Հիմա ո՞ր երկիրը որի դեմ է Սիրիայում և ո՞վ առաջինը կհաղթի «Իսլամական պետությանը»

Հիմա ո՞ր երկիրը որի դեմ է Սիրիայում և ո՞վ առաջինը կհաղթի «Իսլամական պետությանը»

Սիրիայում գերտերությունները պայքարում են ահաբեկիչների դեմ` միաժամանակ մրցակցելով իրար հետ: newmag-ը վերլուծել է, թե ո՞վ ում հետ և հանուն ինչի՞ է կռվում սիրիական պատերազմում:

Առաջին մարտահրավերը

2016-ի մարտին սիրիական բանակն ազատագրեց Պալմիրան: Պատմական քաղաքի ազատագրումը դարձավ Ասադի առաջին մեծ հաջողությունը «Իսլամական պետություն» խմբավորման դեմ: Սակայն այս հաջողությունը սիրիական բանակին պետք է վերագրել մեծ վերապահումով: Իրականում Պալմիրայի ազատագրության գործում որոշիչ դեր խաղացին Ռուսաստանն ու նրա զինված ուժերը: Գործում էր ռուսական օդուժը, օդանավերն ու ուղղաթիռները երկնքից ուժեղ հարվածներ էին հասցնում ահաբեկիչների դիրքերին: Ռուսական կողմը պաշտոնապես հայտարարում էր, որ գործողությանը մասնակցում է միայն ռուսական օդուժը: Սակայն Պալմիրայում կիրառվում էին այնպիսի ժամանակակից ռուսական հրետանային համակարգեր, որ քիչ թե շատ հասկացող մարդկանց համար պարզ էր՝ դրանք կարող են կիրառել միայն ռուսական անձնակազմները: Բացի այդ մի քանի ապացույցներ ջրի երես ելան, որոնք ցույց էին տալիս ռուսական հատուկ նշանակության ուժերի մասնակցությունը Պալմիրայի ազատագրման գործողությանը: Քաղաքի ազատագրումից հետո էլ Մոսկվան այս խոշոր հաղթանակն ակտիվ օգտագործում էր իր քարոզչության մեջ՝ որպես Մերձավոր Արևելքում նոր ռուսական քաղաքականության հաջողության ապացույց և կարծես լավ իմաստով մարտահրավեր իր արևմտյան մրցակիցներին:

russia-syria

Մարտահրավերն ընդունված է

2014-ի ամռանից Միացյալ Նահանգները, նրա եվրոպական ու մերձավորարևելյան դաշնակիցները Սիրիայում «Իսլամական պետության» դեմ ավիահարվածներ են իրականացնում: Արդարության համար պետք է նշել, որ մեծապես դրանց շնորհիվ հաջողվեց կանգնեցնել ահաբեկիչների տարածքային նվաճումները: Սակայն մինչև հիմա կոալիցիոն օդուժի ամենամեծ հաջողությունը կարելի է համարել Կոբանիի պաշտպանության ժամանակ քրդերին օդային ակտիվ աջակցություն տրամադրելը: Այնուամենայնիվ, Սիրիա մտնելուց ընդամենը 5 ամիս անց Պալմիրայում Ռուսաստանի գրանցած հաջողությունը իսկապես ստվերեց ամերիկյան կոալիցիայի 2 տարվա վիճելի հաջողությունները: Միացյալ նահանգները հասկացավ, որ Ռուսաստանի հաջողությունների ֆոնին կարող է կորցնել Սիրիայում իր ազդեցության լծակները: Որոշում ընդունվեց իրականացնել ցամաքային գործողություն, որն իր մասշտաբով ու նշանակությամբ կգերազանցեր ռուսներինը: Սիրիայի հյուսիսային քրդական ինքնավար շրջաններում կտրուկ ավելացավ ամերիկացի ռազմական խորհրդականների թիվը՝ 250-ից հասնելով 600-ի: Նրանք ակտիվ մարզում են Սիրիայի դեմոկրատական ուժերին, որոնք մեծամասամբ կազմված են քրդերից, սակայն կան նաև ոչ մեծաքանակ արաբական ջոկատներ: Որպես թիրախ ընտրվեց ոչ ավել ոչ պակաս «Իսլամական պետության» «մայրաքաղաքը»՝Ռաքքան, որտեղ ահաբեկիչների դիրքերն ամենաուժեղն են: Կոալիցիոն մի քանի տասնյակ կործանիչների, ռմբակոծիչների և անօդաչուների աջակցությամբ մայիսի 24-ին քուրդ-աարաբական մինչև 30 հազար ուժերը հյուսիսից սկսեցին Ռաքքայի ազատագրման օպերացիան: Ամերիկյան կողմը պնդում է, որ իր զինվորականները անմիջական ռազմական գործողություններում ներգրավված չեն, սակայն ռազմաճակատում արված տեսանյութերը հակառակն են ասում: Վաշինգտոնի ստանձնած նպատակը մեծ է, մեծ է լինելու նաև այն իրականացնելու ժամանակը: Առաջին փոքր հաջողությունները կան, սակայն ԱՄՆ-ը և ցամաքում նրա դաշնակիցները հասկանում են, որ 2 տարի «Իսլամական պետության» տիրապետության տակ գտնվող Ռաքքան հետ բերելու համար ամիսներ կպահանջվեն:


[ Արևելյան խոհանոց ]


Բացի Ռաքքայից դաշնակիցները հարձակում են սկսել հյուսիսային Մենբիջ քաղաքի վրա, որը մոտ է թուրք-սիրիական սահմանին և կապում է սահմանին գտնվող «Իսլամական պետության» վերահսկած տարածքները «մայրաքաղաք» Ռաքքայի հետ: Քրդերին արդեն հաջողվել է գրավել Մենբիջի մոտ գտնվող կամուրջը, որը հենց այդ կապող դերն է կատարում: Վաշինգտոնում լավ հասկանում են, որ Ռաքքայի ազատագրումն անհամամեմատ կարագանա և կհեշտանա, եթե փակվի «Իսլամական պետությունը» Թուրքիային կապող միջանցքը, որտեղով անընդհատ զինամթերք և նոր զինյալներ են անցնում Սիրիա: Ներկայիս տեսքով «Իսլամական պետության» ի հայտ գալուց 2 տարի անց կարող ենք խոսել ահաբեկիչների դեմ ԱՄՆ նախաձեռնությամբ լայնամասշտաբ ցամաքային ռազմական գործողության մասին:

ԱՄՆ զորքերը Սիրիայում
ԱՄՆ զորքերը Սիրիայում

Խաղը շարունակվում է

Ռաքքայի և Մենբիջի գործողությունների մեկնարկից  մի քանի օր անց ստացվեց նոր անակնկալ նորություն: Սիրիական բանակը 2014 թվականից հետո առաջին անգամ հունիսի 4-ին ներխուժել է Ռաքքայի նահանգ: Այս դեպքում ևս սիրիական բանակն առաջ է շարժվում ռուսական տանկերի և օդուժի հզոր աջակցությամբ: Կառավարական ուժերն արդեն ահաբեկիչներից ազատագրել են մի քանի բնակավայրեր, մոտեցել խոշոր Թաբկա ամբարտակին և խորացել նահանգի տարածքում: Այս դեպքում ևս նպատակը՝ «մայրաքաղաք» Ռաքքան է: Տպավորությունն այնպիսին է, որ ամերիկացիներն ու ռուսները իրենց դաշնակիցներով հանդերձ գաղտնի պայմանավորվածությամբ միաժամանակյա գործողություններ են սկսել «Իսլամական պետության» դեմ: Սակայն ավելի հավանական է, որ կողմերից յուրաքանչյուրը շտապում է հնարավորինս շատ տարածքներ ազատագրել հետագա բանակցություններում դրանց հավակնելու համար: Ասադն ու ռուսները ոչ միայն չեն ցանկանում Ռաքքան ազատագրողի փառքը զիջել ԱՄՆ-ին և դաշնակից քրդերին, այլև արդարացված մտավախություն ունեն, որ Սիրիայի դեմոկրատական ուժերի կողմից Ռաքքայի ազատագրումից հետո այդ տարածքները կմտնեն քրդերի հայտարարած ինքնավար շրջանի մեջ:

Սիրիայում ականատես ենք լինում գերտերությունների իսկական մրցակցության, որը տվյալ դեպքում անսովոր դրական հետևանք է ունենում: Սիրիայում հիմա ծավալվող գործողությունները նման են 1945 թվականին Գերմանիայի գրավմանը, երբ հակահիտլերյան կոալիցիայի անդամները շտապում էին ավելի շատ տարածքներ գրավել, որպեսզի դրանք բաժին չհասնեն մյուս դաշնակիցներին և ժամ առաջ մտնել Բեռլին: Սիրիայի դեպքում ամենակարևորն այն է, որ ԱՄՆ-Ռուսաստան մրցակցության պայմաններում մարդասպան ահաբեկիչներից ազատագրվում են նորանոր տարածքներ, հազարավոր մարդիկ փրկվում են ստրկությունից, փշրվում է «Իսլամական պետության» ցամաքում անպարտելի լինելու առասպելը:

Գրել կարծիք