Լավ տեղ չեն դրված, որովհետև այստեղ միջանցիկ քամի կա, շենքերի արանքից օդը գնում-գալիս է, դրանք արանքում են մնացել: Այդ է դրանց կյանքն  էլ… Ի՞նչ անեն: Ես բուսակա՛ն աշխարհի կողմն եմ, ոչ կենդանական աշխարհի: Իմը բուսական աշխարհն է: Ես բուսական աշխարհը շատ եմ սիրում: Կենդանականն էլ եմ սիրում, բայց նրա հետ չունեմ այդքան կապվածություն, որքան բուսականի:

mansuryan-cover-5

ԾՆՈՂՆԵՐԸ

Մանսուրյանները Բեյրութից են: Հայրենիք են վերադարձել 1947 թվականին: Մի քանի տարի ապրել են Արթիկում: Մանսուրյան ընտանիքի երեխաների վաղ մանկությունն անցել է հենց այնտեղ: Մանսուրյանները այդ դժվար ու բարդ տարիները հիշում են ջերմությամբ: Մանկությունը անհոգ չի եղել. ստիպված են եղել և՛ հաց հայթայթել, և՛ փող: Բայց մեծացել են մեծ սիրո մեջ: Ահա թե ինչով է դա բացատրում Տիգրան Մանսուրյանը. «Իմ ծնողները որբանոցի զավակներ էին: Նրանց համար հատուկ իմաստ, բովանդակություն ուներ սեփական տունը, որ հիմնեցին՝ լինելով որբանոցի երեխաներ: Տունը, ընտանիքը, երեխաները… Այս ամենը մի ուրիշ բան էր, ուրիշ տոն էր մեզ համար, մեր ծնողների տոնն էր: Մայրս՝ մի քանի ամսական, որբանոցում է հայտնվել և իր կենսագրությունն էլ չի իմացել: Չի իմացել, թե ով է իր հայրը, մայրը, ինչու է ինքն այստեղ: Մեծ եղբայրը հայտնվել և նրան պատմել է իրենց անցած ճանապարհը՝ Մարաշից մինչև Հալեպ»:

Արաքս – Ես երբեք չեմ զգացել «ախպար» լինելս: Ինձ երբեք չեմ բաժանել որևէ մեկից, որն իմ կողքին եղել է… Երբեք չեմ բաժանել: Մեր տանը չի եղել այդպիսի բան:

Տիգրան – Մայրս բանվոր էր հացի գործարանում: Գիշերը ժամը 2-ին գնում էինք փուռ՝ հաց գողանալու: Ի՞նչ տարբերություն՝ որտեղից ես, ով ես, ինչ ես: Մենք տղերքով պետք է գիշերը գնայինք՝ հաց գողանալու: Ընկերներս 10, 12, 14  տարեկան տղերք էին: Էնտեղ ի՜նչ «նոր  եկող»… Գիշերը սպասում էինք հերթով՝ ում մայրն է հացը գցելու էս կողմի վրա:

Արաքս – Ես չգիտեի դա, Տիգրա՛ն:

Տիգրան – Եվ էս հարաբերություններն էնքան զորավոր են, որ դու ժամանակ ունես մտածելու՝ դու որտեղ ես, ինչ ես, ով ես: «Ախպար» ասվածը չի եղել մեր մեջ: Երբեք չեմ մտել այն տները, որտեղ ներգաղթած ընտանիքներն էին հավաքվում Երևանում: Անուններ չեմ տալու, բայց կային մտավորականների կենտրոններ, որոնց շուրջ հավաքվում էին դրսի երկրներից եկածները: Երբեք չեմ մտել էդ տները, երբեք:

Արաքս – Ինչո՞ւ:

Տիգրան – Չեմ սիրել այդ փակ, իրենք իրենցով հիանալու, իրենք իրենց կարևորելու… Մե՜նք… Դո՜ւք… Էդ  բաները տանել չեմ կարողացել:

Արտակ – Ինչպե՞ս եղավ, որ Լիբանանից՝ Արթիկ: Հիմա որ նայում ես, կարծես Մանսուրյան ընտանիքը սերում է 14-րդ դարի կիլիկյան արիստոկրատներից:

Տիգրան – Հնարավոր է… Հենց էդպես է, հենց էդպես է:

Արաքս – Ճիշտ գտաք: Մեր պապիկը եղել է ազնվական, պապայի հայրը Տիգրանակերտում հարուստ  ազնվական է եղել: Սա Տիգրանի պատմությունն է. ուզում եմ՝ Տիգրանը պատմի:

Տիգրան – Մեծ հայրս երաժշտասեր է եղել, թունդ երաժշտասեր, բայց ավանդապաշտ, պահպանողական ընտանիքից: Երբ բանը հասել է նրան, որ պիտի իր երգերը նվագեր, դա արել է ինքն իր համար: Մտել է իր սենյակ, դուռը փակել, որ երեխաներն ու կինը չտեսնեն, որ ինքը թուլության մեջ է: Էդ բանը ինձ համար ոսկե օրենք է: էդպիսի դեպի ներս, ինտրոսպեկտիվ երաժշտություն անելը՝ ներհայաց: Դրա համար ես ասում եմ՝ մեր բոլոր երգերը, մեր բոլո՛ր երգերը, մեր երգեցողության տեսակը, Կոմիտասի երգեցողության տեսակը կիսով է դեպի դուրս ձայնը, մյուս կեսը դեպի ներս է: Մեր երգեցողությունը կիսով ներս է, իտալացիներինը լրիվ դեպի դուրս է, եվրոպական երգեցողությունը մեծ մասամբ դեպի դուրս է: Մեր բոլոր ժողովրդական երգերի մեջ էդ դեպի ներս երգելն է առաջին ոսկե օրենքը: Իհարկե, ձայնը դեպի դուրս է գալիս, բայց երգվում է դեպի ներս: Կարևոր բաները շշուկով են ասում, երբեք չեն գոռում կարևոր բաների մասին, նույնն էլ երգ-երաժշտության մեջ է: Ու դա միահյուսվում է մեր մանկության Արթիկի հետ: Պատկերացրե՛ք այն ժամանակվա փոքր գավառական քաղաքը. ամեն տերևը, ամեն աղջկա մազի հյուսքը, ժապավենը ամբողջ կյանք էր: Այդ դետալները շատ տեղ ունեին, արժեք էին: Մեր խմբում մի աղջիկ էր երգում. ո՜նց էի սիրում նրա ձայնը, և որքա՜ն ճշգրիտ էր համապատասխանում ձայնն իր մաշկին. թուխ մաշկ ուներ, ու ձայնն էլ մի քիչ թուխ էր: Վա՜յ, էդ ի՜նչ անուշիկ երեխեք էին մեր դպրոցում: Գավառում է իսկական մեծ սերը արվեստի նկատմամբ: Պաստերնակը մի բանաստեղծություն ունի. ասում է, որ շեքսպիրյան գավառական ողբերգակի պես կրկնում էի քո անունը, որովհետև իրականում մեծագույն թռիչքը դեպի այդ բարձրագույն արժեքները գավառում են լինում: Էնտեղ ուրիշ տեսք ունի այդ ամբողջը: Մայրաքաղաքում էլ կա, իհարկե, երազանքը: Ուղղակի մարդու և բնության հարաբերություններն ընդգծված կորություն ունեն գավառում:

Արաքս – Արթիկում սկսեցի երգել մանկապարտեզում, բայց շատ չեմ հիշում Արթիկը. հիշում եմ մեր տունը ու մի քանի բան:

Տիգրան – Ես դպրոց էի գնում, Արաքսն ուսերիս էր, Սոնան կողքս էր: Մհերը դպրոց գնաց, հետո չսիրեց դպրոցը, որովհետև դպրոցում ուտելիք չկար, իսկ մանկապարտեզում ուտելիք էին տալիս: Միացավ նրանց, նորից մանկապարտեզ գնաց:

Արաքս – Մանկապարտեզում մեզ տանում էին պտույտի: Ես կանգնած սպասում էի, որ դասատուն ասի՝  Արաքսի՛կ, երգի՛ր: «Մէ ադըմ երգե»: Եթե չասեր, լաց էի լինում, որովհետև ամեն անգամ ես պիտի երգեի: Ժողովրդական երգեր էի երգում, չեմ էլ հիշում՝ ինչ էի երգում: Մի օր հավաքվել էինք մեր տանը. բնակարան էինք ստացել Աջափնյակում, այդ առիթով երգեցի: Տանը մամայիս աշխատակիցներն էին եկել, երգեցի: Հորս հայացքը էնպե՜ս լավ եմ հիշում, արագ ռեակցիան. շատ սուր հայացք ուներ: Շուռ եկավ, ինձ նայեց, ես կանգնեցի, ասացի՝ պա՛պ, ուզում եմ երգչուհի դառնալ: Ասաց՝ կդառնաս, աղջի՛կս: Անմոռանալի է այդ պահն ինձ համար: Ու դարձա: Տասներորդ դասարանից հետո իմացա, որ քննություններ են ուսումնարանում՝ Ռոմանոս Մելիքյանում: Բոլորը գերազանց ստացա` սոլֆեջիո, ռիթմ, ձայն: Եվ ընդունվեցի: Եկա տուն, մաման աշխատանքից էր եկել. Ասացի՝ մա՛մ, ընդունվել եմ: Ասաց՝ ո՞ւր: Ասացի՝ երաժշտական ուսումնարան: Ասաց՝ ապրես, աղջի՛կս: Այդպես: Մեր մաման երբեք չի հպարտացել մեզնով. նա շատ լավ գիտեր իր երեխաներին, թեկուզ մի օր հարևանների մոտ չխոսեց. կարիքը չէր զգում:

mansuryan-cover-3

Տիգրան – Մենք ամեն մեկս մեր գործով ենք զբաղվել: Մեր դասարանից մի տղայի մայրը մի օր հեծանիվ առավ դասարանը փոխելու առթիվ. Արթիկում էր: Ապշել էի. ուրեմն դասարանը փոխելու առթիվ նվե՞ր են անում, հեծանի՞վ  են առնում, էդ ի՞նչ տեսակ կյանք է: Ապշած եմ, մինչև այսօր հիշում եմ: Եթե ես պիտի գործ անեի, էդ իմ գործն էր: Մենք քիթ քթի մտած չենք ապրել, թեև բոլորս էլ իրար օգնել ենք, որովհետև ուրիշ կերպ չեր կարող լինել: Հիշում եմ՝ մի տարի լավ փող աշխատեցի: 13 տարեկան էի: Լուսանկարիչ եղա, այսինքն՝ ես միշտ հորս կողքին էի, բայց այդ տարի էնպես եղավ, որ հայրս հիվանդացավ, ապարատը ես սկսեցի գործածել: Մենք «մինուտնի» ապարատ ունեինք. մեծ էր: Մեր տան կողքին պիոներճամբար էլ բացվել, քաղաքներից երեխաներ էին եկել: Կանգնում էի ճամբարի կողքը, իրենք նախաճաշում էին, հետո նկարում էի իրենց: էդպես ահագին փող աշխատեցի: Այդ տարի տանը ահագին բան առանք: Հիշում եմ՝ շատ գեղեցիկ չիթ էր, ահագին մետրերով առանք երկուսիդ  համար (նայում է Արաքսին), տակերն էլ՝ վարդագույն: Այնքան գեղեցիկ կտոր էր, երկուսիդ համար էլ այդ նույն շորից առանք: Հիշեցի՞ր. ես եմ առել:

Արաքս – Այո՛, հիշեցի… Վարդագույն, ի՜նչ անուշ շոր էր, ոնց որ կոնֆետի թուղթ լիներ:

Տիգրան – Ես ամեն օր ահագին փող էի տալիս մամային, բայց նաև շրջել եմ գյուղերով: Ամառը գնում էի, գյուղերում 7-րդ դասարանն ավարտած և 8-րդ փոխադրվածների դասարանական լուսանկարներ էի անում: Երեսուն հոգու նկարներ: Ես իրենց տարիքին էի, բայց նրանք այնպես էլ լուրջ ընդունում էին ինձ, դասատուները մանավանդ: Գյուղերում փող չկար. երկու ձու էր մեկ նկարը: Ես ուրեմն Փոքր Պարնի գյուղից գալիս էի Արթիկ: Ձեռքիս՝ մի հատ մեծ կողով՝ մեջը լիքը ձու, մեծ ապարատ ու ապարատի ոտքերը: Եթե մեքենա էր պատահում, անպայման կանգնում էր. ո՛չ դեմքն էիր տեսնում, ո՛չ քեզնից փող էր ուզում. ոչ մի հարաբերություն: Տեսավ, կանգնեց, նստեցիր, հասավ, կանգնեց, իջար: Ո՛չ ցտեսություն, ո՛չ շնորհակալություն. ոչինչ: Պարզ, մարդկային, հասարակ հարաբերություն: Պատահել է շատ:

ՄՅՈՒՍ ՄԱՆՍՈՒՐՅԱՆՆԵՐԸ

Տիգրան – Ես Սոնայի համար եմ շատ չարչարվել: Մի տղա էր գալիս, հոգիս հանեց: Ես պիոներպալատում աշխատում էի:

Արաքս – Սոնան շատ գեղեցիկ էր, ես գեղեցիկ չէի այդ տարիքում: Հիշեցի… Մեր պատուհանների տակ էր գիշեր-ցերեկ:

Տիգրան – Արաքսն էլ ուզում էր ամուսնանալ, Սոնան չէր ուզում: Շատ չարչարվեցի ես էդ մարդու ձեռքին: Ուզում էի, որ կոնֆլիկտ չգոյանար,և միաժամանակ ձեռք քաշեր, բայց սա էլ բաներ էր խոստանում. այս կանեմ, այն կանեմ, քաղաքի տղա էր՝ «թափով», կարողությունների տեր: Լավ է՝ Սոնան շուտ ամուսնացավ, այդ պատմությունն էլ վերջացավ:

Արաքս – Աջափնյակում էինք: Տիգրա՛ն, հիշեցի, այդ ի՜նչ էր. գիշերները գնում-գալիս էր: Առաջին հարկ էր մեր տունը, պատուհաները կտորով փակում էինք: Քույրս շատ գեղեցիկ էր:

Տիգրան – Մհերը եկավ բանակից, և առաջին հարցը, որ տվեց, ասաց. «Մեր տանը նկարիչ եղե՞լ է»: Ասացի՝ այո՛, մեր հորեղբայրը՝ Հովհաննեսը, նկարել է: Երեսուն թվականին Հայաստան եկածներից էր, անհետ կորել էր: Հայրս ու իր երկու եղբայրները որ եկան՝ Հովհաննեսին փնտրելու, հետքը չգտան: Տարիներով փնտրեցին Թիֆլիսում: Գոնե մի գրություն, մի փոշի չկար էդ մարդուց: Մհերին ասացի՝ մեր Հովհաննես հորեղբայրը շատ լավ նկարել է յուղաներկով: Պարզվեց, որ Մհերն էլ նկարել է ուզում, որովհետև բանակում եղած ժամանակ ինքը խոհարար էր, ազատ ժամանակ ուներ ահագին, գնում էր ծով. Սիբիրում էր ծառայում, Լենայի ափին ձկնորսությունից հետո նստում, նկարում էր: Տեսա, որ պիտի սովորի, բայց ուսումնարան չի ավարտել, տարիքն անցել է: Գնացի իմ ուսուցչի՝ Ղազարոս Սարյանի մոտ. նա ուսումնարանի ռեկտորն էր և Մարտիրոս Սարյանի տղան: Ասացի՝ եղբայրս սովորել է ուզում, շատ եմ ուզում, որ օգնեք:

Արաքս – Տիգրանը մեզ հայր է եղել, որովհետև մեր հորը շուտ կորցրեցինք:

Տիգրան – Բացի նրանից, որ շուտ կորցրինք, շատ հաճախ հիվանդ էր և շուտ փլվեց մեր հայրը: Ամիսներով հիվանդանոց էր պառկում, մենք երեքով գնում էինք հիվանդանոց: Արթիկի հիվանդանոցի ճաշերից պահած էր լինում մեզ համար:

Արաքս – Ես չեմ հիշում, Տիգրա՛ն:

Տիգրան – Այդ ժամանակ ես էի տունը պահում, փող աշխատելն էլ, բայց հետո, որ ընդունվեցի, եկանք Երևան՝ Շահումյան, ընդունվեցի ուսումնարան: Մեր տունը եղբայրս պահեց. մինչև բանակ գնալը փոստատար եղավ, կահույքագործ, հետո ընդունվեց աշխատանքի Շահումյանի գործարան: 3 հերթ աշխատանք էր, գիշերներն էր աշխատում, գալիս էր հարբածի նման. երեխա էր, 18-20 տարեկան տղա էր, բայց լուրջ աշխատում էր: Հետո բանակ գնաց, ես ընդունվեցի աշխատանքի: Դավիթաշենում մի տարի դաս տվեցի, էնտեղ երաժշտության ուսուցիչ եմ եղել:

mansuryan-cover-2

ԶԱՎԱԿՆԵՐԸ

Արտակ – Երբ նայում եք Ձեր զավակների փոխհարաբերություններին, կարծում եք՝ նրանք նույնքան ջե՞րմ են, ինչպես Դուք եք եղել Ձեր եղբոր և քույրերի հետ:

Տիգրան – Ես չեմ կարող իմ երեխաների մասին նույնը ասել: Չկա, դա չփոխանցվեց: Ինձ եմ մեղադրում հաճախ. ինձ այնպես է թվում, որ չափազանց շատ եմ իմ գործով եմ ապրել, չափազանց խստակյաց եմ եղել դեպի ներս, որովհետև ինքս իմ նկատմամբ եմ այդպիսին եղել: Երբ ես ամուսնացա, կնոջս ասացի՝  Նո՛նա, դու չկաս, ես էլ չկամ, կա այս գործը, ինձ հե՞տ ես: «Այո՛»,- ասաց: Տարիներ անց, երբ այս բանը պատմում էի, նա ասաց. «Ախր, Տիգրա՛ն, մենք այդպես չէինք խոսել, այդպիսի բան չի եղել»: Նշանակություն չունի՝ եղե՞լ է, թե՞ չի եղել, հարաբերության հիմքը դա էր: Խոսվել է, չի խոսվել՝ դա էր: Ամեն ինչ խոսելով չի, բայց, իրոք, այդպես էր: Այստեղ մենք լուրջ բանի հետ գործ ունենք, շատ լուրջ ճանապարհ ունենք անցնելու, և այդ փուլը «լուրջ ճանապարհ ունենք անցնելու» ծրագրով ապրեցինք: Իմ երեխեքը մեղք են:

Արաքս – Ես նույնպես: Այն, ինչ մեզ մոտ էր, չկա: Տարբեր են Շուշանը և Մարիամը: Երկուսի մեջ էլ կա սեր, երկուսն էլ ունեն գնահատանք ծնողների հանդեպ, ունեն սեր միմյանց հանդեպ, բայց բնավորություններով շատ տարբեր են:

Տիգրան – Ըստ երևույթին, դա նրանից է, որ նրանք տարբեր հայրերից են:

Արաքս –  Այո՛, տարբեր հայրերից են, տարբեր բնավորություններ ունեն: Սերը կա, բայց ժայթքումներ են լինում, և ես այս ամենը համարում եմ բնական, որովհետև տարբեր բնավորության են և հեռու են ապրել իրարից: Մարիամը 20 տարի հեռու է ապրել Շուշանից: Այդ տարիների ընթացքում ինչ-որ բաներ փոխվում են:

Արտակ – Մանսուրյանների գերդաստանից ո՞վ է լինելու, որ շարունակելու է բեմին նվիրումը: Ձեզնից հետո մնացող բեմական շառավիղը Շուշա՞նն է:

Տիգրան – Ես չեմ կարծում, որ այդ երգեցողությունն է մեր ընտանքի շարունակությունը: Մեր ընտանիքի շարունակության տարատեսակ կարող եմ ասել, բայց երգեցողությու՞նը պիտի լիներ մեր երկուսի շարունակությունը: Այս տեսակ շարունակելը՝ երգ-երաժշտություն, անոմալիա է: Սա անկարելի բան է: Ինձ համար դա գրեթե անընդունելի մի բան է, ոչ թե Շուշանի պարագայում. Շուշանը տաղանդավոր մարդ է, անկասկած, լավ երգչուհի՝ լավ ձայնով, լավ արտիստական խառնվածքով, խելացի, շատ կարդացած: Այս երաժշտությունը ինձ համար գոյություն չունի, լրջորեն գոյություն չունի, որովհետև այս երաժշտությունը իրապես էժան ապրանք է, էժան շուկայի ապրանք է:

Արաքս – Շուշանը ինձ հետ մեծացել է օպերայում և անընդհատ ինձ հետ է եղել և շատ լավ գիտի օպերային երաժշտությունը: Եվ եթե ես ժամանակ ունենայի և աշխատեի իր հետ, թերևս մտներ դասականի մեջ, բայց ես Շուշանով չեմ զբաղվել: Շուշանն էլ ինձ պես գնաց դաշնամուրի, սովորեց Սայաթ-Նովայի դպրոցում, իսկ երգեցողությունը բնական է: Իր հետ չեմ աշխատել կամ չեմ օգնել իրեն, որ դասականին մոտենա: Չեմ մտածել, քանի որ իմ կյանքն այդպես է եղել, ինձ ոչ ոք չի ասել՝ գնա՛, երգի՛ր: Ես այդ ուղու վրա եմ եղել երեխաներիս հետ: Օրինակ՝ Շուշանի սոլֆեջիոն հինգ էր, բայց դաշնամուրի դասատուն մի օր ձեռքին խփել էր: Ինքն էլ կանգնեց, ասաց. «Եթե ինձ տանես դպրոց, ես ինձ բալկոնից ցած կգցեմ»: Դասատուն երկար եղունգներով կին էր… Անընդհատ խփել է ձեռքին, ինչ է լավ չի նվագել: Այդ էր ու այդ… Ափսոս, ցավում եմ, որովհետև կարող էր: Ինչպես Տիգրանը ասաց, տաղանդավոր երեխա էր, կարող էր և մինչև հիմա զղջում է, որ չի շարունակել: Մարիամին՝ նույնը. ֆլեյտայի ընդունվեց, գլխապտույտ ուներ, ու ասացի` չէ՛, երեխաս մեղք է: Ես եմ մեղավոր:

Տիգրան –  Իսկ ես համարում եմ, որ իմ մեծագույն բախտավորությունն է, որ ես ուսուցիչ չեմ ունեցել: Ես երաժշտության հետ հարաբերվել եմ առանց ուսուցչի, իմ կապը երաժշտության հետ եղել է մեկին մեկ: Ե՛ս եմ սովորել նվագել, նոտաները, սոլֆեջիոն, բոլոր այդ ճանապարհը ես մենակ եմ հարթել, ինձ ոչ ոք չի շոյել, ոչ ոք թվանշան չի դրել, ոչ մեկին չեմ ենթարկվել:

Արաքս – Տիգրա՛ն, ես վա՞տ բան եմ անում:

Տիգրան – Ես չեմ ասում՝ վատ բան ես անում, ձայն ես հանում քո միջից, ձայնը խրված է ներս, դու դուրս ես հանում: Ես ասում եմ՝ ախր, ինչպե՜ս չսիրել երաժշտությունը:

 

 

 

Գրել կարծիք