«Նոր գիրք»-34/25. Խանջյան, Բրուքներ, Լըբլան, Մալիե
11/17/2025
«Նոր գիրք»-34/25. Խանջյան, Բրուքներ, Լըբլան, Մալիե
«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:
Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2025 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:
Հայ հեղինակ․ Գուրգեն Խանջյան, «Ինչկաչկա»
Գուրգեն Խանջյանի «Ինչկաչկա» վեպ-էսսեն ինքնակենսագրական պատում է՝ նրա արձակին բնորոշ անկեղծությամբ, հոգեբանական նուրբ սուզումներով, որոնք միտված են վերարթնացնելու անցյալի, թվում է, թե անհետ կորած դրվագները։ Խմբագիր՝ Արքմենիկ Նիկողոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:
Թարգմանական գրականություն․ Պասկալ Բրուքներ, «Իմ փոքրիկ ամուսինը»
Ժամանակակից հեքիաթ՝ մեծերի մասին ու մեծերի համար։ Այս գիրքը սերունդների միջև հավերժական ու ծանր պայքարի մասին է, կյանքի ու մահվան փիլիսոփայական մեկնաբանություն է փոքրիկ տղամարդու ողբերգական ճակատագրի միջոցով։ Կարճահասակ Լեոնն իր ամեն երեխայի ծնվելու հետո կարճանում է 39 սմ։ Չորս երեխաների ծնունդը նրան վերածում է մատնաչափիկ ամուսնու՝ իր փարթամ ու բարձրահասակ կնոջ կողքին։ Պասկալ Բրուքները գեղարվեստական բացառիկ վարպետությամբ բացահայտում է փոքրիկ մարդու տվայտանքը և ի ցույց դնում մարդկանց հարաբերությունների բազմաշերտ հակասականությունը: Երեխայի ծնվելուց հետո ընտանիքն ինչպես է ձևափոխվում, տղամարդու դերն ինչո՞ւ է հետզհետե նվազում ժամանակակից հասարակության մեջ, և ինչպես են զավակները «կուլ» տալիս ու ի վերջո «սպանում» իրենց ծնողներին։ Պասկալ Բրուքների «Իմ փոքրիկ ամուսինը» վեպը փիլիսոփայական առակ է, փոխաբերական պատմություն՝ էկզիստենցիալ պարադոքսների, հայրերի ու որդիների բախման և տղամարդու դերի մասին։ Թարգմանիչ՝ Գոհար Ամիրբեկյան։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը։
Մանկապատանեկան գրականություն․ Մորիս Լըբլան, Վենսան Մալիե, «Բարեկիրթ գող Արսեն Լյուպենը»
Հրաշալի նկարազարդումներով այս գիրքը կազմված է ինը ուշագրավ, փոխկապակցված պատմություններից, որոնց օգնությամբ ընթերցողն անցնում է անասելի արկածներով և հայտնվում 20-րդ դարասկզբի ֆրանսիական հասարակության միջավայրում։ Արսեն Լյուպենի ոճը ճանաչելի է, քանի որ նա միշտ թաքցնում է իր հետքերը և ջնջում ինքնությունը, նրա յուրաքանչյուր հանցագործություն ուշադիր մշակված հնարք է։ Վեպի վերջում նա առճակատվում է հայտնի խուզարկու Շեռլոք Հոլմսի հետ, որի անունը Քոնան Դոյլի բողոքներից հետո վերափոխվել է Հեռլոք Շոլմսի։ Թարգմանիչ՝ Թագուհի Բլբուլյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը:
«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը