Գլխավոր Լուրեր

Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ

Գրքատվություն #15 /«Ֆլեշ» ընկերության աջակցությամբ 500 գիրք է նվիրել Ստեփանավանի քաղաքային գրադարանին

04/10/2026

newmag-y-n

Newmag հրատարակչությունը շարունակում է աննախադեպ ծրագիրը։ Book donation նախաձեռնության շնորհիվ Ստեփանավանի քաղաքային գրադարանը նույնպես համալրվեց 500 նոր ու ժամանակակից գրքերով։ Այս անգամ ծրագրին միացել է «Ֆլեշ» ընկերությունը։

Գրադարանի ֆոնդը չի համալրվել 1988-ից։ Գրադարանն ունի 2800 բաժանորդ, 87.000 կտոր գիրք։ 

Գրադարանի տնօրենը Սոֆյա Դունիամալյանը գրադարանը ղեկավարում է 1982 թվականից. «Ունենք շատ խելացի ընթերցողներ։ Մեզ համար կարևոր են հայեցի դաստիարակությունն ու երիտասարդներին ընթերցասեր դարձնելը, ու այդ համար շատ կարևոր է գրքերի համալրումը։ Երախտապարտ ենք Newmag-ին ու Ֆլեշ ընկերությանը, որ այսօր մեր ֆոնդը համալրեցին նոր ու ժամանակակից գրականությամբ»։

Հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը ներկայացրեց այն 500 գրքերը, որոնք հրատարակչությունը նվիրաբերել է Ստեփանավանի գրադարանին. «Մանկական, մոտիվացիոն, պատմագիտական, քաղաքագիտական, գեղարվեստական ու կենսագրական գրքեր, որպեսզի մարզային ընթերցողները կարդան միջազգային ստանդարտներին համապատասխան գեղեցիկ, լավ ձևավորված, ժամանակակից համաշխարհային ու հայ հեղինակների գործեր։

«Մենք բերել ենք լավ, հետաքրքիր բովանդակությամբ գրքեր, որոնք հաճելի է նաև թերթել, ձեռքի մեջ պահել։ Շատ կարևոր է, որ, գրքի կազմը լինի գեղեցիկ, տառատեսակը՝ ընթեռնելի, որպեսզի երիտաարդությունը կապվի այս գրքերի հետ»։

Ֆլեշ ընկերության թվային մարկետինգի ղեկավար Դանիել Շահումյանը ներկայացրեց, թե ինչու է ընկերությունը միացել այս նախաձեռնությանն ու աջակցել Ստեփանավանի գրադարանի համալրմանը. 

«Ուրախ եմ, որ մեր ջանքերը միավորում ենք հայրենանվեր գործի համար։ «ֆլեշը» վառելիք ներմուծող ու վաճառող ազգային ընկերություն է, որը հայկական շուկայում է արդեն 30 տարի։ Որպես մեծ ընկերություն, մեզ համար կարևոր են արժեքները, որոնք կնպաստեն հասարակության դինամիկ զարգացմանը, և այդ կարևոր արժեքներից մեկը կրթությունն է։ Մենք այս տարիներին ֆինանսավորել ենք տարբեր կրթական նախաձեռնություններ, կրթաթոշակներ, եղել ենք կրթական առաքելություն ունեցող նախաձեռնությունների կողքին։ 

Այսօր էլ Newmag-ի հետ ենք իրականացնում այս նվիրատվությունը։ Հրատարակչությունը հայաֆիկացնում է ժամանակակից համաշխարհային գրականություն՝ հնարավորություն տալով հայ ընթերցողին ձևավորել ժամանակակից մտածողություն։ Ֆլեշը միշտ նեցուկ է այն նախաձեռնություններին, որոնք օգնում են ուժեղ ու ժամանակակից հասարակության ու պետություն ունենալ»։

Հրատարակչության ղեկավար Արտակ Ալեքսանյան հույս հայտնեց, որ բոլոր գրքերը կհասնեն ընթերցողներին նվիրված գրադարանավարների շնորհիվ. «Այս նվիրատվությունը կլինի անօգուտ, եթե գրադարանավարները չկարողանան դրանք հասցնել ընթերցողներին։ 

Մենք էլի գրքեր կբերենք ձեր գրադարանին, եթե տեսնենք, որ գրքերը հասնում են ընթերցողներին, գրքային ակումբ կա, ակտիվ եք։ Մենք օգնում ենք բոլոր նրանց, ովքեր սիրում են գրքերը, ինչպես մենք։ Ուրախ ենք նաև, որ այս գրադարանի ֆոնդն առաջինը համալրում է Newmag-ը»։

Newmag հրատարկչությունը գրքի նվիրատվություն է անում արդեն 15-րդ անգամ։ Հրատարակչությունն իր գործընկերների հետ համալրում է մարզային գրադարանների գրքաֆոնդերը, որոնք վերջին անգամ համալրվել են հիմնականում խորհրդային տարիներին։ Ընկերությունը գրքերն ընտրում է ամենատարբեր տարիքի ու ընթերցողների համար։

Տարածել