JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Վախեցեք հոգու խորքում նացիստ ստոմատոլոգից և խորապե

Վախեցեք հոգու խորքում նացիստ ստոմատոլոգից և խորապես սադիստ մասաժիստից

Վախեցեք էբոլայի վիրուսից, թթվածնային քաղցից, Հեզբոլլահի և կայծակի հարվածից, տիեզերքի սև խոռոչներից, զայրացած կնոջ վրեժից և տարերային մյուս աղետներից: Սիրե՛ք ձեր վախերը: Վախեցեք խրոնիկ հարբեցող տաքսիստից, մեծ արագությամբ ձեզ մոտեցող աղյուսից, բացահայտ նարցիստ դիետոլոգից, հոգու խորքում նացիստ ստոմատոլոգից և խորապես սադիստ մասաժիստից: Ճանաչե՛ք ձեր վախերը: Դրանց շնորհիվ եք դուք տարբերվում խխունջներից, ոստրեներից և մյուս անվախ անողնաշարավորներից: Վախենալով վախեցեք գաղտնի գործակալներից, որոնք սովորաբար բացահայտվում են իրենց մահից հարյուր տարի անց միայն:
Վախեցեք ուրիշների ճղճիմ երազանքներից, որոնք կարող են ձեզ հմայել-տանել իրենց հետևից: Վախեցեք և սարսափեք անտակտ մարդու ընկերակցությունից, անզուսպ մարդու ներկայությունից, ննջարանի պատուհանների բացակայությունից: Գրի առեք ձեր վախերը: Վախեցեք բառերից. դրանք ստեղծված են ձեզ թակարդը գցելու համար: Վախեցեք անպատեհ մտքերից. դրանք հաստատ ձերը չեն: Վախեցեք տկարամիտի հետ անիմաստ վիճելուց. նա պատրաստ է դրա համար տրամադրել իր ամբողջ երեկոն, և դուք առաջին անհասկացողը չեք նրա կյանքում: Վախեցեք սարսափ-ֆիլմերից. դրանք դիտեք երեկոյան ուշ ժամերին և կատարյալ միայնության մեջ: Ընկերացե՛ք սեփական վախի հետ. այն ձեր միակ անդավաճան ուղեկիցն է: Եթե տան լույսերն անջատվել են, մոմով լուռ սենյակով շրջելիս վախեցեք հայելու առաջ պատահաբար հայտնվելուց: Լիալուսնի ժամանակ գերեզմանոցում կեսգիշերից հետո աննպատակ մի՛ շրջեք` մահու չափ վախենալու է:
Վախեցեք օրը 3-4 անգամ` աղքատիկ նախաճաշից հետո, կուշտ ընթրիքից առաջ և սառը անկողին մտնելու պահին, երբ ստիպված եք անջատել լույսը և ետ չնայելով ցատկել մահճակալին, որպեսզի դրա տակից դուրս սողոսկող ոսկրոտ ձեռքերը չհասցնեն բռնել ձեր դողացող ոտքը: Վախեցեք վերմակի տակից մութ սենյակի առաստաղի սև անկյունի սարսափելի ստվերին նայելուց: Փակեք ձեր աչքերը: Եվ պատրաստվեք ավելի սարսափելի շարունակության: Այն կոչվում է կյանք:

Տարածել