Մուշեղ Գալշոյան. Հացը մերն է, հողը` չծնվածներինը

Մուշեղ Գալշոյան. Հացը մերն է, հողը` չծնվածներինը

Հողը պահպանելու գալշոյանական պատգամն արդիական է առայսօր: newmag-ն առաջարկում է կարդալ գրողի հայտնի պատմվածքը:

Գիտության և տեխնիկայի այսօրվա գլխապտույտ տեմպի առկայությամբ, երբ վաղուց հաստատված միավորները կարծես կորցնում են իրենց իմաստը, մեկ րոպեն կարծես երեկվա մեկ րոպեն չէ, որովհետև երեկ մարդը մեկ րոպեում անցնում էր մի քանի քայլ, այսօր թռչում է 20 կիլոմետր: Խախտվել են ժամանակի և տարածության, ուժի և կշռի հարաբերությունները: Մեկ կիլոմետրը նույն մետր ու սմ-ին կցված տարածությունը չէ, մեկ տոննան նույն գրամ ու կիլոգրամներից  հավաքված կշիռը չէ… Ուր որ է արագության, ժամանակի, չափ ու կշռի նոր միավորներ պետք է հորինվեն:

Ու շփոթվում ես հանկարծ հայտնված մտքից. Երկիր մոլորակը կարծես թե փոքրացել է: Հին օրերում անսկիզբ ու անվերջ էր, հետո ահռելի էր, շատ մեծ էր, այսօր փոքրացել է:

Եթե կարող ես մի աշխարհամասից հասնել մյուս աշխարհամասը, ճաշել և նույն օրը ետ դառնալ, ուրեմն ո՞ւր մնաց անծայրածիր երկիրն այն մարդու տարտամ ոտքերի տակ, որը հարյուրավոր կիլոմետրեր անցնելուց հետո հանկարծ հանդիպում էր մեկ ուրիշի, և նրանք ուշադիր զննում էին միմյանց` [հասկանալու համար,] թե ինչով են նման իրար: Իսկ հիմա մեր մոլորակի ամեն քառակուսի կիլոմետրի վրա միջինը 30 մարդ դեմ դիմաց կանգնած են: (Հայաստանում այդ թիվը կրկնապատկվում է): 1976-ի մարտի 28-ին երկրագնդի բնակչությունը դարձավ 4 միլիարդ: Աճի այսօրվա տեմպով (ամեն տարի` 2 տոկոս աճ) մոտ ապագայում` 100 տարի հետո, Երկիրն ունենալու է 30 միլիարդից ոչ պակաս բնակչություն:

Եվ ահա Երկիր մոլորակի ու մարդկության ապագայի մասին «Լիտերատուրնայա գազետա»-ն բանավեճ է բացում: Կլոր սեղանի մոտ են հավաքվում գրողը, ժուռնալիստը, դեմոգրաֆը, օվկիանոսագետը, տիեզերագնացն ու փիլիսոփան… քննարկելու մեր մոլորակի ու մարդկության ճակատագիրը. դեռ քանի՞ տարի կբավարարեն Երկրի բնական ռեսուրսները, ի՞նչ է սպասվում գալիք սերունդներին, գալիք սերունդները Երկրո՞ւմ են ապրելու, թե՞ տիեզերքում` որևէ ուրիշ մոլորակի վրա:

Օվկիանոսագետը համարում է, որ պետք է և անհրաժեշտ կլինի արդյունավետ օգտագործել ծովերի ու օվկիանոսների հատակն ու մակերեսը, նաև ալիքների ուժը: Տիեզերքի ու տիեզերագնացության մասնագետները համոզված են, որ Լուսինն ու Մարսը կբնակեցվեն մարդկանցով, իսկ տիեզերագնաց օդաչու Ալեքսեյ Լեոնովը (որ տիեզերքից է գալիս) համարում է, որ մարդիկ տիեզերքում կարող են լինել, բայց աննշան քանակությամբ. «Ուստի և անհրաժեշտ է ուշադիր ուսումնասիրել, յուրացնել ու պահպանել մեր մոլորակը»:

Չի կարելի հաշվի չնստել վաստակաշատ ու հեղինակավոր գիտնականների` տիեզերագնացների ու օվկիանոսագետների, փիլիսոփաների ու դեմոգրաֆների կարծիքների հետ, բայց ինձ համար ամենաթանկը, ամենաընդունելին Խորհրդային Միության կրկնակի հերոս, տիեզերագնաց օդաչու Ալեքսեյ Լեոնովի կարծիքն է.

Մարդկությունը հույսը պետք է կապի իր բզկտված ու չարչարված մոլորակի հետ, լավ ճանաչի ու պահպանի իր Երկիր մոլորակը: Ապավենը Երկիրն է` իր հողով, ջրով, քարով, ընդերքով, երկնքով, օդով:

Իսկ ո՞վ պետք է պահպանի, և ո՞ւմ գործն է դա:

Թվում է, թե հարցը ավելորդ է. եթե 4 միլիարդ մարդու ծանրությունն ու հոգսը Երկիրն է առել իր ուսերին, ուրեմն նրանք պետք է դողան իրենց երկրի վրա, նրանք պետք է պահեն՝ մեկ տարեկանից մինչև հարյուր տարեկանը: Ուրեմն Երկիրը 4 միլիարդ տեր ունի:

Բայց նա 4 միլիարդ ծառա պետք է ունենա:

Այսպես պետք է լինի: Իսկ եթե, իրոք, այդպես լիներ, մոլորակի ամեն բնակիչ լիիրավ տեր զգար իրեն և խելոք ծառա, այսօր (գոնե այսօր) ոչ մի տիեզերագետի մտքով չէր անցնի գալիք սերունդների բախտը գուշակել Մարսի և Լուսնի վրա:

Այսպես խոսելով՝ ես ինձ իրավունք չեմ տալիս նստել, գլուխս առնել ափերիս մեջ և մտածել որպես թե Երկիր մոլորակի և աշխարհի մարդկության բախտի մասին: Բայց և չպետք է կարողանամ ինձ իրավունք տալ չմտածել աշխարհի այն հատվածի մասին, գոնե այս փոքրիկ հատվածի մասին, որտեղ մենք ենք ապրում, և որը կոչվում է մեր անունով: Եվ իրավունք չունեմ չնկատել ու չանհանգստանալ` որտեղ է սարալանջի այն արտը, ուր երեկ հայրս վարուցանք էր անում: Չկա:

Որտե՞ղ է արտը: Երկի՞նք համբարձավ, թաղվե՞ց: Որտե՞ղ է: Սերունդներ է ընդունել, կերցրել-հագցրել, առատություն և ուրախություն պարգևել ու ճանապարհել, իսկ ահա երեկվա իր մաճկալներն ու հնձվորները ապրում են, բայց ինքը չկա: Ի՞նչ եղավ:

Այդքան երկար դիմանալով, դիմանալով, տալով ու առնելով, այդքան երկար ապրելով, ինչպես հողն իրավուքն ունի հավերժ ապրել՝ հանկարծ չկա: Ի՞նչ եղավ:

Գարնան հեղեղները քշել են հողաշերտը, վերից վար ճյուղավոր ու զիգզագ խանդակներ են բացել, և սարալանջին հիմա արտի կմախքն է` ցցված, սփռված քարերը… Սալանաջին գայլերը անտեր մնացած մի ոչխար են բզկտել, շաղ տվել ճերմակ ոսկորները: Ահա երեկվա կանաչ արտի փոխարեն մեր հայացքի դիմաց այս պատկերն է:

Հողագետները, գիտնականներն ու գյուղատնտեսության մասնագետները այս պատկերը, ավելի ճիշտ՝ այս երևույթը կոչում են զրնգուն մի բառով` էրոզիա: Եվ ահա գիտնականներից մեկը տագնապում է. «Հանրապետության հողատեսքերի կեսից ավելին (կրկնենք` կեսից ավելին) այս կամ այն չափով ենթարկվել է էրոզիայի»:

Սահուն մի նախադասություն` մի թիվ և մի «տերմին»: Բայց փորձե՛ք մինչև վերջ պատկերացնել, թե իրական ու շոշափելի ինչ պատկեր է գծագրվում. Ուրեմն հանրապետության հողատեսքերի կեսից ավելը սարալանջին կմախքացած «արտի» տեսքն ունի, որին արդեն հողատեսք ասել չես կարող:

Իսկ իրականում հակառակը պետք է լիներ. հանրապետության օգտագործելի հողատարածությունը հենց այս 20-25 տարում պետք է ավելանար, ահա Թալինի, Աշտարակի, Աբովյանի, Արարատի և այլ շրջաններում հազարավոր հեկտար անապատներ են յուրացվել, Արարատյան դաշտի ճահճուտներից ու աղուտներից վարելահող է խլվում, վերջին տարիներին կազմակերպված մելիորատիվ ջոկատները, ինչպես ասում են, քարը հող են դարձնում, իջևանցիները տվեցին դարավանդների գեղեցիկ օրինակը:

Այս ամենի համար ուրախանալը քիչ է, ավելի բնական զգացումը հպարտությունն է:

Իսկ ի՞նչ զգացում պետք է ունենալ հեղեղված, բզկտված, կմախքացած, մեռած հողերի համար:

Չգիտես, թե ինչպես պետք է գլուխ հանես այս հակասությունից: Հակասություններն էլ իրենց տրամաբանությունն ունեն: Իսկ եղածը ոչ մի տրամաբանության չի դիմանում: Լարումով, տառապանքով, հող ու փոշի կուլ տալով՝ նոր հողեր ենք ստեղծում, որովհետև դրա կարիքն ունենք:

Եվ մեր պապերի, մեր հայրերի արյուն-քրտինքով պահած և մեզ ժառանգած պտղաբեր հողը կորցնում ենք, որովհետև… հողի կարիք ունենք:

Եվ պարզվում է, որ վերջին երկու տասնամյակում ավելի շատ կորցրել ենք, քան ստեղծել: Հիշենք թվերը. դրանք ամփոփված են, կան և տարի տարվա վրա աճում են. այսքան տոկոս, այսքան հեկտար հող պակասել է, չկա, չքացել է, ասել է թե` Երկիր մոլորակը այդքանով փոքրացել է:

Իսկ ինչպե՞ս են պահել մեր պապերը, որ մենք չենք կարող: Այդ արտերն ու մարգագետինները միշտ էլ իրենց տեղում են եղել, նույն կիրճում, նույն սարալանջին, նույն թեքության վրա: Հողմերն ու հեղեղները միշտ էլ եղել են, եթե դրանք են էրոզիայի պատճառները, միշտ էլ հեղեղները վրա են քշել, իսկ դիմադիր կանգնողը եղել է թևերը քշտած մի մարդ: Իսկ ահա պնդճակատ բուլդոզերը, որը կարծես մի քիչ ավելի ուժեղ է, քան այն մարդը…

Սարալանջերի և կիրճերի՝ երեկվա արտերն ու մարգագետինները միշտ էլ տվել են այնքան, որքան իրենց ուժն է պատել, և որքան թևերը քշտած այն մարդն ու իր եզն են ուժ տվել: Իսկ ահա չգիտեմ քանի ձիաուժ [ունեցող] տրակտորները, տրակտորը՝ պոչից գութանը, պոչից շարքացանը, պոչից սրսկիչն ու կուլտիվատորը, պոչից կոմբայնը… Եվ այս եղած-չեղածի դիմաց սար ու ձորերում կարկատանի պես կպած արտերի «պլանըե որքա՞ն էր, որքա՞ն էր այդ խեղճ սարերի «պարտավորությունը», որքա՞ն պետք է վարձատրեին, որ «չվարձատրեցին», որի համար արժեր լքել նրանց, անպաշտպան թողնել հողմերի ու հեղեղների դիմաց:

Հողմն ու հեղեղը բնական երևույթներ են, առանց որոնց Երկիրն ինքն էլ գուցե յոլա չգնա: Բայց մարդիկ դրանք կոչում են աղետ և իրենց մեղքը գցում հեղեղի բերանը. թող քշի- տանի-հեռացնի իրենցից:

Ես ինձ թույլ եմ տալիս հեղեղն ու փոթորիկը համարել արևի ու անձրի նման մի բան և մտածում եմ՝ մի ՞թե հողը չի զգում տիրոջ վերաբերմունքը և արժանին պատասխանել չգիտի:

Կենսաբանները փորձեր են արել և համոզվել են, որ ծառը, բույսերը երաժշտություն են լսում՝ լավ են զգում իրենց և ավելի աշխույժ են աճում: Ընդ որում ավելի շատ ընդունում են կլասիկ երաժշտություն: Որտե՞ղ են ծառի զգայարանները, ո՞ր մասում, տերևնե՞րն են լսում երաժշտությունը, միայն կեղև ՞ը, միայն միջո՞ւկը, միայն արմատնե՞րը, բայց ո՞չ հողը… Իսկ եթե մարդն անպաշտպան է թողնում հողին, հողը չի՞ վիրավորվում, չի՞ խռովում, եթե մարդը լքում է, երես է թեքում, հողը վիրավորանքից չի՞ մեռնում:

Եվ մեռնում է, որովհետև մարդուց ուրիշ կերպ վրեժ լուծել չի կարող:

Կորած մի ոչխարի համար հովվից, հովիվներից, ֆերմայի վարիչից, տնտեսության ղեկավարներից, չգիտեմ ումից ու ումից հաշիվ են պահանջում, տեսար` դատական պատասխանատվության հարց ծագեց, վկաներ ոտքի կագնեցին (սարում ոչխար ուտելու գաղափարն ո՞ւմն էր, ո՞վ սրեց դանակը, ո՞վ մորթեց, ո՞վ շատ կերավ, ո՞վ երգեց, ո՞վ ծիծաղեց… Գա՞յլն է կերել): Դատը լավագույն ելք էլ կարող է ունենալ. գայլն է կերել այդ ոչխարը: Եվ ուրեմն անփութության համար՝ հովվին տուգանք:

Իսկ կորած արտի համար երբևէ մեկը պատասխան տվե՞լ է: Դատվե՞լ է: Լավագույն դեպքում` կորած բոլոր արտերին «գայլն է կերել»: Ուրեմն ակտ կազմել: Ասում եմ` լավագույն դեպքում, որովհետև ակտ կազմելու արարողության գլխացավանքն էլ կարծես չկա: Պահեստից յուղ ու պանիր չի պակասել, ցորեն ու գարի չի պակասել, ձու չի պակասել, հող էր, ո՛չ հափշտակող է եղել, ո՛չ գողացող, երեկ կար, էսօր չկա. հեղեղն է քշել: Եվ այսքանը:

Հողը մեր ոտքի տակ է ոչ թե տրորելու համար, այլ որպես հենարան, որ պինդ կանգնենք և մեր հենարանը զգանք մեր գլխից բարձր: Տրված է ոչ թե տրաքելու չափ կշտանալու և փառք վաստակելու համար, այլ ի պահ` չծնվածներից: Հողի այսօրվա տված հացը մերն է, իսկ հողը` չծնվածներինը:

Եվ իրավունք չունենք պատժել այն հողակտորը, որը մեր առաջադրած պլանը չի կատարում և մեզ պատվոգիր չի տալիս:

Սխալների համար, եղածի համար մենք կարող ենք միմյանցից հաշիվ չպահանջել, նայել միմյանց աչքերի մեջ, որպես թե իրար հասկացանք, և լռել, իսկ գալիք սերունդների հարցապնդումից խուսափել չենք կարող:

Ինչո՞ւ են այս արտերը կրծմրծված ու շպրտված: Իսկ հնարավո՞ր է մեռած հողին շունչ տալ:

Ինչո՞ւ է այս սարը՝ իր շրջակայքով, այսպես փայլատակ, մեր նախնիների վկայությամբ` այստեղ մոլիբդենի, պղնձի անսպառ պաշար պետք է լինի և էլի տասնհինգ-քսան ուրիշ էլեմենտներ, նաև ոսկի: Մոլիբդենը, պղինձը առատ են եղել. հանգիստ են կորզվել` կորզել են, իսկ դժվար կորզվող մյուս էլեմենտները, ոսկին որտե՞ղ են: Որպես թափոն, որպես «հանքի պոչ» կուտակել են այս ձորի մեջ: Լավ է: Բայց ինչո՞ւ է այդքան քիչ: «Հանքի պոչըե և ուրեմն ջուրն է լցրել՝ ահա այս գետը:

Իսկ սա ի՞նչ գետ է: Պատմիչների ու հուշագիրների վկայությամբ՝ այս գետը առատ է եղել ձկներով. այս գետից նույնիսկ դատարկ ձեռքով են ձուկ բռնել: Որտե՞ղ են ձկները: Եթե գետ է, պետք է ձուկ ունենա, իսկ այս գետը ահա չունի: Ո՞ւր են ձկները:

Իսկ որտե՞ղ է ջուրը: Հենց ջուրը: Այս գետը ախր ջուր չի քշում, այլ ջրի դիակ. այս ձևով մինչև իսկ արտ ու մարգագետին ոռոգել չի կարելի: Ահա գետին ուղեկից ծառերը, որոնց արմատները ջրի մեջ են, ծարավից չորացել են:

Փա՜ռք այս կամուրջը նախագծող-կառուցողին. հայացքի պես շիտակ ու թեթև անդունդի վրայով տեսեք՝ ոնց է թռել: Մեզ մնում է, ձեռքներս թափ տալով, վստահ անցնել այս կամրջով: Փա՜ռք այս ճանապարհը, այս մագիստրալը նախագծող-կառուցողներին. որքա՜ն ջանք ու եռանդ կպահանջվեր մեզնից, իսկ ահա կա, ժառանգել ենք… Բայց ինչո՞ւ են այսքան տարածություն, այսքան հող ոտնատակ տվել, ով որտեղից կամեցել, այնտեղից հող ու ավազ է կրել, և աջ ու ձախ դարձրել են փլատակ:

Փա՜ռք այս շինությունը նախագծող-կառուցողներին: Բայց ինչո՞ւ են հենց այստեղ կառուցել, այս վարելահողի վրա: Այգին կտրել են, տեղը կանգնեցրել վիտամինի գործարան: Այդ գործարանը հենց այստե՞ղ պետք է լիներ:

Փա՜ռք այս ջրամբարը նախագծող-կառուցողներին, բայց ինչո՞ւ ջուրը կարգին չի պահում:

Ջրամբարի տեղի` այս կիրճի մասին ավանդազրույց կա: Հնուց ավանդված զրույց է եղել նաև այն ժամանակ, երբ մեր նախնիները մտածել են, որոշել են կիրճում ջրամբար կառուցել: Որպես թե ջրամբարի տեղում հին-հին ժամանակներում լիճ է եղել, որի ափերից ելք են բացել ու ջուրը բաց թողել` հայոց ջրատոչոր հողերը այգիների վերածելու: Բայց թշնամին չհանդուրժեց հայոց հողի սպասվելիք ծաղկումն ու փթթումը և ժայռերի տակից մի քանի տեղ դավադրաբար անցք բացեց: Ջուրը հոսեց, և արագ պակասեց լիճը: Այդ ժամանակ թագավորը խորհրդի հավաքեց երկրի գիտուն մարդկանց, բայց սրանք ելք չգտան: Հետո սարերից իջավ իմաստուն մի հովիվ և խորհուրդ տվեց՝ Հայոց աշխարհում ինչքան ոչխարի հոտ կա, բոլորը խուզել և բրդով խցանել թշնամու բացած անցքերը: Միայն թե, զգուշացրեց հովիվը, որ ոչ մի ոչխար չմնա առանց խուզելու: Արեցին այնպես, ինչպես հովիվն էր խորհուրդ տվել: Սակայն ջուրը շարունակում էր հոսել, և լիճը դատարկվում էր: «Կա-չկա,- ասաց հովիվը,- մեկնումեկն իր ոչխարը չի խուզել, մեկնումեկն իր ոչխարի բուրդը խնայել է»: Երբ ստուգեցին, տեսան, որ հովիվը ճիշտ էր. մի իշխան թաքցրել էր մեկ հատիկ ոսկեգեղմ ոչխարի բուրդը` զարդարելու իր ապարանքը: Եվ դա եղավ պատճառը: Գողացած այդ բուրդը եղավ պատճառը, որ երբեմնի լիճը հոսեց-ցամաքեց:

Մեր հող ու ջրի թշնամուն բան չունենք ասելու. թշնամին թշնամի է և եթե ձեռքից գա, իր թշնամու ծովի հատակն էլ կծակի: Բայց մեր իշխաններից ո՞վ է «ոսկեգեղմ ոչխարի» բուրդը թաքցրել իր ապարանքը զարդարելու, գորգ գործելու համար:

Ցամաքած լճի տեղը նոր ջրամբար կառուցած մեր ապուպապերից ո՞վ է փորձել մի ջրամբար ջուր փոխել մի գորգի հետ: Ո՞վ է «ոսկեգեղմ ոչխարի բուրդը թաքցրել», որ ահա այս մյուս ջրամբարը բոլորովին ջուր չի պահում: Այս մյուս ջրամբարը հանկարծ ու միանգամից փուլ է եկել, քշել-տարել դիմացի արտն ու մարգագետինը և այս ձորախեղդ երկրում մի նոր ձորակ ավելացրել:

Եվ վերջապես, գալիք սերունդները կարող են նաև հարց տալ` այս ի՞նչ օդ է. մարդ չի կարողանում թոքերով շնչել: Եթե մեղուն չի ապրում, ծտերը քոչել են այստեղից, մենք… Ի՞նչ անենք, ո՞րն է բարին, ապրենք այս կիրճո՞ւմ, թե՞ մի տեղ, ուր հորիզոնը վերջ չունի… Իսկ գուցե թողնենք ու գնանք տիեզե՞րք, մեկ ուրի՞շ մոլորակ: Չէ՞ որ մեր նախնիները այդ մասին արդեն մտածել են. Մարսի ճանապարհը բաց է:

Սերունդները հաշիվ են պահանջում. ահա մեր ոտքի տակ մի թիզ գետինը և մեր գլխավերևի մի գիրկ երկինքը, ահա պատմությունը, և ես իմ պապից հաշիվ եմ պահանջում: Իսկ գալիք սերունդները` չծնվածները, մեզնից հաշիվ պահանջելու քիչ առիթ չունեն:

Ապրող մեղավորներին ներում են. եթե, իհարկե, պատժում են. պատժում են, ուրեմն և ներում են: Իսկ մեղապարտ գնացածներին այլևս պատժել չեն կարող, հետևապես նաև ներել հնարավոր չէ:

Վերջին տարիներին մեր կուսակցությունը մեկ անգամ չէ, որ օրակարգի հարց է դարձրել հողերի պահպանումն ու ճիշտ օգտագործումը, բնական ռեսուրսների պահպանումն ու ճիշտ օգտագործումը և ընդհանրապես բնության պահպանումը: Այս հարցերին շատ անգամ է անդրադարձել նաև հանրապետության կոմկուսի կենտկոմը: Ամեն տարի բազմաթիվ մասնագետներ ու արտադրության առաջավորներ են ելույթ ունենում ռադիոյով, հեռուստատեսությամբ, ահազանգեր, անհանգստացնող հոդվածներ են տպագրվում հանրապետական մամուլում, և իմ առաջին ելույթը չէ այս թեմայով, բայց ամեն ելույթին հետևողը եղել է… լռությունը:

Գրել կարծիք