Թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքներ»-ում․ նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության իրական դեմքը
04/30/2025

Այս օրերին Հայաստանում գտնվող թուրք պատմաբան Թաներ Աքչամը հայ լսարանին պատմել է իր վերջին՝ «Ցեղասպան պետության ակունքները» գրքի մասին։ Նրա խոսքով՝ գիրքը գրելու գաղափարը ծնվել է 2023-ին, երբ նշվում էր Թուրքիայի Հանրապետության ստեղծման 100-ամյակը։
«Գլխավոր նպատակն էր ներկայացնել, թե ինչպես է ձևավորվել ապարտեիդի՝ ռասայական խտրականության ռեժիմը նորաստեղծ Թուրքիայում և առաջ քաշել այն թեզը, որ Հայոց ցեղասպանության ընդունումն ու դատապարտումն ուղիղ կապ ունեն այդ ռեժիմի վերացման հետ»,– ասել է Աքչամը և ընդգծել, որ այդ երկրում մինչև այսօր էլ չեն հասկացել, թե ինչպես ու ինչ հիմքերի վրա է ստեղծվել Թուրքիան։ Թուրք պատմաբանի բոլոր գրքերը հայերեն է թարգմանել «Նյումեգ» հրատարակչությունը։
Թուրք պատմաբանի վերջին գրքի վերնագրում Թուրքիա բառի փոխարեն «ցեղասպան պետությունն» է։ Մեսխեթցի թուրք Թաներ Աքչամը 23 տարեկան էր, երբ ձերբակալվեց քաղաքական հայացքների համար և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման, 1 տարի անց փախավ բանտից և ապաստան գտավ Գերմանիայում։
Հայոց ցեղասպանության հիմնահարցի մասին Աքչամի բազմաթիվ գրքերից հայերեն թարգմանվել են երեքը։ Դրնացից վերջինը բացահայտում է Թուրքիայի Հանրապետության իրական ակունքները։ Այստեղ ոչ թե ցեղասպանության զոհ դարձածների, այլ Թուրքիայում մնացած ու կրոնափոխ եղած հայերի, քրդերի ու հույների պատմություններն են՝ ասում է Աքչամը։
«Այնպիսի համակարգ ստեղծվեց, որ ամբողջ Թուրքիայի պատմության ընթացքում շատ կարևոր ռազմական ու պետական պաշտոններում ոչ մի քրիստոնեա կամ քուրդ չնշանակվի։ Այսինքն՝ եթե քրիստոնյա ես կամ քուրդ, ապա այնպիսի պաշտոններ, ինչպիսիք են Ազգային հետախուզության պետը, նահանգապետը, անհասանելի են քեզ համար։ Հնարավորություն չունես այդ ոլորտներում կարիերա անելու»։
Թուրքական իշխանությունը բացահայտում էր անգամ այն հայերին, որոնց պապի պապերն էին իսլամ ընդունել, և գուցե իրենք էլ չգիտեին, որ ծագումով հայ են՝ բացատրում է թուրք պատմաբանը։ Նրա խոսքով՝ նման եզրակացության է հանգել՝ օգտվելով 2013-ին «Ակօս» շաբաթաթերթում հրապարակված արխիվային փաստաթղթերից․
«Հանրապետության հիմնադրման օրվանից յուրաքանչյուր հույնի անձնագրում նշվում էր 1 կոդը, հայերի անձնագրում՝ երկու, իսկ հրեաները՝ երեք։ Այսինքն, եթե անգամ դուք իսլամը ընդունել եք և թուրքական անուններ եք կրում, պետությունը ձեզ գաղռտնի կոդավորել է»։
1920-ի խորհրդարանական ընտրություններում արգելվեց քրիստոնյաների մասնակցությունը, 1923-ին Ստամբուլի քրիստոնյա աշխատողները սկսեցին հեռացվել աշխատանքից։ Սրանք 20-րդ դարի Թուրքիայի իրական ռեժիմի բազմաթիվ օրինակներից մի քանիսն են, որոնք հաջողվել է գաղտազերծել՝ ասում է Աքչամը։ Թուրք գործիչները մինչդեռ թվարկվածները ներկայացնում են «ազատագրման» համատեքստում։
«Թուրիայի բոլոր քաղաքական գործիչները՝Էրդողանից մինչև ՔըլըչԴարօղլի, ժողովրդահանրապետական, քեմալիստական կուսակցության այլ ներկայացուցիչներ, այս պատմությունը ներկայացնում որպես ազատագրման պատմություն։ Հետևաբար, անհնար է, որ եթե այդ կերպ է ներկայացվում պատմությունը, ապա հնարավոր չէ, որ նրանք հասկանան, որ իրականում խոսքը գնում է ապարտեիդի ռեժիմի մասին»։
Հայոց ցեղասպանությունը չընդունելու Թուրքիայի պատճառներից մեկն այն է, որ ժամանակակից Թուրքիան ևս չի գիտակցում, թե ինչ բարքեր են եղել ակունքներում՝ ասում է Թաներ Աքչամը։ Պատմաբանը ինքնության վերարժևորման ու նոր հասարակարգի ստեղծման առաջամարտիկներից է համարում Հրանտ Դինքին ու նրան համեմատում Մարտին Լյութերքինգի հետ․
«Ես մի համեմատություն արեցի գրքում և նշեցի, որ եթե Աթաթուրքը Թուրքիայի հանրապետության հիմնադիրն է, ապա Հրանտ Դինքն էլ մեր նոր մտածելակերպի հիմնադիրը պետք է դառնա։ Մուստաֆա Քեմալը և նրա զինակից ըներները միգուցե ազատագրման առաջնորդներն էին, բայց մեզ պետք են նաև հիմնադրման առաջանորդներ։ Հրանտ Դինքը այդ հիմնադրման ներկայացուցիչներից մեկն է, նա Թուրքիայի Մարտին Լյութեր Քինգն է։ Հետևաբար, Թուրքիան կարիք ունի այնպիսի պայքար մղել, որով ժողովրադավար պետություն կդառնա և ապարտեիդի ռեժիմը կվերանա։ Այդ դեպքում Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավոր կլինի»։
Գիտական շրջանակներն այլևս կասկածի տակ չեն դնում Հայոց ցեղասպանության հարցը՝ շեշտում է Աքչմանը, այլ հարց է, թե գիտական ապացույցները որքանով են կարևոր Թուրքիայի իշխանություններին «համոզելու» գործում։ Պատմաբանի խոսքով՝ ցեղասպանության ուրացումը քաղաքական նպատակահարմարություն է, և դրան պետք է հակազդել ոչ թե գիտությամբ, այլ քաղաքականությամբ․
«Ոչ մի գիտնական կասկածի տակ չի վերցնում ցեղասպանության փաստը։ Միջազգային քաղաքական արենայում ևս այդ հարցը փակված է։ Թուրքիան էլ գիտի, որ որևէ բան չի կարող անել դրա դեմ հատկապես Ամերիկայի ճանաչումից։ Ուրացումը չեք կարող գիտական փաստաթղթերի միջոցով վերացնել, ուզում եք՝ տասնյակ փաստաթղթեր բերեք, որոնք ապացուցում են, որ Թալեաթը հրամայել էր հայերին սպանել, Էրդողանը դարձյալ կուրանա Հայոց ցեղասպանությունը, որովհետև ուրացումը, ժխտումը քաղաքական նախընտրություն է և քաղաքական միջոցներով հնարավոր կլինի փոխել»։
«Հայաստանը ցանկանո՞ւմ է քաղաքական ճանապարհով ստիպել Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը» հարցին Աքչամը պատասխանում է՝ իր տպավորությամբ՝ հայ-թուրքական հարաբերություններում ցեղասպանության ճանաչումը առաջնային չի եղել ոչ միայն ներկա, այլև նախորդ բոլոր իշխանությունների քաղաքական օրակարգերում։
«1995 թվականից ի վեր, Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան և Նիկոլ Փաշինյան, նրանց բոլորի քաղաքականությունը ցեղասպանության մասով չի փոխվել։ Հայաստանի բոլոր իշխանությունները, երբ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթաց են սկսել, ցեղասպանության հարցը գլխավոր թեմա չեն դարձրել»։
Բայց ցեղասպանության մասին անընդհատ հիշելն ու խոսելը ձեզ ավելի լավ մարդ չի դարձնի՝ ասում է Աքչամը և խոսքը հիմնավորում Գերմանիայի օրինակով։ Գերմանացիներն ամենաշատն են խոսում ու հիշեցնում Հոլոքոստի մասին, միևնույն ժամանակ այս օրերին Գազայի արյունալի իրադարձություններին աջակցող պետություններից մեկը Գերմանիան է՝ եզրափակում է թուրք պատմաբանը։

Թաներ Աքչամ
5800 ֏
Նկարագրություն
«Ցեղասպան պետության ակունքները» գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը և ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է և ծառայում է գոյություն ունեցող ռեժիմին։ Հեղինակը նշում է, որ Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության և ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը։ Գիրքը հիմնված է պատմական փաստերի վերլուծության վրա, ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությունը, քրդերի և ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ճնշումները։ Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ձերբազատվելով պետական քարոզչությունից։ Գիտնականը կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ և արդար հասարակություն։
Կարդա նաև

Հրատարակվել է «Համապարփակ անվտանգություն․ Հայաստանի այլընտրանքը փոփոխվող աշխարհում» գիրքը

«ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԸ ՓՈՓՈԽՎՈՂ ԱՇԽԱՐՀՈՒՄ» ․ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ-ՔՆՆԱՐԿՈՒՄ ԿԼԻՆԻ

«Վիրավոր արծիվը»․ Արցախյան պատերազմը՝ շվեյցարացի ֆոտոլրագրողի աչքով ու գրչով

Շվեյցարահայ վավերագրող-լուսանկարիչ Դեմիր Սյոնմեզի «Վիրավոր արծիվը» գիրք-ալբոմը նոր լույս կսփռի 44-օրյա պատերազմի վրա
