Պոլիտբոսսերի պայքարն ինքնակազմակերպվող երիտասարդության դեմ

January 26, 2016

Վերջին տարիներին Հայաստանում ծավալվող քաղաքացիական ակտիվությունը, իսկ վերջին ամիսներին՝ գերակտիվությունը, շփոթության մեջ է գցում իշխանությանն ու ընդդիմությանը, ոստիկանությանն ու քաղքենիությանը, սոցիոլոգներին ու միմոսներին, հասարակական ու կուսակցական գործիչներին, սիրողական վերլուծաբաններին ու պրոֆեսիոնալ անբաններին: Բոլորիս աչքի առաջ տեղի է ունենում մի բան, որը դժվար է բացատրել սոսկ արեգակնային ժայթքումներով կամ Բժեզինսկու բզիկներով:
Հանրային ընդվզումի ինքնաբուխ (կամ արտաքուստ ինքնաբուխ) ալիքը սպառնում է վերածվել Հայոց համազգային ջրհեղեղի (ՀՀՋ), որը նորանոր, առավել անհաղթահարելի բարձունքներ է փնտրում ապացուցելու համար, որ դրանք միշտ էլ կարելի է տակովն անել. պարզապես ժամանակի հարց է:

Կուսակցական ավանդական դեմքերը` պոլիտբոսսերը, երկմտանքի մեջ են ու այդ պատճառով հակված են Հակահարյուրհիսունդրամական, Հակաքաղաքապետարանային, Հակաբարձրագնային ու #electric շարժումները վերագրել ինքնակազմակերպվող երիտասարդությանն ու հիանալ նրանցով (սա սպասողական վիճակը քողարկելու պրիմիտիվ մեթոդ է):

Կամ էլ հակված են պրոցեսները վերագրել իշխանությանը` իրենց անգործությունը կամ դեպքերին անմասն լինելն արդարացնելու համար: Հասարակագետները, քաղաքագետներն ու ազգագրագետներն էլ որևէ հոդաբաշխ կամ ռացիոնալ միտք չեն հայտնում, քանի որ վերջին քսանամյակում վարժվել էին ակտիվորեն վերլուծել կուսակցական ակտիվությունն ու ինտրիգները, բայց ոչ քաղաքացիական:
Կարկամել են նույնիսկ տաքսիստներն ու վարսավիրները, որոնք, ինչպես հայտնի է, սովորաբար իրենց միամիտ հաճախորդներից լավ գիտեն, թե իրականում ինչ է կատարվում երկրում:


Գնել Նալբանդյանի սյունակում կարդացեք նաև՝



Ահա ուրեմն ՀՀՋ ամենակործան ալիքը արտաքուստ անմեղ քաղաքացիների տեսքով ու բիբլիական ավանդապատումի անխուսափելիությամբ գրոհում է անձեռնհաս ղեկավարների կազմած կենաց ու մահու շղթան` տնտղելով այդ շղթայի ամենաթույլ կետերը, որոնք սովորաբար ի հայտ են գալիս հիմար որոշումների տեսքով:
Բանն այն է, որ այդ հիմար որոշումներն առաջիկայում ավելի ու ավելի շատ, ավելի ու ավելի հաճախ են ընդունվելու. չէ՞ որ առաջիկա 4 տարում քաղաքական որևէ պայքար որևէ իմաստ չունի տեխնիկապես: Այսինքն՝ ՀՀՋ-ն գրոհի նորանոր թիրախներ է նվեր ստանալու զգոնությունը կորցնող հակառակորդից: Սա նշանակում է, որ քաղաքական պայքարն իր տեղը զիջում է քաղաքային պայքարին, որի նրբությունները դեռ ոչ ոք չի ուսումնասիրել: