Գնել Նալբանդյան. Զգուշավոր փոքրամասնության և քաղաքական իմպոտենցիայի մասին

Գնել Նալբանդյան. Զգուշավոր փոքրամասնության և քաղաքական իմպոտենցիայի մասին

newmag-ի գլխավոր խմբագրի մտորումները մետաֆիզիկայի, դրան հաջորդող ֆիզիկայի ու ֆիզիոլոգիական երևույթների և խաբված անտեղյակների մասին:

Մետաֆիզիկայի որոշ նրբություններ անտեղյակների համար ընկալելի են դառնում անսպասելի: Գաղափարական պայծառացումից, քաղաքական հիասթափությունից, տնտեսական կոլապսից կամ անհագուրդ սեքսից հետո: Մետաֆիզիկան հաջորդում է ոչ միայն ֆիզիկային, այլև ֆիզիկականին և ֆիզիլոգիականին: Մետաֆիզիկան քչերի համար է: Պրոպագանդայից, պաշտոններից, ֆինանսներից ու սեռական անհավասար հարաբերություններից ազատ փոքրամասնության համար:

Քաղաքական մեծամասնությունը սեռական փոքրամասնությանը վստահաբար չի կարող տալ այն, ինչ ռասսայական մեծամասնությունը սովորաբար խոստանում է էթնիկ փոքրամասնությանը: Կառուցողական ընդդիմությունը գրպանի ընդդիմությունից տարբերվում է նրանով, որ հակաժողովրդական իշխանության հետ ժամանակավոր է «սիլիբիլի անում»:



Ոչ լեգիտիմ իշխանությունը անկիրթ հասարակությունից մեկուսացնում է ոչ թե նրանց, ովքեր դրա կարիքն իրոք ունեն, այլ նրանց, որոնց կարիքն ունի չկայացած հասարակությունը: Հանցավոր իշխանությունն անում է ճիշտ հակառակը. չկայացած հասարակությանը մշտապես մատակարարում է անկիրթ առաջնորդներ: Ինտելեկտուալ, բայց զգուշավոր փոքրամասնությունը չքավորական, բայց անհամբեր մեծամասնությանը չի հետաքրքրում զանգվածային սեքսի տեսանկյունից, բայց նյարդայնացնում է քաղաքական իմպոտենցիայի տեսանկյունից:

Գողական մեծասնությունը թատրոն, բալետ և ցուցահանդես հաճախելու փոխարեն սովորաբար հաճախում է գերեզմանոց, զուգարան և բանտ, որոնցում երկար ժամանակով «լռվում-մնում է» նրանց ձախողակ փոքրամասնությունը: Իշխանավորների մեծ մասը վաճառում է այն, ինչ ունի, փոքր մասը` ինչ չունի: Այն, ինչ չունի մեծամասնությունը, միշտ կապվում է փողի, խելքի և բախտի հետ:

Փոքրամասնության չունեցածը ժամանակն է, թեթևամտությունը և հասարակայնորեն ընկալելի նպատակը: Իսկ այդ նպատակը մետաֆիզիկայի պես բան է. խաբված անտեղյակների համար ընկալելի է դառնում վերջին պահին:

Գրել կարծիք