Սուր քրոնիկ ճակատագիր. Ապրել հեպատիտ C-ով

Սուր քրոնիկ ճակատագիր. Ապրել հեպատիտ C-ով

newmag-ը զրուցել է Քաջարանի հիվանդանոցում բժշկական անձնակազմի մեղքով հեպատիտ C-ով վարակված 3 անձանց հետ՝ պարզելու, թե ստացա՞ն արդյոք բուժում և փոխհատուցում:

2015-ի հունվարին մամուլում մեծ աղմուկ էր բարձրացել. Քաջարանում հեպատիտ C-ի արշավ էր: Ավելի ուշ պարզվեց, որ տարբեր մարդիկ տարբեր ժամանակներում վիրահատվել էին նույն հիվանդանոցում, և վարակը նրանց փոխանցվել էր հենց հիվանդանոցից: Առողջապահության նախարարության ստուգումը ցույց էր տվել, որ բժշկական գործիքները չէին ստերիլացվել, ինչպես հարկն է, և վիրուսը փոխանցվել է մի հիվանդից մյուսին:

Վարակվածները սկզբում 8-ն էին, հետո հեպատիտ C հայտնաբերեցին ևս 10 մարդու օրգանիզմում: Դեպքի առիթով հարուցվեց քրեական գործ հիվանդանոցի փոխտնօրենի և անեստեզիոլոգի դեմ: Հիվանդանոցի տնօրենը անհայտ ուղղությամբ հեռացել է երկրից: Բոլոր 18 հիվանդներն էլ ապրում են Քաջարանում, վարակվելուց հետո չեն փոխել բնակավայրը:

Մյասնիկ Ավագյան | 55 տարեկան


Մյասնիկ Ավագյանը ապրում է տանը ընտանիքի հետ, սակայն մեկուսացած իր սենյակում: Հարազատների համար այդ սենյակը նրա վարակվելուց հետո արգելված գոտի է. Մյասնիկը ոչ մեկին թույլ չի տալիս անգամ մոտենալ սենյակին: Նրա կինն ինձ ուղեկցեց մինչև դուռը, սակայն ներս չմտավ:

«Կարծեմ մայիսին էր: Գնացի Քաջարանի հիվանդանոց, որ կույրաղիքս վիրահատեմ: Շուտ էի նախատեսել, սակայն աշխատանքիս բերումով չէր ստացվում: Ես էլ անընդհատ ականջի հետև էի գցում, մինչև չկարողացա շարժվել: Վիրահատվեցի, լավ էի զգում ինձ արդեն, ամեն ինչ նորմալ էր, անցա իմ ամենօրյա աշխատանքին:

Քաջարանի պղնձամոլիբդենայինում ամբարձիչի մեքենավար էի: Մոտ 40 օր հետո իմացա, որ հիվանդ եմ, ու կյանքս գլխիվայր շուռ եկավ: Առանց այդ էլ շաքար ունեի, իսկ ով շաքար ունի, էդ դեղերը զոբ են առաջացնում, գումարած դրան` արյան կարմիր գնդիկներս էլ սկսել են մեռնել: Կյանքս դարձավ անիմաստ: Առանձնացել եմ մի սենյակում՝ չորս պատի մեջ:

newmag_prin55t64

Մինչև հիվանդանալս օրս հագեցած էր, վայրկյանս` հաշված: Առավոտյան հենց արթնանում էի, արդեն տնեցիները գիտեին ժամս, քաղցր սուրճը պատրաստ դրած էր: Խմում էի ու գնում աշխատանքի: Հետո գալիս էի տուն: Մի «Ժիգուլի» ունեմ. սկսում էի դրա վրա աշխատել: Կամ էլ իջնում էի հողամաս: Էդ պարտադիր էր. գործ լիներ-չլիներ, իջնում էի, մշակում էի, բերք էի հավաքում: Հիմա երևի հողամասի ճանապարհն էլ եմ մոռացել: Հիշում եմ ծառ ու ծաղիկս` ավելի եմ ընկճվում:

Թույլ եմ շատ, ոչ մի բան չեմ կարողանում անել ո՛չ տանը, ո՛չ դրսում: Թեթև աշխատանքին էլ չեմ դիմանում: Հիմա ոչինչ, մի քիչ կազդուրվել եմ սրսկումներից հետո: Առաջ ընկերներով շաբաթվա մեջ մեկ օր պարտադիր հավաքվում էինք, ուրախանում: Ասում էին` քեզ քեռի են ասում, ուրեմն դու էլ թամադան կլինես, ու միշտ ես էի թամադայություն անում: Բայց հիմա խուսափում են հետս շփվելուց: Մարդկանց ձեռքով բարևելուն կարոտել եմ: Մտածում են, թե կվարակվեն: Լավ, չգալը, չտեսնելը ինչ-որ կերպ հասկանալի են, սակայն չեն էլ զանգում: Առաջ բոլոր տեսակի հավաքների ամենացանկալի հյուրն էի: Հիմա գիտեն, որ խմել չի կարելի, ամեն ինչ ուտել չի կարելի, ոչ էլ կանչում են: Չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ որևէ ծնունդի, կնունքի կամ հարսանիքի եղել: Դուրս էլ չեմ գալիս. ամաչում եմ մարդկանց հայացքներից, արևից էլ վախենում եմ: Արևին էլ եմ կարոտ մնացել, բայց, դե՛, թուլանում եմ:

Ինչ լրիվ մեկուսացել եմ, շատ եմ մտածում ամեն ինչի մասին: Ահագին բան վերաարժևորել եմ մեջս, բայց միշտ նույն բանի մասին էի մտածում, հիմա էլ. շուտ առողջանամ` աղջկաս ուսման տամ: Տղերք էլ ունեմ, բայց, դե՛, նրանց հարցով հանգիստ եմ. գիտեմ, որ առանց ինձ էլ իրենց գլխի ճարը կտեսնեն: Բայց ուզում եմ, որ աղջիկս սովորի, իր տեղը կյանքում գտնի: Աստծուց ընդամենը հինգ տարվա կյանք եմ եմ խնդրում: Շատ եմ ցանկացել ինքնասպան լինել, բայց ամեն անգամ, հենց փորձում էի, աղջկաս պատկերն էր գալիս աչքիս առաջ, ու հետ էի կանգնում: Հիմա շատ անորոշ վիճակի մեջ եմ. ո՛չ մեռնողների մեջ եմ, ո՛չ ապրողների:

Չնայած բժիշկներն ասում են, որ հույս կա, 50 տոկոս է, որ կբուժվեմ: Իմ խնդիրներն ուղղակի մի քիչ շատ են. զոբ ունեմ, արյանս հետ կապված հարցեր կան: Երբ ասացին, որ հույս կա, ուժ ստացա, որոշեցի նորից աշխատել: Գործարանում դեմ չեն: Մնաց, որ առողջությունս դիմանա: Գիտե՞ս՝ ինչքան հաճելի է, երբ գիտակցում ես, որ տնից դուրս ես գալիս, բայց ոչ հիվանդանոց գնալու նպատակով»:

Ռենիկ Զաքարյան | 52 տարեկան


Արցախյան պատերազմի մասնակից է Ռենիկ Զաքարյանը կամ Ռենոն: Ապրում է Քաջարանի ամենամարդաշատ ու միշտ աղմկոտ թաղամասում: Տանը մնալ չի սիրում, համարյա միշտ շենքի բակում է, բայց ո՛չ նարդի է խաղում, ո՛չ էլ քաղաքական վեճերի մեջ մտնում: Նստարանին նստած՝ ծխում է: Միայնակ: Հարևանները ձեռքով չեն բարևում, երկար չեն զրուցում, անծանոթներին էլ զգուշացնում են` վիրուսակիր է, հեռու կկանգնեք:

«Քթիս միջնապատն էր ծուռ, լավ չէի կարողանում շնչել: Սեպտեմբերի 18-ին վիրահատվեցի: Նորմալ էր ամեն ինչ, վերադարձա աշխատանքիս: Պղնձամոլիբդենայինում փականագործ եմ: Հոկտեմբերին դեռ նորմալ էր ամեն ինչ, բայց նոյեմբերից արդեն լավ չէի: Թույլ էի, հոգնում էի շատ շուտ: Մի օր` ընդմիջման ժամին, թթու կերա ու ամբողջ գիշեր չկարողացա քնել: Առավոտյան վեր կացա, որ գնամ աշխատանքի, զգացի, որ ի վիճակի չեմ. դժվարությամբ էի շարժվում: Շտապ օգնությունը եկավ, բժիշկը խորհուրդ տվեց, որ ստուգվեմ: Ու պարզվեց այն, ինչ պարզվեց: Կապանի հիվանդանոցում պառկեցի:

Սկզբում երկու հոգի էինք, հետո հիվանդները շատացան: Առավել ծանր էր մեր յոթի վիճակը: Մեր կոմբինատը օգնեց, որ բուժում ստանանք Երևանում: Բայց իմ վրա ամենածանրը նստեց: Ութ տարի առաջ կնոջս կորցրել էի. ոտքի վրա գոյացած չարորակ ուռուցքից էր մահացել: Մոտ հինգ տարի մենակ էի ապրում, աղջիկներս բոլորն էլ ամուսնացել են: Որոշեցի կյանքս նորից դասավորել: Մի կնոջ հետ էի ծանոթացել: Համարյա ամուսնացած էինք, միայն պաշտոնական պահն էր մնացել: Մոսկվայից էր, մի քանի անգամ եկել էր Հայաստան. աղջկաս հարսանիքին էլ մասնակցեց: Պայմանավորվել էինք, որ թոռնիկիս ծնվելուց հետո պետք է գնամ Մոսկվա, և այնտեղ էլ ապրենք: Հիմա բժիշկները խորհուրդ չեն տալիս օդանավ նստել, առավել ևս ապրել Մոսկվայում` եղանակի պատճառով: Ու աստիճանաբար կապը կտրվեց, հարաբերությունները սառեցին: Հեպատիտն ընտանիքս քանդեց:

newmag_print6664

Կնոջս մահից հետո հիվանդությունս դարձավ փաստացի կողակիցս: Կյանքումս ամեն ինչ փոխվեց՝ սկսած ուտելիքից: Ամեն ինչ՝ դիետայով. ինչ սիրում եմ, չի կարելի ուտել: Դե՛, աշխատանքիս մասին էլ չեմ խոսում: Կոմբինատի լավագույն փականագործն էի, հիմա մոտ էլ չեմ կարող գնալ աշխատանքիս. ֆիզիկական հնարավորություններս չեն ներում: Զրկվեցի թե՛ առողջությունիցս, թե՛ աշխատանքիցս: Բայց, մեկ է, ամենամեծ կորուստը Մոսկվայի կինն էր: Համացանցով էի ծանոթացել: Ինքը չի կարող գալ. որդին նոր է վերադարձել ծառայությունից: Չգիտեմ, գուցե մի քանի տարի հետո լավ լինի. կա՛մ կշարունակեմ, կա՛մ էլ… Չգիտեմ, թշնամուս էլ չեմ ցանկանա էս վատությունը: Ինձ արեցին, թող ուրիշին չանեն: Թե հիմա մեղավորներն ովքեր են, ու ովքեր կպատժվեն, չի հետաքրքրում: Կյանք էլ չի մնացել ապրելու:

Գիտե՞ք՝ ինչին եմ կարոտել. գործարանի ծխի հոտին, ձեռքերիս կոշտուկներին եմ կարոտել: Ախր հիմա չկա մի բան, որը կստիպի՝ տղամարդ զգամ ինձ: Մեծ շրջապատ ունեի, շատ մեծ. քաղաքում բոլորն էլ ճանաչում էին: Ամեն օր՝ աշխատանքից հետո, տղաների հետ կա՛մ նարդի էինք խաղում, կա՛մ զրուցում, կա՛մ էլ հավաքվում, քեֆ էինք անում: Ամեն օր հերթով բոլոր երեխաներիս այցելում էի: Էդ ամեն ինչից հիմա մնացել են միայն շատ հազվադեպ այցեր: Ընկերներ չկան, չեն մնացել: Վախենում են անգամ հեռվից բարևել: Կան մարդիկ, որ նորմալ են վերաբերվում, բայց մեծ մասամբ` ոչ: Իրենց էլ չես կարող մեղադրել. շատ բան չգիտեն: Հիմա գոնե մի քիչ փոխվել է վիճակը. ինչ բուժումս սկսել եմ, գոնե մի քիչ շփում կա: Բայց մեկուսացել եմ մարդկանցից: Հաճախ երեխաներիցս թաքուն գնում եմ կնոջս գերեզմանին ու լաց լինում»:

Խաչատուր Մարության | 29 տարեկան


Խաչատուրն ամենաերիտասարդ վարակվածն է: Յոթ ամիս առաջ ծնվել է առաջնեկը՝ Միքայելը, որին սպասել են չորս տարի: Սեփական ուժերով տուն է կառուցում, ապրում է կնոջ ու զավակի հետ: Հեպատիտով վարակվելու մասին իմացել է երեխայի ծննդից մեկ ամիս անց:

«Քթով ընդհանրապես չէի կարողանում շնչել: Բժշկին էլ շատ էին գովում. որոշեցի վիրահատվել: Գոհ էի. արդեն նորմալ շնչում էի: Հետո Ռենոն հարցրեց, թե ոնց եմ ինձ զգում, ու խորհուրդ հարցրեց, որ ինքն էլ վիրահատվի: Իմ խորհրդով ինքն էլ վիրահատվեց: Ու նա էլ վարակվեց: Հիմա Ռենոյի վիճակի համար մենակ ինձ եմ մեղադրում: Մայիսի 14-ին վիրահատվեցի: Որոշ ժամանակ անց տեսա` Ռենոն չի եկել աշխատանքի, հարցրեցի մեխանիկին, թե ինչ է պատահել: Ասաց, որ վատ է զգացել իրեն: Մինչև այդ արդեն ինձ մոտ էլ նկատելի էին ախտանշանները. անընդհատ հոգնում էի, թույլ էի զգում, մտածում էի, որ գերհոգնածությունից կարող է լինել: Զանգեցի Ռենոյին, ասաց, որ հեպատիտ են հայտնաբերել, ինձ էլ խոհուրդ տվեց, որ ստուգվեմ: Անալիզ հանձնեցի, տեսա, որ ես էլ եմ վարակվել:

Առաջ ֆիզիկապես ոչնչից չեմ նեղվել: Իմ ձեռքով տուն էի կառուցում, կիսատ մնաց: 50-կիլոգրամանոց պարկը մենակ մինչև չորրորդ հարկ բարձրացնում էի, հիմա տեղից էլ չեմ կարող պոկել: Մի ծառ եմ կտրում, նստում, հինգ րոպե ծխում եմ, հետո սկսում եմ ճյուղերը կտրատել, էլի նույն պատմությունը: Շնչառությունս չի հերիքում: Վերջին երկու շաբաթվա ընթացքում մի քիչ փոփոխություն եմ զգում սրսկումներից հետո: Առաջ հիվանդանոցից գալիս էի ու մի 3-4 օր անկողնուց չէի կարողանում դուրս գալ: Ամեն շաբաթ գնում ենք Երևան, էդ ճանապարհից էլ ենք արդեն հոգնել. դե՛, 700 կիլոմետրը քիչ չէ: Ամեն հինգերորդ օրը Ռենոն հիշեցնում է, որ հաջորդ օրը պետք է գնանք: Ասում եմ` Ռենո՛, մի՛ զանգիր, էլ չեմ կարողանում: Ինձ քիչ է մնացել. 3 ասեղ էլ կսրսկվեմ, ու վերջ: Բայց Ռենոն մինչև 48 ասեղ պետք է սրսկվի:

newmag_print64

Մինչև հիվանդանալս օրս ուրախ էր, ազատ ժամանակ չունեի, բայց ոչ մի բանի մասին չէի մտածում: Աշխատանքից գալիս էի ու տունս շինում: Երկրաշարժից տան հետևի պատն ամբողջովին քանդվեց, նորից շարեցի. առաջին անգամ էի պատ շարում: Բայց հիվանդանալուց հետո թևաթափ եղա: Ո՛չ առողջական վիճակս է ներում, ո՛չ էլ ֆինանսական: Չնայած, եթե ֆինանսականն էլ ներեր, ոչինչ անել չէի կարող: Բարեկամներս են օգնում, որ մի փոքր գործ անենք տանը: Եղբայրներիս եմ ասում, որ գան, տան գործերում օգնեն: Նախկինում ես էի գնում բոլորի մոտ, բոլորին օգնում: Ինչքան զոդման գործ եղել է բարեկամներիս տանը, ամբողջը ես եմ արել: Կոմբինատում հենց զոդող եմ աշխատում: Բայց, դե՛, սիրածս աշխատանքից էլ զրկվեցի: Յոթի մեջ միայն ինձ է արգելված նախկին աշխատանքին վերադառնալ: Զոդման ծուխը շատ վնաս է, չի կարելի: Շուտով ձմեռ է գալու, պետք է ձյան ու ցեխի մեջ պառկենք, որ զոդենք, բայց, դե՛, բուժումից հետո չի կարելի:

Միակ հանգստությունս հիմա որդիս է: Հոգնել եմ մարդկանց բացատրելուց, որ բարևելուց չեն վարակվում, հոգնել եմ խուսափողական հայացքներից: Ում հարցնում ես` սուրճ կխմե՞ս, պատասխանը` ո՛չ: Բայց, դե՛, գիտեմ, որ սուրճի հետ սեր ունեն: 30 հոգի միայն մեր սեկցիայում են աշխատում կոմբինատում. ոչ մեկը չի զանգել այսքան ժամանակ: Արդեն այնաստիճան էի մեկուսացել, որ կնոջս ու երեխայիս ուղարկել էի զոքանչիս տուն, որ ես մենակ մնամ: Ինքս էլ չգիտեմ, թե ինչու, ուղղակի ուզում էի մենակ մնալ: Լինում են պահեր, որ մի քանի վայրկյան կտրվում եմ աշխարհից: Իբր հեռուստացույց եմ նայում, բայց դա էլ չեմ կարողանում. մտքերի մեջ եմ»:

Գրել կարծիք