Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի ու Շուշան Պետրոսյանի կատարմամբ՝ «Տարեք ինձ» երգի տեսահոլովակի պաշտոնական շնորհանդեսը՝ Երեւանում (ֆոտո)
Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի ու Շուշան Պետրոսյանի կատարմամբ՝ «Տարեք ինձ» երգի տեսահոլովակի պաշտոնական շնորհանդեսը՝ Երեւանում (ֆոտո)
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Newmag-ի նախաձեռնությամբ կայացավ Շառլ Ազնավուրի «La Bohème. Անցած օրեր» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Միջոցառման ընթացքում ներկայացվեց նաեւ Ազնավուրի Emmenez-moi հայտնի երգի հայերեն տեսահոլովակը՝ «Տարեք ինձ» վերնագրով, որի կատարումը վաստահվել է Շուշան Պոտրոսյանին:
«La Bohème. Անցած օրեր» գրքում տեղ են գտել զավեշտալի ու դրամատիկ, անսպասելի ու հուզիչ պատմություններ։ Գրքի թարգմանիչը Համլետ Գասպարյանն է, որը, ցավոք, ծանր հիվանդության հետեւանով կյանքից հեռացել է մոտ երկու շաբաթ առաջ:
Համլետ Գասպարյանը գիրքը թարգմանել էր դեռեւս 2004 թ-ին, իսկ դրա վերահրատարակության առթիվ նա, նույնիսկ, վերախմբագրել էր մի շարք հատվածներ:
Անդրադառնալով Ազնավուրի տվյալ աշխատանքին՝ գրքի հայերեն տարբերակի խմբագիր Սամվել Գասպարյանը նշեց.
«Սա Ազնավուրի առաջին գիրքն է՝ ինքնակենսագրական ժանրում, եւ այս աշխատանքից հետո նա, ասես, հասկացավ, որ գրելով ասելիք ունի, ու սկսեց գրքեր գրել: Ինչ վերաբերում է Emmenez-moi երգին՝ ես այն այնքան եմ սիրում, որ ինձ համար զարմանալի էր, որ ինչ-որ մեկը պետք է Ազնավուրից բացի այն երգեր: Շատերի կատարմամբ եմ լսել այն, բայց միշտ մտածել եմ, որ միայն Ազնավուրն այն պետք է երգի: Եվ հանկարծ այնպես ստացվեց, որ Շուշան Պետրոսյանը պետք է կատարեր այդ երգը, ու ես արդեն տրամադրված էի, որ պիտի ասեի՝ լավ չի ստացվել, սակայն լսեցի այն, ու ինչպես հետո նաեւ Շուշանին ասացի՝ շատ լավ էր ստացվել, անկեղծ՝ ցնցված եմ»:
«Տարեք ինձ» երգը հայերեն թարգմանել է Պերճ Թուրաբյանը, երգի գործիքվորումը կատարել է Մարտին Միրզոյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հարութ Շատյանն է: Նկարահանումները տեղի են ունեցել Սեւանա լճի հարակից տարածքում:
Շուշան Պետրոսյանը նշեց՝ Ազնավուրի արվեստին սիրահարվել է դեռեւս դպրոցական տարիքից: Երգչուհու խոսքով՝ իր լավագույն երազում անգամ չէր կարող պատկերացնել, որ մի օր իրեն կվստահվեր սիրելի վարպետի հայտնի ստեղծագործություններից մեկի կատարման պատասխանատվությունը.
«Այս երգը մեծ արվեստ է՝ իր ուրույն պատմությամբ: Վարպետի երգերին անդրադառնալը շատ պատասխանատու ու վտանգավոր բան է, որովհետեւ եթե, նույնիսկ, չես անում այպես, ինչպես ինքն է արել, պիտի անես քո ձեւով՝ չհեռանալով իր պատմությունից»,-ասում է նա:
Արդեն երեք տարի է, ինչ Ազնավուրի ծննդյան տարեդարձի եւ նրա մահվան տարելիցի օրերին Newmag հրատարակչությունը հայերենով ներկայացնում է Ազնավուրի գրական ժառանգությունը: Մայիսի 22-ին կայացել էր մեծն շանսոնյեի «Հայրս՝ այդ հսկան» գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը:
Միջոցառման ընթացքում ներկայացվել էր նաեւ Ազնավուրի «Reste» երգի հայերեն՝ «Մնա» տարբերակի տեսահոլովակը (թարգմանիչ՝ Սամվել Գասպարյան), որի կատարումը վստահվել էր Էրիկ Կարապետյանին: