Ինչ է պոպուլիզմը Բրազիլիայում. Ժաիր Բոլսոնարու

October 15, 2019

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի պաշտոնավարման մեկ տարին կլրանա հունվարի մեկին: Իր նախընտրական քարոզարշավի ընթացքում նախկին զինվորականը, որը գործադիրում աշխատելու փորձ չուներ, առատորեն օգտվեց պոպուլիզմի թիրախային գործիքներից: 
 Ուղիղ ժողովրդավարություն
Բոլսոնարուն պնդում է, որ Բրազիլիան և Աստված  վեր են բոլորից և ամեն ինչից, ինքն էլ մարմնավորում է լիդերի մասին բրազիլացիների ամենանվիրական պատկերացումները: Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ անհայտ անձը դանակահարում է նրան: Այս միջադեպը Բոլսոնարուի կերպարի շուրջ դրական մթնոլորտ է ստեղծում, որովհետև ապագա նախագահը հակառակորդներին թիրախավորելու և աջակիցների բանակն ընդլայնելու առիթը բաց չի թողնում: Նա քարոզարշավը շարունակում է հիվանդասենյակից, կոչերով դիմում իր աջակիցներին և արդյունքում շահում հանրության վստահությունը: 
Հակառակ իսթեբլիշմենթին
Ծայրահեղ պահպանողական հայացքներով ու սկանդալային հայտարարություններով հայտնի նախագահը հակառակվում էր ոչ միայն իր քաղաքական մրցակիցներին, այլև բոլորին, նա կոպիտ էր կանանց նկատմամբ, ռասիստական բնույթի արտահայտություններ էր անում, ակնհայտ դեմ էր արտահայտվում մարդու իրավունքների պաշտպանության ընդունված չափանիշներին: 
Բարդ խնդիրներին` հեշտ լուծումներ
Բոլսոնարուն ամենախիստ պատիժը խոստացավ հանցագործների համար ու հայտարարեց, որ մահապատիժը համարում է օրինական:  Նա խոսում է ներգաղթյալների վտանգի մասին, բայց Բրազիլիայում ներգաղթյալների թիվը շատ փոքր է: Առաջարկում է Թրամփին Բրազիլիայում ամերիկյան ռազմաբազա ստեղծել, բայց տարածաշրջանում որևէ լուրջ ռազմական խնդիր չկա: Քաղաքագետները պնդում են, որ ուրվականների հետ այս կռիվը շեղում է իրական խնդիրներից: Բոլսոնարուն կլիմայի փոփոխության խնդրին թերահավատորեն է մոտենում: Ամազոնի անտառների հրդեհները նույնպես նրա կառավարման ոճի մասին շատ բան են ասում: Դեռ հունվարին նորանշանակ նախագահն ընդհատել էր որոշ կազմակերպությունների ֆինանսավորումը, որոնք զբաղվում էին արևադարձային անտառների պաշտպանությամբ և թույլատրել էր ապօրինի ծառահատումները: 



Կարդացեք նաև.



Մեդիայի հետ հարաբերություններ 
Մեդիայի բոլոր հարթակներն, ըստ Բրազիլիայի նախագահի, ապատեղեկատվություն են տարածում: Քարոզարշավի ընթացքում նա ելույթ չունեցավ հեռուստատեսությամբ, փոխարենը սոցիալական ցանցերում էր շփվում իր աջակիցների հետ: Որպես նախագահ էլ Բոլսոնարուի ներքաղաքական և արտաքին քաղաքական ամենասկանդալային որոշումներն ու հայտարարությունները նրա սոցիալական ցանցերի միջոցով են արվում: Նա խիտ գրաֆիկի պատճառով վերջին պահին չեղարկեց աշխատանքային այցով Բրազիլիա ժամանած Ֆրանսիայի արտգործնախարարի հետ հանդիպումը ու այդ նույն ընթացքում ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցույց տվեց, թե ինչպես է վարսահարդարը կտրում իր մազերը: Թվիթերում էլ անձնական վիրավորանքներ հասցրեց Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի տիկնոջը: 

Հեղինակ՝ Նանե Մանուկյան





Հետևեք newmag-ին   Instagram-ում և   Telegram-ում