ՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉՄԱՆԿԱԿԱՆ ԳՐՔԵՐ 50% ԶԵՂՉ
Գլխավոր Մեդիալուսաբանում

Այո՛, կանայք ունեն պրոպագանդայի կարիք. «Զապել» ֆոր

Այո՛, կանայք ունեն պրոպագանդայի կարիք. «Զապել» ֆորումը՝ նշանավոր կին գրողների բացահայտման ազդակ

newmag-y-n

Ստեղծվում է կին գրողների «Զապել» միջազգային ֆորումը: Այն ի սկզբանե նախատեսված է եղել անցկացնել որպես փառատոն. միտքը առաջացել է անցյալ տարի «ԱՐԻ» գրականության հիմնադրամի եւ Newmag հրատարակչության համատեղ պայմանավորվածության արդյունքում, բայց, համավարակով պայմանավորված, փառատոնը տեղի չի ունեցել։ Իրավիճակը ստիպել է վերանայել գաղափարը, եւ որոշվել է փառատոնը դարձնել օնլայն ֆորում: 

«Ֆորումի նպատակները ընդգրկուն են եւ հեռանկարային: Հիմնական առանցքային նշանակությունն այն է, որ ցանկանում ենք կին գրողներին անպայման բերել ուշադրության կենտրոն. հայ կին գրողները ավելի տեսանելի պիտի դառնան, բացի դրանից՝ հայ հանրությունը պիտի ճանաչի նաեւ արտասահմանյան գրողներին, իսկ ամենակարեւորը՝ ստեղծենք երկխոսություն հայ եւ արտասահմանյան գրողների միջեւ: Արդյունքում Հայաստանը կդառնա մի այնպիսի երկիր, որտեղ տեղի են ունենում եւ այսուհետեւ շարունակական տեղի կունենան նմանատիպ գեղեցիկ միջոցառումներ, որը հուսով ենք՝ կդառնա ավանդույթ: Պլանավորում ենք նաեւ մեր ֆորումը մի օր իրականացնել փառատոնի տեսքով, որը տեղի կունենա Հայաստանում. նախատեսում ենք, որ փառատոնի շրջանակներում Հայաստանը ամբողջ աշխարհից կհյուրընկալի կայացած եւ հայտնի կին գրողներին»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն Արեւիկ Աշխարոյանը:

«Զապել» կին գրողների միջազգային ֆորումը անվանվել է Զապել Եսայանի անունով այն պատճառով, որ Զապել Եսայանը ոչ միայն 20-րդ դարի ամենակարեւոր հայ կին գրողներից է, այլեւ նա հայտնի հասարակական գործիչ է:

 «Ցավոք սրտի, Զապել Եսայանի անունը երկար ժամանակ բավականին անհայտ է եղել ընթերցողին, եւ վերջին տարիներին է սկսվել նրա մասին տեղեկություններ շրջանառվել: Անվան ընտրությունը կատարվել է մի քանի պատճառներից ելնելով: Նախ՝ անվան ստուգաբանությունը մեզ տվեց այդ գաղափարը. Զապել նշանակում է իրավացի, ճշմարիտ։ Բացի դրանից՝ ֆորումի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներում  Զապել Եսայանին ընդգրկելու ենք ե՛ւ գրական, ե՛ւ հասարակական գործունեության շրջանակներում: Նրա լավագույն ստեղծագործությունները, ամբողջ հոդվածները դեռ իր կենդանության ժամանակ թարգմանվել են ֆրանսերեն, սակայն այսօր ցավալի է, որ նրան քչերն են ճանաչում. դա, մեղմ ասած, անընդունելի է»,- նշեց «Newmag» հրատարակչության գրական ծրագրերի ղեկավար Գոհար Մանուկյանը: 

Նրա խոսքով՝ նաեւ այն, որ Զապելի, Շուշանիկ Կուրղինյանի եւ մյուս հայ նշանավոր կանանց կյանքին ու գործունեությանը մեր ժամանակներում ծանոթանում կամ ուսումնասիրում են  միայն բանասիրական ֆակուլտետներում, այդ փաստը տեղիք տվեց ձեռնարկել մի նախաձեռնություն, որը հնարավորություն կտա հանրության լայն շրջանակներին ճանաչելի դարձնել մեր մեծերին:

«Պետք է ոչ միայն պրոպագանդել մեր ժամանակակից գրողներին, այլ անցած դարերի լավագույն կանանց, որոնց արածի անգամ փոքր մասը շատերի համար գուցե երազանք թվա: Պետք է անպայման նշել, որ 20-րդ դարասկզբին ապրելով Օսմանյան կայսրության ներքո՝ Ստամբուլ քաղաքում, Զապելը զբաղվել է նաեւ հասարակական գործունեությամբ, իր հոդվածներում եւ աշխատություններում անդրադարձել է կանանց եւ տղամարդկանց հավասարության խնդիրներին: Հատկանշական է նաեւ այն փաստը, որ Զապելը ցեղասպանության ժամանակ եւ ցեղասպանությունից հետո ակտիվ գործունեություն է ծավալել հատկապես որբերին փրկելու եւ օգնելու հարցերում: Նա իր կանացի ձայնը թողեց հայ եւ համաշխարհային գրականության մեջ: Ուստի մենք ցանկանում ենք, որ նրա անունը ավելի բարձր հնչի եւ նաեւ աշխարհով մեկ հայտնի դառնա, քանի որ Զապելը մեզ համար ամեն առումով օրինակ է»,- ավելացրեց «ԱՐԻ» գրականության հիմնադրամի գործադիր տնօրենը:

Առաջնային նախատեսվում է ներկայացնել հայ կանանց, բայց ծրագրում ներառվելու են նաեւ մյուս ազգերի ներկայացուցիչ կին գրողները՝ գերմանացի, ռուս եւ այլն: Փետրվար ամսին կնախաձեռնվի հայ կին գրողներին վերաբերող միջոցառումները, մարտին՝ գերմանացի կին գրողներին կանդրադառնան, իսկ ապրիլին՝ ռուս կին գրողներին: 

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք՝ ճի՞շտ է միայն կին գրողներին անդրադառնալը եւ նրանց ներկայացնելը, Արևիկ Աշխարոյանը պատասխանեց, որ աշխարհում չկա մի փառատոն, որ միայն տղամարդկանց վերաբերի, սակայն կանանց վերաբերող բազմաթիվ միջոցառումներ, փառատոներ կան. դա խոսում է այն մասին, որ տղամարդիկ չունեն դրա կարիքը, սակայն կանայք, ցավոք սրտի, ունեն եւ ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհում:

Բանախոսների կարծիքով՝ նախաձեռնությունը լավ հնարավորություն կտա հետաքրքրություն առաջացնել եւ մասնակից դարձնել շահագրգիռ բազմաթիվ մարդկանց՝ ընթերցողների, գրականությանը մոտ մարդկանց, լրագրողներին եւ այլոց: Իսկ արդեն գործարկված zabel.am կայքում կարելի է ծանոթանալ առաջիկայում նախատեսված միջոցառումներին ու քննարկումներին. իսկ «Հեղինակներ» բաժնում շուտով կզետեղվեն «Զապելի» հետ համագործակցող բոլոր գրողների ստեղծագործությունները:

Վերջում բանախոսները ցանկացան անպայման նշել, որ այսօր Զապել Եսայանի ծննդյան օրն է:

Տարածել