Աշխատավարձերը բարձր, հարկերը ցածր. ի՞նչ է առաջարկում Նիկոլ Փաշինյանը

September 10, 2018

Կառավարության ղեկավարն առաջարկում է՝ մինչև 250 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամտահարկը դարձնել 20 տոկոս, դրանից ավելի ստացողներին հարկել 25 տոկոսով: Երկրորդ տարբերակով առաջարկվում է բոլորի համար սահմանել 23 տոկոս եկամտահարկ՝ անկախ աշխատավարձի չափից: Դավիթ Անանյանը հակված է վարչապետի առաջարկած համահարթ հարկման տարբերակին: Այսինքն ունենալ այնպիսի համակարգ, որ բոլոր չափի աշխատավարձերի համար լինի 23 տոկոս եկամտային հարկ, շահութահարկի եւ դիվիդենտի հարկի հանրագումարը եւս լինի 23 տոկոս:
«Այս 23 տոկոսն էլ պետք է ժամանակի ընթացքում իջնի, բայց ինչ տեմպերով, տարեկան քանի տոկոսով, այս պահին չեմ կարող ասել: Այս 23 տոկոս սահմանը նպատակ ունի ստվերից բերել դեպի թափանցիկ դաշտ այն եկամուտները, որոնք դեռևս վճարվում են ծրարով», - ասում է Դավիթ Անանյանը:
Ինքնազբաղվածներ, ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտներ, արտոնագրային հարկի դաշտում գործողներ, շրջանառության հարկով հարկվողներ եւ հարկման ընդհանուր համակարգով հարկվողներ: Գործող հարկային օրենսգրքի 5 այլընտրանքային համակարգից կմնան երեքը:
«Այսինքն այս համակարգում գործողների հարկային բեռը առնվազն պետք է հավասար լինի ,եթե ոչ ավելի լինի հարկման ընդհանուր դաշտում գործողների հարկային բեռից»,- ասում է Դավիթ Անանյանը: 



Կարդացեք նաև.



Այս տարվա ութ ամիսների ընթացքում, միասնական գանձապետական հաշվին հարկ վճարողներից մուտքագրվել է 880 մլրդ. դրամ: Անցած տարվա 8 ամիսներին հավաքվել էր 759 մլրդ. 200մլն. դրամ: 2018-ի 8 ամիսներին անցած տարվա 8 ամիսների համեմատ աճը կազմել է 15.9 տոկոս: Դավիթ Անանյանի խոսքով՝ Հայաստանում կան ոլորտներ, որտեղ տարիներ շարունակ հարկեր չվճարելու ավանդույթ է ձևավորվել: Օրինակ՝ մշակույթի ոլորտում:
«Միակ մշակութային գործիչը, ով երբևէ հայտարարագիր է ներկայացրել՝  ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն է», - ասում է Դավիթ Անանյանը:
Տոնավաճառների առեւտրականները բողոքում են, որ ներմուծվող ապրանքների մաքսազերծման արժեքը կրկնակի աճել է: Դավիթ Անանյանը հայտնեց՝ մինչեվ «Նորֆոլկ»-ում չարաշահումներ հայտնաբերելը, Չինաստանից ներմուծվող բեռները մաքսազերծվում էին 2,55 դոլար կիլոգրամի դիմաց եւ 70 սենթ վճարվում էր «Նորֆոլկ» -ին ծառայությունների դիմաց: Անանյանի հաշվարկով՝ ընդհանուր բեռի գումարը կազմում էր 3,2 դոլար:
«Հիմա մենք ասում ենք, որ միայն հագուստեղենի եւ կոշկեղենի համար 3,25-ի փոխարեն պետք է վճարեք 3,75 դոլար, այն էլ ձեր ընտրությամբ է, իսկ մնացածի համար պետք է կատարվի ըստ տեսականու մաքսազերծում»- ասում է Դավիթ Անանյանը: 
Դավիթ Անանյանը հնարավոր համարեց, որ օրենքով գործող բեռնափոխադրողները որոշ չափով բարձրացրել են տեղափոխման սակագները:


Հետևեք newmag-ին  Telegram-ում և  Instagram-ում։