#55 Հենքոքի վայրէջքը Երևանում. Առանց քարահունջի ու ռեստորանի

#55 Հենքոքի վայրէջքը Երևանում. Առանց քարահունջի ու ռեստորանի

Յուրաքանչյուր համաշխարհային աստղի այցելությունը շատ լուրջ հետք է թողնում մեր երաժիշտների վրա, իսկ թե ինչ հետք թողեց Հենքոքը երևանյան այցի ժամանակ: Ամեն ինչ Մալխասի հետ զրույցում և լուսանկարիչ Վահան Ստեփանյանի նոթերում:

hancock

– Պարո՛ն Մալխասյան, նոյեմբերին 19-ին և 20-ին ընդամենը 26 ժամով Հայաստանում էր 20-րդ դարի ամենաազդեցիկ ջազ երաժիշտ Հերբի Հենքոքը: Դուք ամբողջ ընթացքում նրա կողքին եք եղել: Ինչի՞ մասին էին զրուցում երկու երկրների ամենահայտնի ջազմենները:

– Դիմավորելուց սկսած մինչև ճանապարհելու վերջին պահը մենք ջազի մասին ենք զրուցել: Շատ հետաքրքիր մարդ է Հերբի Հենքոքը: Երբ նրան ասացի, որ ջազի իմ առաջին ուսուցիչը Օսկար Պիտերսոնն է եղել, ասաց, որ իրենն էլ է եղել: Իսկ երբ ասացի, որ Պիտերսոնից հետո սկսել եմ իրեն լսել, ասաց. «Այդ բարձունքից ինչո՞ւ ես ներքև իջել»: Հենքոքը շատ համեստ մարդ է: Մենք վաղուց էինք ուզում նրան Հայաստան հրավիրել, անընդհատ չէր հաջողվում: Վերջապես շնորհիվ մի քանի կազմակերպությունների կարողացանք Հենքոքին այստեղ բերել: Մեզ աջակցել են «One Production»-ը, «Մեցցո» ակումբը, Կամո Մովսիսյանը, «NURCARD»-ը, Արմեն Թավադյանը, «Ռոսգոստրախը», «Ucom»-ը և Արդշինինվեստբանկը: Իհարկե, մի քանի ամսվա աշխատանք պահանջվեց: Հենքոքն ամբողջ աշխարհում շրջագայություններ է սկսել, մի օրը որոշել էր հատկացնել Հայաստան այցելելուն: Մենք օգտվեցինք այդ հանգամանքից: Մոտ 40 տարի 2-3 սերունդ նրան լսում է միայն ձայնասկավառակներով ու տեսագրություններով: Հայ հանդիսատեսը նրան երբեք բեմում չէր ունկնդրել: Մեր քաղաքի երաժիշտների համար Հենքոքի այցելությունը մեծ իրադարձություն էր:

– Համացանցում տարածվել էին Ձեր և Հենքոքի նկարները: Ցանցահայերը քննարկում էին, թե ինչի մասին եք զրուցում, ինչ եք լսում, ինչ եք ըմպում: Կբացե՞ք փակագծերը:

– Ես նրան առաջարկեցի այն, ինչ ըմպում էի: Մեր ավանդական քարահունջն էր: Նա հրաժարվեց: Բույրը քաշեց և ասաց, որ դա իր համար շատ պինդ է, և չի կարող ըմպել: Շատ երաժիշտների մասին ենք զրուցել: Նա խոսեց մեր հայրենակից տաղանդավոր երիտասարդ Տիգրան Համասյանի մասին և ասաց, որ օդանավի մեջ նրա վերջին ձայնասկավառակն է լսել: Նրանք ծանոթացել են Նյու Յորքում տեղի ունեցած ջազ դաշնակահարների մրցույթի ժամանակ, որտեղ Հենքոքը ժյուրիի նախագահն էր: Տիգրան Համասյանն այդ մրցույթում արժանացավ «Գրան պրիին», որը նրան հանձնեց հենց Հերբի Հենքոքը: Նա քաջածանոթ է Տիգրանի ստեղծագործություններին և շատ է հավանում դրանք: Ասում է՝ հետաքրքրիր տղա է:

– 26 ժամվա ընթացքում որտե՞ղ հասցրեց լինել Հենքոքը:

– Պարզվեց, որ նա ոչ մի տեղ չի գնում: Ո՛չ ցանկացավ ասուլիս տալ, ո՛չ Հայաստանում ԱՄՆ դեսպանին այցելեց, ո՛չ էլ ռեստորան գնաց: Ժամանելու օրը, երբ պետք է ճաշեինք, հրաժարվեց ռեստորան գնալ, ասաց՝ համերգասրահի մի սենյակում կճաշեն: 5-6 ժամ sound check արեցին: Ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր: Նրա հետ եկել էր մեր ժամանակների ամենահայտնի ու ամենահետաքրքիր թմբկահարը՝ Վինի Կոլայուտան: Մեր թմբկահարները ներկա էին sound check-ին: Դա նրանց համար իսկական մաստեր կլաս էր: Վինին մոտ քառասուն րոպե առանց դադարի նվագեց. դա շատ հետաքրքիր էր մեր երաժիշտների համար: Նա ջազ ակումբներ էլ չգնաց, ոչ մի տեղ չգնաց: Հյուրանոց, համերգասրահ, օդանավակայան: Առավոտյան ժամը չորսին օդանավակայան ճանապարհելուց մենք «Մալխաս ջազ ակումբի» կողքով էինք անցնում: Նրան ասացի, որ սա է ակումբը, էլ հարց չտվեց, դուռը բացեց ու մտավ: Շատ հավանեց, բեմը, գործիքները լուսանկարեց: Շատ ուրախացավ, երբ իր նկարը տեսավ պատին: Կանգնեց սեղանին ու պատին ստորագրեց: Դա էր նրա միակ այցելությունը, որն իրեն թույլ տվեց: Հենքոքն ասաց, որ բոլոր քաղաքներում էլ որևէ տեղ չի գնում:

herbi-7

– Ինչպե՞ս անցավ համերգը: Ինչպիսի՞ մթնոլորտ էր տիրում համերգասրահում: Հենքոքը խոստովանել էր, որ վաղուց այդպիսի էներգիա չէր ստացել:

– Այնքա՜ն անսպասելի էր: Երաժիշտները բեմից հանդիսատեսին էին լուսանկարում, որովհետև այդպիսի լեփ-լեցուն և տաք էներգիայով հանդիսատես, ինչպես հետո նրանք ասացին, իրենց մոտ հազվադեպ են տեսնում: Ես առաջին անգամ էի տեսնում, որ երաժիշտը բեմից հանդիսատեսին նկարի: Շատ գոհ ու շնորհակալ գնացին Երևանից: Կարծում եմ, որ նրա այս այցելությունը հետաքրքիր արդյունքներ կունենա, և մենք կապի մեջ կլինենք նրա հետ:


newmag/ շապիկ  #60 Վլադիմիր Պոզներ. Իմ տարիքը իմ էքսկլյուզիվն է

newmag / շապիկ #59 Ցեղասպանության տպագիր վկաները

newmag / շապիկ #58 Խորեն Հովհաննիսյան. Բաքուն որպես ճակատագիր. Կուռքից մինչև վտարանդի


– Կարո՞ղ ենք փաստել, որ նա սիրեց հայ հանդիսատեսին:

– Այո՛: Ե՛վ նա, և՛ նրա հետ եկած երաժիշտները շատ սիրեցին հայ հանդիսատեսին: Ապշած էին մեր ունկնդրի ընդունելությունից: Նրանք եկել էին մի երկիր, որի մասին գաղափար չունեին: Նրանց հայ ջազմենների ձայնասկավառակները նվիրեցինք: Ինչպես ասում են, մարդավարի, հայավարի ճանապարհեցինք:

– Ճի՞շտ է, որ համաշխարհային աստղերը, մինչև չեն հասնում պատկառելի տարիքի, Հայաստան չեն հրավիրվում: Այդ մասին ասաց նաև հենց Հենքոքը համերգի ժամանակ:

– Այո՛, Հենքոքն ասաց. «Ո՜ւր էր՝ հիսուն տարի առաջ այս համերգը տայի»:

– Դահլիճից մեկն էլ արձագանքեց, որ Հենքոքը միշտ երիտասարդ է…

– Դե՛, փոքր չէ, 74 տարեկան է, բայց էներգիան տեղն է: Ես հասկացա, թե ինչու են բոլոր քաղաքներում նրանք այդ ռեժիմով համերգ տալիս: Այստեղից նրանք միանգամից Իտալիա գնացին, հետո Լյուքսեմբուրգ պետք է գնային: Ամբողջ աշխարհով համերգներ են տալիս: Երևանից էլ, կարծում եմ, շատ գոհ գնացին:

– Հայերեն բառեր հասցրե՞լ էր սովորել:

– Օդանավակայանում հենց հանդիպեցինք, ասաց՝ ձմերուկ: Հարցրեցի՝ ո՞վ է սովորեցրել: Պատասխանեց. «Լոս Անջելեսի հայ ընկերներս, որոնք ասացին, որ հենց իջնես օդանավից, այդ բա՛ռն ասա»: Ես էլ ասացի, որ ես և մեր մյուս ջազմենները նվագում ենք «Մարդ-ձմերուկ» ստեղծագործությունը: Պարզվեց՝ ինքն էլ է նվագում:

herbi-1

– Ինչպիսի՞ տպավորություններով հեռացավ Հենքոքը: Ի՞նչն էր հատկապես դուր եկել նրան, և ի՞նչը դուր չէր եկել:

– Ոչ մի տհաճ դեպք չի եղել: Նա շատ բարձր գնահատեց մեր հանդիսատեսին: Կարծում եմ՝ նա երկար կհիշի երևանյան այցելությունը:

– Երկրորդ անգամ կգա՞ Հայաստան:

– Իհարկե, մենք շատ կուզենք, որ նա կրկին գա, բայց նրա ուղարկած պայմանները շատ ծանր էին: Մեծ դժվարությամբ կարողացանք ապահովել: Իսկ թե հաջորդ անգամ երբ կգա, Աստված գիտի:

– Ջազի համաշխարհային օրը նշվում է Հերբի Հենքոքի նախաձեռնությամբ: Ինչպե՞ս ստացվեց:

– Հենքոքը ՅՈՒՆԵՍԿՕ-ի դեսպանն է ամբողջ աշխարհում: Նրա առաջին առաջարկը եղավ այն, որ ապրիլի 30-ին նշվի ջազի միջազգային օրը: Հենց առաջին տարվանից այդ օրը նշվում է նաև Հայաստանում: Այդ առիթով Հենքոքն իր ստորագրությամբ շնորհակալական նամակ էր ուղարկել:

– Ի՞նչ տվեց Հենքոքի այցելությունը հայ ջազմեններին:

– Շատ մեծ երաժշտական լիցքավորում: Յուրաքանչյուր համաշխարհային աստղի այցելությունը շատ լուրջ հետք է թողնում մեր երաժիշտների վրա: Նրանք իրենց մենեջերների, պրոդյուսերների հետ են գալիս և ծանոթանում են մեր երաժիշտների հետ: Հետևաբար, եթե որևէ մեկը նրանց դուր գա, համագործակցության առաջարկ կանեն: Նույնիսկ իրենց հետ նույն բեմում հանդես գալը մեծ պատիվ ու խթան է մեր երաժիշտների համար:

herbi-6

Հենքոքյան նոթեր. ձմերուկ, թթօղի, մածուն և ջազ

Վահան Ստեփանյան


22:00, նոյեմբերի 19

Ա՜յ բալամ, թարգմանիչին էլ վերցրո՛ւ, արդեն մտնենք ներսԳալիս են,- հուզված Լևոն Մալխասյանը իմ ու թարգմանչի հետ արագ մտնում է օդանավակայանի VIP սրահ: Չմտած միանգամից մեր դիմաց է դուրս գալիս Հերբին` իր թիմի հետ:

Նկարի՛ր:

Կնկարեմ, ձյա՛ձ Մալխաս, թող մտնեն, տեղավորվեն, թղթերը լրացնեն:

Հերբին տեղավորվելուն պես զանգում է կնոջը, լրացնում թղթերը, նկարվում օդանավակայանի աշխատողների հետ, ծանոթանում Մալխասի հետ ու դուրս գալիս սպասասրահ:

22:25, նոյեմբերի 19

– Dz… dzmer… dzmerouk,- ասում է Հենքոքն ու նայում դիմացը կանգնած հայերի աչքերի մեջ:

Պարզվում է` Հերբին ամերիկաներում շատ հայ ընկերներ ունի, որոնցից մեկն ասել էր. «Հենց հասնես Հայաստան, կասես` ձմերուկ: Բոլորը կգնահատեն»: Բոլորը գնահատեցին, ուրախացան: Հերբին փորձեց իրեն շրջապատող մարդկանց անունները սովորել, Մալխասը փորձեց չկասկածել, որ Հերբիի հետ սուրճ է խմում, մնացածը փորձեցին լուսանկարվել երաժշտի հետ:

Ա՜յ բալամ, թարգմանի՛րԵս ինքնուս եմ: Իմ առաջին դասատուն Օսկար Պիտերսոնն էր, հետո էլ` ինքը:

Մալխասի ասածին ի պատասխան՝ Հերբին ժպտում է.

Նոր շատ վերևը համեմատեցիք շատ ներքևի հետ: Պիտերսոնն իմ ուսուցիչն էլ է եղել:

22:45, նոյեմբերի 19

Հերբիի հետ նույն մեքենայում հայտնվեցի, քանի որ թարգմանիչը մնացել էր օդանավակայանում` երաժիշտներից մեկի կորած ճամպրուկի հարցերը պարզելու:

How do you call the drink that Malkhas was drinking1?

– Mulberrie vodka2 ,- ասում եմ` մտաբերելով, որ նախքան Հենքոքի գալը Մալխասին «անմահական թթի օղի» հյուրասիրեցին:

– No, no, in your language3.

Թթի օղի:

Հերբին 10-րդ փորձից հետո կարողանում է արտասանել, վարորդը քթի տակ ծիծաղում է, ես էլ խորհուրդ եմ տալիս, որ այդ բառակապակցությամբ համերգը չսկսի, թե չե հանդիսատեսը սխալ կհասկանա: Խոստանում եմ հաջորդ օրն իրեն տալ թղթիկների վրա անգլերեն տառերով գրված հայերեն բառեր:

herbi-3

23:05, նոյեմբերի 19

Մոտենում ենք հյուրանոցին: Հենքոքի հեռախոսից լսվում են Տիգրանի Համասյանի նոր ալբոմի մի երգի առաջին ակորդները:

Ես գիտեմ` Դուք ինչ եք լսում,- առիթը բաց չեմ թողնում ես:

Այո՜, շատ հավանեցի:

Ամբողջ հայ ազգը Տիգրանից պակաս հպարտ չէր, երբ Օռլեանի ջազ փառատոնի ժամանակ նրան անվանեցիք Ձեր նոր ուսուցիչը:

Ժպտում է: Հասնում ենք հյուրանոց: Համոզվելով, որ խմբի հետ ամեն ինչ կարգին է, շնորհակալություն է հայտնում և գնում քնելու:

11:25, նոյեմբերի 20

Նախաճաշից ուշացե՞լ եմ: Իսկ կարո՞ղ եմ յոգուրտ ու կաթ պատվիրել իմ սենյակ:

Խոհանոցում, պարզվում է, յոգուրտ չկա: Որոշում ենք այն փոխարինել մածունով: Մածունը տալիս ասում եմ, որ սա «ազգային յոգուրտ» է: Համտես է անում ու զարմանում.

Շատ նման է իմ սիրած յոգուրտին:

14:15, նոյեմբերի 20

Soundcheck-ը սկսվում և աստիճանաբար վերածվում է փորձի: Փորձն էլ շատ սահուն վերածվում է նոր գործ գրելուն: Հանում են նոտայի տետրերը ու սկսում ստեղծագործել: Այդ ամենին հետևելիս այնպիսի զգացում եմ ապրում, կարծես հրաշքի եմ ականատես լինում. իմ աչքի առջև, իմ ներկայությամբ նոր ստեղծագործություն է ծնվում: Փորձը տևում է 4 ժամ: Ժամանակ չկորցնելու համար երաժիշտները հենց տեղում էլ ճաշում են:

18:50, նոյեմբերի 20

Համերգն ուր որ է պետք է սկսվի: Օպերայի բուֆետում հավաքվել է հայկական 75-ամյա ջազը, ավելի ճիշտ` նրա ներկայացուցիչները: Բոլորը: Ոգևորված խոսում են: Ով ներկա էր փորձին, հիացած պատմում է, ով ներկա չէր, նախանձում: Մալխասը հանկարծ իմանում է, որ Հերբին համերգից հետո չի կարողանա գնալ «Մալխասնոց», քանի որ հոգնած կլինի և պետք է հանգստանա: Մարտին Վարդազարյանն էլ, որ հատուկ բացման խոսք էր պատրաստել` համերգից առաջ հանդիսատեսին և հյուրերին դիմելու համար, հանկարծ պարզում է, որ չի կարողանալու դա անել, քանի որ մոռացել էին Հերբիի մենեջերին զգուշացնել այդ մասին:

19:40, նոյեմբերի 20

Համերգը: Այդպիսի համերգները բնութագրում չունեն: Այդպիսի համերգներից հետո ուղղակի գնում ես տուն ու երկար ժամանակ չես ուզում պառկել: Պառկելուց հետո էլ չես ուզում քնել: Քնելիս էլ ուզում ես նույն համերգը երազում տեսնել: Ի դեպ, համերգը որքան Հերբիինն էր, նույնքան էլ Վինսենթ Կոլայուտայինն էր, որը հարվածայիններ է նվագել ում հետ ասես` Զապայից մինչև Սթինգ:

22:50, նոյեմբերի 20

Երկրպագուները պաշարել են գրեթե բոլոր մեծ ու փոքր դռները: Բայց Հերբիի խումբը շրջահայաց է. շրջանցում ենք նրանց բոլոր հնարավոր «շուրջկալները»: Վերադառնում ենք հյուրանոց:

Իմիջիայլոց, դու մոռացար ինձ տալ թղթերը: Հայերեն բառերով:

Ամաչեցի փորձի ժամանակ մոտենալ: Հետո էլ հարմար չեղավ: Հիմա ավելի եմ ամաչում, որ չտվեցի,- փորձում եմ «տակից դուրս գալ»:

Լավ, գոնե հիմա տո՛ւր: Սովորեմ, գնամ, հայ ընկերներիս զարմացնեմ:

Մի թղթի վրա անգլատառ գրում եմ` բարև, շնորհակալություն, ո՞նց եք: Տալիս եմ իրեն: Բարձրանում ենք հյուրանոցի համար: Խնդրում եմ, որ իր անունը թողնի մի արած լուսանկարների վրա: Ստորագրում է, գրկախառնվում ենք, հաջողություն եմ մաղթում ու դուրս գալիս:

ՀԳ

Հերբիին օդանավակայան հասցնելուց առաջ Մալխասը հաջողեցրեց նրան մի քանի րոպեով տանել «Մալխասնոց»:

1 Ի՞նչ եք կոչում խմիչքը, որ խմում էր Մալխասը:

2 Թթի օղի:

3 Ո՛չ, ո՛չ, ձեր լեզվով:

4 «Tigran, amasing. Hi’s my teacher now» (USA, New Orleans Jazz & Heritage Festival, 2008).

 

Գրել կարծիք