Վաշինգտոնի քաղաքականության տեսակը. ոչ կոշտ, բայց ագրեսիվ

Վաշինգտոնի քաղաքականության տեսակը. ոչ կոշտ, բայց ագրեսիվ

Արդյո՞ք Օբամայի վարած արտաքին քաղաքականությունը քիչ ագրեսիվ ու քիչ հավակնոտ է, ասել է թե՝ խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն միտված:

Բարաք Օբամայի վարչակազմի վարած արտաքին քաղաքականությունը հատկապես վերջին տարիներին աչքի է ընկնում, ամերիկյան քաղաքական տերմինաբանությամբ ասած, soft power սկզբունքով: Քիչ ագրեսիվ ու քիչ հավակնոտ, խնդիրները խաղաղ ճանապարհով լուծելուն միտված: Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին այդ փոխզիջումային ու «ոչ կոշտ» քաղաքականությունն իրականացնողն է ու նախագահ Օբամայի գաղափարակիցը: Իր քաղաքական կենսագրության ընթացքում պետքարտուղար Քերին մշտապես հակված է եղել խուսափել ռազմական լուծումներից` ընդդիմանալով պատերազմի սանձազերծմանը:

Նրան կարելի է դասել այն պետական գործիչների շարքին, որոնց պատկերացումները պատերազմի ու խաղաղության մասին ձևավորվել են ոչ թե զեկույցների կամ գրքերի միջոցով, այլ պատերազմը սեփական աչքերով տեսնելու և այն սեփական մաշկի վրա զգալու հետևանքով: Վիետնամի պատերազմի տարիներին երիտասարդ Քերին անցել է զինվորական ծառայություն, մի քանի անգամ գործուղվել Վիետնամ, մասնակցել մարտերին և անգամ վիրավորվել ու պարգևատրվել: Ուստի նա լավ է պատկերացնում պատերազմի ու խաղաղության գինը:

Ապագա պետքարտուղարն իր քաղաքական առաջին քայլերն արել է հենց հակապատերազմի շարժման հենքի վրա` իր շուրջը համախմբելով Վիետնամի պատերազմի վետերաններին` իր գաղափարակիցներին, ու պահանջելով դադարեցնել պատերազմը: Նա անգամ որպես բանախոս հանդես է եկել ԱՄՆ Սենատի լսումներին ու վկայել Վիետնամի պատերազմի տարիներին ամերիկյան զինվորների կատարած հանցագործությունների մասին: Հետագայում`2004-ին, երբ Քերին դարձել էր նախագահի թեկնածու (Ջորջ Բուշ Կրտսերի դեմ), հանրապետականները կասկածի տակ դրեցին Քերիի զինվորականի կենսագրությունը, իսկ Սենատի հանձնաժողովի նիստին տված նրա վկայությունը սկսեցին ներկայացնել որպես ազգային դավաճանություն:

Օբամայի վերընտրությունից հետո Ջոն Քերին՝ որպես խաղաղության հետևողական կողմնակից, իդեալական թեկնածու դարձավ պետքարտուղարի պաշտոնում: Այսօր հանրապետական թևն ամեն կերպ քննադատում է ամերիկյան արտաքին քաղաքականությունը` այն անվանելով անատամ, չափից դուրս խաղաղասեր կամ պարտվողական, բայց ակնհայտ է, որ Օբամա-Քերի զույգի վարած քաղաքականությունը միտված է միջազգային խնդիրների խաղաղ կարգավորմանը և դրա միջոցով ԱՄՆ պետական շահերի պաշտպանությանը:

Քերին կաշկանդված չէ ներքաղաքական իրավիճակով, քանի որ հայտարարել է, որ սա իր վերջին պետական պաշտոնն է, որից հետո հեռանալու է քաղաքականությունից: Այդ հանգամանքը պետքարտուղար Քերիին թույլ է տալիս նախագահ Օբամայի համաձայնությամբ գործել ավելի ազատ և կայացնել ոչ պոպուլյար որոշումներ: Դրանցից է ԱՄՆ վաղեմի հակառակորդ Իրանի հետ հարաբերությունների որոշակի բարելավման քաղաքական գիծը, որը կյանքի կոչվեց հենց պետքարտուղար Քերիի օրոք և նրա մասնակցությամբ: Այդ քաղաքական գիծը բացակայում էր Քերիին նախորդած պետքարտուղար Հիլարի Քլինթոնի օրոք, որն ամենայն հավանականությամբ իր թեկնածությունը կառաջադրի գալիք նախագահական ընտրություններին: Արդարության համար պետք է նաև նշել, որ Քլինթոնի օրոք Իրանի նախագահն էր Ահմադինեժադը, որը հայտնի էր իր ծայրահեղական դիրքորոշումներով:

Պետքարտուղարի պաշտոնը ստանձնելուց ի վեր Քերին ձեռնամուխ եղավ Մերձավոր Արևելքի հակամարտության կարգավորմանը` ձգտելով արագ հաշտեցնել կողմերին: Նրա ակտիվ գործունեությունը, հաճախակի այցերը տարածաշրջան շոշափելի արդյունք չտվեցին: Կողմերը Ջոն Քերիին քննադատեցին այն բանի համար, թե ուզում է վեց ամսում կարգավորել այն, ինչ հնարավոր չի եղել անել տասնյակ տարիների ընթացքում:

Այս ամենի հետ պետքարտուղար Քերիին բաժին է ընկնում չափազանց լարված միջազգային իրավիճակ` պատերազմ Սիրիայում, պատերազմ Ուկրաինայում, ռուս-ամերիկյան հակադրությունը Ղրիմի և Արևելյան Ուկրաինայի հարցում, տնտեսական պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և վերջապես՝ իսլամական ահաբեկչական միավորման ստեղծումը Իրաքի ու Սիրիայի տարածքում (ISIS), որն ավելի ու ավելի է սպառնում ԱՄՆ անվտանգությանը:

Սակայն այս իրավիճակում էլ վարչակազմը փորձում է խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով. Ռուսաստանի դեմ պայքարում բացառվում է որևէ ռազմական սպառնալիք` պայքարը վարելով միայն տնտեսական պատժամիջոցներով: Իսլամիտ ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներ ամերիկյան զորքեր չեն ուղարկվում, ամերիկյան օդուժը հարված է հասցնում ահաբեկիչների կենտրոններին և ենթակառուցվածքներին: Սիրիայի հարցում նկատվում է որոշակի չեզոքություն` Ասադի և նրա հակառակորդների միջև մղվող կռվում: Ավելացնենք նաև Իրանի դեմ պատժամիջոցների թուլացման քաղաքականությունը և կտեսնենք, որ պետքարտուղար Քերիի համակարգած ԱՄՆ արտաքին քաղաքականությունը շարունակում է հենվել soft power մոտեցման վրա: Գործող վարչակազմը սրա համար շարունակում է ենթարկվել ընդդիմադիր ու ավելի պահպանողական հանրապետականների անխնա քննադատությանը: Անողոք է հատկապես սենատոր և նախկինում նախագահի թեկնածու Ջոն Մաքքեյնը, որը ևս պատերազմ անցած գործիչ է և վեց տարի անցկացրել է վիետնամական գերության մեջ:

Պետքարտուղար Քերին հայկական խնդիրներում հայտնի էր որպես Հայոց ցեղասպանությունը ճանաչող ամերիկյան սենատոր: Սենատի անդամ եղած տարիներին նա ԱՄՆ Կոնգրեսում մասնակցում էր ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառմանը` աջակցելով ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Հայ հանրությունը բազմիցս ականատես է եղել, թե ինչպես են ամերիկացի պետական գործիչները ցեղասպանությունը ճանաչել երկրի օրենսդիր մարմնում աշխատելիս, սակայն պաշտոն ստանձնելով գործադիր իշխանությունում` խուսափել են «g-word»  (genocide) եզրույթը կիրառելուց:

Համահայկական կարևորություն ունեցող մեկ այլ խնրի` Արցախի հիմնահարցում պետքարտուղար Քերիի հակապատերազմական մոտեցումները կարող են չափազանց դրական ազդեցություն ունենալ: Հայկական կողմի խաղաղասիրական դիրքորոշումը պետք է ավելի ընկալելի լինի գաղափարապես հակապատերազմի դիրքից հանդես եկող գործչի համար:

Օրենսդիրում իր գործունեության տարիներին Ջոն Քերին դիտարկվում էր որպես ամերիկահայ համայնքի բարեկամ և աջակից սենատոր, որը Սենատ էր ընտրվում հայաշատ Մասաչուսեթս նահանգից: Դա ոչ մի կերպ, սակայն, չի նշանակում, որ այսօր` պետքարտուղար լինելու ընթացքում, նա պաշտպանելու է հայերի շահերը կամ վարելու է հայամետ քաղաքականություն: Նրա վարած քաղաքականությունն ամերիկամետ է և բխում է միայն ու միայն ԱՄՆ շահերից:

Վերջերս մամուլում հրապարակվեց տեղեկություն, թե պետքարտուղար Քերին Հայաստան այցելելու ցանկություն է հայտնել: Բացառված չէ, որ այդ նախաձեռնությունը լինի վաղեմի բարեկամության հետևանք:

Գրել կարծիք