Հայի ամենա-ամենան՝ լավ , թե վատ. Դասախոսելու արվեստը

Հայի ամենա-ամենան՝ լավ , թե վատ. Դասախոսելու արվեստը

Ամերիկյան ու եվրոպական դասախոսությունները «լեկցիաներ» չեն, այլ քննարկումներ, հարցեր, վերլուծություններ:

Շատ ծայրահեղ ենք դատում: Մեր բառապաշարում (լինի քաղաքական, տնտեսական, թե կենցաղային) հաճախ ես հանդիպում «աննախադեպ», «օրինակը չունեցող», «ամենասարսափելի», «ուրիշ երկրում չկա» և նման պիտակների, որոնք կպցնում ենք այս կամ այն երևույթին:

Մի քննարկման ժամանակ, քաղաքական հակադիր հայացքներ ունեցող անկուսակցական ծանոթներս վիճում էին մի քանի հարցով: Երկուսն էլ օգտագործում էին նմանատիպ պիտակավորումներ, ըստ որոնց՝ տպավորություն է ստեղծվում, որ մեր երկրում տիրող վիճակն ամենասարսափելին է, աշխարհում չկան ավելի կոռումպացված, վատ երկիր ու իշխանություն, ինչպիսին մերն են, մնացած բոլոր ազգերը գտել են բոլոր խնդիրների լուծումները, իսկ մենք՝ ոչ: Մյուս կողմն էլ, լինելով ավելի պահպանողական ու ավանդապաշտ, փորձում էր ապացուցել, որ հայերը ամենահին քաղաքակրթություն ունեցող ազգն են, ամենապայծառ ուղեղը հայինն է, ու համաշխարհային քաղաքակրթության ու մշակույթի ասպարեզում ամենամեծ ներդրումն ունեցել ենք մենք, ուստի մենք ուրույն ենք ու ամենալավը, ամեն ինչում էլ մեղավոր են մեր թշնամիները:

Երկուսն էլ մնացին իրենց կարծիքին, քանի որ նրանց ոչինչ չէր կարող ստիպել փոխել իրենց մոտեցումները: Իրականում, իհարկե, Հայաստանն աշխարհի ամենավատ ու կոռումպացված երկիրը չէ:

Բազմաթիվ այլ երկրներ նույնպես ունեն նույն քաղաքական, տնտեսական կամ սոցիալական խնդիրները, ինչ մենք: Արտագաղթի ու կոռուպցիայի ախտով տառապում են շատ ու շատ ազգեր, որոնք ո՛չ ավել են մեզնից, ո՛չ պակաս: Արևելյան Եվրոպայում կամ, օրինակ, Պորտուգալիայում, որոնք, թվում է, պետք է մեզնից զարգացած լինեն, նմանատիպ խնդիրներն անպակաս են:

Միևնույն ժամանակ՝ ծայրահեղ հայակենտրոնացած մոտեցումները ևս անընդունելի են, երբ կարծիքներ են հայտնում համաշխարհային խնդիրների մասին՝ իրենց մտահորիզոնը սահմանափակելով հայկական խնդիրներով: Հեռու եմ նաև այն մտքից, որ մեր առջև կանգնած խնդիրները չեն պահանջում խորքային ու հրատապ լուծումներ, և թե մեզանում ամեն ինչ լավ է: Ամենևին: Խոսքն այն մասին է, թե ինչպես ենք կարծիք ձևավորում, և ինչու են մեր հայտնած մտքերը հաճախ լինում այդքան ծայրահեղ:

 lecture

Գուցե ասածս կթվա չափազանց ծեծված, բայց կարծում եմ, որ այդ ծայրահեղության պատճառը կարող են լինել մեր կրթական համակարգի բացթողումները և գիտելիքի պակասը: Չեմ ցանկանում անդրադառնալ կրթական համակարգի բարեփոխումներին, քանի որ դա առանձին քննարկման թեմա է: Ցանկանում եմ անդրադառնալ մասնագետի կամ դասախոսի կամ ուսուցչի, ինչպես կամենում եք, նյութի մատուցման այն ձևին, որը գերիշխել է և, կարծում եմ, գերիշխում է մեր կրթական հաստատություններում, հատկապես՝ բուհում:

Մեր մասնագետները դասախոսությունը հիմնականում թելադրում են ուսանողներին, որոնք էլ այն գրառում են և մեծ մասամբ սովորում անգիր՝ հետագայում այն մեխանիկորեն վերարտադրելով քննությունների ժամանակ:

Դասախոսությունը բաղկացած է միայն ու միայն մասնագետի խոսքից. նա թելադրում է նյութը, իսկ ստացած տեղեկության մշակումը մնում է հետին պլանում: Չկա քննարկում, չկա բանավեճ, չկա նյութի վերլուծություն: Կա միայն տեղեկության գրառում կամ ուսանողական լեզվով ասած` «լեկցիա», որն էլ վերարտադրվում է քննությունների շրջանում, հաճախ` բառացի:

Այստեղ շատ անելիք կա, քանի որ այս գերիշխող մեթոդը սպանում է ուսանողի կամ ապագա մասնագետի՝ մտածելու, վերլուծելու կարողությունը, նոր գիտելիք ստանալու ցանկությունը, իսկ ստացած տեղեկությունը, ցավոք, չի վերածվում գիտելիքի, այլ ուղեղի որոշ հատվածում պահպանվում է մինչև քննական շրջանի ավարտը: Դրան էլ գումարվում է գրքերի հետ աշխատանքի համարյա իսպառ բացակայությունը, քանի որ սահմանափակումը դրվում է միայն «լեկցիաներով»:

Մեր և արևմտյան կրթական համակարգերը տարբերվում են ոչ միայն ռեսուրսներով կամ դրանց բացակայությամբ կամ գնահատման տարբեր համակարգերով, այլ նաև նյութը ներկայացնելու և դասի ընթացքում մտավոր աշխատանք կատարելու հմտությամբ: Ամերիկյան ու եվրոպական բուհերի դասախոսությունները ոչ թե մեխանիկական «լեկցիաներ» են, այլ գիտելիք ձևավորելու գործընթաց, որի ընթացքում լինում են քննարկումներ, հարցեր, վերլուծություններ, նյութերի մեծ մասը քաղվում է մասնագիտական գրականությունից:

Կարծում եմ՝ մեզանում հնչող ծայրահեղ մոտեցումները, որոնց բավական հաճախ ենք ականատես լինում, հենց վերլուծելու ունակության և գիտելիքի պակասի պատճառով են:

 

Գրել կարծիք