Բարեկիրթ մարդ էր, հրաշալի խմբագիր, թարգմանիչ և դիվանագետ. վերջին հրաժեշտը՝ նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանին
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա հրաշալի մասնագետ էր և շատ բարեկիրթ ու նրբանկատ անձնավորություն, որի շնորհիվ մերօրյա բազմաթիվ հայտնի լրագրողներ մասնագիտական մեծ դպրոց են անցել: Այսպես են գործընկերները բնութագրում Հանրապետության նախագահի խորհրդական, դի
ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նա հրաշալի մասնագետ էր և շատ բարեկիրթ ու նրբանկատ անձնավորություն, որի շնորհիվ մերօրյա բազմաթիվ հայտնի լրագրողներ մասնագիտական մեծ դպրոց են անցել: Այսպես են գործընկերները բնութագրում Հանրապետության նախագահի խորհրդական, դիվանագետ, թարգմանիչ Համլետ Գասպարյանին, որի հրաժեշտի արարողությունը տեղի ունեցավ այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ ներկա են եղել նրա հարազատները, ընկերները, գործընկերները, պաշտոնատար անձինք:
«Նա երբեք որևէ մեկին ծանր կամ դժվար մարսվող խոսք չէր ասի, բայց կակնարկեր շատ գրագետ և քաղաքակիրթ ձևով՝ այնպես, որ պիտի գլխի ընկնեիր՝ ինքը քեզ դիտողություն արեց: Բայց այդ ամենն անում էր սիրով, ժպիտով՝ այնպես, որ չվիրավորեիր, այլ միայն դասեր քաղեիր դրանից: Շատ նրբանկատ անձնավորություն էր, երբեք իր ձայնը որևէ դեպքում չի բարձրացրել, սակայն կարողացել է պնդել իր տեսակետը», - «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:
Նալբանդյանի խոսքով՝ Համլետ Գասպարյանն իրեն հրաշալի է դրսևորել թե՛ լրագրության, թե՛ թարգմանչության և թե՛ դիվանագիտության ոլորտներում: Մասնավորապես, «Ազգ» օրաթերթի հիմնադիրներից էր և առհասարակ, Հայաստանի լավագույն խմբագիրներից մեկն էր:
«Ազգ»-ում նա գլխավոր խմբագրի տեղակալն էր և զբաղվում էր լրագրողների հետ աշխատանքով, նյութի կառուցվածքով, սյուժեների հղկմամբ, լրագրողի պահվածքով և լրագրողական էթիկայի պահպանմամբ, ինչը 1990-ականների սկզբին հայ իրականության մեջ շատ անհասկանալի երևույթ էր: Իր շնորհիվ մերօրյա բազմաթիվ հայտնի լրագրողներ անցել են լրագրողական մեծ դպրոց: Այնուհետև հեռուստատեսությունն էր ղեկավարում հեռուստառադիոպետկոմում և այնտեղ նույնպես լրագրողական բարձրակարգ մասնագիտական դասընթացներ էր անցկացնում», - պատմեց Գնել Նալբանդյանն ու հավելեց, որ Համլետ Գասպարյանը հայտնի էր նաև դիվանագիտական գործունեությամբ՝ աշխատելով Ֆրանսիայում, Ռումինիայում և այլ դեսպանատներում:
Ռոմանո-գերմանական բանասիրական կրթություն և խմբագրական, թարգմանչական մեծ փորձ ունեցող Համլետ Գասպարյանը առանձնահատուկ սեր ու համակրանք է ունեցել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հանդեպ: Անդրադառնալով վաստակաշատ գործչի կենսագործունեության տվյալ ասպեկտին՝ Գնել Նալբանդյանը պատմում է, որ Newmag հրատարակչությունը խնդրել է նրան զբաղվել Ազնավուրի ստեղծագործությունների, գրքերի թարգմանությամբ և խմբագրությամբ:
«Նա այդ գործը հրաշալի արեց, և հիմա՝ մեկ շաբաթից, նրա խմբագրած, թարգմանած գրքերից մեկի շնորհանդեսն է լինելու: Նա թարգմանել և խմբագրել է Ազնավուրի մի քանի գիրք: Եվ ֆրանսերենի իմացությունը, Շառլ Ազնավուրի հետ անձնական շփումները, անձնական կապերը և ֆրանսիական միջավայրի իմացությունը նրան թույլ էր տալիս հրաշալի թարգմանել Շառլի ստեղծագործությունները և խմբագրել դրանք: Այնպես որ, շատ արդյունավետ գործունեություն է իրականացրել այս մի քանի ոլորտներում», - մեկնաբանեց զրուցակիցը:
Համլետ Գասպարյանը ծնվել է 1950 թ. մայիսի 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: 1974 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը: ՀՀ արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի է անցել 1995 թվականին:
2006-2010 թթ. աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում որպես դեսպանորդ: 2008-2009 թթ. եղել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանի գործերի ժամանակավոր հավատարմատարը:
2010-2017 թթ. եղել է Ռումինիայում ՀՀ դեսպանը, 2014-2017թթ.՝ Չեռնոգորիայում ՀՀ դեսպանը:
2018 թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:
2020 թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
Կարդա նաև
Newmag հրատարակչությունը մեկնարկում է «Պուլիցերյան» մատենաշարը
«Մի վախեցիր». հայտնի ֆիլմը գիրք է դարձել 20 տարի հետո
«Մի վախեցիր» նոր գիրքը, Խորեն Լեւոնյանի՝ դեմքն այրելու պատմությունն ու Գնել Նալբանդյանի «սցենարի գերին չմնալը»
«Հրապարակ». Ես հիմա չեմ կարող մտածել Արցախ վերադարձի մասին, եթե առաջնայինը Հայաստան ունենալ-չունենալու հարցն է