Շպռոտ. Ես` իմ մարմինը, չե՞ք ուզում` մի՛ նայեք

Շպռոտ. Ես` իմ մարմինը, չե՞ք ուզում` մի՛ նայեք

Շպռոտը newmag-ին պատմել է սկանդալային տեսահոլովակի, «Կտրիճ Դավոյին» հայհոյողների, «պապերի» և պարկեշտության կանոնների մասին:

Հայհոյողների մասին

Ես երբերք չեմ փորձել սկանդալային բան անել: Երգ ու տեսահոլովակ եմ ներկայացրել, և մարդկանց 50 տոկոսը  ոչ թե ասում են` վա˜յ, ինչ անճաշակ է, այլ  ինձ, իմ պապային, իմ մամային, իմ ցեղին հայհոյում են ամենավատ բառերով: Հաստատ ես այդքան ապուշ չէի լինի, որ ուզենայի նման սկանդալ, որ մարդիկ իմ մասին վատը խոսեին:

Կտրիճ Դավոյի մասին

Եթե ինձ ասում են, որ դու ժողովրդական երգի համար իրավունք չունեիր նկարել կիսամերկ տեսահոլովակ, ես ուզում եմ իիրենց բոլորին պատասխանել, որ ես էլ եմ այդ ժողովրդից, ես էլ եմ այդ ժողովրդի մի մասնիկը, ես էլ եմ հայ, իսկ ազգությունը չեն ընտրում: Ես հպարտ եմ, որ հայ եմ: Այնպես չէ, որ եկեղեցական կամ ազգագրական երգ եմ վերցրել ու աղավաղել, սա ժողովրդական հին երգ է, ու դա բոլորովին չի նշանակում, որ այն ժամանակ հայ աղջիկները չեն ունեցել բարեմասնություններ, ուղղակի այն ժամանակ փակ են հագնվել: Ես Կտրիճ Դավոյին այդպես եմ պատկերացնում: Նախ նա շատ ծեր է, որովհետև այդ երգը հազար տարվա երգ է, բնականաբար իմ պատկերացմամբ նա արդեն զառամյալ ծերունի է, գուցե դա ուրիշի համար աբսուրդ է: Ես այնպես եմ անում, որ Դավոն վերջում մահանում է, այսինքն դրանով ուզում եմ ասել, որ ցանկացած կարծրատիպ կարող է կոտրվել, մահանալ:

Պապերի ու բարեմասնությունների մասին

Ես չեմ սիրում այդ արտահայտությունը` մեր պապերի, մեր պապերի… Պապերն ի՞նչ կապ ունեն: Ես ապրում եմ այսօրվա իմ օրով` հարգելով մեր նախնիներին, բայց նրանք հաստատ գիրք չեն գրել, որտեղ ասեն, թե հայ կինը չպետք է ցուցադրի իր բարեմասնությունները: Ինձ ոչ ոք չի կարող ասել, ես իմ մարմնի որ մասը բացեմ, որը`փակեմ: Ազգությունն այստեղ ոչ մի կապ չունի, ես հպարտ հայ աղջիկ եմ,  ապրել եմ քաղցած, բայց իմ մարմինը երբեք չեմ վաճառել: Ես թասիբով եմ, թասիբով` նույնիսկ շատ տղաներից:

Սարեցի ժողովրդի մասին

Տեսահոլովակում ես իմ մարմնի բարեմասնությունները ցուցադրելու միտում չեմ ունեցել, այդպես եմ ուղղակի պատկերացրել: Կատակ երգ է, Դավոն սարեցի է, իսկ դա չի նշանակում, որ նա սարում նստած զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում: Մենք բոլորս էլ սարեցի ենք, մենք լեռնային երկրում ենք ապրում: Իմ ընտանիքն էլ է Ղարաբաղում կորուստ ունեցել, ես իմ հորն եմ կորցրել: Բայց ես չեմ ուզում լաց լինել այլևս, ես ուզում եմ, որ ազգս մի քիչ ուրախանա:

Պարկեշտության մասին

Պարտադիր չէ ուրիշի գրած կամ չգրած օրենքները փաթաթեն իմ վզին: Ասում են հայ կինը պետք է իրեն պարկեշտ պահի: Ես ասում եմ` կապ չունի ինչ ազգության ես պատկանում, առհասարակ կինն ինքն է որոշում` իրեն ինչպես պահի: Ես էլ իմ պատկերացումն ունեմ պարկեշտության մասին: Ինձ համար չկան չգրված օրենքներ, ես եմ գրում իմ օրենքները:

Հայ կանանց մասին

Ես այնպես չեմ արել, որ տեսահոլովակը սկանդալային լինի, ես հասկանում եմ, որ այնտեղ նման պահեր կան, հատկապես պապիկի պահը, կանայք տակը գրում են «յախք»: Բնական է, որ կինը չպետք է ուզենա  մերկ կնոջ մարմին տեսնել, կինը տղամարդ է ուզում տեսնել: Ինձ թվում է, որ հայ կանայք այնքան չեն սիրում իրենց մարմինը, որ երբ տեսնում են, որ ինչ-որ մեկը բացել է կրծքերը, նեղվում են: Իրենք իրավունք չունեն ինձ ասեն «յախք», որովհետև ես սիրում եմ իմ մարմինը: Ես լրիվ չեմ մերկանում,  բայց կարող եմ լինել կիսամերկ, դա իմ խնդիրն է, եթե դա խնդիր է:

Անբարոյականության և դավաճանության մասին

Իմ մարմինն ի ցույց եմ դրել իմ ֆանատների համար: Ես արտիստ եմ, ես գույն եմ ուզում մտցնել: Նման կանանց խորհուրդ կտայի կանգնել հայելու առաջ, ասել, որ սիրում են իրենց մարմինը, այդպես ավելի ինքնավստահ կլինեն: Դա ես եմ, իմ էությունն է, բայց չի նշանակում, որ ես անբարոյական եմ: Ինձ համար անբարոյականությունը ոչ թե մարմնի մասերը բացելն է, այլ դավաճանությունը, գողությունը, թալանը, կոպեկի համար ծախվելը: Ինձ համար սրանք են անբարոյականություն: Ես չեմ պրոպագանդում, որ բոլոր աղջիկները լինեն իմ նման, այլ լինեն այնպիսին` ինչպես իրենց սիրտն է ուզում: Ուզում են փակ, թող լինեն փակ, ուզում են բաց` թող լինեն բաց, հերիք է քննադատեն:  Ես` իմ մարմինը` չեք ուզո՞ւմ, մի՛ նայեք:

Գրել կարծիք