4 կարծիք Հայաստանում էլեկտրոնային գրքերի հեռանկարների մասին
Գիրքը կարդալ էլեկտրոնայի՞ն, թե՝ տպագիր տարբերակով։ Հայալեզու գրականության դեպքում ընթերցողն առանձնապես ընտրության հնարավորություն չունի։ Այն, ինչ տարածվում է համացանցում, առավել հաճախ՝ PDF տարբերակով ու անօրինական, բնավ էլ էլեկտրոնային գիրք չէ։
Գիրքը կարդալ էլեկտրոնայի՞ն, թե՝ տպագիր տարբերակով։ Հայալեզու գրականության դեպքում ընթերցողն առանձնապես ընտրության հնարավորություն չունի։ Այն, ինչ տարածվում է համացանցում, առավել հաճախ՝ PDF տարբերակով ու անօրինական, բնավ էլ էլեկտրոնային գիրք չէ։
Ինչո՞ւ Հայաստանում էլեկտրոնային գրքի շուկան չի զարգանում։ Հրատարակիչները տարբեր պատճառներ են նշում. չկան համապատասխան հարթակներ, չկա պահանջարկ, որպես բիզնես՝ շահութաբեր չէ, ու առհասարակ՝ էլեկտրոնային գրքերի թողարկումն արդյո՞ք հրատարակիչների գործառույթն է։
Թեմայի շուրջ Մեդիամաքսը զրուցել է հրատարակիչների եւ իրավաբանի հետ։
Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյան
«Էլեկտրոնային գրքերի վաճառքը հրատարակչի համար ոչ թե բոնուս է, այլ՝ այլընտրանք»
Էլեկտրոնային գրքեր թողարկելը հրատարակչի համար գրավիչ ու հեռանկարային, բայց թանկ հաճույք է։ Newmag հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանն ասում է, որ գլխավոր խնդիրը Հայաստանում պաշտպանված մասնագիտական կայքերի բացակայությունն է, ինչպես Litres-ը կամ Amazon-ը, որտեղ հրատարակիչները կներկայացնեն իրենց էլեկտրոնային գրքերն ու չեն անհանգստանա, որ դրանք ապօրինի կտարածվեն։ Միակը vlume-ն է, որի վճարման մեխանիզմը, ըստ Արտակ Ալեքսանյանի, հրատարակչին չի շահագրգռում։
«Էլեկտրոնային գրքերն անխուսափելի են, դա հրատարակչական այն հաջորդ մակարդակն է, որ պիտի ունենա իրեն հարգող երկիրը։ Եթե հրատարակիչները հապաղում են, գուցե բիզնեսն անի, բայց, միեւնույն է, դա այն է, ինչ թելադրելու է կյանքը», - վստահ է Newmag-ի տնօրենը:
Արտակ Ալեքսանյանն ասում է՝ էլեկտրոնային գիրքը հրատարակչի համար ոչ այնքան շահույթի աղբյուր, որքան՝ այլընտրանք է։ Newmag-ի 5800 դրամ արժողությամբ գիրքը, օրինակ, էլեկտրոնային տարբերակի դեպքում 4800 դրամ կարժենա։
«Էլեկտրոնային եւ տպագիր գրքերի տարբերությունը միայն մեկ բյուջետային տողում է՝ տպարան, որը քիչ չէ, բայց ընդհանուր բյուջեի մոտ 45 տոկոսն է միայն։ Թարգմանչին, խմբագրին ու սրբագրիչին, դիզայներին, նաեւ շապիկի համար պիտի, այնուամենայնիվ, վճարես։ Հետեւաբար, այնպես չէ, որ էլեկտրոնային գրքերի վաճառքը հրատարակչի համար բոնուս է, դա այլընտրանք է, եկամուտների դիվերսիֆիկացման աղբյուր։ Բացի այդ, քանի որ Newmag-ի գրքերը շատ արագ են սպառվում, հույս ունենք, որ էլեկտրոնային գրքերի միջոցով կլուծենք նաեւ ինտենսիվ վերահրատարակության հարցը», - նկատում է Արտակ Ալեքսանյանը:
Newmag-ի տնօրենն ասում է, որ էլեկտրոնային գրքերի շուկան զարգացնելու առաջին նախապայմանը պաշտպանված հարթակներ ստեղծելն է՝ կանխելու համար գրքերի ապօրինի տարածումը։ Ըստ Արտակ Ալեքսանյանի՝ մեկ գրքի ինքնարժեքը մոտ 4-8 մլն դրամ է, մինչդեռ սոցիալական տարբեր հարթակներում այն PDF տարբերակով վաճառվում է 500 դրամով։ Այդպիսի դեպքերի մասին ահազանգել են ոստիկանություն, բայց՝ անարդյունք։
Արդեն երկու տարի է՝ Newmag-ն աշխատում է էլեկտրոնային գրքերի վաճառքի իր հարթակը ստեղծելու ուղղությամբ։ Հավելված պատրաստելը երկար ու ծախսատար է։ Եթե ամեն ինչ բարեհաջող ավարտվի, սկզբում միայն սեփական գրքերը կվաճառեն, հետո գուցե համագործակցեն նաեւ այլ հրատարակչությունների հետ։
«Սկզբնական շրջանում ռիսկերը կլինեն միայն Newmag-ինը, որպեսզի հասկանանք՝ դրանից ավելի շատ շահո՞ւմ ենք, թե՝ տուժում։ Կհասկանանք, թե որքանով է պաշտպանված հավելվածը, ինչ թերություններ կան։ Չենք ուզենա մեր ռիսկերը տարածել այլ հրատարակիչների վրա, որ ունքն ուղղելու փոխարեն աչքը չհանենք։ Սկզբնական շրջանում կփորձենք սովորել մեր սխալների վրա, հետո գուցե մտածենք մյուս հրատարակիչների գրքերը ներկայացնելու մասին»։
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյան
«Միջազգային շուկայում հայալեզու գրքերի նկատմամբ հետաքրքրություն չկա»
«Առաջնային խնդիրը սովորույթներն են. մարդիկ, հիմնականում, սովոր չեն էլեկտրոնային տարբերակով կարդալ։ Երկրորդը՝ վճարելու մշակույթն է. մարդիկ պատրաստ չեն վճարել էլեկտրոնային բովանդակության համար»։
«Զանգակ» հրատարակչության տնօրեն Էմին Մկրտչյանի կարծիքով սրանք են հիմնական պատճառները, որ էլեկտրոնային գրքերի շուկան Հայաստանում չի կայանում։ «Զանգակ»-ը դեռ տարիներ առաջ փորձել է իր գրքերը ներկայացնել տարբեր օնլայն հարթակներում։
«Միացանք մի նախաձեռնության, որի շնորհիվ հայտնվեցինք մի քանի տասնյակ եվրոպական եւ ամերիկյան օնլայն էլեկտրոնային գրախանութներում ու գրադարաններում։ Փորձնական ներկայացրեցինք մի քանի գիրք, սակայն պարզվեց, որ միջազգային շուկայում տվյալ հարթակների միջոցով հայալեզու գրքերի նկատմամբ հետաքրքրություն չկա։ Երկար տարիներ համագործակցում ենք նաեւ vlume պլատֆորմի հետ, որից օգտվում են թե՛ Հայաստանի, թե՛ արտերկրի ընթերցողները, բայց այս դեպքում էլ մեծ ակտիվություն չենք նկատում, որն էլ մեզ զսպում է, որ ավելացնենք տեսականին։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ տեսականին թարմացվում է, բայց ոչ այն տեմպերով, որով հրատարակվում են տպագիր գրքերը»։
«Զանգակ»-ի տնօրենն ասում է՝ նույն գիրքը՝ տպագիր ու էլեկտրոնային տարբերակով, տարբեր ծախսեր է պահանջում։ Նա նշում է, որ Հայաստանում գրքերն էլեկտրոնային տարբերակով ներբեռնում են հիմնականում անվճար ու անօրինական։ Այս միտումն աճեց հատկապես համավարակի ժամանակ։ Իրենք հետեւողական են, որ «Զանգակ»-ի գրքերը ներկայացվեն միայն լավ պաշտպանված հարթակներում։
«Կան կայացած ընկերություններ, որոնք ծառայություններ են մատուցում ոչ պաշտպանված համակարգով՝ ուղիղ տրամադրում են գրքի ֆայլը, որն ամեն կրիչի վրա աշխատում է եւ կարելի է առանց խոչընդոտի փոխանցել միմյանց։ Մենք այդ եղանակով երբեւէ չենք տարածել մեր գրքերը։ Նույնիսկ եթե հնարավոր լինի տվյալ հավելվածի միջից վերցնել մեր ֆայլը, մեկ ուրիշ օգտատեր դա չի կարող բացել։ Բնականաբար, նույնիսկ ամենապաշտպանված համակարգերն այսօր կոտրում են, բայց մի բան է, երբ գողը վերցնում է նստարանին դրված զարդը, այլ բան է, երբ մտնում է փակ դռներով խանութ, կոտրում է ապակին ու նոր վերցնում»։
Էմին Մկրտչյանն ասում է՝ պարտադիր չէ այդ հարթակը հենց իրենք ստեղծեն։ «Զանգակ»-ը բաց է համագործակցության համար ու պատրաստ է միանալ ցանկացած լավ նախաձեռնության։
«Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյան
«Գլխավոր պատասխանատուն գրադարաններն ու համալսարաններն են»
«Փրինթինֆո» հրատարակչության տնօրեն Արամ Մեհրաբյանը վստահ է, որ էլեկտրոնային գրքերի շուկայի կայացումը հրատարակիչների գործառույթը չէ, հատկապես՝ իրենց նման հրատարակչության, որը տարեկան առավելագույնը 10 գիրք է տպագրում։ Ասում է՝ դրա գլխավոր պատասխանատուն գրադարաններն ու համալսարաններն են։
«Աշխարհում տարբեր գրադարաններ կան, որոնց բաժանորդագրվելով ու տարեկան «իքս» գումար վճարելով՝ հնարավորություն ես ստանում օգտվել ամբողջ գրականությունից։ Իրենց արխիվները թվայնացնելն ու ընթերցողին հասու դարձնելը գրադարանների գործունեության ոլորտն է։ Հարց է առաջանում՝ Հայաստանի Ազգային գրադարանի, ԵՊՀ գրադարանի քանի՞ տոկոսն է թվայնացված։
Դա համագործակցության պլատֆորմ կստեղծի հրատարակիչների համար։ Գրադարանը պետք է ինձ դիմի՝ այսքան ընթերցող ունեմ, այսքան՝ էլեկտրոնային գրականություն, արի համագործակցենք։ Այդպես արդեն իրավական, տնտեսական շատ հարցեր կկարգավորվեն, կորոշվեն վճարման մեխանիզմները, միգուցե մի մասը վճարովի լինի, մի մասը՝ անվարձահատույց։ Հրատարակիչները մեծ ուրախությամբ կմասնակցեն, բայց դա որեւէ հրատարակչության գործառույթը չէ»։
Արամ Մեհրաբյանն ասում է՝ Հայաստանում էլեկտրոնային գրքերի պահանջարկը հասկանալու համար պետք է ընդգրկուն ուսումնասիություն անել։ Մի կողմից պարզել, թե մեր գրադարանների քանի տոկոսն է թվայնացված, մյուս կողմից հասկանալ գրադարանից օգտվողների թիվը, հատկապես՝ ուսանողների։
«Այս խնդրին պետք է տարբեր ասպեկտներով նայել՝ գուցե պահանջարկը չկա, գուցե հոգեբանական խնդիր կա կամ տնտեսապես շահեկան չէ։ Եթե մոտենում ենք որպես բիզնես կամ տնտեսական գործունեություն՝ պիտի հաշվի առնենք դրա շահութաբերությունը։ Կարծում եմ, որ բիզնեսի տեսանկյունից հետաքրքիր չէ։ Եթե նայում ես կրթական, մշակութային մասով, հետաքրքիր է, բայց էստեղ էլ պետք է անվերադարձ կամ հովանավորչական ձեւով գումարներ ներդնել։ Բայց ես միշտ հակված եմ այն տեսակետին, որ եթե նույնիսկ մեկ ընթերցող ունի դրա կարիքը, ուրեմն՝ պետք է անել․ այս հարցերում ես տնտեսական շահութաբերությամբ չեմ առաջնորդվում։ Մեր գրադարանները պետք է հասու լինեն ոչ միայն հայաստանյան, այլեւ՝ սփյուռքի ընթերցողին, պիտի դրսի բուհերի, հայագիտական ամբիոններ հետ համագործակցենք»։
Եթե կրթություն-գրադարան-հրատարակիչ փոխհարաբերությունները ճշգրտվեն, մնացած հարցերը հեշտ կլուծվեն՝ վստահ է Արամ Մեհրաբյանը։ Ասում է՝ վերջին 25 տարում հրատարակչական ամբողջ նյութը թվային է, ու ցանկության դեպքում այն կարելի է էլեկտրոնային տարբերակով ներկայացնել։ Հեշտ կլուծվեն նաեւ տեխնիկական, իրավական, անօրինական տարածման հարցերը։ Թեեւ վերջին խնդրին «Փրինթինֆո»-ի տնօրենն ավելի հանգիստ է վերաբերվում։ «Եթե նայում ենք կրթական տեսանկյունից, շատ լավ է, որ տարածվում է ու նույնիսկ դուրս է գալիս վերահսկողությունից։ Մոտեցման խնդիր է»,-ասում է։
«ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերություն հիմնադիր Նարեկ Վան Աշուղաթոյան
«Հրատարակիչը հանրային ձեւով պետք է հայտարարի՝ ինքն ուզո՞ւմ է, որ գիրքը էլեկտրոնային տարբերակով շրջանառվի, թե՝ ոչ»
Հեղինակային իրավունքի խնդիրներով «ԼեգալԼաբ» իրավաբանական ընկերությունը զբաղվում է տարիներ շարունակ։ Ընկերության հիմնադիր Նարեկ Վան Աշուղաթոյանն ասում է՝ իրավական գործիքները տալիս են հնարավարություն արգելելու նյութի՝ առանց թույլտվության տարածումը եւ դրա նկատմամբ ունենալ որոշակի իրավունքներ։ Հրատարակիչը կամ հեղինակն ի սկզբանե պետք է որոշի՝ նյութի տարածման ո՞ր տարբերակն է իր համար ընդունելի։
«Հրատարակիչը հանրային ձեւով պետք է հայտարարի՝ ինքն ուզո՞ւմ է, որ գիրքը էլեկտրոնային տարբերակով շրջանառվի, թե՝ ոչ։ Կան մարդիկ, որ ասում են՝ ես ստեղծել եմ այս պրոդուկտը, բայց ուզում եմ, որ լայն տարածվի եւ շնորհակալ կլինեմ, եթե քո ձեռքն ընկնի, տարածես։ Մեկ այլ դեպքում հեղինակային իրավունքի հարց է եւ թույլտվություն է անհրաժեշտ։
Բնականաբար, ամբողջ աշխարհում, անկախ իրավական դաշտից, լինում են խախտումներ։ Եթե ընտրվում է ոստիկանության գնալու ճանապարհը, ապա պետք է դիմումի մեջ հստակ ձեւակերպել նյութական վնասը, այսինքն՝ սա մեզ համար ոչ միայն բարոյական վնաս է կամ հեղինակության խնդիր, այլեւ՝ նյութական վնաս։ Օրինակ, եթե գիրքը էլեկտրոնային տարբերակով չտարածեին, ես այն կվաճառեի, ենթադրենք, 1000 օրինակ, այսքան մարդ անգործ չէր մնա եւ այլն։ Կարծում եմ՝ այդ դեպքում ոստիկանությունն ավելի աչալուրջ կլինի։
Կա նաեւ դատական ճանապարհ, բայց մեր ընկերությունը միշտ փորձել է նախ իրավունք խախտողի հետ բանակցել, բացատրել։ Երբեմն դա լինում է չտեղեկացվածության պատճառով, եւ բազմաթիվ անգամներ խնդիրը կարողացել ենք հարթել հենց այդ մակարդակում։ Իհարկե, կան մարդիկ, որոնք շատ լավ տիրապետում են եւ դիտավորությամբ են անում։ Այդ ժամանակ ստիպված ենք դատական ճանապարհով վերականգնել իրավունքը»։
«ԼեգալԼաբ»-ի հիմնադիրն ասում է, որ բոլոր դեպքերում հեղինակն ու հրատարակիչը պետք է հետամուտ լինեն, որ խախտված իրավունքը վերականգնվի՝ կանխելով նոր դեպքերը։ Օրենքը շրջանցելու գործիքներ միշտ կան, բայց հրատարակիչը, պաշտպանված լինելու համար, պիտի անի իրենից կախված ամեն ինչ։
Նարեկն ասածը հիմնավորում է «Հայկ եւ Բել. Բաբելոնից դեպի երկիրն Արարատի» պատկերագրքի օրինակով, որի պրոդյուսերն է։
«Ինչպես օրենքը պահանջում է, հրատարակիչը պետք է տեսանելի մի տեղում, գուցե՝ առաջին էջին, հեղինակային իրավունքի պաշտպանվածության նշանը դնի, նշի, որ բոլոր իրավունքները պաշտպանված են։ Թեեւ օրենքը չի պարտադրում, բայց մենք նաեւ լրացուցիչ մի նախադասություն ենք գրել, որ արգելվում է առանց հեղինակի համաձայնության սույն գրքից որեւէ նյութի օգտագործումը։ Այս քայլերը կօգնեն դատական պրոցեսների ժամանակ, որովհետեւ մարդն ի սկզբանե ծանուցված է եղել»։
Լուսինե Ղարիբյան