Բոլոր ժամանակների 100 լավագույն գիտական գրքերից մեկը՝ արդեն հայերեն․ «Արդշինբանկի» նախաձեռնությամբ «Newmag»-ը թարգմանել է Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» աշխատությունը
Բոլոր ժամանակների 100 լավագույն գիտական գրքերից մեկը՝ ամերիկացի ականավոր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» աշխատությունն արդեն հասանելի է նաև հայ ընթերցողին։
Բոլոր ժամանակների 100 լավագույն գիտական գրքերից մեկը՝ ամերիկացի ականավոր տնտեսագետ Միլթոն Ֆրիդմենի «Կապիտալիզմ և ազատություն» աշխատությունն արդեն հասանելի է նաև հայ ընթերցողին։ Այսօր կայացավ գրքի շնորհանդեսը։ Այն թարգմանել և հրատարակել է «Newmag» հրատարակչությունը՝ Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Արդշինբանկ»-ի նախաձեռնությամբ։
«Արդշինբանկ»-ի վարչության նախագահ Արտակ Անանյանը նշեց, որ գրքի թարգմանության գաղափարը պատահական է առաջացել։ Նախորդ տարավերջին մի քննարկման ժամանակ բացահայտել են, որ «Կապիտալիզմ և ազատություն»-ը հայերենով թարգմանված չէ։
«Քանի որ «Արդշինբանկը» մեր երկրի ֆինանասական խոշորագույն կառույցներից մեկն է և անցել է շատ պատասխանատու ճանապարհ, որոշեցինք, որ մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակներում պետք է գիրքը թարգմանենք ու հասանելի դարձնենք լայն հանրությանը»,-ասաց Անանյանը՝ ընդգծելով, որ սա իրենց բանկի և «Newmag»-ի առաջին համագործակցությունը չէ, հաջողված փորձեր էլի են եղել։
«Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը ընդգծեց՝ այս տարի սա առաջին հայերեն թարգմանված տնտեսագիտական աշխատությունն է։ Այդ ոլորտին վերաբերող գրականություն քիչ է թարգմանվում։
«Եթե Հայաստանում յուրաքանչյուր տարում մեկ խոշոր տնտեսագիտական գիրք թարգմանվի, մեր միտքը կմարզվի և կընկալի տնտեսական միջազգային երևույթները։ Թարգմանությունների շնորհիվ կհղկվի մեր տնտեսագիտական բառապաշարը, գիտական բանաձևերը հայերեն կուսումնասիրվեն, և գուցե այդ միջավայրում գրվեն հայերեն տնտեսագիտական բարձրարժեք աշխատություններ»,-ասաց հրատարակչության տնօրենը։
Ֆրիդմենի հայտնի աշխատությունը վաճառվել է գրեթե մեկ միլիոն օրինակով, թարգմանվել 18 լեզվով և շարունակում է ամբողջ աշխարհում սնել տնտեսագիտական միտքն ու քաղաքականությունը:
Դրա առանձնահատկություններից մեկն աշխույժ, պրովոկացիոն լեզուն է, որի շնորհիվ տնտեսագիտությունը հեշտ հասկանալի ու հետաքրիր է դառնում նաև տնտեսագիտական խորը գիտելիքներ չունեցող ընթերցողների համար։ Այս կարծիքին է գրքի խմբագիր Տաթևիկ Նալբանդյանը։
Թարգմանիչ Լիանա Զաքարյանն էլ ընդգծում է, որ գիրքը ոչ միայն օգնում է զարգացնել արդեն եղած գիտելիքները, այլև միտված է նոր գաղափարներ վեր հանելուն։
«Այս գիրքը հանրամատչելի ձևով բացատրում է տնտեսագիտական բարդ երևույթները։ Ֆրիդմենը սկանդալային տնտեսագետ է եղել, նրա գաղափարները երբեք միանշանակ չեն ընդունվում մինչև այսօր, իսկ իր հրապարակախոսական հմտությունների շնորհիվ գրքում գաղափարները ձևավորել է պարզ, մատչելի, միևնույն ժամանակ՝ համոզիչ»,-ասաց թարգմանիչն ու ընդգծեց՝ անկախ նրանից՝ ընթերցողը համաձայն կլինի՞ հեղինակի գաղափարների հետ, թե՞ ոչ, բայց, վստահաբար, դրանց շուրջ մտածելու է։
«Կապիտալիզմ և ազատություն» աշխատության գիտական խմբագիրը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Յուրի Սուվարյանն է։ Վերջինս ընդգծեց այն հանգամանքը, որ «Newmag»-ը ոչ միայն պարզապես հրատարակում է գիրքը, այլև ապահովում բարձր որակ։
Ըստ Սուվարյանի՝ ինչպես ցույց է տալիս պատմությունը, Ֆրիդմենի կանխատեսումներն իրականանում են։ «Այդ առումով շատ օգտակար է գրքի հայերեն թարգմանությունը, որը հնարավորություն կընձեռի ավելի ամբողջական պատկերացում կազմել Ֆրիդմենի տեսության վերաբերյալ»,-ասաց աշխատության գիտական խմբագիրը՝ հորդորելով էլ ավելի շատ տնտեսագիտական գրքեր թարգմանել և հրատարակել։
Արտակ Ալեքսանայնը հույս հայտնեց, որ այս գրքով կսկսվի բանավեճ նաև տնտեսական ապագայի վերաբերյալ՝ ինչպիսին պետք է լինեն կառավարության և հասարակության հարաբերությունները։ «Եթե տեսնենք, որ լրջամիտ գիտական գրականությունը վաճառվում է, ապա կշարունակենք հրատարակել»,-ասաց «Newmag» հրատարակչության տնօրենը։
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը