Newmag-ը հայերեն է հրատարակել խաղաղաշինության ոլորտի ամերիկահայ մասնագետ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գիրքը (թրեյլեր)
04/08/2026
Օրեր առաջ Հրայր Պալեանը ժամանաել է Հայաստան՝ գրքի շնորհանդեսի ու գրքարշավի նպատակով։ Երեսուն տարվա բանակցություններ, բաց թողնված հնարավորություններ․ սա հայերեն առաջին գիրքն է, որը համակարգված վերլուծում է 1988–2025 թվականների հայ-ադրբեջանական բանակցային գործընթացը։
Իրավագիտության դոկտոր Հրայր Պալեանը իր «Անավարտ խաղաղություն․ Ղարաբաղյան հակամարտությունն ու բաց թողնված հնարավորությունները» աշխատությունում ներկայացված են ավելի քան երեք տասնամյակ տևած բանակցությունները, միջնորդական նախաձեռնությունները և դրանց ձախողումները։ հեղինակն այդ ամենը գրի է առել փաստաթղթերի, բաց աղբյուրների և բացառիկ հարցազրույցների հիման վրա։ Պալեանը նաև զրուցել է ՀՀ նախկին նախագահների, արտգործնախարարների, ավագ խորհրդականների, ինչպես նաև միջազգային միջնորդների ու գործընթացին ներգրավված այլ դերակատարների հետ։
«Անավարտ խաղաղություն» գրքում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկներն ու դրանց շուրջ ձևավորված քաղաքական դիրքորոշումները։ Պալեանը ներկայացնում է նաև ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի զուգահեռ նախաձեռնությունները՝ ցույց տալով, թե ինչպես են ձևավորվել կողմերի շարժառիթները և ինչ դեր են ունեցել արտաքին ուժերը։
Ըստ հեղինակի, բանակցային գործընթացում եղել են սկզբունքային բացթողումներ։ Նրա ձևակերպմամբ՝ կարևորագույն խնդիրներից մեկը եղել է հենց բանակցողների մակարդակում։ Գրքում անդրադարձ կա նաև տարբեր փուլերում քննարկված լուծումների՝ «փուլ առ փուլ» և «փաթեթային» տարբերակներին, ինչպես նաև 1997 թվականին ներկայացված առաջարկներին, որոնք, ըստ հեղինակի, կարող էին փոխել գործընթացի ընթացքը։
Պալեանը նաև ներկայացնում է համաձայնագրային այն սահմանափակումները, որոնք, ըստ նրա, էապես ազդել են Հայաստանի գործողությունների վրա Արցախի հարցում։ Այս դիտարկումները կառուցված են փաստական հիմքի վրա և ուղեկցվում են գործընթացի մասնակիցների վկայություններով։
«Անավարտ խաղաղությունը» ոչ միայն անցած ճանապարհի վերլուծություն է, այլ նաև փորձ՝ հասկանալու, թե ինչու չհաջողվեց հասնել կայուն լուծման։ Գիրքը ձևակերպում է բանակցային գործընթացից քաղված դասերը և առանձնացնում ձախողման հիմնական պատճառները՝ առանց հռետորաբանության և գնահատողական ավելորդ շեշտադրումների։
Հրայր Պալեանը ամերիկահայ մասնագետ է, որը 1990-ականներից աշխատել է միջազգային կառույցներում՝ ներառյալ ՄԱԿ-ը և ԵԱՀԿ-ն։ Նա զբաղեցրել է ղեկավար պաշտոններ նաև International Crisis Group-ում և Carter Center-ում, աշխատել տարբեր տարածաշրջաններում՝ Բալկաններից մինչև Մերձավոր Արևելք և Աֆրիկա։ Դասավանդել է Էմորի համալսարանում և Ջորջիա Թեքում։
«Անավարտ խաղաղությունը» անգլերենից թարգմանել, խմբագրել է Կարեն Հարությունյանը։
Գրքի գլխավոր գործընկերներ՝ Գալուստ Կիւլպէնկեան հիմնարկության Հայկական համայնքների բաժին, «Անի եւ Նարոդ հիշատակի հիմնադրամ»։ Հրայր Պալեանի «Անավարտ խաղաղություն» գրքի շնորհանդեսը Newmag֊ը ներկայացնում է ՀԲԸՄ Հայաստանի հետ։ (հասցե՝ Մելիք Ադամյան 2/2)։
Մեկշաբաթյա գրքարշավին նախատեսված են նաև հանդիպումներ և դասախոսություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում և Երևանի պետական համալսարանում։ Պալեանը նաև հարցազրույցներ է ունենում հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում՝ ներկայացնելով գրքի հիմնական թեզերն ու իր դիտարկումները բանակցային գործընթացի վերաբերյալ։
Կարդա նաև
«Մի՛ վախեցիր»-ը՝ 20 տարի անց. գրքի և ֆիլմի քննարկում ստեղծագործական թիմի հետ (լուսանկարներ)
Գոնկուր Հայաստանի 2025-ի հաղթողը լիբանանցի գրող Շարիֆ Մաժդալանիի «Անուններն արքաների» վեպը (լուսանկարներ)
Newmag-ը Արմենիայի եթերում ներկայացրել է «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկար» հուշագրությունը (տեսանյութ)
Newmag-ը ներկայացնում է անկախ Հայաստանի ամենահայտնի ֆիլմերից մեկի մոտիվներով գրված գիրքը՝ «Մի՛ վախեցիր» (թրեյլեր)