JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027JOIN SIGNATURE CLUB 2027
Գլխավոր Լուրեր

Ինչպե՞ս խուսափել մեդիափսիխոզից ու չդառնալ ինֆոգար

Ինչպե՞ս խուսափել մեդիափսիխոզից ու չդառնալ ինֆոգար

Չգիտեմ` ինձնից է, թե մյուսներին էլ է նյարդայնացնում, բայց ինձ գրեթե հունից հանում է «Իիիիինշ կա՞» արտահայտությունը: Ու խնդիրն ամենևին «ինչ»-ի վերջին` շ դարձած չ-ն չէ, այլ այն խորը տագնապը, որ դնում են դրա մեջ:
Ամենուր` առավոտյան գործընկերներիս տեսնելիս, ընկերներիս հանդիպելիս, հարևաններիս բարևելիս, մեքենա լվացողին բանալիները հանձնելիս, թերթ գնելիս, խնձոր ընտրելիս, սրճարանում ծանոթ տեսնելիս… մի խոսքով` ամենուր բոլորը կասկածանքով ոչ այն է հարցնում են, որքան սպասում վատ լուրի:
Ընդհանուր առմամբ մեր հանրային տրամադրությունները կարծես կանխակալ հակված են վատ լուրերի: Դե՛, դրան գումարած` հավաքական գիտակցության մեջ են մխված արդեն երկու տասնամյակից ավելի չդադարող «Հայաստանը գնում է կործանման ճանապարհով» քաղաքական կարգախոսն ու մամուլի ապոկալիպտիկ կանխատեսումները, թե ամեն ինչ վատ է լինելու: Եթե դրան էլ գումարենք, որ վերջին շրջանում իշխանությունն էլ չի առանձնանում լավատեսությամբ, ապա տպավորություն է ստեղծվում, որ մենք ապրում ենք մի դարաշրջանում, երբ՝
Ա/ ամեն ինչ կործանվում է, և դեռ ավելին,
Բ/ ամեն ինչ վատանում է,
Գ/ ամեն ինչ թանկանում է,
Դ/ ամեն ինչ դժվարանում է,
և բացի կանխատեսումից, որ ամեն ինչ վատ է լինելու`
Ե/ ամեն ինչ անկանխատեսելի է դարձել:
Իմ տպավորությամբ հանրային այս նևրոզի պատճառը ինֆորմացիոն հեղեղն է, որ մեր հասարակությունն ուղղակի չի կարողանում մարսել: Կայքերը, հեռուստատեսությունը, ռադիոն, տպագիր մամուլը, սոցիալական ցանցերը անընդհատ պատմում են ջրհեղեղների, նոր պատերազմների, երկրաշարժերի, ավիաաղետների, համաճարակների, հարձակումների մասին:
Մեր կյանքում ամեն ինչ առատ է` սկսած ֆիլմերից, երգերից, գրքերից, մարդկանցից մինչև արտակարգ պատահարներ: Եթե մի քիչ զգայուն ես, ապա կարծես հողը ոտքիդ տակից գնում է: Ու տպավորություն է, որ ամբողջ աշխարհը կարծես խելագարվել է: Որ այսպես երբեք չի եղել` այսքան հոռետեսական ու վտանգավոր:
Իրականում, սակայն, աշխարհը վերջին 100 տարում գրեթե նույնն է: Չհաշված երկու աշխարհամարտերը՝ աշխարհը միշտ էլ բաժանված է եղել ճամբարների, միշտ էլ եղել են պատերազմներ, տնտեսության ապագան միշտ էլ անորոշ է եղել, իսկ ճգնաժամերը, դեռ չավարտված, վերսկսվել են նոր թափով:



Արտակ Ալեքսանյանի մյուս հոդվածները



Ձեզ թվում է` 50-ականնե՞րն էին անհոգ, երբ ավերված աշխարհը աղքատության մեջ հաղթահարում էր Երկրորդ համաշխարհայինի հետևանքները, 60-ականնե՞րը, երբ սառը պատերազմի պատճառով ամբողջ ռեսուրսները խլում էին ռազմական արդյունաբերությունն ու 3-րդ աշխարհի համար մղվող պայքարը, 70-ականնե՞րը, թե՞ 80-ականները: Երբեք աշխարհը խաղաղ չի եղել: Միշտ էլ եղել է այն ամենը, ինչ կա այսօր:
-Այդ դեպքում ո՞րն է մեր հասարակության տագնապի պատճառը,-կհարցնեք դուք: Իմ կարծիքով, մեր հասարակությունն ուղղակի անցնում է ինֆորմացիոն առատությանն ադապտացվելու շրջան:
Հայաստանը պրովինցիալ երկիր է՝ իր բարքերով և օպերացիոն համակարգով: Եվ պրովինցիային հատուկ հանդարտությամբ է ապրել տասնամյակներ շարունակ, ինֆորմացիան էլ մինչև վերջերս դանդաղ է «հոսել»:

Որպեսզի պատկերացնեք, թե ինչի մասին է խոսքը, ուղղակի հիշե՛ք այն գյուղը, որտեղ եղել եք կամ որտեղ բարեկամ ունեք: Հիշո՞ւմ եք, որ նրանք ավելի հանգիստ են, ավելի հանդարտ: Նրանց օրը պլանավորած է, բաժանած, ինֆորմացիան էլ աստիճանաբար են ընկալում: Հիմա նույնը մեր հասարակության հետ է կատարվում:
Մենք 70 տարի սպառել ենք ագիտպրոպ, որը ֆիլտրված էր, ի դեպ, նաև բացասական ինֆորմացիայից, իսկ հետո ևս 20 տարի ապրել ենք ոչ միայն տրանսպորտային, այլև ինֆորմացիոն բլոկադայի մեջ:
Վերջին 5 տարում ամեն ինչ արագ փոխվեց: Մեդիան արագ զարգացավ, ինտերնետը բերեց ինֆորմացիայի նոր աղբյուրներ: Ու այն, ինչ մի ժամանակ ուղղակի վիճակագրություն էր, հիմա ունի դեմք: Այն, ինչ հեռավոր տագնապ էր, դարձել է շոշափելի մղձավանջ: Դրան գումարվում են համատարած աղքատությունը երկրի ներսում, կրակոցները սահմանին, և «Իիիիինշ կա՞» հարցը դառնում է լկտիորեն ակտուալ:

Իմ տպավորությամբ ժամանակն է, որ յուրաքանչյուրը մեդիագրագիտության անհատական կուրսեր անցնի: Որոշի, թե ինչ տեսակի ինֆորմացիան է իրեն հարկավոր, մնացածի համար դնի ֆիլտրեր:
Մենք սպառում ենք ավելի շատ ինֆորմացիա, քան մեզ հարկավոր է: Հասկանալի է, որ դրա կարիքը ինչ-որ փուլում կար, որովհետև մինչև այդ ամեն ինչ փակի տակ էր: Հիմա եկել է ժամանակը ոչ միայն սպառելու, այլև մարսելու: Անհնար է գնել ամբողջ սուպերմարկետը, որովհետև եթե նույնիսկ վճարունակ ես, դրա 99 տոկոսը քեզ պետք չէ:
Եկել է ինֆորմացիոն բեռնաթափման ժամանակը: Հակառակ դեպքում խելագարվել կարելի է: Սա` անհատական մակարդակում: Իսկ հանրային տիրույթում նևրոզներով ապրող հասարակությունը ամենավտանգավորն է ոչ ադեկվատ վարքով ու անկանխատեսելի հետևանքներով:

Տարածել