Գլխավոր Մեդիալուսաբանում

«Վիրավոր արծիվը»․ Արցախյան պատերազմը՝ շվեյցարացի ֆ

«Վիրավոր արծիվը»․ Արցախյան պատերազմը՝ շվեյցարացի ֆոտոլրագրողի աչքով ու գրչով

04/28/2025

newmag-y-n

Շվեյցարացի ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը «Նյումեգ» հրատարակչության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Ցեղասպանագիտության շաբաթ» միջոցառման շրջանակում ներկայացրել է իր ««Վիրավոր արծիվը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու գիրքը։

Ֆոտոալբոմ-վավերագրության հեղինակը մինչև Արցախի պատերազմ մեկնելը աշխատել է Իրաքում, Սիրիայում։ Արցախյան դեպքերը, սակայն, դրդել են նրան լրջորեն զբաղվել գրքի կազմման, հրատարակության հարցերով և չնայած արգելքներին՝ հասցնել այն աշխարհի կարևոր գրադարաններ։

Կարինում ծնված, Անկարայում սովորած, Ժնևում ապրող շվեյցարացի լուսանկարիչ, ֆոտոլրագրող Դեմիր Սյոնմեզը Հայաստանում է՝ Արցախյան պատերազմի և դրա հետևանքների մասին պատմող երկլեզու գիրքը ներկայացնելու։ 

«Վիրավոր արծիվը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գիրքը լուսանկարներով, հայերեն ու ֆրանսերեն վավերագրությամբ ներկայացնում է ռազմադաշտում, Ստեփանակերտի փողոցներում, Ստեփանակերտ-Կոռնիձոր ճանապարհին տեղի ունեցածը։ Այն հայ ընթերցողին է ներկայացվում «Նյումեգ» հրատարակչության ու Հայկական բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «Ցեղասպանության շաբաթ» միջոցառման շրջանակում։ «Նյումեգ»-ի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն է պատմում։

«Այս 4 օրերի ընթացքում մենք հրավիրում ենք մեր հայրենակիցներին՝ շփվելու ոլորտի լավագույն մասնագետների՝ մեր հեղինակների հետ։ Երեկ, օրինակ, Թաներ Աքչամի հետ հանդիպումն էր, որի շատ կարևոր աշխատությունը «Նյումեգ»-ը թարգմանել էր հայերեն։ Այս աշխատանքները վերաբերում են ոչ թե պարզապես ցեղասպանության փաստը քննարկելուն, այլ ցեղասպանագիտության հիմքունքներն ուսումնասիրելուն»։

Այսպես՝ միջոցառման շրջանակում ներկայացված՝ թուրք պատմաբան Թաներ Աքչամի «Ցեղասպան պետության ակունքները» գիրքն այլևս չի քննարկում Ցեղասպանության իրողությունը, դրա ճանաչման հարցերը։ Այն ոչ թե զգայական, այլ գիտական ուսումնասիրություն է կիրառված ու կիրառվող տեխնոլոգիաների մասին։ Նույն կերպ «Վիրավոր արծիվը․ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գիրքն է փաստերի ներկայացում՝ լուսանկարներով ու 20-23 թվականներին տեղի ունեցած, բայց ոչ միշտ հանրայնացված պատմություններով, ասում է հեղինակը՝ Դեմիր Սյոնմեզը։

«Այդ ժողովուրդը աշխարհի աչքի առաջ կոտորվեց, Ցեղասպանության ենթարկվեց։ Եվրոպան կույր-խուլ ձևացավ, այս կոտորածի վրա աչքերը փակեց ամբողջ աշխարհի մամուլը։ Ձեզ օրինակ ասեմ՝ Ուկրաինայում պատերազմին մոտավորապես 2500 լրատվամիջոց է հետևել, բայց մենք արցախյան պատերազմում 20-30 լրատվամիջոց էինք և այդքան ուժ չունեինք, որ լուսաբանեինք այնտեղ տեղի ունեցածը»։

Ֆոտոգրքում տեղ են գտել այլ հեղինակների լուսանկարներ ևս։ Այսպես, օրինակ, Արեգ Բալայանը վավերագրել է տեղի ունեցածը, բայց, ասում է, ոչ լիարժեքորեն․ դրա հնարավորությունը չկար․

«Տեսնում էի ամեն ինչ, ինչ կատարվում էր, կարողացա նկարել ոչ ամեն ինչ, ինչ ուզում էի, որովհետև ավելի շատ սահմանափակումներ կային, քան հնարավորություններ։ Հատկապես սկզբի շրջանում շատ բարդ էր նկարելը, ոչինչ չէր կարելի նկարել՝ տեղանքը պիտի չերևար, զինվորները պիտի չերևային, զինտեխնիկա պիտի չերևար։ Ենթադրում եմ, որ մենք նկարել ենք կատարվածի 15-20 տոկոսը։ Բարդ էր էն առումով, որ դու զգում ես, որ դա պետք է, դու գիտես որ դա կարևոր է, դու տեղում ես, ու դա միակ բանն է, որ կարող ես ու պիտի անես, բայց քեզ չեն թողնում ամբողջ ուժով անել էն, ինչ դու կարող ես»։

Իսկ գաղթի ճամփան Արեգը չլուսանկարեց։ Ասում է՝ չի զղջում։ Լավ չի հասկանում՝ ինչ արժեք է ստեղծում այսօրվա պատմությունը վավերագրելով, եթե 110 տարի առաջ արված վավերագրությունները իրենց նպատակին չեն ծառայում։

«Նախ ինձ համար ուղղակի անհնար էր դա անել՝ ֆիզիկապես, հոգեպես, բարոյապես, որովհետև․․․ այսինքն ես պետք է նկարեի իմ ծնողներին, ընկերներին, հարազատներին, ովքեր ողորմելի վիճակում գալիս էին այստեղ՝ վախեցած, հոգնած։ Ես չուզեցի, ես չէի կարող, ես դա չարեցի։ Ու երբ ինձ փորձում էին հակադրել էն բանը, որ կարևոր է դա, վավերագրություն է, դու դրա մասնագետն ես, արա, ես էդ ժամանակ ասում էի՝ իսկ ի՞նչ ենք մենք արել 100 տարի առաջ մեր ունեցած վավերագրությամբ էսօր։ Բացի վավերագրությունից պետք է էնքան ուժ ու ռեսուրս ունենաս, որ էդ վավերագրությունը օգտագործես, ինչը դեռ չի ստացվում մեր մոտ»։

Վավերագրության ուժի վերաբերյալ այլ պատկերացումներ ունի «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Նարինե Նազարյանը։ Լրատվամիջոցի ֆոտոլրագրող Հայկ Մանուկյանի նկարները ևս տեղ են գտել Դեմիր Սյոնմեզի գրքում։

«Նման գրքերը թույլ չեն տալիս, որ ժամանակի մոռացության մեջ կորչեն պատմական կարևոր իրադարձությունները։ Այս փաստագրությունը կամուրջ է անցյալի, ներկայի, ապագայի, արդարության, հիշողության, ցավի, փրկության միջև։ Երբեք չէինք պատկերացնի, որ 21-րդ դարի սկզբում առաջադեմ աշխարհը ականատես կլինի զանգվածային նոր տեղահանությունների, ցեղասպանությունների, սակայն այդ ամենի ականատեսը եղանք մենք ու չպետք է թողնենք, որ այն մոռացվի, պետք է փոխանցենք սերունդներին»։

Այս նպատակն ունենալով է Դեմիր Սյոնմեզը հաղթահարել որոշ դժվարություններ․ այս գիրքն ընթերցողին հասցնելը սահուն գործընթաց չէր՝ ասում է։

«Շվեյցարիայի ամենամեծ հրատարակչությունը, որը 100 տարվա պատմություն  ունի, ինձ ասաց՝ չեմ ուզում Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խնդիր ունենալ։ Շատ ուղիղ ասաց։ Առաջին հրատարակությունը Բուլղարիայում արեցի, առաջին  օրինակները դրեցի պայուսակիս մեջ ու դռնեդուռ անցա գրախանութից գրախանութ։ Չնայած բոլոր արգելանքներին՝ գիրքը տեղ գտավ ՄԱԿ-ի գրադարանում, Շվեյցարիայի, Բրյուսելի գրադարաններում։ Այս գրքից 4 լուսանկար 2021-ին Շվեյցարիայի ազգային մամուլի մրցանակ ստացավ և 1 տարի ցուցադրվեցՇվեյցարիայի ազգային պատկերասրահում»։

Այսպես հեղինակը «Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» գիրքը հասցրեց նաև Հայաստան՝ արծվին նորից ճախրելիս տեսնելու ակնկալիքով։

Տարածել

Վիրավոր արծիվը
Վիրավոր արծիվը

Դեմիր Սյոնմեզ

8800 ֏

Նկարագրություն

«Վիրավոր արծիվը. Լեռնային Ղարաբաղի (Արցախի) պատերազմը» երկլեզու (հայերեն-ֆրանսերեն) գրքում լուսանկարիչ և լրագրող Դեմիր Սյոնմեզը վավերագրել է Արցախի անկումը (2020-2023): Նա յուրովի է փոխանցում պատերազմի ողբերգական իրականությունը, մարդկանց պատմությունները և նրանց ոգին։ Լուսանկարներն ուղեկցվում են գրավոր նոթերով, որոնք ընթերցողին տեղափոխում են մարտի դաշտ, Ստեփանակերտի փողոցներ և ընկղմում պատերազմի մառախուղով պատված իրականություն։ Այս գիրքը փաստագրական արժեք ունի, հիշողության վկայություն է, հարգանքի տուրք՝ զոհվածներին և սթափության կոչ՝ համայն մարդկությանը։