Newmag-ը հրատարակել է Հարութ Կբեյանի «Լոտո» վեպը
Գրքի գլխավոր հերոսները երկուսն են՝ գործազուրկ Պողոսը և Նաիրյան երկրի նախագահը։ «Լոտո» վեպը ներկայացնում է Նաիրի երկրի նախագահի անցյալը, կառավարման տարիները և ճակատագրական հանդիպումը Պողոսի հետ։ Ամեն ինչ սկսվում է այն պահին, երբ Պողոսը «Համապետական» լոտոյի տոմսակ է գնում։ Այս գիրքը Հարութ Կբեյանի առաջին վեպն է: Այն սկսել է գրել 2010 թվականից:
«Եկավ մի ժամանակ, երբ կիսատ թողեցի գիրքը: Մեր կյանքում ինչ-որ շրջափուլ չէր փակվել, և գրքի վերաբերյալ իմ գաղափարն ամբողջանալու կարիք ուներ: Տարիների ընթացքում կարողացա ավարտին հասցնել այն», - ասում է Հարութ Կբեյանը:
Հեղինակի խոսքով, այս պատմությունը զարգացել ու անընդհատ հղկվել, վերափոխվել է՝ անցնելով կյանքի շրջափուլերի միջով: Ստեղծագործելիս երբեմն թվացել է, թե գիրքը մոտ է ավարտին, սակայն հեղինակն ամբողջությամբ վերանայել է շարադրանքը: Հարութ Կբեյանի գնահատմամբ, վեպը մեր կյանքի փոփոխությունների ուղիղ անդրադարձն է:
«Պսևդոքաղաքական անտիուտպոիա է: Երբ կարդաք, առաջին հայացքից կթվա, թե քաղաքական է, իրադարձությունները Հայաստանում են տեղի ունենում, բայց իրականում այդպես չէ», - ասում է Հարութ Կբեյանը։
Գրքի խմբագիր Վահան Իշխանյանի խոսքով, գեղարվեստական ոճի ստեղծագործությունները խմբագրելիս կարևոր է հեղինակի և խմբագրի գործակցությունը։ Տեքստին խմբագրի միջամտությունը պետք է լինի այնքան, որ այն կատարյալ լինի և՛ խմբագրի, և՛ հեղինակի, և՛ ընթերցողի համար։
«Որքան անհրաժեշտ է, այնքան էլ կարելի է միջամտել։ Նախ՝ տեքստը կամ գիրքը ընթերցելուց հետո անհրաժեշտ է պատկերացնել, թե ինչպիսին այն կատարյալ կլիներ: Հետո խմբագրելիս փոփոխություններն էլ, եթե անհրաժեշտ է, կարող են լինել», - ասում է Վահան Իշխանյանը։
«Լոտո» վեպի վերիֆիկանտը լրագրող Մանու Իրիցյանն է։ Նրա խոսքով, սա հումորով գրված հետաքրքիր գործ է։ Վեպը անսովոր կերպով ներկայացնում է սովորական մարդու կերպարը։ Ընթերցողները մի քանի հարցերի պատասխաններ են ստանում. ո՞րն է լինելու շահումը, նախագահն ի՞նչ նվեր է անելու Պողոսին։ Ինչո՞ւ է նախագահը վիճակախաղ անցկացնում իր գահակալության մայրամուտին։ Պողոսը կհամաձայնի՞ ընդունել նախագահի առաջարկը։
«Թվում է, թե տեսնելու ես կոնկրետ մարդկանց պատմություններ, դեպքեր, բայց սա ընդհանուր քաղաքական վիճակն է ցույց տալիս՝ նույն մարդիկ, նույն լոզունգներն ու նույն առաջարկները։ Գիրքը ցույց է տալիս, թե ժավել ծախողը որքան հեշտ է համաձայնում նախագահի առաջարկին և կարծում է, թե այդպես էլ պետք է լիներ», - ասում է Մանու Իրիցյանը։
«Լոտո» վեպը պատկերում է քաղաքական գործիչ դառնալու ճանապարհները, PR ընկերությունների աշխատանքը, ցույց է տալիս, թե ինչպես կարելի է առանց քաղաքական փորձի դառնալ քաղաքական գործիչ։
«Ամեն կերպարի մեջ տեսնում ես ծանոթ ինչ-որ մեկին: Հերոսների երկխոսությունները դիպուկ են», - ասում է Մանու Իրիցյանը։
Պսևդոքաղաքական անտիուտոպիային պետք էր համարժեք դիզայն և շապիկ։ Գրքի դիզայնի համար newmag-ի խմբագրակազմը բազմաթիվ տարբերակներ է փորձել ու վերջում կանգ է առել կախիչի ու փողկապի վրա։ Գրքի դիզայնի հեղինակը newmag-ի գլխավոր դիզայներ Էդիկ Պողոսյանն է։
«Ռետրոյի ու ժամանակակցի միաձուլումն է։ Պատմությունը պրոյեկտել ենք ու ստացել հրթիռով փողկապն ու կախիչը։ Գրքում էլ նման մի տեսարան կա», - ասում է Էդիկ Պողոսյանը։
Գլխավոր հերոսը նախագահի պալատում հայտնվելուց հետո բախվում է իշխանավորների կենսափիլիսոփայությանը.
«Բոլոր խոսակցությունները, թե կյանքը շախմատ է, չափազանցված են։ Իրականում կյանքն ավելի շատ նման է շաշկիի։ Բոլորը ձգտում են հասնել ինչ-որ բանի։ Ամենահեշտը ճանապարհին ինչ-որ մեկի կամ մի քանիսի վրայով անցնելն է։ Պետք է զգույշ լինես, որ հանկարծ քեզ ֆուկ չանեն։ Չես անցնում դու՝ անցնում են քո վրայով: Կամ հանում են խաղից....»
Ո՞վ է գրքի հեղինակը
Հարութ Կբեյանը Կենտրոնական բանկի հասարակության հետ կապերի ծառայության ղեկավարն է։ Մինչև այդ 3 տարի աշխատել է ՀՀ կառավարությունում: Եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպման մեդիա պատասխանատուն։
Դոկումենտալ և խաղարկային ֆիլմերի, հեռուստասերիալների, հեռուստահաղորդումների սցենարիստ-հեղինակ է: Գրել է «Մայրամուտի գերիները» գիրքը: Նրա «Զևսը» պատմվածքը հրապարակվել է համացանցում, մեծ աղմուկ է հանել ու շատ քննարկվել:
[embed]https://www.youtube.com/watch?v=8Yxa-tjkuvU[/embed]
Հետևեք newmag-ին Instagram-ում և Telegram-ում
Կարդա նաև
Ով էր Նունեն, ում հոտնկայս ծափահարեց Իեն Գիլանը. մանրամասներ մեր գրքային հերոսների մասին (տեսանյութ)
Կունենա՞ Արա Թադևոսյանի գիրքը շարունակություն (տեսանյութ)
«Երկու ռոք աստղ, երկու աղջիկ՝ չհաշված Արարատը» գրքի հերոս Իեն Գիլանը, նշում է 75-ամյակը
«Գիրք սերն արարելու և այն վայելելու մասին»․ Արա Թադևոսյան