Ամեն ինչ սկսվեց որպես կատակ. ի՞նչ է պոպուլիզմը Սերբիայում

October 9, 2019

Սերբիայում 2017 թվականի նախագահական ընտրությունը վերածվել էր զավեշտի ու բառի իսկական իմաստով կրկեսի բաց երկնքի տակ: Թեկնածությունն էր առաջադրել 25-ամյա մի կոմեդիանտ-ուսանող: Մեկ շաբաթ անց հարցումներով նա երկրորդ տեղում էր: Ընտրության արդյունքով՝ 3-րդը, նրա օգտին քվեարկել էր ավելի քան 326 հազար մարդ: Նրա գործողությունները դասական պոպուլիստական էին՝ համեմված բալկանյան առանձնահատկություններով: 
Հակառակ իսթեբլիշմենթին - Քարոզարշավի սկզբում Մաքսիմովիչը հայտարարեց, որ ոչ թե ինքն է մասնակցում ընտրությանը, այլ իր «ալտեր էգոն»: Այդ էգոն նույնիսկ անուն ուներ` «բելի», այսինքն` սպիտակ: Ինքը սպիտակ էր, քաղաքական էլիտան` սև: Նրա անցյալը մաքուր ու անբիծ էր, մյուսներինը` կոռուպցիայի մեջ թաթախված: Այս, երբեմն արհեստականորեն ստեղծված հակասությունը պոպուլիզմի հիմնաքարերից է: Մաքսիմովիչը ոչ միայն իշխանությանն էր հակառակվում, այլև ընդդիմությանը: Նա ծաղրում էր բոլորին և հայտարարում, որ ինքը բոլոր վատ քաղաքական գործիչների հավաքական կերպարն է: 
Ուղիղ ժողովրդավարություն - Ամեն ինչ սկսվեց որպես կատակ, բայց քաղաքացիների անսպասելի դրական արձագանքը Մաքսիմովիչին դարձրեց վտանգավոր մրցակից: Ընտրական ընդունված մոդելները չընդունող ու կառավարման գործող համակարգերից հոգնած մարդկանց համար նա կատարյալ թեկնածու էր: Մաքսիմովիչը անկեղծանում էր` ինքը գնում է գյուղեր մարդկանց խաբելու, ընտրարշավի իմաստը անկեղծ ստելն էր: 



Կարդացեք նաև.



Պոպուլիզմի լեզուն - «Բելի» Մաքսիմովիչը շրջում էր սպիտակ ձիով: Ցույց էր տալիս, որ շարասյունները կոռուպցիայի նշան են, իսկ ինքը նույնիսկ իր մեքենան չունի: Մյուս թեկնածուների կանխատեսելի և ձանձրալի քարոզարշավի կողքին նրա նախընտրական անսպասելի հոլովակները սոցիալական ցանցերի իսկական հիթ էին դառնում: Առանց նախընտրական ծրագրի և քաղաքական թիմի Մաքսիմովիչը գրավել էր հատկապես երիտասարդների սրտերը: Նա չուներ որևէ ծրագիր, ասում էր՝ կգա իշխանության, այնտեղ կերևա:  
Բարդ խնդիրներին` հեշտ լուծումներ - Մաքսիմովիչը հայտարարում էր` մյուս բոլոր թեկնածուների խոստումները ինքը կիրագործի, ընդ որում՝ եռապատկելով դրանք: Իր օգտին քվեարկող յուրաքանչյուր քաղաքացուն գումար էր խոստանում, նաև ասում էր, որ հեշտությամբ նրան աշխատանքի կտեղավորի: Պնդում էր, որ Սերբիային ծով է պետք, բայց քանի որ պատերազմ չեն կարող սկսել ու գնալ դեպի ծով, պետք է ծովը բերել կողքի քաղաք՝ հավելելով՝ ինքը գալիս է բոլորին փրկելու: 

Հեղինակ՝ Նանե Մանուկյան





Հետևեք newmag-ին   Instagram-ում և   Telegram-ում