Գայանե Բրեիովա-Աֆյան. Ռուսական  ռեստորանային բիզնեսի հայ արքայադուստրը

Գայանե Բրեիովա-Աֆյան. Ռուսական ռեստորանային բիզնեսի հայ արքայադուստրը

Գայանեն սկսել է մատուցողուհու աշխատանքից և հասել բիզնես հաջողության գագաթնակետին: newmag-ը պատմում է Ռուսաստանի ամենահաջողակ ռեստորատորներից` հայուհի Գայանե Աֆյանի (Բերիովա) մասին:

Հնաոճ իրերի մոսկովյան նախկին խանութը Գայանեի ձեռքով վերածվեց հայկական տնակի: «Gayane’s» ռեստորանը հայկական է ինտերիերով, ճաշացանկով, միջավայրով: Միայն թե այն հնարավոր չէ գտնել բարձր հնչող երաժշտության հետևելով: Այնտեղ չեն գնում խորոված ուտելու ու պարելու, այլ ճաշելու: Հաճախորդներն էլ միայն հայեր չեն, բայց աշխատող անձնակազմում են միայն հայեր: Ռեստորանում բացի մսից ու ալյուրից օգտագործվում են բացառապես Հայաստանից բերված մթերքներ:

«Gayane’s-ը կերակուրի ռեստորան է, և այն մարդիկ, որ գալիս են գումարով երաժշտություն պատվիրելու, նրանք անմիջապես հեռանում են: Պարբերաբար հայկական մշակութային նախագծեր ենք իրականացնում. ներկայացմնում հայկական մշակույթը: Իմ հայ ընկերներից մեկն ասում է, որ իմ ռեստորանը  հայերի մասին է, այլ ոչ թե հայերի համար»:

Հայկական ավանդական կերակուրներից բացի Գյանեն մենյուում ավելացրել է իր հեղինակային բաղադրատոմսերը, քյուֆթայի մատուցման նոր տարբերակներ են առաջարկում կամ, օրինակ՝ մածուն են մատուցում մանդարինով. «Հայկական խոհանոցը վրացականի պես ներկայացված չէր Մոսկվայում: Բոլորն ավելի հեշտ ճանապարհ էին ընտրում` ասում էին, որ խոհանոցը կովկասյան է:Ես առաջ եմ մղում հայկական խոհանոցը, կերակուր պատրաստելու հայկական եղանակը:Նաև աշխատում եմ արդիականացնելու՝ հայկական մենյուն»:

Ամեն ինչ սկսվեց 1994-ին: 19 տարեկան աղջիկը թողեց ամուսնուն, վերցրեց 1.5 տարեկան երեխային ու մեկնեց Մոսկվա: Գայանեն Երեւանում ավարտել էր դպրոցը, ամուսնացել եւ տեղափոխվել Չեխոսլովակիա։ Նկարիչ ամուսնու սահմանափակումներին չդիմացավ, տանը  նստել չէր կարող, բաժանվեցին: Երևան վերադառնալ չհամարձակվեց, բացատրություններ տալ չէր ուզում:

 «Մոսկվան նվաճելու եմ եկել 1994 թվականին։ Այժմ հասկանում եմ, որ լուրջ եւ ռիսկային քայլ էր: Բայց երիտասարդ էի ու անվախ։ Մեր ընտանիքը հայտնվեց Ռուսաստանում՝ առանց քաղաքացիություն, փողի ու ծանոթների»:

Մոսկովյան կարիերան սկսվեց մատուցողուհու աշխատանքով: Առաջին հարցազրույցը Մոսկվա ժամանելուց մոտ 2 շաբաթ անց եղավ: Մոր հետ զբոսնում էին քաղաքում, երբ նկատեց «Словацкий дом» (Սլովակյան տուն) հյուրանոցային-ռեստորանային համալիրը: Մուտքը միայն Չեխիայի ու Սլովակիայի դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար էր, բայց սլովակերենին լավ տիրապետող Գայանեն համոզեց ընդունարանի աշխատակցուհուն հանդիպում նշանակել տնօրենի հետ. «Իմ առաջին հարցազրույցն էր Մոսկվայում։ Ոգեւորված էի ու չէի հասկանում, որ պետք է համեստ հագնվել։ Հագել էի ամենակարճ կիսաշրջազտեստը, շպարվել: Հանդիպմանը սլովակերեն ասացի տնօրենին, որ պատրաստ եմ ամեն ինչի։  Իսկ նա նայեց ինձ ու բացականչեց. «Որտե՞ղ էիր մինչեւ հիմա։ Վաղվանից աշխատանքի ես»: Անչափ երջանիկ էի»։



Հյուրասիրությանը մանկուց էր սովոր, իրենց երևանյան սեփական տան բակում Գայանեն սեղան էր բացում 10 տարեկանից: Սեղանին հայտնվում էին աղջկա պատրաստած տորթերը, տարբեր տեսակի աղանդերը: Այդ պատճառով ռեստորանային միջավայրը նրան հարազատ էր ու մատուցողուհու աշխատանքը դուր էր գալիս: Բայց նրա աշխատանքը դուր չէր գալիս բարեկամներին. «Ամաչում էին աշխատանքիցս, նախատում մայրիկիս, որ թույլ է տալիս նման աշխատանք անել, ստիպված փոխցի գործս։ Երկու տարի աշխատեցի Մոսկվայի կենտրոնական ֆոնդային բորսայում որպես բրոքեր։ Օրն անցնում էր գրասենյակում փաստաթղթերի հետ, չնայած ատում էի դրանք։ 1998թ.-ին բորսան փակցվեց  և ես մտաբերեցի, թե ինչն էր ինձ երջանիկ դարձնում՝ աշխատանքը ռեստորանում»։

Նա բորսայից հայտնվեց հայկական «Նոյան տապանում, հենց այս ռեստորան  էլ դարձավ նրա տապանը, որը հասցրեց իր երազանքին: Արդեն մենեջմենթի ու տնտեսագիտության դասեր էր անցնել, ինստիտուտի դիպլոմ ուներ, բայց հայկական ռեստորանի տնօրենին դա քիչ էր հետաքրքրում. «Նա անընդհատ վիրավորում էր,  ասում՝ որ գեր եմ, որ բարձրակրունկ կոշիկներս չափազանց վուլգար տեսք ունեն: Ամեն անգամ ես ստիպված էի մտնել հարդարման սրահ, մաքրել արցունքներս ու ժպտադեմ դուրս գալ այնտեղից: Բայց ոչինչ ինձ չէր կարող ստիպել  հեռանալ ռեստորանից: Ես գիտակցում էի, որ այդ կինը մեգապրոֆեսիոնալ է, նրա հետ աշխատանքի շնորհիվ շատ բան սովորեցի»:

2001-ին նա հիմնեց իր բիզնեսի աստիճանները. գործընկերների հետ սկսեց առաջին նախագիծը՝ «На лестнице» (Աստիճանի վրա) բարը: 13 տարի անց «На лестнице»-ին փոխարինեց «Панаехали» բար-սրճարանը:

«Միշտ բարդացրել եմ կյանքս, որ զարգանամ: Ստիպված էի տարբեր տեղեր գնալ՝ ուսումնասիրելու բարային մշակույթը։ Երաժշտությունից չէի հասկանում, ակումբներ էի այցելում դիջեյների լսելու: Կոկտեյլներն ինձ դուր չէեն գալիս, բայց ամեն ինչ փորձում էի, որ հետո մեր մենյուում ընդգրկենք»:  

Գայանե Բրեիովա-Աֆյանը դերասանուհի չդարձավ, բայց տեսախցիկները  անընդհատ են նրան հետևում,  խոհանոցային հաղորդում է վարում, մասնակցում շոուների, հարցազրույցներում կիսվում մոսկովյան բիզնես բանաձևով: Այժմ մտածում է բիզնեսն ընդլայնելու մասին, ռեստորանային ցանց կստեղծի, բայց դրանից Երևանը դուրս կմնա: Հարազատ քաղաքում բիզնես անել չի ուզում, Երևանը աշխարհի միակ կետն է, որտեղ ոչ թե էներգիա է թողնում, այլ լիցքավորվում է:

Վերջում՝  բիզնես-բաղադրատոմս Գայանե Բրեիովա-Աֆյանից

  • Երբեք մի բողոքեք կյանքից, չպետք է բարձրաձայնել ցավերի մասին, այն, ինչ դուք տալիս եք աշխարհին, բումերանգի ուժով վերադառնում է:  Ձեր կանգնած տեղը  ձեր որոշումների ու արած քայլերի արդյունքն է:
  • Դուք երջանկությո՞ւն եք փնտրում, գումա՞ր, ամուսի՞ն, կարևոր չէ՝ ինչ, կարևոր է ցանկությունը: Պետք է գտնել մեկ այլ մարդու, բոլորովին անծանոթ մեկին, ով ունի նույն ցանկություններն ու նպատակները: Օգնելով այդ մարդուն իրականացնելու իր կյանքի երազանքը, կհասնեք ձեր երազանքին:
  • Մի սարսափելի թակարդ կա՝ երբ գերագնահատում ես ինքդ քեզ: Նաև սխալ է սեփական ուժերի թերագնահատումը: Կարևոր է կարևորել քո դերն այնքան, որքան այն կա իրականում:
  • Կարևոր է, թե դու ինչպես ես ինքդ քեզ ընկալում՝ որպես ծառայո՞ղ, վարձու աշխատո՞ղ, թե՞ որպես ղեկավար: Տարբերությունն իրականում մանրուքների մեջ է: Օրինակ, ես մշտապես ավելի շատ գործ եմ արել, նախաձեռնող եմ եղել, կոլեգաներս ասում էին՝ ինչի՞դ է պետք, քեզ դրա համար հավելյալ վճարո՞ւմ են: Զարմանում էի՝ դեռ ինձ պետք է վճարեն նրա համար, որ ես իրենց մոտ սովորո՞ւմ եմ:
  • Եթե ձեր հիմնած բիզնեսը ձեզ անձնապես երջանկություն չի բերում, դա վտանգավոր է: Կարևոր է ճիշտ գործընկերոջ ընտրությունը: Միշտ էլ խնդիրներ են ծագում, երբ ստիպված ես լինում համատեղ որոշումներ ընդունել: Եթե դուք կգտնեք այնպիսի մեկին, ով կտա գումարն ու կասի՝ արա այն, ինչ ճիշտ ես համարում, ֆանտաստիկ է: Հակառակ դեպքում՝ հիմնականում  ամենալավ պարտնյորը՝ նրա բացակայությունն է:
  • Ես թույլ եմ տալիս, որ իմ ենթակայության տակ գտնվող աշխատակիցները սխալներ թույլ տան նույնիսկ իմ հաշվին: Նաև սկսել եմ ավելի շատ ուշադրություն դարձնել իմ աշխատակիցների անձնական խնդիրներին, որովհետև բիզնեսը միայն փող աշխատելու  մեխանիզմ չէ:

Գրել կարծիք