ԱՐԻԶՈՆԱ. Երկիր, որը Տերը հարստացնում է

ԱՐԻԶՈՆԱ. Երկիր, որը Տերը հարստացնում է

newmag-ի խնդրանքով լրագրող Արմեն Սարգսյանը պարզել է, թե ինչպես է հնարավոր կարիճների և կոյոտների կենսատարածքը դարձնել ծաղկուն բնակավայր և քաղաքակրթական կենտրոն:

Օդանավը պտույտ է կատարում Սոնորայի անապատի վրա: Վերևից երևում է ուղիղ գծերով մի լուսավոր ցանց: Կենտրոնում երկնաքերներ են՝ շրջապատված Հեռավոր Արևմուտքին հատուկ միհարկանի տներով: Ֆինիքս. փյունիկ- քաղաք, որը գրեթե ամբողջ տարին վառվում է անապատի արևից, բայց նաև ընդլայնվում է բոլոր ուղղություններով: 1950 թվականին Ֆինիքսում հարյուր հազար մարդ էր ապրում: Ընդամենը 10 տարի անց քաղաքի բնակչությունը աճեց 300 տոկոս: Հիմա այստեղ մեկուկես միլիոն մարդ է ապրում:

Ինչպե՞ս Ֆինիքսը դարձավ ԱՄՆ 6-րդ քաղաքը մեծությամբ: Օդորակիչի շնորհիվ: 1960-ականներին, երբ տներում տեղադրվեցին առաջին մեխանիկական օդորակիչները, մարդիկ բառիս բուն իմաստով շունչ քաշեցին +45 աստիճան շոգից: Օդորակիչների շնորհիվ Ֆինիքսում հայտնվեցին նոր գործարարներ, հիմնվեցին կրթական հաստատություններ, կրճատվեց զինված բանդաների թիվը, կառուցվեցին ճանապարհներ ու ջրանցքներ: Այսպես կարիճների և կոյոտների կենսատարածքը դարձավ Արիզոնա նահանգի մայրաքաղաքը:

pic-22
Ֆինիքսի դեսպանները առաջարկում են շաբաթվա անվճար համերգների և մարզական միջոցառումների ծրագիրը Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի

 Ֆինիքսի կենտրոնում հատուկ համազգեստով, կապի միջոցներով և ջրի շշերով շրջում են դեսպանները: Այդպես են կոչվում քաղաքապետարանի աշխատակիցները, որոնք օգնում են բնակիչներին և այցելուներին: Եթե մոլորվել ես, ծարավ ես կամ էլ պարզապես ուզում ես իմանալ, թե քանի անգամ է Բրազիլիան աշխարհի չեմպիոն դարձել, դիմում ես Ֆինիքսի դեսպաններին։

Նրանց կարելի է դիմել միշտ. անձրև է գալիս՝ հարց չկա, անձրևանոց կտան, զրուցընկեր ես փնտրում՝ ոչ մի խնդիր, դեսպանը, հետդ խոսելով, կգա մինչև տուն, երեխային պետք է մի րոպեով նայել՝ հանգիստ մտի՛ր խանութ, դեսպանը կզբաղեցնի։

Հիմա քաղաքի այրերը (որոնք հիմնականում տիկնայք են) մտածում են, թե է՛լ ինչ անեն Ֆինքիսը գրավիչ դարձնելու համար։ 2020 թվականին Ֆինիքսը կդառնա ԱՄՆ 4-րդ քաղաքը։ Իշխանությունները ստեղծում են ջրավազանների ու ցայտաղբյուրների նոր, ընդլայնված ցանց։ Կառուցում են ջրանցքներ, որոնք հյուսիսի գետերն ուղղում են դեպի քաղաք: Անապատային բույսերի կողքին արդեն երևում են սաղարթավոր ծառեր։ Դրանք ավազուտներում լավ չեն աճում, այդ պատճառով էլ «դնում են» ծաղկամանների մեջ, ինչպես մենք ֆիկուսը՝ պատշգամբում։

pic-2
Լայնատերև մեսկիտների ու ակացիաների արհեստական պուրակ  | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Քաղաքի գործարար կենտրոնն աշխուժացնելու համար իշխանությունը որոշել է «երիտասարդացնել» այն: Արիզոնայի պետական համալսարանի լրագրության և հաղորդակցության «Ուոլթեր Քրոնքայթ» գերժամանակակից դպրոցը կառուցելուց հետո այստեղ են տեղափոխում իրավաբանական ֆակուլտետը և ուսանողական ավանները:          Երեկոյան լռությունը, դատարկությունն ու շոգը կոտրում են երիտասարդները: Շոգի պատճառով նրանք շատ թեթև են հագնվում, ու դա չպետք է ընդունել մարմինն ի ցույց դնելու և շրջապատին հրապուրելու նշան։

Տարեսկզբի առաջին ուղերձով համալսարանի նախագահը ոչ թե շնորհավորում է, այլ՝ ուշադրություն է հրավիրում սեռական ոտնձգության ներքին կանոնների և օրենսդրության վրա, հետո անցնում ընթացիկ հարցերին։ Հագուստի խանութներում մեզ ծանոթ բոլոր շորերի կիսատ ու կարճ տարբերակներն են միայն։ Ակադեմիկոսները, պրոֆեսորները, դասախոսները, պաշտոնյաները, ոստիկանները շրջում են կարճ շալավարներով: Շորտով ոստիկանները շատ անլուրջ են երևում, ու մի տեսակ չես հավատում, թե նրանց կողքից կախված ատրճանակն իսկական է: Բայց իզուր…

Այստեղ միջազգային ծրագրերի, գիտաժողովների և սեմինարների ժամանակ անընդհատ ջուր խմելը որպես հիշեցում մտնում է պաշտոնական օրակարգ: Պետք է հիշել նաև, որ ամենուրեք «թափված» սագուարո կակտուսը կտրելը պատժվում է 25 տարի ազատազրկմամբ, իսկ «Բարի Սամարացու և քաղաքացիական պատասխանատվության մասին» նահանգային օրենքը ազատում է պատժից, եթե անկեղծորեն ցանկացել ես մեկին օգնել, բայց հետո պարզվել է, որ վնասել ես:

Ինչևէ, Ֆինիքսը առաջվա նման «գրանցված է» անապատում, բայց շատ գունավոր ու պայծառ քաղաք է։ Այնպես որ բարի գալուստ Արիզոնա՝ երկիր, որն Աստված հարստացնում է, եթե հավատանք  նահանգային մեծ կնիքի կարգախոսին:

Փոս, որ երկու միլիարդ տարեկան է

Գրանդ կանյոնը՝ մայրամուտին Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
Գրանդ կանյոնը՝ մայրամուտին | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

«Արիզոնա» բառը քիչ է հանդիպում ցուցանակներին, մեքենայի համարանիշներին, գովազդային պաստառներին: Ավելի շատ Արիզոնան հայտնի է որպես Գրանդ կանյոնի նահանգ:

Եթե չոր գիտական եզրույթով նկարագրես, ապա Գրանդ կանյոնը Կոլորադո գետի ավազանն է՝ 446 կիլոմետր երկարությամբ և 1857 մետր խորությամբ: 1540 թվականին իսպանացի գաղութարար Ֆրանչեսկո Կորոնադոն իր խմբով հասնում է Գրանդ կանյոն:

Կիրճի մեջ գետ տեսնելով՝ Կորոնադոն վճռում է ներքև իջնել և ձիուն ջուր տալ: Նա ուղեկիցներին հրամայում է սպասել մի երեք ժամ: Գետ իջնելու և վերադառնալու զբոսանքը, սակայն, տևում է 3 օր:

Առաջին խորհուրդը, որ ստանում ես Գրանդ կանյոնում, հիմնված է գաղութարարի անհաջող փորձի վրա. ինչքան էլ իջնեք, հիշե՛ք, որ բարձրանալ կա:

Մնացածն արդեն ոչ թե խորհուրդներ են, այլ՝ զգուշացումներ. Ճանապա՛րհ տվեք վայրի ջորիներին, առնվազն 23 մետր հեռո՛ւ մնացեք կոնդորներից (արծվի տեսակ), սկյուռներին մի՛ կերակրեք, զգուշացե՛ք կայծակից, որն այստեղ խփում է տարեկան 27000 անգամ:

Ծիածանը Գրանդ կանյոնի վրա Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
Ծիածանը Գրանդ կանյոնի վրա | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Զարմանալի է, թե ինչպես են առանց այս խորհուրդների ապրել Գրանդ կանյոնի երբեմնի տերերը՝ հոփիները, նավահոները, հավասուփայները, վալափայները և հուլափայները: Այս կիրճը, որը հիմա պատված է տուրիստական զգուշացումներով, հուշանվերների խանութներով ու ռեստորաններով, ժամանակին եղել է արտասովոր քաղաքակրթության բնօրրան: Նրանք կապույտ եգիպտացորենից բլիթներ են թխել, եղջերվի բդից ապուխտ են պատրաստել, կերտել են մարդաբոյ տիկնիկներ՝ կուչինաներ, վարել արագընթաց նավակներ՝ կանոեներ: ԱՄՆ նախագահ Թեոդոր Ռուզվելտը 1903 թվականին այցելեց Գրանդ կանյոն: Այդ տարիներին տարածքը շահագործվում էր, ինչպես պատահի. հանքարդյունաբերություն, որսագողություն, հնագիտական իրերի ընդհատակյա բիզնես: Նախագահի նախաձեռնությամբ Գրանդ կանյոնը 1906 թվականին դարձավ հատուկ պահպանվող տարածք:

Լուսանկարիչների, վավերագրողների ու մշակութաբանների պայքարի շնորհիվ տարածքի շահագործումը և բնիկ ցեղերի ճնշումները կասեցվեցին: Բայց երկու միլիարդ տարեկան այս կարմիր կիրճը դեռ հրապուրում է մաքսանենգներին և հանքարդյունաբերողներին: 2001 թվականից մինչև 2011 թվականը բնապահպանների և բնիկ ամերիկացիների ջանքերով Գրանդ կանյոնի տարածքում փակվել է ավելի քան 2000 հանքավայր, որոնցից մի քանիսը՝ ուրանի:

Բնիկ ամերիկացին փչում է իր եղեգնափողը՝ հնդկացիական ֆլեյտան Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
Բնիկ ամերիկացին փչում է իր եղեգնափողը՝ հնդկացիական ֆլեյտան | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Ամենակարևորը՝ Գրանդ կանյոնն օրենքով արդեն պատկանում է իր երբեմնի տերերին: Հիմա զբոսաշրջության մեծ շահույթներից առավելագույն բաժին են ստանում բնիկ ամերիկյան ցեղերը:

Չնայած մեկ-երկու հյուրանոցներին, սրճարաններին ու հուշանվերների խանութներին՝ այստեղ չկա սպասված տուրիստական եռուզեռը. լուռ է ու հանգիստ։

Չկան բացօթյա սննդի կետեր, չի կարելի մի 20 դոլար տալ ու քեֆ անել Կոլորադոյի ափի «հանգստի գոտում», անհնար է քարերը հանել-տանել՝ տուն սարքելու համար, արգելված է բարձր երաժշտությունը, աղտոտելը։ Նվազագույնի են հասցված ծառայության բոլոր տեսակները. եթե կա պաղպաղակի մի կետ, երկրորդը մոտերքում այլևս չես գտնի. պետք է հերթ կանգնես։

Հազարավոր զբոսաշրջիկներ կան, բայց մեկ-մեկ այնպիսի լռություն է, որ կարող ես լսել ձորերում երգող թռչուններին, կիրճով թափառող մարդկանց ոտնաձայները և լուսանկարչական սարքերի չխկոցները։

Հոփի ցեղի կարպետները՝ տոհմական նախշերով Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
Հոփի ցեղի կարպետները՝ տոհմական նախշերով
Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Հուշանվերների խանութ-թանգարանում ես տեսա հոփի ցեղի արվեստի նմուշները, որոնք պարզ ու բարդ էին, ինչպես Կոլորադո գետի ոլորանները, և որոնց գները բարձր էին, ինչպես կանյոնի գագաթները։ Հուշանվերի վրա գրված է, թե ով է պատրաստել այն, և թե իրո՞ք վարպետը բնիկ ամերիկացի է։ Դրանով է որոշվում աշխատանքի արժեքն ու գինը:  Ինձ շատ դուր եկան կարպետներն ու ծածկոցները՝ մի քիչ խամրած գույներով, կանոնիկ երկրաչափական պատկերներով ու գծերով, որոնք սովորաբար իրար միանում են, բայց չեն շարունակվում։

Գրանդ կանյոնը նաև լուսանկարչական դպրոց է, միևնույն ժամանակ՝ ակադեմիա։ Այստեղ գործնականում և մի քանի րոպեում կարելի է ծանոթանալ ստվերին, գույնին, լույսին, համայնապատկերին, դետալներին: Գրանդ կանյոնը փառահեղ տեսարժան վայր է, բայց շատերի համար այն հայրենիք է եղել, որը հիմա և՛ կա, և՛ չկա։ Ժամանակին Գրանդ կանյոնն իր տերերն է ունեցել` բնիկ ամերիկյան ցեղերը, որոնք այստեղ ապրել են ավելի քան 3200 տարի: Մինչև այժմ պահպանված ամենամեծ ցեղը նավահոն է՝ 300000 բնակչությամբ: Ամբողջ նահանգի բնակչությունը 7 միլիոն է:

Ցեղ, որի արյունը 4 անգամ ավելի քաղցր է

Նավահոների պատմական հայրենիքը Արիզոնայի, Յուտայի և Նյու Մեքսիկոյի նահանգներն են, բայց հիմա նրանց տրված է 70000 կմ2 տարածք: Նավահոներն ունեն իրենց նախագահը, դատարանը, օրենսդիր մարմինը. պետություն են պետության մեջ: ԱՄՆ կոնգրեսի հետ կնքած պայմանագրով նավահոներն ունեն հարկային, մշակութային և վարչական արտոնություններ: Նրանց հողում գտնվող խանութներից «կրակի գին» ունեցող` 8-դոլարանոց ծխախոտը կարելի է գնել 5 դոլարով, 11-դոլարանոց թեքիլան՝ 7 դոլարով: Հարկային արտոնությունները հաշվի առնելով՝ նավահոներն ու այլ հնդկացիական ցեղեր խաղատներ են բացել իրենց հողերում, հուշանվերների արտադրություններ ունեն, կազմակերպում են ուղևորություններ, ակտիվ ժամանց: 15 նավահո ընտանիք տնօրինում է Հուշարձանների հովիտը` անձեռակերտ քարե կոթողների մի սարահարթ, որը կերտել են Կոլորադո գետն ու քամիները:

Հուշարձանների հովիտը. կենտրոնում «Փիղն» է. երկար նայելիս այն նմանեցնում են փղի պատկերի | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
Հուշարձանների հովիտը. կենտրոնում «Փիղն» է. երկար նայելիս այն նմանեցնում են փղի պատկերի | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի
Հուշարձանների հովիտը. ձախից «Տոտեմի սյունն» է, աջից՝ «Երեք քույրերը» | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի
Հուշարձանների հովիտը. ձախից «Տոտեմի սյունն» է, աջից՝ «Երեք քույրերը» | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի

Ամեն առավոտ ավանակների քարավանը Հուշարձանների հովտի կենտրոնի ռեստորան է հասցնում ջուր, ուտելիք և վառելափայտ, իսկ երեկոյան՝ դուրս բերում աղբը:

Էլէկտրականություն, հետևաբար նաև ժամանակակից քաղաքակրթություն չկա: Խստորեն պահպանվում է ամեն մի քարը, ծառն ու կարիճը:

Ցեղն ապրում է հնդկացիական վրաններում՝ հոգաններում, որտեղ լույսի աղբյուրը բազմանկյուն երդիկն է, ջեռուցումը՝ կրակը, սանհանգույցը՝ հոգանից ինչքան հնարավոր է հեռու գտնվող մայր բնությունը: Ինձ հյուրընկալեցին այն հոգանում, որտեղ ապրել էին «Փինք Ֆլոյդի» երաժիշտները:

Զգուշացրին, որ գիշերը այցի կգան վայրի կատուների կերպարանափոխված մարդիկ: Նրանք ուղղակի սիրում են քնածներին դիտել և նրանց երազները կառավարել…

Հոգանը՝  նավահոների կացարանը գիշերը՝ աստղերի ներքո | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի
Հոգանը՝  նավահոների կացարանը գիշերը՝ աստղերի ներքո | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի

Երազում ես գնեցի եղջերուի կաշվից կարված նրբագույն մոքասիններ՝ հնդկացիական տրեխներ: Առավոտյան` արևածագը դիմավորելիս, ինձ դրանք առաջարկեցին իրականում: Եվ «ամենալավ» գնով` 7500 դոլարով:

Հնդկացիական առօրյա պարագաներն ու հագուստը մեծ պահանջարկ ունեն, եթե պատրաստված են ցեղի ավանդույթներով ու տոհմի նշագրերով: Կալիֆոռնիական կոնդորի փետուրներից ճիշտ պատրաստված շրջազգեստը 100000 դոլար արժե:

Ինձ ծանոթ նավահո Դանիել Չին չի բացում առևտրական գաղտնիքը, բայց նշում է, որ Ֆորբսի ցուցակում կարելի է հանդիպել իր տասնյակ հաճախորդների: Պատվերը ստանալուց հետո Դանիելը նամակով դիմում է ԱՄՆ բնապահպանական տեսչություններին և արծիվ պատվիրում:

Հենց երկրի տարածքում իր մահով արծիվ է մեռնում, այն փաթեթավորում, ուղարկում են Դանիելին կամ ուրիշ վարպետի: Դանիելը մաշկազերծում է թռչունը, չորացնում գանգը, ողնաշարը, մշակում փետուրները և մոտ մեկուկես տարում դուրս բերում անվանական շրջազգեստը՝ իր տոհմին հատուկ նախշերով:

titer
Արբունքի հասած աղջկա կամ Թիթեռի պարը Հուշարձանների հովտում | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի

«Այն, ինչ տեսնում եք ֆիլմերում, բացարձակապես կապ չունի նավահոների կենցաղի ու արվեստի հետ»,- ասում է Դանիելը:

Ընդհանրապես ամերիկյան ֆիլմերի հնդկացիական ցեղերին նավահոները քամահրանքով ասում են «հոլիվուդյան ցեղ», որովհետև այն, ինչ անում են Հոլիվուդում, երևակայության արդյունք է ու քիչ կապ ունի իրականության հետ:

Չնայած սրան՝ նավահոները, հոփիները և մյուսները հաճույքով վարձով են տալիս իրենց հայրենիքը՝ ֆիլմեր նկարելու համար: Այդպիսիք արդեն հարյուրավոր են, հատկապես վեսթերնները:

Գրանդ կանյոնում, Հավասու լճում, Հուաչուկա ամրոցում, Հուշարձանների հովտում և այլ բնիկ ամերիկյան վայրերում ֆիլմ նկարելը մեծ գումար արժե: Ռեժսորները հիմնականում «մուծվում են» ցեղի առաջնորդներին: Հաճախ ավելի շատ, քան գլխավոր դերասանի հոնորարն է:

 

 

Նավահո Դանիելը պարում է երազներին կանչելու պարը՝ արծվի հանդերձանքով | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի
Նավահո Դանիելը պարում է երազներին կանչելու պարը՝ արծվի հանդերձանքով | Լուսանկարը՝ Դիանա Ալեքսանդրա Դենտի

Հնդկացիների վարդագույն ջիփերը պատրաստ են ընդամենը 60 դոլարով քեզ հետ սուրալ Գրանդ կանյոնով և Հուշարձանների հովտով | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Հնդկացիների վարդագույն ջիփերը պատրաստ են ընդամենը 60 դոլարով քեզ հետ սուրալ Գրանդ կանյոնով և

Հուշարձանների հովտով | Լուսանկարը՝ Արմեն Սարգսյանի

Ցեղի բյուջե մտած ամեն մի սենթ բոլորի սեփականությունն է: Օրենքով արյան մեջ 25 տոկոս նավահո գեն ունեցողը համարվում է ցեղի անդամ: Դա արվել է այն հաշվով, որ  4 պապերիցդ գոնե մեկը նավահո լինի: Եթե դա դժվար է որոշել, ապա արյան մի լրացուցիչ քննություն կարող է պարզել իրավիճակը: Նավահոների արյունը ունի շաքարի մեծ քանակություն՝ մոտավորապես 4 անգամ ավելի շատ, քան մեր՝ «սովորական» մարդկանց արյունն է: Այլ կեպ ասած՝ բոլոր նավահոները նաև դիաբետիկ են:

Եկվոր ամերիկացիների դեմ պայքարելուց և իրենց իրավունքների մի մասը վերանվաճելուց հետո բնիկ ամերիկացիներն այժմ պայքարում են միմյանց դեմ: Վեճերի հիմնական թեման հողն է, տարածքը: Ինչպես 1800-ական թվականների վայրի Արևմուտքում, այնպես էլ հիմա հողը փող է, ընդ որում չհարկվող փող: Իհարկե, պայքարի ձևերը մի քիչ փոխվել են. գանգամաշկը հանելու փոխարեն ցեղերը նահանգային դատարան են դիմում և պահանջում իրենց հասանելիքը հարևանից: Այս դեպքում՝ իրենց անկախ համարող, նախագահ և գերբ ունեցող բնիկ ամերիկացիները ճանաչում են Միացյալ Նահանգների իշխանությունը: Մնացած բոլոր դեպքերում եկվորներին ու  նրանց ժառանգներին համարում են գաղութարարներ:

Բնիկ ամերիկյան ցեղերի առաջնորդները 2014 թվականին հավաքվեցին Ալբուքերքի քաղաքում: Նրանց խորհուրդը որոշեց մասնակի համաներում կիրառել վերջին 400 տարում իրենց երկիրը անօրինականորեն հատած 220 միլիոն սպիտակ մարդկանց և նրանց հետնորդների նկատմամբ: Լակոտա ցեղի առաջնորդը նույնիսկ առաջարկեց բոլոր սպիտակ մարդկանց վտարել, հետ ուղարկել Եվրոպա: «Ինչո՞ւ նրանք հետ չգնան իրենց պապերի երկիրը: Նրանք մեզնից խլել են մեր ռեսուրսները, որովհետև ծուլացել են իրենց իսկ հողում զարգացնել իրենց հայրենիքը»,- նեղսրտել է լակոտաների առաջնորդ Իտե Օմագազուն «Դեյլի Քարնթ» թերթին տված հարցազրույցում: Վամպանոագ ցեղի առաջնորդ Վամսուտան էլ սպիտակ մարդկանց առաջարկել է դիմել բնիկ ամերիկյան ցեղերի իշխանություններին՝ օրինական կացության թույլտվություն ստանալու համար: Ընդ որում հնդկացի առաջնորդներն իրենց հողերում ապրողներին խորհուրդ են տվել թույլտվություն ստանալու համար հերթ կանգնել «մեքսիկացիներից հետո»:

Հայեր, որ… (անոնս)

Հերթի ո՞ր մասում կկանգնեն Արիզոնայի հայերը: Նրանք տարբեր հաշվարկներով 2500-8000 են: Արիզոնայի հայկական համայնքն այս հողի նման յուրահատուկ է: Հայերն արևի հովիտ են եկել դեռ 1800-ական թվականներին: Այստեղ են հիմնավորվել Մեխակյանները, Չաքմաքյանները, Ինջասուլյանները, Հոսեփյանները, Մելիքյանները, Շիրինյանները, Մանուկյանները և… Մորիսոնները: 1963 թվականի հոկտեմբերի 16-ին հայ համայնքը նահանգային իշխանություններին պաշտոնապես իրազեկել է Հայ առաքելական եկեղեցի հիմնելու մասին: Հետագայում կառուցվել են Սուրբ Աբգար եկեղեցին և հայկական մշակութային կենտրոնը: Նահանգի մեծ կնիքի վրա հատուկ նշում չկա այն մասին, որ այս երկիրը նաև հայերն են հարստացրել: Այսուամենայնիվ, առանց Արիզոնայի հայերի աղքատիկ կլիներ թե՛ մայրաքաղաք Ֆինիքսի գլխավոր փողոցը, թե՛ Տեմպի քաղաքի բալետի թատրոնը, թե՛ Արիզոնայի պետական համալսարանի հռչակը, թե՛ Սքոթսդեյլի Արևելյան Չոլա փողոցը: Մայրաքաղաքի ամենալավ վարսավիրը` հրեա Էդիկը, հենց առաջին օրը անվճար սպասարկեց ինձ և մեծ ակնածանքով ու երախտագիտությամբ պատմեց Ֆինիքսի, Արիզոնայի, Ամերիկայի ու աշխարհի ամենանշանավոր հայերից մեկի մասին:

(շարունակելի)

 

 

Գրել կարծիք