#52 Սեբու. Հոլիվուդի 2-րդ ամենահաջողակ հայը` Թանկյանից հետո

#52 Սեբու. Հոլիվուդի 2-րդ ամենահաջողակ հայը` Թանկյանից հետո

Սեբուն պատմում է իր հայկական արմատների, համաշխարհային աստղերի հետ գործակցության մասին:

Sebuhtexekanq1

Capital Cities խումբը 2013թ. ապրիլի 25-ին, ինչպես հիմա են ասում, պայթեցրեց համացանցը` Safe And Sound երգով, ու շատ պոպուլյար դարձավ ամբողջ աշխարհում: Տեսահոլովակն ունի 146 միլիոնից ավելի դիտում: Սակայն խմբի պատմությունը սկսվում է շատ ավելի վաղ` 2008 թվականից: Այդ ժամանակ Սեբու Սիմոնյանն ու Ռայան Մերչանտը ծանոթանում են Craigslist կայքի միջոցով ու սկսում համագործակցել:

Առաջին երեք տարին նրանք երաժշտություն էին գրում գովազդների և զանազան ընկերությունների համար, և այդ հաջողակ 3 տարիներից հետո որոշում են ստեղծել խումբ: Ինդի-փոփ բնութագրվող ժանրում ստեղծագործող խմբի դեբյուտային ալբոմը` In a Tidal Wave of Mystery-ն, թողարկվեց 2013-ին: Համագործակցել են համաշխարհային աստղերի հետ (օրինակ` Քեթի Փերիի և Անդրե 3000-ի հետ, որը հայտնի է Outcast խմբից): Եվ ահա Սեբու Սիմոնյանը ժամանեց Երևան:

Սեբուն ծնվել է 1979թ., Սիրիայում, հայկական ընտանիքում: Ինքն իրեն, սակայն, սիրիահայ չի համարում, որովհետև իր ընտանիքը Լիբանանանից է, և քաղաքացիական պատերազմի պատճառով է տեղափոխվել Սիրիա: Սեբուի ծնվելուց որոշ ժամանակ անց ընտանիքը կրկին տեղափոխվել է Լիբանան, իսկ 1985-ին` ԱՄՆ, որտեղ և Սեբուն մեծացել է` ավարտելով Կալիֆոռնիայի համալսարանը:

ԱՄՆ-ում Սեբուն իր ընտանիքով ապրում է ներհամայնքային շատ ակտիվ կյանքով: 90-ականների վերջին Սիմոնյանը հայ համայնքում լույս տեսնող «Ասպարեզ» թերթի անգլալեզու բաժնի խմբագրությունում էր աշխատում:

Երաժշտական առաջին լուրջ քայլերը Սեբուն արել է 15 տարեկանում` ստեղծելով իր առաջին խումբը: 2004-ին կիթառահար և վոկալիստ Ռայան Ուելքերի հետ համագործակցության արդյունքում ստեղծվում է Aviatic ռոք-խումբը: Բայց, ինչպես ժամանակը ցույց տվեց, այս պահի դրությամբ Սեբուի ամենահաջողված համագործակցությունը Ռայան Մերչանտի հետ է: Հենց այդ համագործակցության մանրամասների, ժամանակակից երաժշտության և իր հայկական արմատների մասին ենք զրուցել Սեբուի հետ:

sebu

-Ի՞նչ ծրագրեր ունեիք մինչև խումբը ստեղծելը: Քրեյգզլիսթում ինչպե՞ս հանդիպեցիք Մերչանտին: Ի՞նչ փոխեց այդ հանդիպումը:

-Իմ ծրագիրը միշտ էլ նույնն է եղել. ստեղծել ավելի կենդանի երաժշտություն: Հանդիպման արդյունքում ձևավորվեց կոմպոզիտորների թիմ, որը երաժշտություն էր ստեղծում գովազդի համար: Մենք սկսեցինք մայրաքաղաքներից, և այս ընթացքում` մինչև Capitol Recordsի հետ պայմանագիր կնքելը, երաժշտական բազմաթիվ գործեր ենք թողարկել:



-Երբ աշխատում էիք Safe And Sound-ի վրա, գիտեի՞ք, որ այն միջազգային հիթ է դառնալու: Հաշվարկե՞լ էիք, թե՞ այդպես ստացվեց:

-Մենք մեծ հույսեր ունեինք:

-Ո՞ւմ եք համարում Ձեր հոգևոր ուսուցիչը, ո՞վ է ձեզ վրա ազդեցություն ունեցել:

-Pink Floyd-ը, Առնո Բաբաջանյանը, Depeche Mode-ը:

-Ի՞նչ եք պատրաստվում անել` Ձեր ոճն ու ուղին պահելու համար:

-Հավատարիմ մնալ իմ սրտին:

-Դուք ծնվել եք Սիրիայում, հայկական ընտանիքում: Հայկական երաժշտությունն օգնե՞լ է Ձեր կայացմանը:

-Այո, ես լսել եմ Կոմիտաս, Բաբաջանյան, Կանաչյան, Խաչատրյան, Մենաքյան ու Հակոբյան:

-Ձեր ժանրը նկարագրվում է որպես Indie-Pop: Դո՞ւք եք այն ընտրել:

-Ես այն կոչում եմ էլեկտրո-ֆանկ-ռոք-դանս:

-Դուք աշխատել եք Andre՛ 3000-ի ու Քեթի Փերիի հետ Prismatic World Tour-ում: Ո՞ւմ հետ էր ավելի հաճելի աշխատելը:

-Մենք Անդրեին էլեկտրոնային փոստով ուղարկեցինք “Farrah Fawcett Hair” երգը և խնդրեցինք գրել մի քառյակ: Նա գրեց և ուղարկեց: Նրա հետ հեռախոսով խոսեցինք ու շնորհակալություն հայտնեցինք: Հուսով եմ մի օր անձամբ կհանդիպենք: Քեթի Փերին մեզ հրավիրեց բացել իր տուրի առաջին փուլը: Տուրի առաջին օրը մենք մոտ 10 րոպե զրուցում էինք:

-Եվ այսպես` Դուք հրավիրված եք Երևան: Ինչպե՞ս եք գնահատում երաժշտության մակարդակն այստեղ, այլ կերպ ասած` երաժշտության ընկալման մակարդակը: Փոքրիկ երկիրը համաշխարհային շուկայում լավ ներկայացվելու հնարավորություն ունի՞:

-Աշխարհի լավագույն երաժշտության որոշ մասը գալիս է Հայաստանից:

-Ժամանակակից ո՞ր խումբն է ձեր մրցակիցը: Ո՞ւմ հետ եք ձեզ հավասար համարում, ո՞ւմ եք փորձում գերազանցել:

-Իմ սիրելի խմբերն են Royksopp-ը, AIR-ը, Underworld-ը և Big Data-ն:

-Ո՞րն է ժամանակակից հիթ ստեղծելու բանաձևը: 21-րդ դարի մարդն ուզո՞ւմ է լսել: Վերջին 15-20 տարվա ընթացքում ի՞նչ մեծ փոփոխություն է կատարվել երաժշտության մեջ:

-Բանաձև չկա, բայց լավ մեղեդին ու լիրիկան միշտ էլ օգտակար են:

Ի՞նչ կարծիքի եք Gangnam style-ի մասին: Երաժշտությո՞ւն է, թե՞ զուտ զվարճանք:

-Երաժշտություն է: Նաև զվարճանք:

-Ի՞նչ կանեք, եթե գիտակցեք, որ թրենդի մեջ չեք: Կփոխե՞ք Ձեր ժանրը, թե՞ կթողնեք երաժշտությունը:

-Գուցե ավելի շատ ժամանակ ծախսեմ այգեգործության վրա:

-Տիգրան Համասյանից բացի Հայաստանում տեսնո՞ւմ եք մեկ այլ պոտենցիալ միջազգային երաժշտական գործչի:

-Բամբիռ խումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը և Սոսե Քեշիշյանը, չնայած նա Լոս Անջելեսում է հիմնվել:

-Կա՞ն թեմաներ, որոնք Ձեր երգերում կամ տեսահոլովակներում չեք շոշափի:

-Կարծում եմ` չկան:

-Երբեմն չե՞ք զայրանում «Safe and Sound»-ի ժողովրդականությունից: Չկա՞ն այլ երգեր, որոնք ավելի մեծ ուշադրության են արժանի, մինչդեռ այս երգը զրկել է նրանց այդ պատվից:

-Ես ուրախ եմ “Safe and Sound.”-ի ժողովրդականության համար: Այժմ ես վայելում եմ «Patience gets us nowhere fast» երգը, բայց կարծում եմ այն “Safe and Sound.”-ի հաջողությունը չի ունենա:

 

Գրել կարծիք