Ես ու Լիմոնչելոն. սպասված ու ձգձգված հանդիպում

Ես ու Լիմոնչելոն. սպասված ու ձգձգված հանդիպում

Newmag-ի թղթակիցը շարունակում է իր ճամփորդական նոթերը: Այս անգամ նա պատմում է իտալական լիմոնչելոյի, քաղաքային «չի կարելի»-ների ու երկար սպասված հանդիպման մասին:

Լիմոնչելոյի մասին իմացա մինչև Իտալիա գնալը: Որոշել էի՝ Հայաստանում չեմ խմի: Իտալիային բնորոշ խմիչքը հենց այնտեղ էլ կխմեմ: Երկու տարի անցավ իմ ու նրա ծանոթությունից, մինչև տեղ կհասնեի:

Հռոմում չհիշեցի էլ Լիմոնչելոյի մասին: Տպավորություններն այնքան շատ էին՝ հուշարձանների չափ, որ ժամանակ էլ չեղավ նրա մասին հիշելու: Այնպես որ, հավերժական քաղաքում ոգելից խմիչքը փնտրելու փորձ էլ չարեցի:

Հաջորդ կանգառը Ֆլորենցիայում էր: Քաղաք, որտեղ Հռոմից շատ էի երազում լինել: Բայց չկարծեք, թե համեմատության մեջ եմ դնում քաղաքներն ու նախընտրում Վերածննդի կենտրոնը, որովհետև ավելի սիրուն է: Ոչ, դրանք երկուսն էլ յուրովի գեղեցիկ են, ամեն մեկն իր տրամադրությամբ ու բնավորությամբ: Պարզապես լինում է, չէ՞, որ մեկին մի քիչ ավելի ես սիրում, քան մյուսին, ուղղակի, առանց պատճառի: Սիրտդ է մտնում ու վերջ:

Այ, հենց Ֆլորենցիայում էլ որոշեցի փորձել Լիմոնչելոն: Երկու օր քաղաքը ոտքի տակ տալուց հետո, վերջապես երեկոյան 9-ն անց չգիտեմ քանիս հիշում եմ, որ կար մի բան, որ պետք է հենց Իտալիայում փորձեի: Մտնում եմ խանութ, վերցնում շիշը, բայց… մեկ վայրկյան, վաճառողն իտալերենով հասկացնում է, որ չեմ կարող ոգելից խմիչք գնել: Բայց ինչո՞ւ, զարմանում եմ: Տղան մի կերպ իտալանգլերենով բացատրում է, որ տասը րոպե առաջ կարող էի գնումը կատարել, իսկ հիմա՝ ոչ: Ժամը ինն անցել է, ոգելից խմիչքի վաճառքն արգելված է մինչև առավոտ: Ա՜յ քեզ բան, իսկ ես չգիտեի այդ մասին:

Հյուրանոցում աշխատողը բացատրում է, որ քաղաքում այդպիսի օրենք կա: Երեկոյան 9-ից հետո կարող եմ խմել միայն բարերում, կամ էլ… մի տոպրակ վերցնել ու գնալ կողքի փոքրիկ կրպակը ու «տակից» գնել իմ ուզածը: Բայց ես ընդամենն ուզում էի Լիմոնչելո փորձել, ամենևին էլ անհագ ցանկություն չունեի այդ պահին խմելու: Այնպես որ, ասացի՝ ոչինչ, ես կսպասեմ մինչև առավոտ:

Առավոտյան նորից մոռացա Լիմոնչելոյի մասին: Դավիթից ստացած տպավորություններն այնքան շատ էին, որ Լիմոնչելոյից ոչ լիմոնն էր մտքիս, ոչ էլ մնացածը: Ես այն փորձեցի միայն երրորդ քաղաքում՝ Վենետիկում: Ինձ համար թունդ էր, երկու կումից ավելի չկարողացա խմել: Բայց խմողներն ասում են, որ լավն է:

Գրել կարծիք