Հայաստանի պաշտոնական խոսույթի փոփոխությունները Արցախի հարցում 1988-2020-ին. հետազոտության շուրջ
04/08/2025
Նյումեգ հրատարակչատունը լույս է ընծայել 2020-ի Ղարաբաղյան պատերազմին նվիրված գիրք, որը վերնագրված է «Կոտրված վահան. Արցախյան 44-օրյա պատերազմի բազմաշերտ վերլուծություն»։
Գիրքը հայ և արտասահմանցի 17 հեղինակների հոդվածների ժողովածու է, որոնք անդրադառնում են Ղարաբաղյան հակամարտությանը, 2020-ի պատերազմին և հարակից թեմաների։
Գրքի հոդվածներից մեկը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի ասիստենտ-պրոֆեսոր Նաիրա Սահակյանի հոդվածը, որը վերնագրված է «Հայաստանի պաշտոնական խոսույթը Ղարաբաղյան հակամարտության շուրջ. 1988-2020 թվականներ», վերլուծում է Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ Հայաստանի առաջնորդների պաշտոնական խոսույթի փոփոխության դինամիկան: Այս ժամանակահատվածում հայկական պաշտոնական հռետորաբանությունն անցել է մի շարք փուլերով՝ արտացոլելով քաղաքական, հասարակական և աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխությունները:
Պատումի ձևավորում (1988-1991)
Ղարաբաղյան շարժման սկզբնական շրջանում (1988-1991) հայկական խոսույթի կենտրոնում միացում-ի գաղափարն էր: Հիմնական նպատակն էր Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի հետ միավորելը: Այս շրջանում Ղարաբաղ կոմիտեի անդամ, ապա Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթները շեշտադրում էին պատմական անարդարությունների վերացումը և ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու անհրաժեշտությունը:
Բռնության դեպքերը, հատկապես Սումգայիթում, Կիրովաբադում և Բաքվում հայերի ջարդերը, էապես ազդեցին հայկական ազգայնականության և Ղարաբաղի շուրջ քաղաքական խոսույթի վրա: Խոսույթում ավելի ու ավելի էր շեշտվում գոյաբանական սպառնալիքի տարրը և պատմական արդարության վերականգնման անհրաժեշտությունը:
Ինքնորոշման խոսույթ (1991-1997)
ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն նախագահ Տեր-Պետրոսյանի խոսույթը փոխվեց՝ միացումից անցնելով ինքնորոշման գաղափարին: Այժմ հակամարտությունը ներկայացվում էր որպես Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի համար պայքար:
1993-ին Տեր-Պետրոսյանն սկսեց շեշտել փոխզիջումների անհրաժեշտությունը: Նա պատրաստ էր վերադարձնել որոշ գրավյալ տարածքներ՝ պահպանելով Լաչինի միջանցքը՝ փոխարենը ստանալով անվտանգության երաշխիքներ և Լեռնային Ղարաբաղի համար հատուկ կարգավիճակ:
1997-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկած «փաթեթային» և «փուլային» լուծումների նկատմամբ Տեր-Պետրոսյանի համաձայնությունը տարաձայնություններ առաջացրեց իշխանության ներսում, ինչը վերջին հաշվով հանգեցրեց նրա հրաժարականին 1998-ին:
Ստատուս քվոյի պահպանման խոսույթ (1998-2018)
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում (1998-2018) խոսույթը կենտրոնացավ Ղարաբաղի անկախության վրա: Երկուսն էլ պնդում էին, որ Լեռնային Ղարաբաղը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, և որ այն իրագործել է իր ինքնորոշման իրավունքն այնպես, ինչպես Ադրբեջանը։
Քոչարյանը շեշտում էր, որ Ադրբեջանն է ագրեսիա իրականացրել ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայերի: Նրա կառավարության օրոք Հայաստանը ռազմավարական մի շարք համաձայնագրեր կնքեց Ռուսաստանի հետ, ինչը մեծացրեց Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ հանուն ստատուս քվոյի պահպանման:
Սարգսյանի խոսույթը նույնպես կենտրոնանում էր պարտադրված պատերազմի և գոյաբանական պայքարի գաղափարների վրա: Նա բազմիցս շեշտում էր, որ Լեռնային Ղարաբաղի հայերը պարզապես պաշտպանել են իրենց գոյության իրավունքը ադրբեջանական ագրեսիայից:
2016-ի Քառօրյա պատերազմից հետո Սարգսյանի ելույթները դարձան հակասական: Հայաստանի հասարակությանը նա հավաստիացնում էր, որ միակողմանի զիջումներ չեն լինի և որ «Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում», մինչդեռ միջազգային լսարանի համար խոսում էր «ողջամիտ փոխզիջումների» մասին:
Այս ժամանակաշրջանում տեղի ունեցավ նաև Ղարաբաղի հարցի աստիճանական սակրալացում, երբ այն ներկայացվում էր որպես սրբազան խնդիր, որում Հայաստանը չի կարող փոխզիջումների գնալ:
Հեղափոխական ազգայնականություն (2018-2020)
Նիկոլ Փաշինյանի վարչապետության սկզբնական շրջանում (2018-2020) տեղի ունեցավ վերադարձ ավելի ակտիվ ազգայնական հռետորաբանության: Սկզբում նա պնդում էր, որ Լեռնային Ղարաբաղը պետք է մասնակցի բանակցություններին, քանի որ ինքը չի կարող ներկայացնել արցախահայությանը:
2018-ի Թավշյա հեղափոխության հաղթանակից ոգևորված՝ Փաշինյանը որդեգրեց մի մարտավարություն, որը հեղափոխական հաղթանակը կապում էր Ղարաբաղյան առաջին պատերազմում հայկական հաղթանակի ոգու հետ:
2019-ին Ստեփանակերտում կայացած հանրահավաքի ժամանակ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» հայտարարությունը նշանավորեց հռետորաբանության գագաթնակետը: Ազգայնական այս հռետորաբանությունը, թեև ուղղված էր ներքին լսարանին, էապես ազդեց բանակցային դինամիկայի վրա:
2020-ի պատերազմի ժամանակ Փաշինյանի խոսույթում հայտնվեց հայերի դեմ ցեղասպանության բաղադրիչը: Պատերազմը ներկայացվում էր որպես Օսմանյան կայսրության կողմից 1915-ին կազմակերպված ցեղասպանության շարունակություն, որն իրականացվում էր թյուրքական ազգերի կողմից մեկ դար անց:
Ինքնիշխանության նոր խոսույթ (2020-ից հետո)
2020-ի պարտությունից հետո Փաշինյանի խոսույթն արմատապես փոխվեց: Լեռնային Ղարաբաղի խնդրի փոխարեն շեշտը դրվեց Հայաստանի ինքնիշխանության վրա: Այս նոր խոսույթի օրինակ է 2023-ի սեպտեմբերի ուղերձը, որտեղ նա շեշտում է, որ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին կհաղթի անկախության, ինքնիշխանության, ժողովրդավարության, երջանկության և ազատության համար մղվող այս պայքարում»:
Հակամարտության գործիքայնացում
Հոդվածը բացահայտում է, թե ինչպես է Ղարաբաղյան հակամարտությունը գործիքայնացվել ներքաղաքական ասպարեզում: Հայաստանի առաջնորդները հակամարտությունն օգտագործել են քաղաքական մրցակիցների դեմ՝ խոչընդոտելով կառուցողական երկխոսությունը և կայուն լուծումների ուղիները:
Հակամարտության սակրալացումը, հատկապես 2010-ականներին, արտացոլում էր քաղաքական փակուղին, երբ կողմերի միջև վստահությունը գրեթե զրոյական էր: Այս սցենարում սակրալացման խոսույթը ծառայում էր հնարավոր ռազմական բախումն արդարացնելուն, այլ ոչ թե այլընտրանքային լուծումներ որոնելուն:
2020-ի պատերազմում պարտությունից հետո խոսույթը փոխվեց՝ կենտրոնանալով բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության վրա, մինչդեռ Ղարաբաղի հարցը, որը տասնամյակներ շարունակ եղել էր հայկական պետականության գաղափարախոսության առանցքը, աստիճանաբար մղվեց երկրորդ պլան:
Վիգեն Չըթըրյան
7800 ֏
Նկարագրություն
Այս գիրքը 2020-ի Ղարաբաղյան պատերազմին, նախընթաց դիվանագիտությանը, աշխարհաքաղաքականությանը, արմատացած պատկերացումներին, սպառազինության մրցավազքին ու ռազմական բարեփոխումներին կամ դրանց բացակայությանը, Հայաստանում և Ադրբեջանում հասարակական ու ներքաղաքական զարգացումներին վերաբերող 16 հոդվածների ժողովածու է։ Հայ և օտարերկրացի 17 հեղինակներ քննում են 2020-ի պատերազմում Հայաստանի պարտությունը, դրան նախորդած իրադարձություններն ու զարգացումները։
Այս գրքի հետազոտական աշխատանքներն ու հրատարակությունը ֆինանսավորել է «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունը:
Կարդա նաև
Medicine «Անունները չփոխել». Մարիաննա Հակոբյանի գիրքը՝ ծանր մանկության ու անպատասխան հարցերի մասին
«Քաղաքային խենթը», «Նոյը» եւ մենք բոլորս. Ռուսլան Սաղաբալյանի գրական երեկոն
«Քաղաքային խենթը ես եմ». ներկայացվեցին Ռուսլան Սաղաբալյանի 2 գրքերը
Երևանում կայացավ «Project Management Conference & Awards 2025» միջոցառումը՝ նախագծերի կառավարման տարվա գլխավոր իրադարձությունը