«Հայրս՝ այդ հսկան». ամեն անգամ Ազնավուրը գերազանցում է ինքն իրեն

Ամեն անգամ, երբ լսում եմ՝ newmag-ը Ազնավուրի հերթական գիրքն է թարգմանել, մտածում եմ, որ այս անգամվանը լինելու է Ազնավուրյան շարքի անգերազանցելին, սակայն ամիսներ են անցնում, լույս է տեսնում հերթականը և, կարդալով, հասկնում եմ՝ գլուխգործոցը սա էր։

Ժամանակակից գրականությունը սահմաններ չունի, ու էդ չունեցած սահմաններում դժվար է հեղինակից ակնկալիքներ ունենալ ընթերցելուց առաջ, որովհետև չգիտես՝ որքանով կարդարացվի։ Ազնավուրն ինձ համար եղել է սիրելի երգիչների լավագույն, եթե ոչ եռյակում, ապա գոնե՝ հնգյակում։ Հատկապես շանսոնյեի մահվանից հետո սկսեցի Ազնավուր լսել օրնիբուն՝ չհասկանալով, բայց վայելելով իր ֆրանսերենը։ 

Այդ ժամանակ կարդացի հեղինակի «Ազնավուրը Ազնավուրի մասին» գործը, որից հետո արդեն Newmag հրատարակչությունը սկսեց թարգմանությունների շարքը՝ «Կյանքից կառչած» ու  «Մեղմ շշուկով»,  «Վերջին դուռը»,  «Քանի դեռ սիրտս բաբախում է»,  «Հայրս՝ այդ հսկան»:  ԻՆձ համար Ազնավուր գրողը բացահայտում էր, հատկապես շատ էր դուր եկել «Մեղմ շշուկովը», հետո ՝ մնացածները, սակայն այդ գործերում Ազնավուրը գեղարվեստական վեպեր չի ներկայացնում, նա գրում է իր հոգու խոսքը, իր խոհերով է կիսվում մեզ հետ, ինչը բոլոր տեսակի ընթերցողների համար կարող է կյանքի մոտիվացիա հանդիսանալ, իսկ եթե ոչ՝ գոնե, երբ ուզում ես իմաստուն ու բարի «պապիկիդ» խոհերը լսել՝ կկարդաս Ազնավուր, կզրուցես նրա հետ իր իսկ գրքերով:

Այլ գործ է «Հայրս՝ այդ հսկան» գիրքը։ 16 նովելներ, որոնք գրական համ ու ճաշակ են թելադրում, որոնք ոչ մի թեմա բաց չեն թողնում՝ թեթև ու դյուրամարս լեզվով գրված․ հեշտ ընկալելի տեքստեր, որոնք խոհելու տեղիք են տալիս հենց կարդալուց հետո արդեն։ Այդտեղ անդրադարձ է կատարվում այնպիսի թեմաների, որոնք սովորաբար անընդունելի են մեզ համար, երբ մեր մաշկի վրա չենք զգում։

Սևամորթ թոռնիկի սպիտկամորթ պապի պատմությունը ռասիզմի հալչող սառույցի մասին է՝ գենետիկայի հզոր ճառագայթների ներքո, իսկ երեխայի ու ծաղրածուի պատմությունը հոգևոր մտերմությն մասին է, որն անտեսում է սոցիալական կաստաներն ու գենետիկ տարբերությունները։ Հետաքրքիր հակադրություն է, չէ։ Կա, իհարկե օրավարձուի մասին պատմություն, ով հանուն փողի վարձով է տալիս իր օրն ամենուր ու ամենքին՝ երբեմն անգամ անորոշության մեջ, չհասկնալով, թե ուր է տանում իրեն այդ օրավարձը։ Հայրերի ու որդիների հարաբերությունների լավագույն օրինակը «Հայրս՝ այդ հսկան» և «Արմեն Մեհմեդի պատմությունը»։

Նովելներն են, երբ Ազնավուրը նուրբ կերպով կշտամբում է մեր՝ որդիներիս անարդար ու անշնորհակալ պահվածքը հայրերի հանդեպ նրանց գոյության և ապարդյուն լալահառաչ ափսոփանքները՝ նրանց մահվանից հետո։ Հայրենիքի համար ըստ փաստաթղթի անպիտան, սակայն հոգով նվիրյալ զավակի պատմությունն է «Հանուն Ֆրանսիայի» նովելը, իսկ մարդկային եղկելի էության , բամբասկոտ բնույթի ու հոգևոր այլ արատների ամբողջականության ժխտումը «Ոմն մեկը» նովելի տողերում է հանդիպում։

Ազնավուրյան սարկաստիկ տողերով նկարագրում է միանգամյա նախագծերերում «աստղ» դարձող այն դեռահասներին, ովքեր հանուն փառքի զոհում են ամեն ինչ՝ անգամ հենց էդ փառքը, ներկայացնում է մարդկային քաղաքակրթության կործանման ու վերածնման իր վարկածն ու ցույց տալիս ատելությունից դեպի սեր ճանապարհը։Կրոնների միջև տարբերակում չդնելու, բայց աստվածավախ անհատականություն լինելու ազնավուրյան կերպարը պահմանված է նաև այս գրքում։

Ազնավուրը, գուցե, հանճարեղ գրող չէ, գուցե նա չունի Նոբելյան և Պուլիցերյան մրցանակներ, բայց նա գրում է հոգով, իսկ երբ վերցնում ես գրածը կարդալու՝ սկսում ես զրուցել հեղինակի հետ։