Մարիհուանա. ծերացող ուղեղի լավագույն ընկե՞րը

Մարիհուանա. ծերացող ուղեղի լավագույն ընկե՞րը

Գերմանիայի Բոննի համալսարանի հետազոտողների հետազոտությունը մեծ աղմուկ է առաջացրել. նրանք հայտնաբերել են, որ մարիհուանան որքան վնասակար է երիտասարդների համար, այդքան օգտակար է տարեցներին:

Պատկերացնենք մեր միջին ստատիստիկ մարիhուանա ծխողին՝ երիտասարդ, շփոթված ու մոլորված մի էակ: Մարիhուանան արդեն վաղուց մեզ հայտնի է որպես թմրանյութ, որը կարող է ազդել մեր ընկալողունակության և ուշադրության վրա: Սակայն, ըստ Nature Medicine պարբերականում լույս տեսած նոր հետազոտությունների տվյալների, այս թմրանյութը լիովին ուրիշ ազդեցություն կարող է ունենալ ավելի տարեց մարդկանց վրա՝ չնայած որ հետազոտությունները դեռ անցկացվել են միայն մկների վրա: Լսողության ու հիշողության վրա ազդելու փոխարեն՝ ինչպես լինում է երիտասարդ օգտագործողների մոտ, մարիհուանան դրական է ազդում տարիքի հետ կոգնիտիվ ունակության՝ ուշադրության, հիշողության, լսողության նվազեցում ունեցած մկների մոտ:

Գերմանիայի Բոննի համալսարանի հետազոտողները՝ Անդրեաս Ցիմմերի գլխավորությամբ, երիտասարդ, միջին և մեծ տարիքի մկներին տվել են դելտա 9-տետրահիդրոկաննաբինոլի (THC, մարիխուանայի հիմնական բաղադրիչ) փոքր չափաբաժիններ: Ինչպես ակնկալվում էր, երիտասարդ մկները թմրանյութի ազդեցության տակ ավելի ցածր ցուցանիշներ ցույց տվեցին հիշողության ու սովորելու ունակության թեստավորումների ընթացքում: Նրանց հակառակ, ավելի մեծ տարիքի մկներն առանց թմրանյութի ներարկման շատ ավելի վատ արդյունքներ էին ցույց տալիս թեստավորման ընթացքում, սակայն THC ստանալուց հետո նրանց արդյունքները մոտեցան առանց ներարկման երիտասարդ մկների արդյունքներին: «Արդյունքները շատ զգալի էին», – ասում է Ցիմմերը:

Այլ մասնագետները բարձր են արտահայտվում հետազոտության մասին, սակայն զգուշացնում են, որ մկների արդյունքները կարող են էականորեն տարբերվեն մարդկանց արդյունքներից: «Այս ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ THC-ով նախաբուժումը կարող է որոշակի կոգնիտիվ գործոններ վերականգնել ավելի մեծահասակ մկների մոտ, միաժամանակ ճիշտ հակառակ արդյունքն ունենալով ավելի երիտասարդների համար», – ասում է Սյուզան Ուայսը, որը թմրադեղերի օգտագործման ուսումնասիրությունների գծող առաջատար մասնագետներից է: Նա ավելացնում է. – «Ցանկալի կլիներ, որ հետազոտությունների արդյունքում հնարավոր լիներ ծերացող մարդկանց համար օգտակար մի լուծում գտնել, սակայն այս պահի դրությամբ կպահանջվեն լրացուցիչ փորձարկումներ:» «»

Փորձարկման ենթարկված մկների ուղեղների ուսումնասիրման ընթացքում գիտնականները հայտնաբերեցին, որ տարեց մկների մոտ ուղեղի այն բաժնում, որը պատասխանատու է հիշողության և սովորելու համար հայտվել են նոր սինապտիկ ճյուղեր: Նույնիսկ գենետիկ մակարդակի վրա ուղեղի բարելավումն իրեն զգացնել է տվել: «Մենք սա պարզապես չէինք ակնկալում: Ծերացող կենդանիները, որոնք ներարկվել են, նմանվեցին երիտասարդ, ներարկում չստացած մկներին», – ասում է Ցիմմերը:

Հայտնագործությունները թույլ են տալիս ենթադրել, որ THC-ն և այլ նմանատիպ «կանաբիսոյդ» նյութերը կարող են ուղեղում առաջացնել ծերացման դեմ աշխատող մոլեկուլներ: «Կանաբիսոյդ» նյութերի մեջ մտնում են մի շարք կենսաբանորեն ակտիվ տարրեր, որոնք կարելի է գտնել Cannabis sativa բույսի մեջ: THC-ն, որն այս նյութերից ամենաուսումնասիրվածն է, պատասխանատու է մարիհուանայի հոգեմետ ազդեցության համար: Բույսի տարրերը իրականում շատ նման են մեր ուղեղներում արտադրվող նմանատիպ նյութերին, որոնք անվանվում են «էնդոգեն կանաբիսոյդներ»: Վերջիններս պատասխանատու են մեր ուղեղներում նյարդային գործողության որոշակի շրջանների ակտիվացման համար: «Մենք գիտենք, որ էնդոգեն կանաբիսոյդների համակարգն անչափ դինամիկ է, այն փոփոխությունների է ենթարկվում մեր կյանքի տևողության ամբողջ ընթացքում», – ասում է Ռայան Մաքլաֆլինը, որը մասնագիտանում է կաննաբիսի և սթրեսի ուսումնասիրությունների մեջ Վաշինգթոնի պետական համալսարանում: Ըստ ուսումնասիրությունների, էնդոգեն կանաբիսոյդները մեր մարմնում զարգանում են դեռ մանկուց, պատանեկության հասակում հասնում գործունեության կիզակետին: Հետո, տարիքի հետ, էնդոգեն կանաբիսոյդները աստիճանաբար պակասում են:

Էնդոգեն կանաբիսոյդների նվազեցումը տարիքի հետ համընկնում է Ցիմմերի՝ մկների հետ անկցկացված փորձարկումների արդյունքների հետ: «Գաղափարն այն է, որ տարիքի հետ կենդանիների մոտ, ինչպես և մարդկանց մոտ, էնդոգեն կանաբիսոյդները նվազում են, ինչը համընկնում է ուղեղի ծերացման հետ», – ասում է Ցիմմերը, – «Ու մենք որոշեցինք արհեստականորեն ավելացնել այս նյութը՝ արդյունքները տեսնելու համար»:

«Այս հնարքն այնքան տարօրինակ չէ, եթե հաշվի առնենք կանաբիսոյդների դերը օրգանիզմի բնական հավասարակշռության պահպանման գործում», – ասում է Մարկ Ուեյրը, որը Մոնռեալի ՄկԳիլլ համալսարանում կլինիկական ուսումնասիրություններով է զբաղվում: «Նրանց համար, ովքեր ուսումնասիրում են մարմնի էնդոկաննաբիոյդ համակարգը հետազոտության արդյունքները ակնկալելի էին», -ասում է նա: Սակայն մարիհուանայի ազդեցությունը խիստ փոփոխական է` ըստ չափաբաժնի՝ եթե փոքր քանակությամբ օգտագործումը կարող է հանգստացնել, ապա ավելի մեծ բաժինները կարող են բերեն բարձր մակարդակի սթրեսի: Փոփոխական է նաև ազդեցությունը կախված օգտագործողի առողջությունից. եթե քաղցկեղով հիվանդների մոտ մարիհուանան կարող է ախորժակ առաջացնել, առողջ մարդկանց մոտ այն կարող է առաջացնել սրտխառնոց: Նույն կերպ, այն կարող է բացասական ազդել երիտասարդ ուղեղների վրա, որոնք կաննաբիսոյդների կարիք չունեն, սակայն դրական ազդեցություն թողնել ավելի տարեց ուղեղների վրա, որոնք այդ նյութերի նվազեցում են ունեցել:

Հետազոտողները դեռևս չգիտեն, ինչպես է ազդում մարիհուանան ծերացող մարդկանց վրա. հիմնականում այն պատճառով, որ ուսումնասիրությունների մեծ մասն անցկացվել է երիտասարդ մարդկանց վրա, ում համար թմրանյութերն ավելի ռիսկային են: Բայց չնայած նրան, որ մարիհուանայի օգտագործողների մեծ մասը երիտասարդ է, նրանց օգտագործման ցուցանիշները տարիների ընթացքում լուրջ փոփոխությունների չեն ենթարկվել, սակայն մեծ տարիքի օգտագործողների թիվը բազմապատկվել է՝ հասարակական տաբուի վերացմանը համընթաց: 50-64 տարեկան մարդկանց մոտ մարիհուանա օգտագործողների թիվն աճել է 60 տոկոսով, իսկ 65 տարեկանից մեծերի մոտ՝ 25 տոկոսով:

Հետազոտություններն անցկացրած գիտնականները չեն քաջալերում մարիխուանայի օգտագործումը. «Ես չեմ ուզենա, որ որևիցե մեկն այս հետազոտությունների հիման վրա սկսի մարիհուանա օգտագործել», – ասում է Ցիմմերը:

Ծերացող մարդկանց, ովքեր ուզում են բժշկական կաննաբիս օգտագործել ցավերից ազատվելու համար, հուզում են հնարավոր բացասական ազդեցությունները: Ուեյրն ասում է. «Նրանք ուզում են իմանալ՝ սա կա՞զդի իրենց հիշողության վրա, ուղեղին վնաս կհասցնի՞: Եթե հետազոտությունների արդյունքները նմանատիպ լինեն մարդկանց համար, ապա կարելի կլինի եզրակացնել, որ THC-ն բացասական ազդեցություն չի ունենա ճիշտ քանակությամբ օգտագործման արդյունքում: Այս պահի մեր գլխավոր մարտահրավերը կլինիկական հետազոտությունների անցկացումն է մարդկանց վրա»:

Ցիմմերն ու նրա գործընկերները հենց սա էլ պատրաստվում են անել: Նրանք ֆինանսավորում են ստացել Գերմանիայի կառավարությունից և շուտով կսկսեն THC ազդեցությունն ուսումնասիրել կոգնիտիվ խնդիրներ ունեցող մեծահասակների մոտ:

Թարգմանեց` Դավիթ Փարթամյանը

Աղբյուրը

Գրել կարծիք