Գլխավոր Մեդիալուսաբանում

Ինչո՞ւ Թուրքիան գեթ մեկ քրիստոնյա, հրեա, քուրդ բար

Ինչո՞ւ Թուրքիան գեթ մեկ քրիստոնյա, հրեա, քուրդ բարձրաստիճան պաշտոնյա չի ունեցել. Երեւանում կայացավ Թաներ Աքչամի նոր գրքի շնորհանդեսը

04/23/2025

newmag-y-n

Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման օրվան ընդառաջ Երեւանում է թուրք ցեղասպանագետ, նախկին քաղբանտարկյալ Թաներ Աքչամը։ Առիթը 20-րդ դարի առաջին ցեղասպանության ճանաչման թուրք առաջամարտիկի «Ցեղասպան պետության ակունքները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսն է։

«Ցեղասպան պետության ակունքները» գիրքը նվիրված է 1915-1923 թթ. Թուրքիայի Հանրապետության ձեւավորմանը եւ ապարտեիդի ռեժիմի կառուցմանը։ Գրքի հայերեն հրատարակման կապակցությամբ անցկացված միջոցառմանը գիտնականը նշեց, որ Հայոց ցեղասպանությանը նվիրված իր հերթական աշխատության առիթն էր թուրքական հանրապետության հիմնադրման հարյուր ամյակը։

Ըստ Աքչամի՝ այս հարյուր տարիների ընթացքում Թուրքիայի բոլոր քաղաքական ուժերը՝ ձախական թե աջակողմյան, պնդել են, որ Թուրքիան պետք է ժողովրդավարական պետություն լինի։

«Բայց եթե Թուրքիան ժողովրդավարություն է, Հանրապետությունն ինչո՞ւ գեթ մեկ քրիստոնյա, հրեա, քուրդ բարձրաստիճան պաշտոնյա չի ունեցել, այդ թվում՝ դատական, ռազմական եւ անվտանգային ոլորտներում», — հարց է հնչեցնում գրքի հեղինակը՝ ավելացնելով, որ վերջին հարյուր տարիների ընթացքում մեկ հայ անգամ չի ընդունվել թուրքական ռազմական ակադեմիաներ։ «Սա կարո՞ղ էր զուգադիպություն լինել։ Իմ պատասխանն է՝ ոչ։ Վերջին հարյուր տարիների խտրականությունները հստակ կառուցակարգերի եւ ապարտեիդի արդյունք էին՝ ինչպես եղել է Հարավաֆրիկյան Հանրապետությունում եւ Իսրայելում», — իր խոսքում նկարագրում է Թաներ Աքչամը։

Պրոֆեսոր Աքչամը շեշտեց՝ 1924 թվականին ընդունված Սահմանադրության 88-րդ հոդվածը մեկնաբանվել է քաղաքացիների միջեւ հիերարխիայով։ Քաղաքացիների առաջնային խումբ՝ թուրք մուսուլմաններ, երկրորդ խումբ՝ այլազգի մուսուլմաններ եւ երրորդ խումբ՝ քրիստոնյաներ եւ հրեաներ։ Աքչամի խոսքով՝ թեեւ այս դրույթն այլեւս չի գործում, այն ապացույցն է՝ ապարտեիդի ռեժիմի հաստատման։

Հայ ժողովրդի բարեկամ Թաներ Աքչամի համոզմամբ՝ որպեսզի Թուրքիան վերափոխվի, ձերբազատվի ապարտեիդի ռեժիմից եւ իրապես ժողովրդավարություն հաստատի, «թուրքերը պետք է առերեսվեն անցյալի հետ եւ տարանջատվեն Հանրապետության հիմնադիր հայրերից, չդիտարկեն նրանց որպես միայն պետության հիմնադիրներ, այլեւ ապարտեիդի հիմնադիրներ»։ Թուրք ցեղասպանագետի աշխատանքը հայերեն է հրատարակել Newmag հրատարակչությունը՝ Մելինե Անումյանի թարգմանությամբ։ 

Գրքի վերաբերյալ Newmag-ը գրում է. ««Ցեղասպան պետության ակունքները» («Հարյուր տարվա ապարտեիդ») գրքում Թաներ Աքչամը քննադատում է Թուրքիայի Հանրապետության հարյուր տարվա պատմությունը եւ ընդգծում դրա կառուցվածքային խնդիրներն ու ժողովրդավարական արժեքների բացակայությունը։ Նա հարց է առաջադրում, թե ինչու հնարավոր չեղավ ստեղծել հավասարության վրա հիմնված հանրապետություն, ցույց է տալիս, որ երկրի հիմնադրման պաշտոնական պատմությունը խեղաթյուրված է եւ ծառայում է գոյություն ունեցող ռեժիմին»։ Ըստ հայերեն հրատարակիչների՝ հեղինակը նշում է, որ «Թուրքիայի պետական կառուցվածքը հիմնված է խտրականության, բռնության եւ ճնշումների վրա, ինչը հիշեցնում է «ապարտեիդի» համակարգի գործելաոճը»։

«Գիրքը հիմնված է պատմական փաստերի վերլուծության վրա, ուսումնասիրված են Հայոց ցեղասպանությունը, քրդերի եւ ազգային ու կրոնական այլ փոքրամասնությունների ճնշումները։ Աքչամն առաջարկում է պատմությունը վերաշարադրել նոր տեսանկյունից՝ ձերբազատվելով պետական քարոզչությունից», — նշվում է Newmag-ի նկարագրության մեջ եւ ընդգծվում՝ «գիտնականը կոչ է անում ընդունել անցյալի սխալները, որպեսզի Թուրքիան կարողանա կառուցել ավելի ազատ եւ արդար հասարակություն»։ Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Տարածել